ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 29 » Վերածնված եւ մեծ ներուժ ունեցող ազգ /Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժ/
13:37
Վերածնված եւ մեծ ներուժ ունեցող ազգ /Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժ/

ՀՀ նախագահի նստավայրում սեպտեմբերի 26–ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6—րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստի սկզբում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ միջանկյալ զեկույց, որից հետո տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն։ Նա մասնավորապես ասել է. «Մեր գործունեության չորս հիմնասյուներից մեկը միջազգային պայքարն է ցեղասպանության հանցագործության դեմ։ Որպես այդ հանցագործությունը վերապրած ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք ակտիվ դիրքորոշում որդեգրել այդ հարցում։ Մենք հայտարարեցինք, որ 2015 թվականին Հայաստանը վերածվելու է ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի միջազգային մի հարթակի։
Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք արձանագրեցինք կարեւոր առաջընթաց։ Հայաստանի ջանքերով եւ առաջնորդությամբ Միավորված ազգերի կազմակերպությունում ընդունվեց կարեւորագույն երկու փաստաթուղթ՝ մարտ ամսին «Ցեղասպանության կանխարգելման» մասին բանաձեւը մարդու իրավունքների խորհրդում եւ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման օր» բանաձեւը ՄԱԿ—ի Գլխավոր վեհաժողովում։
Ի դեպ, արդեն դրանից ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետությունն իր ներքին օրենսդրությամբ դեկտեմբերի 9—ը սահմանեց որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր»,–ասել է նա։
Ըստ նրա՝ երկրորդ կարեւոր ձեռքբերումը դարձավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ակնհայտ հաջողությունը. «Հարյուրավոր պատգամավորներ՝ հրապարակախոսներ, ցեղասպանագետներ, վերապրած ժողովուրդների ներկայացուցիչներ, հոգեւորականություն բացահայտ խոսում էին այն մասին, որ Հայաստանից ակնկալում են առաջնորդություն ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի գործում»։
Ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի ակտիվացման գործում երրորդ կարեւոր եւ մնայուն արդյունքը Վիգեն Սարգսյանը համարում է ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հետ հարաբերությունների խորացումը, Հայաստանում Հայոց ցեղասպանության ինստիտուտի ջանքերով ընկերակցության 12—րդ համաժողովի արդյունավետ անցկացումը, հետագա փոխգործակցության եզրերի ամրագրումը։
Նրա խոսքով, մեր պայքարի կարեւոր արդյունքներից է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակականությունը։ Բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ ընդունեցին Հայոց ցեղասպանությանը վերաբերող նոր կամ վերահաստատող բանաձեւեր։ Այդ գործընթացը առանձնահատուկ հաջողություններ գրանցեց տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում ընդունված բանաձեւերի շնորհիվ։
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի եւ սփյուռքի մի խումբ բարերարներ, գործարարներ պարգեւատրվել են ՀՀ պետական բարձր պարգեւներով, արժանացել շնորհակալագրերի։ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պարգեւները, շնորհավորել պարգեւատրվածներին եւ մաղթել հաջողություններ։
«Հարգելի՛ պարգեւատրվածներ,
Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ։ Ձեզնից յուրաքանչյուրի ներդրումը համազգային նշանակության այս գործում, իրոք, մեծ է։ Շնորհակալ եմ ձեզ մեր կոչին անսալու եւ ողջ աշխարհին հասանելի դարձած միջոցառումներին սատարելու համար։
2015 թվականը բացառիկ տարի է բոլորիս համար։ Մեծ եղեռնի 100—րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը նախանշել եւ իրականացրել է միջոցառումների հսկայական շարք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Այդ միջոցառումների աշխարհագրության, ընդգրկուն ծավալի եւ որակի մասին, կարծում եմ, կարիք չկա մեկ անգամ եւս խոսելու։
Իմ գնահատականը հետեւյալն է. մենք՝ որպես պետություն եւ որպես աշխարհասփյուռ հայություն, պատվով հանձնեցինք այս քննությունը։ Մենք պատշաճ մակարդակով եւ իրապես բարձր հնչեղությամբ տեղ հասցրեցինք մեր ուղերձը։ Նաեւ աշխարհին ներկայացանք որպես վերածնված եւ մեծ ներուժ ունեցող ազգ, որ քայլում է քաղաքակրթությանը համընթաց։ Համաշխարհային հանրությունը վկան եղավ հայության արժանապատիվ ու բացառիկ միասնական կեցվածքին։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացն արձանագրեց նոր՝ ավելի բարձր մակարդակ։
Դա հնարավոր եղավ Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության ուժերի եւ հնարավորությունների համախմբման շնորհիվ։ Մենք բոլորս միասին մեր գործով վերահաստատեցինք այն հավերժական ճշմարտությունը, որ հայերի միասնականությունը կարող է լուծել շատ բարդ խնդիրներ։ Իսկ եթե բոլորս համախմբենք, մենք որեւէ անլուծելի խնդիր չենք կարող ունենալ։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց մասնակցությունը բերեցին այդ կարեւոր գործին։ Անձամբ ես այնպիսի տպավորություն ունեմ, որ աշխարհում չգտնվեց մի հայ, որ անմասն մնար այս միջոցառումներին սատարելուց՝ լինի բարերար կամ արվեստագետ, նվիրատու կամ լրագրող, ցուցարար կամ դիվանագետ, կամավոր կամ պաշտոնյա, գիտնական կամ հոգեւորական։ Մենք արեցինք այն, ինչը մեր պարտքն էր։ Եվ անելու ենք այնքան, քանի դեռ մենք մեր պարտքերը չենք վերադարձրել մեր սուրբ նահատակների հիշատակի առջեւ։
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում հետագա հաջողություններ։ Մենք տարին չենք ավարտել եւ նույնիսկ տարին ավարտելով՝ մենք չենք ավարտելու մեր աշխատանքը։
Շնորհակալություն»,–ասել է Սերժ Սարգսյանը։
Այնուհետեւ կառավարության ընդունելությունների տանն է շարունակվել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6—րդ նիստը։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստը հրավիրվել էր ընդլայնված կազմով՝ պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են եղել տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, մասնագետներ։ Նիստի սկզբում նախագահը տեղեկացրել է ներկաներին, որ ի կատարումն Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի 5—րդ նիստի որոշման՝ միջոցառումների գլխավոր համակարգողի գրասենյակը Հայաստանի անկախության տոնին հետեւող եւ սրբալույս մյուռոնի օրհնության արարողությանը նախորդող այս խորհրդանշական շաբաթվա ընթացքում անցկացնում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների ընթացքի եւ առաջիկա անելիքների քննարկումներ, հաշվետու միջոցառումներ, ցուցահանդեսներ։
Օրակարգի հարցերի քննարկմանը անցելուց առաջ նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հանձնաժողովի անդամ, սփյուռքում հայապահպանության գործին բացառիկ ներդրում բերած Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք, երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19—րդի հիշատակը։ Հանրապետության նախագահը տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին, որ ի նշանավորումն պատրիարք Ներսես Պետրոս 19—ի երկնային ճանապարհի, հաշվի առնելով նրա հսկայածավալ ազգանվեր գործունեությունը՝ հրամանագիր է ստորագրել նրան հետմահու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին։ Շքանշանը հանձնվել է հանձնաժողովի նոր անդամ, Տանն Կիլիկիո նորընտիր կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Գրիգոր Պետրոս 20—րդին։
Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորել է Գրիգոր Պետրոս 20—րդին՝ կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարքի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Նիստի օրակարգի հարցերի թվում հանձնաժողովը քննարկել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների ընթացքն ու առաջիկա անելիքները, Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքներում ստեղծված իրավիճակը, լսել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին զեկույցը, քննարկել նաեւ կազմակերպչական հարցեր։
Առաջին հարցի շուրջ կայացած ծավալուն քննարկումներն ամփոփելով՝ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձեւավորելու ընդհանուր պահանջ։ Նախագահի կարծիքով, դա կարող է լինել օգտակար եւ արդյունավետ գործընթաց։ Հանձնաժողովը քննարկել եւ միաձայն ընդունել է Համահայկական խորհուրդ ձեւավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը։ Ձեւավորվել է կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել է նախաձեռնել խորհրդատվությունների լայն ներառական գործընթաց։
Օրակարգի երկրորդ հարցի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի կապակցությամբ նախագահը նշել է, որ խորապես մտահոգված է հատկապես Սիրիայում շարունակվող բախումներով եւ օր օրի վատթարացող հումանիտար իրավիճակով։ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում տարածաշրջանում բնակվող հայության եւ, մասնավորապես, սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, առաջին հերթին, Հալեպում արդեն մի քանի տարի գործող միակ օտարերկրյա ներկայացուցչությունը՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, եւ Դամասկոսում իր աշխատանքները շարունակող ՀՀ դեսպանությունը։
Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիների ժառանգները, նախագահի խոսքով, կիսում են ժամանակին իրենց օգնության ձեռք մեկնած ժողովուրդների ճակատագիրը։ Նրանք շարունակում են մարդկային եւ նյութական մեծ կորուստներ կրել։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իր դռները բացել է բոլորի առջեւ եւ արդեն Սիրիայից ընդունել շուրջ 16 հազար հայրենակից։ Հայաստանի պետական բոլոր կառույցներն անխտիր ներգրավված են սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու եւ մեր հասարակությանը նրանց ինտեգրման գործընթացը արագացնելու աշխատանքներում։
Սիրիայի եւ Իրաքի հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բերիո թեմի առաջնորդ, տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Դամասկոսի թեմի առաջնորդ տեր Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանը, Իրաքի թեմի առաջնորդ տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը։
Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլորն էլ կցանկանային ավելին արած լինել։ Բոլորի հավաքական ջանքերով է, որ մեր հայրենակիցների հարցերը վերջնական լուծումներ պետք է ստանան։ Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, միջազգային եւ համայնքային կառույցներին, անհատներին, ովքեր իրենց աջակցության ձեռքն են մեկնել եւ շարունակում են աջակցել հայությանն այս աշխատանքներում։
Ընդունվել է հայտարարություն (տե՛ս ստորեւ) Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքների կացության մասին՝ որպես սիրիահայությանը հայ ժողովրդի ընդհանրական սատարման կարեւոր դրսեւորում։
Օրակարգի երրորդ հարցի հետ կապված զեկույցներ են ներկայացվել ապրիլի 22–23—ը Երեւանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի արդյունքների վերաբերյալ։
Նախագահի գնահատմամբ, առաջին ֆորումը ծառայել է իր նպատակին։ Այն դարձել է քաղաքական ազդակը լսելի դարձնելու, ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարում Հայաստանի Հանրապետության դերակատարումն ամրագրելու կարեւոր միջոց։ Ըստ Սերժ Սարգսյանի, ֆորումը ներկայացուցչական էր թե՛ քաղաքական դերակատարների, թե՛ ցեղասպանագետների լայն շրջանակի ներկայության առումով։ Նախագահի համոզմամբ, ֆորումն ու դրան զուգահեռ ընթացած այլ ֆորումները բովանդակային լիցք են հաղորդել ոգեկոչման միջոցառումներին, նշմարել հետագա պայքարի ուղիները։
Հանձնաժողովը ընդառաջելով 2015թ. ապրիլի 22—23—ին Երեւանում անցկացված գլոբալ ֆորումի մասնակիցների՝ Հայաստանի Հանրապետությանն ուղղված կոչին՝ ազգային ու միջազգային մակարդակներում շարունակել ջանքերը խթանելու եւ համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ պայքարում միջազգային գործողությունները, որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ապահովելու գլոբալ ֆորումի շարունակական եւ պարբերական բնույթը։


Հայտարարություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքների կացության մասին
 

Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն իր երախտագիտությունն է հայտնում Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, որոնք դարձան այդ երկրների կառուցման գործուն մասնակիցներ։
Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը, էթնիկական ու կրոնական համայնքների գոյությունը, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում կանգնել նրանց կողքին։
Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես, Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների, ահաբեկչություններից ու քաղաքացիական պատերազմից փրկված փախստականների ճակատագրերի վրա։
Հայաստանը բացել է դռները Սիրիայից եւ Իրաքից եկած հայերի առջեւ եւ ավելի քան 16 հազար փախստական ընդունել։ Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են նրանց հիմնախնդիրները լուծելու եւ հասարակության մեջ նրանց ինտեգրումն արագացնելու աշխատանքներում։
Հայկական սփյուռքի կառույցները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր են նախաձեռնել եւ իրականացրել Սիրիայի եւ Իրաքի հայության վիճակը մեղմելու ուղղությամբ։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը՝
— խորապես մտահոգված լինելով Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններով,
— շահագրգիռ լինելով այդ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության շուտափույթ հաստատմամբ,
— խստորեն դատապարտելով ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնց զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ, ավերակ են դառնում սրբավայրեր, կոթողներ եւ մշակութային արժեքներ,
— գնահատելով նման վայրագությունները որպես մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ,
— գիտակցելով, որ տարածաշրջանի ժողովուրդների պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում եւ համակողմանի աջակցություն, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ վտանգված համայնքներին՝


Դիմում է

միջկառավարական եւ միջազգային մարդասիրական կազմակերպություններին, փախստականների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնող պետություններին՝ հնարավորինս շտապ բազմակողմանի աջակցություն ցուցաբերել աղետալի իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին, համապատասխան միջոցներ ձեռնարկելու բոլոր փախստականներին եւ նրանց ընդունելու հարցում գործուն քայլեր ձեռնարկած պետություններին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու խնդրում,
հայաստանյան բոլոր պետական ինստիտուտներին, հանրային եւ մասնավոր կառույցներին՝ այսուհետեւ եւս համակողմանի քայլեր ձեռնարկելու դյուրացնելու համար սիրիահայերի առջեւ ծառացած խնդիրների լուծումները հայրենիքում,
համայնքային բոլոր կառույցներին, անհատներին՝ հնարավոր բոլոր միջոցներով սատարելու եւ համակողմանի աջակցություն ցուցաբերելու ինչպես դեռեւս Սիրիայում գտնվող համայնքին, այնպես էլ Հայաստանում հաստատված սիրիահայերին։
Սիրիահայության տագնապալի վիճակը ներկայումս ողջ հայ ազգի առջեւ ծառացած մարտահրավեր է, եւ այն հաղթահարելու համար հրատապ անհրաժեշտություն է համախմբել Հայաստանի եւ սփյուռքի ուժերն ու հնարավորությունները՝ համակարգելու բոլոր գործողությունները՝ հավաքական ջանքերով լուծում տալու մեր հայրենակիցների հիմնախնդիրներին։
Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ու սփյուռքն այսուհետեւ եւս սատարելու են արտակարգ իրավիճակում հայտնված եւ օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր հայորդու՝ որպես սրբազնագույն պարտք եւ պատասխանատվություն։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 376 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024