ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 14:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 27 » Սերունդների կապը՝ գիտելիքով /Տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը/
15:47
Սերունդների կապը՝ գիտելիքով /Տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը/

ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը։ Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, մրցանակակիրներին հանձնեցին նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը։ Սերժ Սարգսյանը շնորհավորեց մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում։
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակների հանձնման արարողությանն իր ելույթում ասաց.
«Հարգելի՛ մրցանակակիրներ,
Սիրով ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Շատ ուրախ եմ բոլորիդ անձամբ հանդիպելու եւ շփվելու այս հնարավորության համար։
Ճանաչումը կարեւոր է յուրաքանչյուր անհատի, առավել եւս՝ ստեղծագործ աշխատանքով զբաղվողների համար։ Այն վկայում է, որ մարդն օտարացած չէ իր հասարակությունից, իսկ նրա ներդրած ջանքերն արդյունք են տվել եւ գնահատվել են։ Ձեզնից յուրաքանչյուրը, փորձեր ու սխալներ կատարելով, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ոլորտում հաջողության հասած ամեն ոք, պայքարել եւ գտել է արարման իր ուղին։ Մենք հենց այդ պայքարն ենք արժեւորում։
Ոչ պակաս կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ այստեղ ներկայացված են մեր ժողովրդի ստեղծագործ հատվածի ավագ, միջին եւ կրտսեր սերնդի ներկայացուցիչները։ Մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն է թույլ չտալ սերունդների կապի խզումը։ Գիտելիքի եւ կարողության, տաղանդի ու փորձի այն հարուստ պաշարը, որ ունի հայ ժողովուրդը, մենք պետք է փոխանցենք սերնդեսերունդ եւ բազմապատկենք։
Սիրելի՛ բարեկամներ,
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը յուրահատուկ խորհուրդ է հաղորդում նաեւ այս մրցանակաբաշխությանը։ Անշուշտ, հարյուրերորդ տարելիցը ո՛չ որեւէ բանի վերջն է, ո՛չ էլ՝ սկիզբը։ Այն ընդամենը պայմանական սահմանագիծ է հայ ժողովրդի հարատեւման ճանապարհին։
Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերին պարտադրեցին Գողգոթա՝ միայն իրենց ազգային եւ կրոնական պատկանելության համար։ Դահիճները որոշել էին հայի անունը վերացնել աշխարհի երեսից։ Այսօր այդ դժնդակ տառապանքներն անցած, նման ողբերգություն վերապրածների ժառանգները սպեկտրաբեւեռաչափ են ստեղծում եւ նանոկառուցվածքներ ուսումնասիրում։
Սրանք, հիրավի, հպարտանալու ձեռքբերումներ են։ Սա է հայ ժողովրդի պատասխանը մեզ ոչնչացնել ու վերացնել ծրագրողներին ու ցանկացողներին։
Այս պատասխանը տվել են առաջին հերթին հենց Հայոց ցեղասպանությունը վերապրածները՝ նրանք, ովքեր կարողացան հիմնահատակ ավերված մեր տունը կրկին կառուցել ու շենացնել։ Վերապրածների այդ մեծագույն ավանդը գնահատելու նպատակով այս տարի մասնագիտական հանձնաժողովը որոշել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնել այսօր Հայաստանում բնակվող 23 վերապրած կանանց։
Փա՛ռք ձեզ, սիրելի՛ մայրեր, փա՛ռք ու պատիվ ձեզ։ Դուք այսօր խորհրդանշում եք այն հայ մայրերին, որ Դեր Զորի այրող ավազների վրա հայ մանուկներին մեսրոպատառ գիր էին սովորեցնում։ Այսօր ձեր թոռները բարդ վիրահատություններ են կատարում եւ այդ նույն մեսրոպյան գրով ոսկեղենիկ հայերենի փոխադրում Ումբերտո Էկոյի նշանավոր գիրքը։
Հայոց ցեղասպանության դժնդակ ժամանակահատվածում գտնվեցին բարի կամքի տեր մարդիկ, ովքեր փրկեցին տասնյակ հազարավոր գաղթականների եւ որբերի։ Դրանց շարքում անգնահատելի էր Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կատարած աշխատանքը։ Այսօր մենք ճանաչում ենք մեր վերապրելու գործում ամերիկյան ժողովրդի ունեցած վաստակը եւ երախտագիտություն ենք հայտնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնելով Մերձավոր Արեւելքի հիմնադրամին։
Սիրելի՛ բարեկամներ,
Գնահատանքի հատուկ խոսք եմ ուղղում նաեւ հարգարժան Պողոսյան ընտանիքին, որն իր ուժերի չափով մասնակցում է մայր հայրենիքում տեղի ունեցող զարգացումներին՝ նաեւ այս մրցանակաբաշխությանն աջակցելու ճանապարհով։
Ամփոփելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն։ Թո՛ղ ձեր հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով։ Խաղաղություն ձեզ եւ ձեր ընտանիքներին, ձեր հարազատներին եւ նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի։
Շնորհավորում եմ մեկ անգամ եւս։
Շնորհակալություն»։


Միշտ հաճելի է, երբ պետությունը քեզ  գնահատում է
 

Մերձավոր Արեւելքի հիմնադրամը Առաջին աշխարհամարտի ընթացքում եւ հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին եւ որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն է ցուցաբերել եւ նրանց կյանքը փրկել։ Նախագահի հրամանագրով հիմնադրամի համար եւս մրցանակ էր սահմանվել։ Հիմնադրամի նախագահ Շառլ Բենջամինը նշեց. «Հայոց ցեղասպանության ֆոնին Մերձավոր Արեւելքի հիմնադրամի ստեղծումը նշանավորեց արտասահմանում ցուցաբերվող ամերիկյան առաջին ինքնաբուխ մարդասիրական օգնությունը։ Մասնաճյուղեր ստեղծվեցին ամերիկյան բոլոր նահանգներում եւ խոշոր քաղաքներում։ Դրամի, հագուստի եւ սննդի հավաքագրումը, որը անցկացվեց, նշանավորեց քաղաքացու բարեգործության եւ այն գաղափարի ծնունդը, որ միջին մարդը կարող է էականորեն փոխել հեռավոր վայրում ապրող կարիքավոր մարդկանց կյանքը»։
Նրա խոսքով, այսօր էլ հիմնադրամը շարունակում է ծառայել Հայաստանին՝ օգնելով գյուղական հատվածի բնակիչներին եւ գենդերային բռնության ենթարկվածներին։
Մերձավոր Արեւելքի հիմնադրամի պատմությունը եւ գործունեությունը ամերիկյան եւ հայ ժողովուրդների միջեւ ստեղծված ամուր կապերի արտացոլումն է. «Մենք հատկապես կարծում ենք, որ ամերիկացիները պետք է իմանան իրենց ազգային պատմության այդ հատվածի մասին, դրա հետեւում կանգնած եղեռնագործության, ինչպես նաեւ ամերիկյան եւ հայ ժողովուրդների միջեւ վաղեմի ամուր կապերի գոյության մասին»։
Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը իտալերենից հայերեն թարգմանելու, ինչպես նաեւ թարգմանության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ նախագահի 2014թ. մրցանակին արժանացած կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր կատարած աշխատանքին, ասաց. «Եթե սկսեմ պատմել, թե ինչ բարդ վեպ էր ու թե ինչ ջանքեր պահանջվեց թարգմանելու համար, կստացվի, որ ինքնագովեստով եմ զբաղվում, բայց ասեմ, որ ինձնից խլեց 8 ամիս, շատ ինտենսիվ աշխատանք, բառիս բուն իմաստով՝ առավոտից երեկո։ Հետո պարզվեց, որ եթե վեպը տպագրվի այդպես, թերի կլինի եւ որոշեցի, որ նաեւ մեկնություններ ու ծանոթագրություններ անել, ինչն էլ տեւեց 5 ամիս։ Մի խոսքով, 1 տարուց ավելի թարգմանությամբ եմ զբաղվել։ Շատ ծանր գործ էր, մինչեւ հիմա ուշքի չեմ եկել»։
Զավեն Բոյաջյանը խորհուրդ է տալիս Ումբերտո Էկո կարդալ, քանի որ այն 20—րդ դարի պոստմոդեռնիստական գրականության ներկայացուցիչ է։ Սակայն ցավով նշեց, որ այս ուղղության հեղինակների գործերից հայերեն թարգմանություններ գրեթե չկան։
«Պոստմոդեռնիստական գրականությունը ներկայումս էլ շարունակվող գրական ամենաազդեցիկ հոսանքը կամ ուղղությունն է, եւ վաղուց ժամանակն է, որ մենք պոստմոդեռնիստների կարեւոր գործերը ունենանք հայերեն»։
Ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ «Մակերեւութային պլազմոն պոլյարիտոնների գրգռման եւ տարածման առանձնահատկությունները նանոկառուցվածքներում» գիտական հոդվածների շարքի համար պարգեւատրված Խաչատուր Ներկարարյանի խոսքով, ֆիզիկան մեր երկրում բավականին նորմալ զարգացում է ապրում։ Այն համապատասխանում է համաշխարհային զարգացման տեմպերին։ Իսկ այն, ինչի համար պարգեւատրվել է, իր աշխատանքն է համարում։ «Սա մեր աշխատանքն է, ոչ վերջն է, ոչ՝ սկիզբը։ Մրցանակն էլ ինչ—որ իմաստով աշխատանքի գնահատական է։ Երբ պետությունը քեզ գնահատում է, միշտ հաճելի է»,—ասաց նա։

***

ՀՀ նախագահի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014 թվականի մրցանակը շնորհվել է Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին (այժմ՝ Մերձավոր Արեւելքի հիմնադրամ)՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում եւ հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին եւ որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն ցուցաբերելու եւ նրանց կյանքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014 թվականի մրցանակ շնորհվել է նաեւ ցեղասպանության ենթարկված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքոհիշյալ կանանց.
Երեւանից՝ Արեւալույս Խաչատուրի ԱՄԱԼՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին, Սիլվարդ Հայրապետի ԱՏԱՋՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարի Ստեփանի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1908 թվականին, Մարիամ Տիգրանի ՄԵՅՄԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարգարիտ Ներսեսի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Նվարդ Մկրտիչի ՍՈՒԴՋՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին,
Արագածոտնի մարզից՝ Խազալ Օզմանի ԱՄՈՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Ֆարխա Գուրգենի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ ծնված 1908 թվականին, Գույնա Նազարեթի ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1910 թվականին,
Արարատի մարզից՝ Մարիամ Շմավոնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ծնված 1907 թվականին, Հերիքնազ Բարեի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ՝ ծնված 1909 թվականին, Մարիամ Հովհաննեսի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին,
Արմավիրի մարզից՝ Նեկտար Թովմասի ԱԼԱՏՈՒԶՅԱՆԻՆ՝ ծնված 1914 թվականին, Եպրաքսի Գեւորգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ՝ ծնված 1914 թվականին, Արեգնազ Պողոսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Օվսաննա Սիմոնի ՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Արշալույս Եղիազարի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Սուտե Ալոյի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1909 թվականին,
Լոռու մարզից՝ Լուսիկ Թորոսի ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարգարիտ Պողոսի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին,
Կոտայքի մարզից՝ Արաքսի Պետրոսի ԵՆԳՈՅԱՆԻՆ՝ ծնված 1910 թվականին, Հերսիկ Մարկոսի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին,
Շիրակի մարզից՝ Բուրաստան Իսահակի ՈՒԳՈՒՄՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին։
Վերոնշյալ կանանցից յուրաքանչյուրը ապրիլի 24—ին պարգեւատրվել է 1 միլիոն դրամով։ Մրցանակի գումարը՝ 23 միլիոն դրամը, հատկացվել էր Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից։

Հանրապետության նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ նախագահի 2014 թվականի մրցանակ է շնորհվել՝
տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հակոբ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, Նունե ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ եւ Վալերի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ՝ «Նոր սերնդի օպտիկական տարրի հիման վրա ստեղծված սպեկտրաբեւեռաչափ» աշխատանքի համար,
արվեստի բնագավառում՝ Ռուբեն ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ՝ «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի համար, Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ, Լալա ՊՈՒԼՈՒԶՅԱՆԻՆ, Ավետիք ԽԱԼԱԹՅԱՆԻՆ, Արսեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ եւ Վահագն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ՝ Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի համար,
բժշկագիտության բնագավառում՝ Հովհաննես ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆԻՆ, Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ եւ Արմեն ԽԱՆՈՅԱՆԻՆ՝ «Շնչափողի սպիական նեղացման վերականգնողական եւ վերակառուցողական վիրաբուժական բուժման ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար, Արա ԲԱԲԼՈՅԱՆԻՆ, Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Սահակ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, Խաչատուր ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻՆ եւ Հելեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ՝ «Հայաստանում քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների ֆիզիկական եւ սոցիալական ռեաբիլիտացիայի երկարատեւ ուղին. Հայկական առաջին տրանսպլանտ խաղեր» աշխատանքի համար,
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Խաչատուր ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԻՆ եւ Արսեն ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ՝ «Մակերեւութային պլազմոն պոլյարիտոնների գրգռման եւ տարածման առանձնահատկությունները նանոկառուցվածքներում» գիտական հոդվածների շարքի համար,
գրականության բնագավառում՝ Զավեն ԲՈՅԱՋՅԱՆԻՆ՝ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը իտալերենից հայերեն թարգմանելու համար։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի մրցանակներ չեն շնորհվել բնական գիտությունների եւ հումանիտար գիտությունների զարգացման բնագավառներում։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝
արվեստի բնագավառում՝ Մանվել ՂԱԼԱՉՅԱՆԻՆ՝ «Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի առօրյան» օֆորտների շարքի համար, Արեւիկ ԱՐՈՅԱՆԻՆ՝ «Գեւորգյան ճեմարանի սաները» կտավի համար, Արեն ՄԱԼԱՔՅԱՆԻՆ՝ «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի համար։
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝
«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ եւ Անդրանիկ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ,
«Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Սերգեյ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ (կլառնետ), Շողեր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ (դաշնամուր) եւ Արտավազդ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ (դաշնամուր)։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ չի շնորհվել գրականության բնագավառում։

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հիմնման օրվանից ի վեր (2001—2015թթ.) 306 անհատներ եւ կազմակերպություններ արժանացել են մրցանակի, այդ թվում՝ 19 միջազգային։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 477 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024