ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 12:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 11 » Խաղաղ եւ օրենքին համահունչ /Տեղական եւ օտարերկրյա դիտորդական առաքելությունները գնահատել են ընտրությունները/
11:37
Խաղաղ եւ օրենքին համահունչ /Տեղական եւ օտարերկրյա դիտորդական առաքելությունները գնահատել են ընտրությունները/

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ամենամոտն են ժողովրդավարական, ազատ եւ արդար ընտրություններին, արձանագրում են տեղական դիտորդական կազմակերպությունները, ընդգծելով՝ ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ եւ եղել են օրենքին համահունչ։
«Ընտրակաշառք, կուտակումներ տեղամասերի առաջ, ուղղորդումներ, մարդկանց տանել—բերել, վարչական ռեսուրսի ուժով ճնշել ընտրողների վրա, պարտադրել եւ իրավապահ մարմինների աշխատանքի անգործություն կամ համակարգային անգործություն այս անգամ չենք նկատել, ինչը ահռելի ծավալներ է ունեցել եւ արձանագրվել է մեր՝ նախկինում ունեցած «Քաղաքացի դիտորդ» եւ ուրիշ առաքելությունների ժամանակ դիտարկած համապետական ընտրությունների ժամանակ։ Ահռելի ծավալի զանգեր ենք ունեցել նախկինում, շունչ քաշելու րոպե չեն ունեցել մեր օպերատորները եւ իրավաբանները։ Այս անգամ, ինչպես եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, կարող եմ ասել, որ համեմատած նախորդի հետ՝ բացարձակ անդորրի միջավայր է եղել»,–նշել է «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Լեւոն Բարսեղյանը։
Ընտրություններում խախտումների մեծ մասը պայմանավորված է եղել հանձնաժողովների անդամների եւ նախագահների՝ ընտրական գործընթացներին ոչ լիարժեք տիրապետմամբ, նշել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։
«Վերստին պնդում ենք, որ հանձնաժողովների նախագահներն ու անդամները պետք է բավական լուրջ ուսուցում եւ դասընթացներ անցեն, խոսքը վերաբերում է եւ օրենսդրության, եւ կազմակերպական՝ մենեջմենթի, ընդհանրապես կառավարական հմտություններին, որպեսզի ընտրական պրոցեսները որակյալ անցնեն, եւ խախտումները, որոնք պայմանավորված են զուտ չիմացությամբ կամ չկարողությամբ, տեղի չունենան»,–ընդգծել է Սաքունցը։
«Էական առաջընթաց է գրանցվել վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի, այսպես կոչված, բարեգործության առումով։ Քաղաքացիները կաշկանդված չեն եղել եւ ասել են, որ իրենք չենք հիշում նման իրավիճակ, երբ իրենց չեն ճնշում, ուղղորդում, ցուցակագրում»,–հայտարարել է «Թրանսփարնեսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը։
Ինչ վերաբերում է քվեարկության օրվա խախտումներին, ապա Այվազյանը տեղեկացրել է, որ ունեցել են 581 դիտորդ, որոնք աշխատել են 300 տեղամասերում, ներգրավել են 52 շրջիկ խմբեր, 41 դիտորդներ 36 տարածքային հանձնաժողովներում, որոնք դեռ շարունակում են իրենց աշխատանքը։
Աջակցել են 30 իրավաբան ու 30 օպերատոր, առաջին անգամ իրականացրել են ընտրանքի վրա հիմնված դիտորդություն։ Քվեարկության ընթացքը, ըստ նրա, եղել է խաղաղ, օրենքին համապատասխան։
«Հիմնական խնդիրը, որ բացահայտել ենք, դա հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար դժվարություններն են։ 48 տոկոսում ապահովված չեն եղել պայմաններ»,–ասել է նա։


Թափանցիկ եւ բաց
 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ՀՀ Սահմանադրությանը եւ ընտրական օրենսգրքին համապատասխան, լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ընտրությունների արդյունքները, ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին։
«Երկարաժամկետ եւ կարճաժամկետ մոնիտորինգի արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ 2018—ի դեկտեմբերի 9—ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները անց են կացվել ՀՀ Սահմանադրությանը եւ ընտրական օրենսգրքին համապատասխան։ Ընտրությունները եղել են թափանցիկ եւ բաց։ Ընտրական հանձնաժողովները բոլոր մակարդակներում պայմաններ են ապահովել ընտրողների ազատ կամարտահայտման համար»,–ասել է Գումինսկին։
Նա նշել է, որ դիտորդական առաքելությունը հաստատում է դեկտեմբերի 9—ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա կատարած եզրակացությունը, որ օրենսդրությունն ազատ եւ դեմոկրատական ընտրությունների անցկացման համար տալիս է հնարավորություն։
Գումինսկին ասել է, որ չի կարող չնկատել նաեւ ԿԸՀ—ի լավ աշխատանքը։ Այս կարճ ժամանակում ԿԸՀ—ն իրականացրել է միջոցառումներ ընտրությունների պատրաստման եւ անցկացման համար։ Նաեւ վերապատրաստման դասընթացներ են անցկացվել մասնագետների համար։
Գումինսկին նկատել է, որ խախտումներ եւս եղել են, սակայն դրանք չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։ Նա նաեւ նշել է Հանրային ռադիոյով եւ Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական ուժերին տրված հավասար անվճար եւ վճարովի եթերաժամերի մասին։


Ազատ ընտրություններ՝ լայն վստահության պայմաններում
 

«Հայաստանում գործել են բաց քաղաքական բանավեճերը՝ ներառյալ ԶԼՄ—ների մասնակցությամբ եւ առցանց։ Խախտումների ընդհանուր բացակայությունը, այդ թվում՝ քվեների առք ու վաճառքի եւ ճնշումների բացակայությունը, հնարավորություն են տվել իրականացնել իրական մրցակցություն։ Մեր բոլոր դիտորդները նշել են, որ ընտրական օրենսգրքի բոլոր ընթացակարգերը պաշտպանված էին։ Շատ—շատերը նշել են, որ ընտրությունները եւ քարոզարշավի ընթացքը եղել են բաց եւ պարզ, ինչպես նաեւ կայացել են բովանդակային բանավեճեր։ Դիտորդները նաեւ նշել էին, որ կցանկանային լիդերների բանավեճեր լինեին նաեւ իրենց երկրներում»,–ընդգծել է ԵԱՀԿ դիտորդական խմբի հատուկ համակարգող Պետր Օսուսկին։
Նրա խոսքով՝ որոշակի մտահոգություն եւ անհանգստություն է առաջացրել ընտրությունների ֆինանսավորման կարգը, որը ստեղծել է որոշ անհավասար պայմաններ։
Օսուսկին հավելել է, որ մրցակիցները հնարավորություն են ունեցել իրականացնելու իրենց քարոզարշավները, եւ բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծվել էին հավասար պայմաններ հավաքների ազատ անցկացման համար։
«Այսօրվա Հայաստանի իշխանությունն արտահայտել է իր քաղաքական կամքը՝ ընտրություններն անցկացնել արդար եւ հավասար պայմաններում, ինչպես նաեւ այդ իշխանությունը չի խրախուսել քվեների առք ու վաճառքը։ Բայց ամեն դեպքում որոշակի փոփոխություններ են անհրաժեշտ, եւ այդ առումով մեր կազմակերպությունը հանձնարարականներ եւ առաջարկներ է ներկայացրել, որոնք մենք կցանկանայինք, որ իրականացվեր»,–ասել է Օսուսկին։
Նրա կարծիքով՝ այս ընտրությունները Հայաստանին բերել են դրական էներգիա։
«Ժողովրդավարությունը չի կարող առաջ գնալ առանց լայն հանրության վստահության, եւ հաճելի է նշել, որ ընտրությունների ժամանակ կար այդ վստահությունը, եւ դա էր այս ընտրությունների հիմնական բնութագիրը»,–եզրափակել է Օսուսկին։
«Այս ընտրություններում հարգվել են հիմնարար ազատությունները։ Իշխանությունների նկատմամբ տածած վստահությունը պարտավորեցնում է վերջիններիս երաշխավորել այս դրական դինամիկան։ ԺՀՄԻԳ—ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ հաղթահարելու դեռեւս առկա թերություները, որ լավ ընտրությունները դառնան չափանիշ»,–ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Ուրշուլա Գացեկը։


Միջազգային չափանիշներին համապատասխանող
 

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները անցկացվել են խաղաղ եւ ապահով պայմաններում ու համապատասխանել են տեղական եւ միջազգային չափանիշներին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը։
«Նախընտրական քարոզարշավը իրականացվել է հավասար պայմաններում, եւ ընտրողները ընտրությունների ժամանակ կարողացել են արտահայտել իրենց կամքը։ Եթե խախտումներ եղել են, ապա եղել են տեղեկատվության պակասի պատճառով։
Մեր նախնական եզրակացության մեջ մենք ընդգծում ենք՝ ընտրությունները անցկացվել են շատ հաջող եւ հույս ունենք, որ ձեւավորվող Ազգային ժողովը կզբաղվի ընտրական օրենսգրքի բարեփոխումներով»,–ընդգծել է Վույովիչը։


Ժողովրդավարական ընտրություններ
 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը գտնում է, որ 2018 թվականի խաղաղ, թավշյա հեղափոխությունը, ներկայիս իշխանությունների քաղաքական կամքի հետ մեկտեղ, հնարավորություն տվեց անցկացնելու ժողովրդավարական ընտրություններ։
«Չնայած բարդ ընտրական համակարգին եւ սոցիալական լրատվամիջոցների միջոցով միջամտություններին, չկարգավորված ընտրակարգին եւ այլ երեւույթներին, Հայաստանում ընտրությունները հաջող են անցել։ Իհարկե, Հայաստանի ընտրված ներկայացուցիչների գործն է սկսել բարեփոխումներ՝ ամրապնդելու երկրում ժողովրդավարական գործընթացը»,–ասել է Պաչիերը։
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ—ն եւ Վենետիկի հանձնաժողովը հույս ունեն շարունակել իրենց սերտ համագործակցությունը Հայաստանի հետ, իսկ ընտրությունների վերաբերյալ վերջնական հաշվետվությունը կներկայացվի Ստրասբուրգում հունվարի նստաշրջանի ժամանակ։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 292 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024