ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 09:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 29 » Սկսած գործը պատվով է շարունակվելու /Նշվեց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրը/
16:19
Սկսած գործը պատվով է շարունակվելու /Նշվեց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրը/

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստեղծվել են արցախյան պատերազմի դժվարագույն տարիներին եւ անցել ձեւավորման ու զարգացման ոչ դյուրին ճանապարհ։ Բայց այսօր մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ սահմանապահ զորքերը կայացած ռազմական կառույց է, որը կրում է հայ զինվորականության լավագույն ավանդույթները եւ ի զորու է արդյունավետ կերպով լուծել իր առջեւ ծառացած խնդիրները։ Հայ սահմանապահը տարվա յուրաքանչյուր օր, օրվա ցանկացած ժամի լծված է հայրենիքի պաշտպանության կարեւորագույն գործին։ Եվ տարվա մեջ միայն մեկ օր մենք բոլորս հիշում ենք նրանց՝ հավաստիացնելով, որ հպարտ ենք իրենց կատարած աշխատանքով, կարեւորելով այդ աշխատանքը։
Սահմանապահի օրվա կապակցությամբ ՀՀ սահմանապահ զորքերի կենտրոնակայանում երեկ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում։ Ներկա էին սահմանապահ զորքերի վարչության բարձրաստիճան զինվորականներ, վետերաններ, սահմանապահներ եւ նրանց ընտանիքների անդամներ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ—գնդապետ Գորիկ Հակոբյանը, ողջունելով սահմանապահներին ու շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ սահմանապահի ծառայությունը կառուցվում է այն գիտակցության վրա, որ դա ավելին է, քան ուղղակի մասնագիտություն. «Ոչ մի ժողովուրդ, առավել եւս հակամարտության մեջ գտնվող, չի կարող իրեն անվտանգ զգալ, եթե նրա երկրի սահմանները պատշաճ կերպով պաշտպանված չեն։ Այս իմաստով սահմանապահ զորքերը առանձնահատուկ տեղ են գրավում մեր պետության անվտանգության համակարգում։ Սահմանապահներն իրենց ծառայությունը կրում են մեր երկրի անվտանգության, խաղաղ ու ստեղծագործ կյանքի ապահովման առաջապահ դիրքերում՝ մշտապես գտնվելով պետության ղեկավարության ուշադրության կենտրոնում»։
ԱԱԾ տնօրենի խոսքով՝ դրա վառ ապացույցն են սահմանապահ զորքերում տարեց տարի բարելավվող պայմանները, ուղեկալների նորակառույց շենքերը, զարգացող ենթակառուցվածքները։ Սահմանապահ զորքերի նորօրյա պատմության այդ նշանակալի փաստերը գալիս են ապացուցելու, որ պետական սահմանի պաշտպանությունն ապահովող կառույցների ու նրանց նյութատեխնիկական բազայի զարգացումը շարունակական բնույթ է կրում, եւ պետությունը հետեւողական է այս լրջագույն խնդրի իրագործման հարցում. «Դա կրկնապատկում է մեր այսօրվա տոնական տրամադրությունը եւ ոգեւորում, մղում նոր ձեռքբերումների։ Պետք է մշտապես գիտակցել, որ այս ակնառու հաջողությունները չպետք է պատճառ դառնան զգոնությունը թուլացնելու եւ առկա ձեռքբերումներով բավարարվելու համար։ Գնահատելով կատարված աշխատանքը՝ մենք պետք է արագ կենտրոնանանք հետագա անելիքների վրա, որոնք պակաս կարեւոր չեն եւ բարդ չեն»։
Տարածաշրջանում չթուլացող լարվածությունը, նոր մարտահրավերների ի հայտ գալը պահանջում են աշխատանքի ճկուն ու արդյունավետ կազմակերպում, նորովի մոտեցումներ ու լուծումներ։ Այդ իսկ պատճառով, սահմանապահ զորքերի առջեւ առավել սրությամբ ծառացած է գիտելիքների հետեւողական խորացման, աշխատանքի մեթոդների ու միջոցների շարունակական կատարելագործման խնդիրը։ ԱԱԾ տնօրենը փաստեց՝ ծառայության նոր հնարավորությունների ստեղծմանը զուգընթաց աճելու են նաեւ պահանջները. «Ուստի մենք պարտավոր ենք անել հնարավորը՝ պատասխանատվության բարդ զգացումով բոլոր առաջադրանքները ժամանակին ու որակով կատարելու համար։ Հետադարձ հայացք գցելով սահմանապահ զորքերի նորագույն պատմությանը եւ գնահատելով մեր ուժերը, վստահեցնում ենք մեր ժողովրդին եւ պետության ղեկավարությանը, որ սկսված գործը շարունակվելու է պատվով։ Այս տոնական օրը հղելով իմ բարեմաղթանքը՝ ուզում եմ համոզմունք հայտնել, որ հետագայում եւս, ցանկացած պայմաններում, դուք կաշխատեք համախմբված ու եռանդով՝ մշտապես բարձր պահելով հայ սահմանապահի վեհ կոչումը եւ արժանիորեն շարունակելով վետերան—սահմանապահների բարի ավանդույթները»։
ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ—մայոր Արմեն Աբրահամյանն իր խոսքում տեղեկացրեց, որ սահմանապահ զորքերն իրենց մարտական—ծառայողական գործունեությունը իրականացնում են օրինականության սկզբունքով՝ ՀՀ Սահմանադրության, օրենսդրական ու նորմատիվ—իրավական ակտերի պահանջներին համապատասխան՝ պետական սահմանում ապահովելով պետության ու ժողովրդի անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությունը, որի երաշխավորը ՀՀ նախագահն է։
Սահմանապահ զորքերի օպերատիվ ծառայողական գործունեությունը իրականացվում է «Սահմանապահ զորքերի մասին», «Պետական սահմանի մասին» եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքների, «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության», ինչպես նաեւ պետական սահմանի, սահմանային ու հսկիչ—անցագրային կետերի ռեժիմների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումներին համապատասխան։
«ՀՀ պետական սահմանի պաշտպանությունն առանձնահատուկ է։ Պետական սահմանը, որ ձգվում է 1728 կմ, պահպանվում է երեք տարբեր գերատեսչությունների՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ստորաբաժանումների եւ ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների կողմից։ Սահմանապահ զորքերն իրենց մարտա—ծառայողական գործունեությունն իրականացնում են պետական սահմանի 400 կմ հատվածում»,–ասաց Ա. Աբրահամյանը։
21 տարի է, ինչ ՀՀ սահմանապահ զորքերը գոյություն ունեն եւ, ապահովված լինելով որակյալ կադրերով, արդեն գործում են մասնագիտական հիմքի վրա սահմանային անվտանգության պետական քաղաքականության, նորացված նորմատիվային—իրավական բազայի, ձեւակերպված միջազգային պայմանագրային հարաբերությունների եւ սարքավորվող պետական սահմանի առկայության պայմաններում։ Ա. Աբրահամյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում սահմանապահ զորքերի անձնակազմը մասնագիտացման տեսանկյունից հասել է լավագույն արդյունքների՝ սպայական կազմի համալրվածությունը կազմում է 85 տոկոս, կրտսեր սպայական կազմի 80 տոկոսն ունի բարձրագույն ռազմական կրթություն, ավագ սպայական կազմի 20 տոկոսը՝ ակադեմիական կրթություն, շարքային ու սերժանտական կազմի կրթության գործընթացն իրականացնում է ՍԶ ուսումնական կենտրոնը, որը պետական սահմանի պահպանության համակարգը համալրում է որակյալ կադրերով։ ՍԶ ուսումնական կենտրոնում համատեղ կազմակերպված ուսումնական գործընթացի արդյունքում իրենց մասնագիտական հմտություններն են կատարելագործում ռուս եւ հայ սահմանապահները։
«Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման, սահմանային վերահսկողության կատարելագործման, համակարգված տեղեկատվության հավաքագրման, ինչպես նաեւ պետական սահմանի պաշտպանության սարքավորումների կարիքների բավարարումը մշտապես գտնվում են ՀՀ ԱԱԾ հոգածության ներքո։ Այսօր մենք միանգամայն պատասխանատու մոտեցումներ ենք ցուցաբերում ՀՀ սահմանային անվտանգությանը, արդիական մոտեցումներ եւ սկզբունքներ դրսեւորելով դրա ապահովման հիմնահարցերին, որոնք բխում են ազգային անվտանգության ապահովման գերակայություններից»,–ասաց նա։
Արդեն կանոնակարգված ընթացք են ստացել պետական սահմանում սահմանային անվտանգության ապահովման եւ դրանց կառավարման գործում մասնակցություն ունեցող մարմինների գործառույթները, գործուն ընթացքի մեջ է «ՀՀ սահմանային անվտանգության եւ պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011—2015թթ. միջոցառումների ծրագիրը»։ «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը», բարձրացնելով պետական սահմանի պահպանության իրավական հիմքերը, դրան տվեց բովանդակություն եւ միջազգային ճանաչում։ Ըստ սահմանապահ զորքերի ղեկավարի՝ այս բնագավառի կարեւոր թիրախներից են պետական սահմանի անցման կետերը։ «ՀՀ սահմանային անվտանգության եւ պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011—2015թթ. միջոցառումների ծրագրի» գործողությունների իրականացման արդյունքում ԱԱԾ տնօրենի աջակցությամբ «Բագրատաշեն» եւ «Բավրա» պետական սահմանի անցման կետերում կառուցվել են սահմանային վերահսկողության նոր կետեր, իսկ «Բագրատաշեն», «Գոգավան» եւ «Բավրա» անցակետերի շինարարական աշխատանքների իրականացումը կմեկնարկի այս տարի։
«Այդ ծրագրի իրականացման արդյունքում «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանային ներկայացուցիչների ինստիտուտի ստեղծումը եւ բնականոն գործունեությունը գործնականում ապահովելու նպատակով Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ պատրաստվեց եւ հրատարակվեց «ՀՀ սահմանային ներկայացուցիչների գործունեության հիմունքները պետական սահմանի վրա» ձեռնարկը, որը կկանոնակարգի սահմանային ներկայացուցիչների գործունեությունը ու գործնական աշխատանքը պետական սահմանում։ Այս տարի ԱԱԾ տնօրենի աջակցությամբ մեկնարկեց եւ շարունակական ծրագրով կիրականացվեն սահմանապահ զորքերի զինծառայողների բնակարանային կարիքների ապահովումն ու բնակարանային պայմանների բարելավումը, առավել կարիքավորները տոնեցին իրենց բնակարանամուտը»,– ասաց սահմանապահ զորքերի ղեկավարը։
Միջոցառումների ծրագիրը նպաստում է նաեւ սահմանապահ զորքերի միջազգային ներգրավվածության մեծացմանը, տարածաշրջանի երկրների հետ տնտեսական, մշակութային եւ այլ կապերի զարգացմանը, եվրոպական ու միջազգային կառույցներին Հայաստանի ինտեգրման համար նախադրյալների ստեղծմանը։ Տարածաշրջանային գործունեության արդյունքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, համագործակցելով ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների հետ, այսօր արդեն բոլոր երկրների հետ կնքել են սահմանային համագործակցության մասին համաձայնագրեր. «Այս տարի այդպիսի համաձայնագրեր կնքվել են Լատվիայի ու Վրաստանի հետ։ Միջազգային գործունեության շրջանակներում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը համագործակցում են «Սահմանների համալիր կառավարում Հարավային Կովկասում» ԵՄ ծրագրի, ՄԱԿ—ի Զարգացման ծրագրի շրջանակներում «Հարավային Կովկասում Սահմանների Համալիր կառավարման» ազգային կոնֆերանսի, «ԱՄՆ անվտանգության դեպարտամենտի Արտահանման վերահսկողություն եւ սահմանային անվտանգություն ծրագրի», Արեւելյան գործընկերության ծրագրի, ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի եւ այլ կառույցների հետ»։
Ա. Աբրահամյանի խոսքով՝ ներկայումս սահմանապահ զորքերի մարտա—ծառայողական գործունեության վրա իրենց ազդեցությունը կարող են թողնել սահմանակից պետություններում ներքաղաքական միջավայրի ապակայունացումը, ներքին բախումներն ու ռազմական գործողությունները, ինչպես նաեւ էթնիկ հակամարտությունները։ Նման զարգացումները կարող են ներկայացնել տարաբնույթ մարտահրավերներ, ռիսկեր եւ սպառնալիքներ. «Հայաստանի սահմանային անվտանգության ոլորտում նպատակ ունենալով պայքարել այս եւ նման այլ սպառնալիքների դեմ եւ հաշվի առնելով միջազգային փորձագետների առաջարկությունները սահմանապահ զորքերում ռիսկի կառավարման ռազմավարության վերաբերյալ, կիրառվում են սահմանի պաշտպանության միջազգային չափորոշիչների վրա հիմնված մեթոդներ։ Այսօր սահմանապահ զորքերում ռիսկերի վերլուծությունը հիմնված է սիստեմատիկ հավաքագրված եւ կենտրոնացված կարգով համակարգված տեղեկատվության վրա։ Սահմանապահ զորքերն անցած տարի պետական սահմանում կանխել են պետական սահմանի խախտման, խախտման փորձի եւ սահմանային ռեժիմի խախտման 21 դեպք, իսկ հսկիչ անցագրային կետերում կանխել են սահմանային ռեժիմի խախտման 2 հազար 555 դեպք, ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող եւ այլ կարգի որոնվող 789 անձ»։
Սահմանապահ զորքերի հրամանատարը վստահեցրեց՝ սահմանապահ զորքերի հրամանատարությունը, պահելով ՀՀ սահմանային անվտանգության ու վերահսկման համակարգը միջազգային չափանիշներին համապատասխան, մշտապես ձգտելու է կատարելագործել եւ բարձրացնել սահմանի պահպանության եւ որոնողական հատկությունները, զարգացնել անձնակազմի գիտելիքները եւ արդիականացնել սարքավորումները, ուժեղացնել ներքին եւ միջգերատեսչական համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը, բարելավել օպերատիվ ունակությունները։
Սահմանապահ ծառայության ընթացքում ունեցած ձեռքբերումների, ինչպես նաեւ ՀՀ սահմանապահի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով Ա. Աբրահամյանը պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով։ ԱԱԾ տնօրենի հրամանով սահմանապահ զորքերի մի շարք զինծառայողներ անբասիր ծառայության համար արժանացան մեդալների եւ շքանշանների։ Հանդիսավոր քայլերթից հետո սահմանապահ զորքերի հատուկ նշանակության ջոկատները ցուցադրական պարապմունք անցկացրեցին։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 528 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024