Սոֆիա Հակոբյան
Թուրքագետ
Մինչ օրս քչերին է հայտնի, որ Թուրքիայում Ցեղասպանության տարիներին հայերը կոտորածից ու աքսորից փրկվելու համար ոչ միայն թուրքացել ու քրդացել են, այլ նաև` արաբացել: Ինչո՞ւ և ինչպե՞ս են արաբացել հայերը Թուրքիայում, որքանո՞վ է նրանց մոտ պահպանված կամ մոռացված հայկական և քրիստոնեական ինքնագիտակցությունը, ի՞նչ հարաբերություններ ունեն նրանք թրքացած և քրդացած հայերի հետ: Թեև արաբացած հայերի մասին մինչ այժմ բացակայում են թե’ գիտական, թե’ գեղարվեստական գրական աղբյուրները, 1915 թ. և դրանից հետո արաբացած հայերի ներկայիս սերնդի շրջանում փորձելով ուսումնասիրել մի քանի կարևոր հարցեր` պարզեցինք մի շարք հետաքրքիր ու մինչ այժմ անհայտ մնացած իրողություններ, որոնք վերաբերում են Թուրքիայում իսլամանալու միջոցով կյանքը շարունակած հայերի պատմությանն ու 1915թ. հետո վերապրածներին:
Արաբացած հայերի մասին թուրքական լրատվամիջոցներն անդրադարձ կատարեցին 2009 թ.` Թուրքական պատմագիտական ընկերության (Türk Tarih Kurumu) նախկին նախագահ, պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլուի` Կայսերիում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ մահմեդականացած հայերի մասին արված հայտարարություններից և դրանից հետո մեկ այլ թուրք պատմաբանի` Սալիմ Ջյոհջեի կողմից հնչեցված մի շարք մեկնաբանություններից հետո: Քանի որ ներկայացված մի շարք «փաստեր» մեր կողմից հստակեցման կարիք ունեն, ազգայնամոլ Հալաչօղլուի և նրա կոլեգա Ջյոհջեի խիստ խնդրահարույց տեսակետները հիմք չընդունելով հանդերձ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում նախ հակիրճ անդրադառնալ այդ աղմկահարույց հայտարարություններին, ինչպես նաև` այդ ժամանակ թուրքական «Աքսիյոն» հանդեսում հրապարակված ցուցակին, որում նշված են Թուրքիայի տարբեր բնակավայրերում իսլամացած հայերի թիվն ու նրանց «ազգային պաշտոնական կարգավիճակը»:
Պրոֆեսոր Յ. Հալաչօղլուի ու Ս.Ջյոհջեի պնդումներում ամենահետաքրքրականն ու ապշեցուցիչն այն է, որ վերջիններս, որպես հիմք ընդունելով իրականում կատարված դեպքերը, (այսինքն` այդ տարածքներում տասնյակ հազարավոր հայ ընտանիքների իսլամացումը), այն ճկուն կերպով օգտագործում են հօգուտ թուրքական կողմի «պատմական շահերի»:
Ահա թե ինչպես արտահայտվեց Կայսերիի գիտաժողովի ժամանակ Հալաչօղլուն. «Մահմեդականություն ընդունելով և իրենց որպես թուրք ներկայացնելով` այս մարդիկ եկան և հաստատվեցին Անատոլիայում»: Հայերին այս հողերում «եկվոր» ներկայացնել ձգտող պրոֆեսորն այդ նույն գիտաժողովում հասցրեց նաև հայերի վրա բարդել քրդական խնդիրը` նշելով, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում իրենք «քուրդ» և «քուրդ-ալևի» ներկայացող քաղաքացիների մեծ մասին բացահայտել են որպես հայկական ծագում ունեցողներ, թուրք պատմաբանը հայտարարեց, որ «Երկիրը պառակտել ձգտող քրդական TIKKO և PKK կազմակերպությունների կազմում բազմաթիվ կրոնափոխ հայեր կան» և հավելեց. «Մեր իմացած քրդական հիմնախնդիրն իրականում քրդական հիմնախնդիր չէ»: Այս հայտարարությունից հետո քրդերի բարձրացրած աղմուկը ստիպեց Հալաչօղլուին վերանայել իր խոսքերը, այս անգամ. «Ես չեմ ասել, որ բոլոր քուրդ-ալևիները հայ են: Դա վերաբերվում է քրդերի 30 տոկոսին միայն» ասող թուրք պատմաբան-պրոֆեսորը նշեց նաև, որ 1915թ. «տեղահանվելուց» փրկվելու համար իսլամացվել են բազմաթիվ հայեր, և 1936-37 թթ. պետությունը տուն առ տուն հաշվարկել է բոլորին. «Թղթերն իմ ձեռքում են, պետությունը եթե ցանկանա, կհրապարակեմ»:
Հալաչօղլուին արձագանքեց պատմաբան Ս. Ջյոհջեն, ով նշեց. «Հալաչօղլույի ասածները նորություն չեն», ու հավելեց, որ Թուրքիայում հայերը ոչ միայն թրքացել ու քրդացել են, այլ նաև` արաբացել ու ասորացել: Անշուշտ, այն պարագայում, երբ թուրքերի կողմից իրագործված ասորիների ցեղասպանության փատը հետզհետե սկսում է ստանալ միջազգային հնչեղություն, ասորական հարցն էլ, քրդական հարցի նման, «հայկական» ներկայացնելու թուրք պատմաբանների ձգտումը միանգամայն բնական է թվում: Բնական, բայց ոչ տրամաբանական:
Իսկ «Աքսիյոն» հանդեսում հրատարակված ցուցակն ուսումնասիրելիս բախվում ենք մի շարք վիճահարույց տվյալների: Ըստ ցուցակի` քանակով ամենաշատը Կայսերիի (Կեսարիա) իսլամացած հայ ընտանիքներն են (5000 թուրքացած ընտանիք), իսկ ամենաքիչը Բիթլիսինը (Բաղեշ)` (200 քրդացած ընտանիք): Ավելին` ըստ այս ցուցակի` Դիարբեքիրի, Էրզինջանի (Երզնկա), Դերսիմի, և Բիթլիսի քրդացած հայերը միասին ավելի քիչ թիվ են կազմում քան միայն Կայսերիում թրքացածները: Ցուցակում բացակայում են նաև տվյալներ Ամասիայում և Տրապիզոնում թրքացած, Ուրֆայում` քուրդ ալևի, Սըվազում (Սեբաստիա) քուրդ և թուրք ալևի դարձած հայերի մասին: Ցուցակի համաձայն` արաբացած հայեր կան Մարդինում, Ադանայում, Շանլըուրֆայում, Սղերդում, Հաթայում: Մինչդեռ արաբացած հայեր կան նաև Մուշում և Սասունում: «Արաբացած հայեր Թուրքիայում» հոդվածում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով վերոհիշյալ ցուցակին, նշում է. «Արաբացած հայեր կան ոչ միայն նշված վայրերում, այլ, որքան էլ զարմանալի է, Մուշի և Սասունի գյուղերում»:
Իրականում Սասունում և Մուշում արաբացած հայերի առկայությունն ամենևին էլ զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ այս մասին գրեթե չի խոսվել մինչ այժմ, իսկ թուրքական աղբյուրներն ընդհանրապես լռում են: Մինչդեռ այս վայրերում արաբացած հայերի մասին գիտեն տեղի բոլոր բնակիչները և չեն հերքում այդ փաստը: Չեն հերքում նաև հենց իրենք` արաբացած հայերը, ու թեև ադ մասին բացեիբաց չեն հայտարարում ամենուր, սակայն չեն հերքում իրենց հայկական ծագումը, երբ նրանց հարցնում են այդ մասին: Ավելին` Սասունում կան ամբողջովին արաբացած հայերով բնակեցված գյուղեր, որտեղ մինչև հիմա նույնիսկ հայերեն խոսող սասունցիներ կան: Ու թեև Սասունի քրդերն ու քրդացած հայերը նրանց մասին խոսելիս ասում են` «Այնտեղ արաբներ են ապրում», սակայն այդ գյուղերի բնակիչների հայկական ծագում ունենալու մասին ակնարկից հետո միանշանակ հաստատում են. «Այո’, ճի’շտ է: Իրականում արաբ չեն, հայ են, արաբացել են»: Առհասարակ, Թուրքիայում արաբացած հայերի հարցն ուսումնասիրելիս հարկավոր է առանձնակի ուշադրություն դարձնել և առանձին ուսումնասիրել հենց Սասունի արաբացած հայերին, քանի որ նրանց և Թուրքիայի այլ վայրերում արաբացած հայերի միջև առկա են մի շարք տարբերություններ: Ասվածը վերաբերում է թե’ արաբանալու գործընթացներին ու պատճառներին, թե’ ազգային ինքնագիտակցության աստիճանին ու ներկայիս կարգավիճակին:
Հայերի արաբանալու հանգամանքներն ուսումնասիրելիս կարող ենք առանձնացնել երկու հիմնական ձև, որի միջոցով հազարավոր հայեր արաբացան.
1. Տեղի արաբ ընտանիքների կողմից 1915 թ. պաշտպանության տակ առնված ու անհատապես որդեգրված հայ որբերը, այդ ընտանիքներում որպես մահմեդական արաբ մեծանալով, դարձան տեղի արաբ բնակչության մի մասը:
2. 1915 թ. և դրանից առաջ հայերը սերտ շփումներ են ունեցել արաբների հետ, Ցեղասպանության շրջանում մտնելով արաբ աշիրեթների մեջ և մահմեդական ներկայանալով` այս հայերը կարողացել են փրկել իրենց կյանքն ու չտեղահանվել հայրենի տարածքներից:
Ընդհանրապես, չկա որևէ տվյալ այն մասին թե առհասարակ որքան հայ է իսլամացել Սաունում, և նրանցից քանիսն են արաբացել: 1915-16 թթ. ջարդերից ու սասունցիների կազմակերպած ինքնապաշտպանությունից հետո ողջ մնացածների քանակի մասին տվյալները տարբեր աղբյուրներում հիմնականում տատանվում են 10.000 – 15.000 միջև: «Սասնա ազգագրությունը» գրքում հեղինակ Վարդան Պետոյանը, գրելով 1915 -16 թթ. կոտորածների ու սասունցիների հերոսական դիմադրության մասին, նշում է, որ արյունալի պայքարից հետո երբ եկավ ձմեռը, և քուրդ և թուրք հետախույզների համար փակվեցին հայկական գյուղերի ճանապարհները, մի կերպ փրկված, գերի ընկած ու անտառներում թաքնված սասունցիները կարողացան վերադառնալ գյուղերն ու որոշ ժամանակ` մինչ գաղթը, գոյատևել. «Գերությունից ու թաքստոցներից հավաքվածների թիվը հասնում էր արդեն 10-12.000-ի, որոնք մեծ մասամբ բնակվում էին Գելիգյուզան, Սեմալ, Շենիկ, Տալվորիկ, Խութ, Աղբի և Հենիք (գյուղերում)… որտեղ գաղտնի կյանք էին վարում» (Վ. Պետոյան, «Սասնա ազգագրությունը» («Սասունից Կովկաս» բաժին), էջ 41): Այս 10-12.000 –ից քանի՞սը չգաղթեցին և մնացին Սասունում… Կամ որքա՞ն էր հենց կոտորածների ընթացքում իսլամացածների թիվը, որոնց արդեն այս 10-12 000-ի մեջ չեն հաշվել… Մինչ օրս այս մասին չկա որևէ տեղեկություն, ոչ էլ հայկական կամ թուրքական որևէ աղբյուր:
Ռուսական զորքերի` Մուշ հասնելու լուրն առած սասունցիների` դեպի Մուշ և այնտեղից էլ Արևելյան Հայաստան գաղթի մասին աղբյուրներում հանդիպում ենք հետևյալ տեղեկությանը. «Կաղզվանում որբ և մոլորված երեխաների համար բացված էր կայան: Դրանց մեծ մասը սասունցի-տարոնցի որբերն էին»(Տեղեկագիր հայ բարեգործական ընկերության, Թիֆլիս, 1917 թ., էջ 37): Եթե Սասունում փրկվածների թիվը 10-ից մինչև 15.000 է, ապա գաղթականների մեջ ընդամենը մոտ երկու հարյուր որբերի առկայությունը քիչ է թվում, նույնիսկ եթե հաշվի առնենք ճանապարհին մահացածներին, և սա մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ գաղթից առաջ Սասունում մնացած երեխաներ են եղել:
Քիչ չեն պատմություններն այն մասին, թե ինչպես են Սասունի արաբները կոտորածների ժամանակ պաշտպանության տակ առել հայ երեխաներին: Պատմվում է նաև, որ 1915 թ. արաբների կողմից փրկված հայ երեխաների մի մասի ազգականների գտնվելուց հետո այս երեխաներից ոմանց հետագայում ուղարկել են երկրից դուրս կամ Թուրքիայի այլ բնակավայրեր, այսինքն` այնտեղ, որտեղ գաղթել են նրանց փրկված ազգականները: Սակայն թե որքանն են մնացել արաբական աշիրեթների մեջ և մեծացել որպես արաբ, այս մասին ստույգ տեղեկություններ ցավոք չկան:
Սասունի արաբացած հայերի դեպքում պետք է առավել ուշադրություն դարձնենք արաբանալու հատկապես երկրորդ տարբերակին: Սասունում արաբական աշիրեթները մշտապես սերտ շփումների մեջ են եղել հայերի հետ, այստեղ հայերի և արաբների հարևանությունն ու շփման փորձը շատ ավելի հին է, քան քրդերի հետ: Սասունում հայերն արաբների հետ հարաբերվել են դեռևս 8-րդ դարից սկսած և չնայած 8-10 դդ. Պատերազմներին` հետագայում (և հատկապես Օսմանյան կայսրության շրջանում) ունեցել են բավականին բարիդրացիական հարաբերություններ: Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ արաբական աշիրեթների կողմից հայկական մի շարք գյուղերի պաշտպանության տակ առնվելու մասին պատմությունները փոխանցվել են սերնդեսերունդ և պատմվում են մինչ օրս: Այստեղ կա ևս մեկ կարևոր հանգամանք. 1915 թ. հայի համար պոտենցիալ թշնամի հանդիսացող քուրդը և նրա հետ որևէ կերպ հարաբարվելը շատ ավելի անցանկալի է եղել: Եվ մահմեդականալու դեպքում ոչ թե քուրդ, այլ գոնե արաբ կոչվելը շատ ավելի նախընտրելի կարող էր լինել հայի համար:
Պետք է հաշվի առնել նաև, որ դեռ 1915-ից առաջ արդեն կային մահմեդականացած հայեր, նրանց թվում` նաև արաբացած: Նրանք հիմնականում 1890-ականների իրադարձությունների ժամանակ են մահմեդականցել, և արդեն 1915-16 թթ. հայերին փրկող արաբական աշիրեթներից ոմանք հայտնի են որպես ծագումով հայեր:
Սասունի Գելիգյուզան (ներկայում` Մուշի իլի /նահանգի/ կազմում), Մըջգեղ (այժմ Սասունի Քուլաքսըզ գյուղի մի հատվածն է) ու մի քանի այլ նախկին հայկական գյուղերում ապրում են հենց արաբացած հայերը. Սասունում մարդիկ ընդունում են այս գյուղերի բնակիչներին որպես նախկինում հենց այդ գյուղերում ապրած հայերի ժառանգները:
Իր հոդվածում Ռ. Մելքոնյանը նշում է նաև մի կարևոր փաստ. Թուրքիայից Սիրիա և Լիբանան գաղթած հայ փախստականներից ոմանք հետագայում վերադարձել են Թուրքիա, բայց արդեն որպես արաբներ են ներկայացել` նոր հալածանքներից խուսափելու համար: Այս արաբացած հայերն Արևմտյան Հայաստան են վերադարձել հիմնականում 1930-ականներին և հենց թուրքական իշխանությունների թույլատրությամբ և աջակցությամբ: Հենց այդ ժամանակահատվածում են տեղի ունեցել մի քանի քրդական ապստամբություններ, որոնք դաժանորեն ճնշվել են թուրքական իշխանությունների կողմից. վերջիններս քրդերի դեմ պայքարում օգտագործել են նաև հենց այս հայերին, որոնց զինել են հատուկ հենց այդ նպատակով: Կարելի է ենթադրել, որ այս «գնով» են գաղթած հայերն արաբանալու միջոցով վերադարձել իրենց հողերը` թուրքական իշխանությունների վերահսկողության տակ:
1930-ականներին Սասունում նույնպես եղել են զինված ընդհանրումներ և հենց արաբների ու քրդերի միջև: Սակայն որքանո՞վ են արաբացած հայերը ներգրավված եղել այս հակամարտություններում` դժվար է ասել: Այս մասին տեղեկությունները քիչ են և հակասական: Սասունի արաբացած հայերի մասին հարցումները ցույց տվեցին, որ թեև եղել են հետագայում Սիրիայից Սասուն վերադարձած հայ գաղթականների ընտանիքներ, այնուամենայնիվ դրանք մեծ թիվ չեն կազմել: Բոլոր փաստերն ասում են, որ Սասունի հայերն արաբացել են տեղում` Սասունից դուրս չգալով: Հարկ է նշել նաև, որ այստեղ արաբացած հայերն օգտագործում են արաբերենի Սասունի բարբառը, որը հատուկ է միայն Սասունի արաբներին և խիստ տարբերվում է մյուս բարբառներից: Ավելին` Սիրիայի, Լիբանանի, Թուրքիայի տարբեր վայրերում ապրող արաբների համար Սասունի արաբերենն ընդհանրապես անհասկանալի է:
Սակայն չենք կարող չնշել նաև շատ կարևոր մի փաստ. Սասունի արաբացած հայերը (ինչպես տեղի բնակիչներն են ասում` Սասունի արաբները) նույնպես աջակցել են թուրքական իշխանություններին քրդական շարժման ժամանակ. մասնավորապես 1980-ականներին արաբացած հայերի գյուղերի բնակիչները համագործակցել են իշխանությունների հետ և մեծ դեր են ունեցել Սասունում PKK-ականներին ճնշելու գործում: Այս մասին խոսելիս շատերը նշում են, որ առհասարակ Թուրքիայի տարբեր քրդաբնակ շրջաններում, այդ թվում և Սասունում շատ են եղել վարձկաններն, ովքեր գումարի դիմաց պայքարել են PKK-ի դեմ. նույնիսկ քուրդն է քրդի դեմ դուրս եկել: Այս մասին պատմելով` շատերը պնդում են նաև, որ Սասունում այս վարձկանները մեծ թիվ են կազմել, և սա է եղել Սասունում PKK-ականների անհաջողության գլխավոր պատճառներից մեկը: Սակայն երբ խոսում ենք Սասունի արաբացած հայերի` քրդերի դեմ դուրս գալու մասին, պետք է հաշվի առնենք, որ խոսքը ոչ թե կոնկրետ անհատների մասին է, ովքեր որոշակի գումարի դիմաց կարող էին համագործակցել թուրքական իշխանությունների հետ, այլ ամբողջական գյուղերի, խոշոր աշիրեթների: Կարո՞ղ է արդյոք արաբացած հազարավոր այս հայերին միայն նյութական շահը մղել քրդերի դեմ: Այս հարցը պարզելու համար նախ կարևոր համարեցինք ճշտել, թե առհասարակ Սասունի արաբները (ոչ միայն հայկական ծագում ունեցողները) ի՞նչ հարաբերություններ ունեն քրդերի հետ և ինչ դիրք են գրավել քրդական շարժման ակտիվացման ժամանակ: Ինչպես նշեցի, 1930-ականներին Սասունում եղել են զինված բախումներ արաբների և քրդերի միջև: Բախումներ եղել են նաև ավելի վաղ շրջանում. մասնավորապես տարբեր հողատարածքների համար մղվող զինված պայքար, որը մշտապես սովորական բնույթ է կրել: Սակայն պետք է նկատել, որ տարբեր արաբական և քրդական աշիրեթների մեջ կարող են լինել տարբեր հարաբերություններ` և թշնամական, և բարեկամական: Արաբների շրջանում եղել են ոչ միայն քրդերի հետ սերտ շփումներ ունեցողներ, այլև նույնիսկ քրդացած արաբներ, ովքեր այսօր արդեն ընդհանրապես չեն օգտագործում արաբերենն ու միայն քրդերեն են խոսում, իրենց որպես քուրդ են ներկայացնում: Ավելին` 1980-ականներին թուրքական իշխանությունների կողմից կազմված ու PKK-ականների դեմ օգտագործվող գյուղական պահակախմբերին միանալուց և PKK-ականների դեմ զենք չբարձրացնելու համար իրենց գյուղերից ստիպված հեռացած քրդերից բացի` գյուղական պահակախմբերին չեն միացել ու Սասունից հարկադրված գաղթել են նաև որոշ արաբներ: Հետևաբար չենք կարող միանշանակ խոսել Սասունում արաբա-քրդական թշնամության մասին ու դրանով պայմանավորել արաբացած հայերի` քրդերի դեմ դուրս գալը: Միևնույն ժամանակ 1915թ. իսլամանալու միջոցով փրկված, բազմաթիվ կորուստներ կրած այս հայերի` քրդերի դեմ վատ տրամադրված լինելու հանգամանքը և դրանից բխող վրեժի գաղափարը միանգամայն բնական է թվում: Այս մասին խոսեցինք նաև քրդացած հայերի հետ, ովքեր արաբացած հայերի` քրդերի հանդեպ վրեժի զգացում ունենալու մասին հարցին միանշանակ «այո» չպատասխանեցին, սակայն համաձայնեցին, որ «հնարավոր է»:
Արաբացած հայերի ազգային և կրոնական ինքնագիտակցության մասին կարող ենք ասել, որ այն գյուղերում, որտեղ բացառապես նրանք են ապրում, առկա է շատ հետաքրքիր մի իրավիճակ: Նույնիսկ չիմանալով այդ գյուղերի բնակիչների նախնիների հայ լինելու մասին` դժվար չէ միանգամից հասկանալ, որ վերջիններս արաբական մահմեդական արմատներ չունեն: Անշուշտ նրանք հետևում են մահմեդական տոներին, պահում Ռամադանի ծոմը, նամազ անում և այլն, սակայն նրանց ավանդույթներում միախառնված են նաև որոշ քրիստոնեական ավանդույթների տարրեր. Գելիգյուզանում և Մըջգեղում նույնիսկ ոմանք Սրբ. Զատիկի տոնին ձու են ներկում, նշում են Վարդավառը և էլի մի շարք հայկական քրիստոնեական տոներ: Նրանք երբևէ չեն ասում, թե քրիստոնյա են, միայն պատմում են, որ իրենց պապերն արել են դա, հիմա էլ իրենք են անում` որպես նախնիներից մնացած մի սովորություն: Մըջգեղում նույնիսկ հայերեն խոսողներ կան: Ընտանեկան շրջանակներում հայության և անցյալի հետ կապված պատմությունները շատ ավելին են, սակայն դրանք չեն պատմվում ընտանիքից, գյուղից դուրս: Չի կարելի ասել, թե այստեղ կա ինքնության հետ կապված վախի մթնոլորտ: Իրականում բոլորը գիտեն այս գյուղերի բնակիչների` ծագումով հայ լինելու մասին, իրենք էլ չեն հերքում, սակայն, միևնույն ժամանակ, բացեիբաց չի բարձրաձայնվում: Դա կարելի է անվանել «բաց գաղտնիք»:
Իհարկե, այս գյուղերում որպես մեկ համայնք ապրող արաբացած հայերի ու անհատապես արաբ ընտանիքներ ներառված հայ որբերի այժմյան սերունդների մեջ ազգային ինքնագիտակցության աստիճանը կարող է տարբեր լինել, և անհայտ է, թե արաբների կողմից որդեգրված ու որպես արաբ մեծացած հայ երեխաներն ու նրանց ժառանգներն այսօր ինչպես են ընկալում իրենց ինքնությունը և, ընդհանրապես, որքանով են տեղյակ դրա մասին:
Աղբյուր` Akunq.net
|