ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 10 » «Խոշոր ՀԷԿ-երը պետք է դիտարկենք ռազմավարության նշանակության, ոչ թե տնտեսական բաղադրիչի հիմքով»
16:10
«Խոշոր ՀԷԿ-երը պետք է դիտարկենք ռազմավարության նշանակության, ոչ թե տնտեսական բաղադրիչի հիմքով»

Հարցազրույց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ

–Մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036թ. զարգացման ուղիների փաստաթուղթն ունեինք արդեն՝ 2015թ. ընդունված։ Հիմա էլ մշակվել ու քննարկման փուլում է մեր էներգահամակարգի զարգացման մինչեւ 2040թ. ռազմավարությունը։ Այդ ի՞նչ նոր փոփոխություն է բերվելու էներգահամակարգ 4 տարվա տարբերությամբ, որ նոր ռազմավարության կարիք է զգացվել։
–Նախկին ռազմավարությունը չէր գրվել նախարարությունում, այլ գրվել էր դոնորների աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ—ի, եւ նախարարությունն այն ժամանակ դա ընդունել է իբրեւ ռազմավարություն։ Ամենեւին չթերագնահատելով մեր գործընկերների կատարած աշխատանքը՝ մենք պետք է ունենանք մերը, այն կանխատեսումները, որի համար պատասխանատվություն կկրենք մենք։
–Նախորդիվ հստակ արձանագրեցինք ռազմավարության նախագծի՝ միջուկային էներգետիկայի հատվածը. այն է՝ Հայաստանն ունենալու է ատոմակայան, դա այլընտրանք չունի եւ այդ հարցը չի էլ քննարկվում։ Ուրիշ ի՞նչ շեշտադրումներ կան։ Ի՞նչ ենք փոխել նոր փաստաթղթում։
–Սա լրիվ այլ կարգի փաստաթուղթ է, այլ կառուցվածքով։ Սրանք մեր տեսլականներն են…
–Հստակեցնենք։ Այս՝ այլ կարգի փաստաթղթում, օրինակ, հողմային էներգետիկայի զարգացում նախատեսվա՞ծ է։
–Անդրադարձը հպանցիկ է, որովհետեւ այս պահին հողմային էլկայանների կառուցումը մեզ համար այնքան էլ տնտեսապես ձեռնտու չէ, որովհետեւ Հայաստանի ռելիեֆի պայմաններում թանկանում է։ Հողմային կայանների տուրբինները հավաքած, թեւերը հավաքած են բերում, իսկ մեր ոլորապտույտ ճանապարհներին դա հարմար չէ։ Մի ընկերություն հաշվարկել էր՝ 50 մլն դոլար պետք է ներդրվի ճանապարհները լայնացնելու համար։ 
–Բայց մենք արդեն ունենք չէ՞ հողմային կայան։ Նաեւ հողմային ներուժի հաշվարկներ կային արված։ Այդ ժամանակ հապա ինչպե՞ս էր բերվել։
–4 տուրբին են բերել, շատ փոքր, ոչ արդյունավետ տուրբիններ են։ Նոր սերնդի հողմակայանների տուրբիններն այլ են, մեր ճանապարհներով տեղափոխման համար չեն։ Եվ այդ բարդությունը միայն մեզ մոտ չէ, Վրաստանում էլ է, Իրանի տարածքում էլ կան այդպիսի ճանապարհներ։ Առաջարկներ էլի կան, բայց թանկ է լինում մեզ համար։ Ինչեւէ, այս պահին նպատակահարմար չէ։
–Արեւայինը, պարզ է, զարգացնում ենք, բայց առայժմ փոքր ծավալներով։ Մեծը Մասրիկի կայանը պետք է լինի, այն էլ անընդհատ ձգձգվում է։ Պատճառը ո՞րն է։
–Փաստաթղթային պահ է. դոնորների հետ իրավունքների եւ պարտականությունների պահն է երկար քննարկվում։ Առաջինը որ ավարտենք, մյուսներն ավելի արագ կընթանան։ Խոշոր ծրագրեր մոտ ապագայում, կարծում եմ, կլինեն։
–ՀԷԿ—երի մասով ի՞նչ եք որոշել նոր փաստաթղթում։ Ի՞նչ տեսանկյունից եք մոտենում ոլորտին՝ զուտ տնտեսակա՞ն, ռազմավարակա՞ն, թե՞ մեկ այլ։
—Այս պահին 188 փոքր ՀԷԿ 407 ՄՎտ դրվածքային հզորությամբ արդեն ցանցում են։ 28—ը՝ 60 ՄՎտ դրվածքային հզորությամբ կառուցման փուլում են…
–Կխնդրեմ խոշորների ուղղությամբ կենտրոնանանք…
–Խոշոր ՀԷԿ—երի՝ նախկինում մշակված ծրագրերից այս պահին էլ կան Մեղրի ՀԷԿ—ի, Շնող ՀԷԿ—ի, Լոռիբերդի ծրագրերը։ Մեղրի ՀԷԿ—ի մասով ակտիվ աշխատում ենք՝ փորձելով ներդրողներ ներգրավել։
–Մեղրի ՀԷԿ—ի մասով արդեն 20 տարուց ավելի ակտիվ աշխատում ենք, բայց արդյունքը չկա ու չկա… Ակտիվ Թուրքիան է աշխատում՝ Արաքսի վրա ջրամբարաշինական ծրագրեր իրագործելով։
–Այս ՀԷԿ—ը 20 տարի առաջ կառուցված պիտի լիներ։ Եվ Թուրքիայի պարագան ճիշտ նշեցիք. այստեղից էլ Մեղրի ՀԷԿ—ի ներդրողների մտավախությունը, որ ջուրը կտրուկ կպակասի։ Շնող ՀԷԿ—ի մասով, գիտեք, «Դեբեդ» հիդրոընկերությանը տրվել է կառուցելու իրավունքը։ Ուսումնասիրություններ են անում, տեխնիկատնտեսական հիմնավորումներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականներ։ Ինչքանով ոչ պաշտոնապես ինձ հայտնի է, այնքան էլ հուսադրող չեն այդ տվյալները։ Նույնը Լոռիբերդի մասով է։ Այս պահին ակտիվ որեւէ աշխատանք չի տարվում։ Այս ՀԷԿ—երը կկառուցվեն այն ժամանակ, եթե չկառուցվեն տնտեսական բաղադրիչի հիմքով։ Այլ՝ կառուցվեն ռազմավարական նշանակության հիմքով՝ իբրեւ էներգետիկ անկախության միջոց։ Եթե որպես բիզնես ենք նայում, տարիները ցույց են տվել, որ ձեռնտու ծրագրեր չեն։ Բայց եթե նայում ենք որպես ռազմավարական նշանակության օբյեկտներ, ապա պետք է ունենանք։ Գիտեք՝ ճանապարհի պես է։ Եթե որեւէ գյուղի ճանապարհ է կառուցվում, տնտեսական հաշվարկ չենք անում, թե այդ ճանապարհով ինչքան մարդ է անցնում։ Գյուղը պետք է ունենա ճանապարհ եւ վերջ։ Եթե այս մոտեցումը որդեգրվի, ապա պետք է ունենանք։ Այս առումով էլ նրանք ներառված են ռազմավարությունում։
–Ինչու՞ երկրաջերմային էներգետիկայի զարգացումը ռազմավարությունում չեք ներառել, տարիներ առաջ խոստումնալից ոլորտ էր, հիմա՝ ո՞չ։
–Ինչու ներառենք, երբ այս պահին ուսումնասիրված աղբյուր չունենք, որ արդյունավետ կլինի։ Գիտեմ՝ ինչ եք ասելու (փոխնախարարը նկատի ուներ Ջերմաղբյուրի տեղամասի փաստը, որ պիտի մեջբերեի,—Ա.Մ), բայց այն արդյունավետ չէ. հորատանցք ունենք, որտեղ 1600 մ—ի վրա 126 աստիճան ջերմաստիճան կա՝ առանց ջրի։ Այս պահին այսքանն է։
–Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը մեզ մի տեսակ շատ չի՞ ոգեւորել։ Արդյո՞ք այն այսօր մեզ ձեռնտու է։
–Մենք առաջին քայլով ազատականացնում ենք շուկայի ընդամենը 10 տոկոսը։ Կարծում եմ՝ 10 տոկոսը դրական արդյունք է տալու։ Մնացածը հետո կորոշվի։ Բայց այս ազատականացումը ժամանակի հրամայական է։
–Ազատականացումը մեր երկրում երբեք սակագնային նվազման չի հանգեցնում…
–Չգիտեմ՝ սակագնային նվազման կհանգեցնի, թե ոչ, բայց ճկունության եւ հնարավորությունների կբերի։ Իհարկե՝ պետությունը զսպող մեխանիզմները կկիրառի։ Այնպես չի լինելու, որ մի քանի արտադրող պայմանավորվեն եւ էլէներգիայի 1 կՎտ—ն 100 դրամ սարքեն։ Կրկնում եմ՝ 10 տոկոսն է ազատականացվելու։ Մինչեւ 2023—2024թթ. կավարտվի ենթաօրենսդրական ակտերի ծրագրերի մշակումը, դրանից հետո նոր կսկսվի 10 տոկոսի ազատականացումը։ Մինչեւ չաշխատի, բոլոր ռիսկերը չենք կարող տեսնել։ 10 տոկոսը ազատականացնելը ռիսկային չէ։ Վատ կլինի, հետ կդառնանք։
–Եվ վերջում՝ մեր էներգահամակարգը ինչքանո՞վ է ապահովագրված կիբերհանցագործության հարձակումներից։
–Մեր համակարգը փակ է, առանձին ցանցով է աշխատում։
–Շնորհակալություն հարցազրույցի համար։

–Ես էլ եմ շնորհակալ։

 


Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 259 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024