Հայրենիքի համար անբավարար է արված, եթե արված չէ ամեն ինչ։
Մաքսիմիլիան Ռոբեսպիեր
Առաջին բանը, որ կուզենայի հայտնել ընթերցողին, դա այն է, ինչը ոչ մի կերպ չէի սպասի «Կոմսոմոլսկայա պրավդա»—ից։ Այդ իսկ պատճառով ես պարզապես պարտավոր եմ ներածական խոսքով նախորդել այդ թերթի հրապարակմանը նվիրված իմ նյութը, թերթ, որի նկատմամբ իմ, ավելի ճիշտ՝ իմ սերնդի մոտ ստեղծվել է մի ինչ—որ կենսագրական, թող թույլ տրվի ասել՝ պապիկական վերաբերմունք։ Առանձնապես եթե հաշվի առնենք, որ ինքը՝ երիտասարդական թերթը, ինչպես տեսնում ենք, բոլորովին չի ծերանում։ Բանն այն է, որ եթե հոդվածը, որի մասին գնում է խոսքը, լույս տեսներ ցանկացած այլ հրատարակությունում, ապա, իհարկե, այլ կլիներ նաեւ իմ վերաբերմունքը։ Ինձ համար այդ հարցը սկզբունքային է։ Կարծում եմ, դա կարեւոր է նաեւ հենց իր՝ «Կոմսոմոլկա»—ի համար …
Իմ հարազատ Ստեփանակերտում հետպատերազմյան տղա երեխաները պարզապես ֆանատիկոսաբար, նույնիսկ գլխովին, զբաղվում էին սպորտով։ Համարյա մեր բոլորի կրծքերը զարդարված էին սկզբում ԲԳՏՕ—ի, իսկ հետո ԳՏՕ—ի գեղեցիկ կրծքանշաններով, որոնք, հատկապես տղաների համար, սպորտային պատվի նշանակություն ունեին։ Հետպատերազմյան տարիներին, որ արդեն հասցրել էինք նկատելիորեն մկանուտ դառնալ, ամեն ինչ ծայրեծայր գիտեինք խորհրդային եւ համաշխարհային սպորտի մասին։ Սպորտային հերոսների եւ կուռքերի, ինչպես նաեւ ռեկորդների թվաբանությունը չիմանալը համարվում էր ամոթալի։ Եվ այդ ամենը՝ շնորհիվ «Կոմսոմոլսկայա պրավդա» եւ «Սովետսկի սպորտ» թերթերի։ Կարծում եմ, բոլորովին չեմ նվաստացնի լեգենդար սպորտային թերթի դերը, սակայն, պետք է ազնվորեն խոստովանեմ, որ «Կոմսոմոլկան»—ն ավելի էի սիրում, որովհետեւ այն մշտապես տպագրում էր բանաստեղծություններ ու պատմվածքներ, իսկ այդ ժանրերով ես, ինչպես ասում են, մանկուց մեղսագործել եմ։ Եվ բացի այդ, ավելի խորապես ու լայնորեն էր այն վերլուծում չեմպիոնների եւ ռեկորդակիրների կերպարները։ Թերթերը մենք կարդում էինք Ստեփանակերտի վերին զբոսայգում (կար եւ «ստորինը», որը կոչում էին Պյատաչոկ)։ Կարդում էինք ցուցափեղկերի մոտ, որտեղ կախված էին թարմ թերթերը։ Երբեմն ցուցափեղկերի առջեւ հերթեր էին գոյանում։ Իմ հասակակիցներից մի քանիսի համար, որոնք հայրեր ունեին (այն ժամանակ, պատերազմից հետո, տիրում էր համատարած անհայրություն), թերթերը բերում էին տուն։ Ես ինքս անհայր եմ մեծացել։ Երկու տարեկան էի, երբ հորս՝ Ղարաբաղի լուսժողկոմին, ինչպես ասում էր իմ Մարկոս պապը, տարավ Ստալինը։ Եվ ահա, մի անգամ իմ բարի քեռի Անդրանիկը ինձ հարցրեց. «Ամենից շատ ի՞նչ ես ցանկանում»։ Ես պատասխանեցի. «Որպեսզի «Կոմսոմոլսկայա պրավդա»—ն բերեն մեր տուն»։ Եվ ահա 1949 թվականից սկսած ինձ՝ 14–ամյա պատանուս, ամեն օր բերում էին «ԻՄ Կոմսոմոլկան»։ Այդ ժամանակից ի վեր եւ մինչեւ օրս ստանում եմ թերթը։ Կարդում ենք ողջ ընտանիքով։ Թոռներս, իսկ նրանք վեցն են, սկզբում սպասում էին Եռոշկային՝ իր հանելուկներով ու փոքրիկ խնդիրներով։
Ես չեմ կարծում, թե իմ հարազատ, անսահման սիրելի «Լիտերատուրնայա գազետա»—ն խանդոտ կնեղանա։ Արդեն մինչեւ տասնվեց էջանոց «Լիտերատուրկա»—ում իմ գծանկարներով ուղեկցված առաջին նկատելի հրապարակումը (1968 թվականի հոկտեմբերի 9—ին), ես երբեմն տպագրվում էի երիտասարդական թերթում։ Հիշում եմ, նույնիսկ պարգեւ ստացա։ Իսկ ահա 1972—1973 թվականի ձմռանը «Կոմսոմոլկա»—ն պարբերաբար տպագրեց (ամբողջ չորս ամիս) ռեպորտաժներս, գրված երիտասարդ Նիկիտա Միխալկովի համահեղինակությամբ։ Այդ ռեպորտաժները պատմում էին շնասահնակներով ու եղջերվասահնակներով արշավների մասին, որոնք կազմակերպել էին կոմերիտմիության կենտկոմը եւ Կամչատկայի կոմերիտմիության մարզկոմը։ Նշեմ եւ այն, որ հաճախ եմ մեջբերումներ արել «Կոմսոմոլկա»—ից, եւ բավական հիմնավոր։ «Պանթուրքիզմի հինգերորդ շարասյունը» հոդվածում օգտագործել եմ հստակ փաստարկ թերթի 2003 թվականի հուլիսի 17—ի համարից։ Հոդվածն այն մասին էր, թե ինչպես 1993 թվականից սկսած Թուրքիայից ամեն օր զանգվածաբար, ոչ միայն շինարարներ, այլեւ թուրքական լիցեյիստներ էին ուղարկվում, որոնք Ռուսաստանում սովորում էին պանթուրքիստական «Նուպջուրալ» աղանդի ծրագրով։ Միշտ հիշում եմ, որ բաժանորդագրման ստաժով բոլոր թերթերի մեջ ռեկորդակիր է համարվում «Կոմսոմոլկա»—ն։ Թեկուզ վերցրու ու Գինեսի գիրք մտցրու։
Սակայն հարցն այստեղ ոչ այնքան «բաժանորդագրական» երկար տասնամյակների թվաբանությունն է, որքան այն, թե ինչպես էի ես ընկալում սիրելի թերթը մինչեւ Ստալինի մահը եւ ԽՄԿԿ XX համագումարից հետո, որի ժամանակ ես Բալթյան նավատորմում էի, որտեղ ծառայեցի չորս տարի։ Փոփոխությունը շոշափելիորեն զգում էի բնավ ո՛չ Գագարինի թռիչքի, ո՛չ պոլիտեխնիկականում պոետների բանաստեղծությունների, ո՛չ բրեժնեւականության անհեթեթությունների, ո՛չ էլ գորբաչովյան տխմար վերակառուցման մեջ, այլ բոլոր այդ աներեւակայելի բարդ դարաշրջանները «Կոմսոմոլսկայա պրավդա»ի միջոցով ընկալելու։ Մի կողմից՝ այնպիսի տպավորություն էր, ասես թերթն ինքը բոլորովին էլ չէր փոխվել, մյուս կողմից՝ փոխվել էր հիմնավորապես։ Ի՛նչ ասես չարժի այն, որ չփոխեց իր պատմական անվանումը։ Եվ, այնուամենայնիվ, ինձ համար այն մնաց անփոփոխ։ Հրատարակվում է 22 կամ 34 էջով (եթե չեմ սխալվում)։ Ինձ համար գլխավորն այն է, որ յուրաքանչյուր թողարկումը հագեցված եւ լեցուն է անսպասելի թեմաներով, եւ այդուհանդերձ, միշտ հաշտ է, ես կասեի, առաջին հերթին ճշմարտության եւ տրամաբանության հետ։
Եվ այս ամենը ես սրտանց հեղեցի, երբեմն ընկնելով սենտիմենտալ հիշողությունների գիրկը, միայն ու միայն այն պատճառով, որ ոչ մի կերպ չէի սպասի, թե «Կոմսոմոլսկայա պրավդա»—ում կարող է հրապարակվել մի նյութ, որից ակնհայտորեն երեւում է, թե ինչպես է ստում հեղինակը եւ ստում է մաքառումով, բոլորովին չտիրապետելով ո՛չ նյութին, ո՛չ ճշմարտությանը, ո՛չ պատմական փաստերին ու փաստարկներին։
Այնպիսի տպավորություն է, թե հեղինակը նպատակ չունի, այլ գոյություն ունի մի ինչ—որ ինքնանպատակություն …
Իսկ ամեն ինչ սկսվում է վերնագրից՝ «Երեւանի կենտրոնում բացվել է Հիտլերի աջակցի հուշարձանը, որը դատապարտված էր խորհրդային դատարանով»։ Ուշադիր կարդալով վերնագրի տեքստը (հենց տեքստը), մանավանդ եթե խորապես տիրապետում ես նյութին, իսկույն մտահոգվում ես, որ այստեղ ինչ—որ բան այն չէ։ Հոդվածի հեղինակ Մ. Զաբելինը պետք է իմանար, որ եթե Գարեգին Նժդեհը իրոք լիներ Հիտլերի աջակիցը, ապա ոչ մի դեպքում չէր կարող ապրել Ստալինից երկար, եւ դեռ առաջնորդին էլ ուղարկեր թղթակցություն՝ դիմումով, ինչպես կարգն է. «Քաղաքացի գեներալիսիմուսին»։ Իսկ գրել է ոչ միայն Ստալինին։ Խորհրդային դատարանը շատ էլ լավ գիտեր, որ դեռեւս 1939 թվականին, Ռիբենտրոպի եւ Մոլոտովի պատմական հանդիպումից անմիջապես հետո, այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունը խաղաղության պայմանագիր կնքեց հիտլերյան Գերմանիայի հետ, ողջ հայկական սփյուռքը, դաշնակցական կուսակցության առաջնորդների գլխավորությամբ, կապեր էր փնտրում Բեռլինի հետ։ Ողջ սփյուռքը գիտակցում էր, որ եթե Հիտլերը հասնի Խորհրդային Միության եվրոպական մասի մինչեւ թեկուզ կեսը, ապա Թուրքիան անմիջապես, ըստ պայմանավորվածության, պատերազմ կհայտարարի ռուսներին։ Իսկ դա նշանակում է՝ առաջին հարվածը կհասցնի Հայաստանին։ Այս հարցին դեռ անդրադառնալու եմ, այսպես ասած, փաստագրաբար։
…Ակամայից հարց ես տալիս, թե ինչու է հոդվածի հեղինակը հանկարծ հընթացս անցնում Նախիջեւանի թեմային։ Հավանաբար առիթ է ծառայում այն փաստը, որ Նժդեհը ծնունդով Նախիջեւանից է (գյուղ Կզնուտ)։ Ի դեպ, Գարեգին Տեր—Հարությունյանի (Նժդեհ) համերկրացիներն էին համաշխարհային մակարդակի կոմպոզիտորներ Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Մոսկվայի Հայկական ճեմարանի հիմնադիրներ Լազարյանները (1815թ.), որը վերակազմավորվեց (1927թ.) Արեւելյան լեզուների լազարեւյան ինստիտուտի, մեծ լեզվագետ Մանուկ Աբեղյանը, գրող Ստեփան Զորյանը, ծանր քաշային լեգենդար ատլետ Սերգո Համբարձումյանը, ինչպես նաեւ մշակույթի, գիտության, ճարտարապետության, բժշկության հազարավոր ու հազարավոր գործիչներ։ Եվ հանկարծ, պարզվում է, դեռեւս պատանի Գարեգինը «փառաբանվել է Նախիջեւանում ադրբեջանցիների էթնիկական զտումներով»։ Թերթեք Բրոքհաուզի եւ Եֆրոնի, Յուժակովի հայտնի հանրագիտարանները եւ Ադրբեջանական ԽՍՀ առաջին բուհի պատմության առաջին դասախոս պրոֆեսոր Պախոմովի դասախոսությունների գիրքը, եւ պարզ կդառնա, թե որ գավառի մեջ էր ներառված Նախիջեւանը։ Եվ քանի որ արդեն խոսք բացվեց Նախիջեւանի մասին, ապա ինչո՞ւ չհիշենք նաեւ Ելիզավետպոլի գավառը, որտեղ 1918 թվականի հունվարի 8—12—ին միայն Շամխոր փոքրիկ բնակավայրում, այսպես կոչված՝ կովկասյան թաթարները գազանաբար մորթեցին ավելի քան 2000 քնած ռուս զինվորների։ Ռուսների ջարդերը շարունակվեցին Աղստաֆա, Դալար, Եվլախ, Խոչմոր, Ալաբաշի կայարաններում եւ Անդրկովկասյան երկաթուղու այլ հատվածներում։ Կարող եմ բերել նաեւ ջարդերի կազմակերպիչների անունները։
Ստալինը, իհարկե, նույնիսկ շատ լավ գիտեր հիտլերականների հետ արտասահմանյան հայերի շփումների մասին։ Հավասարաչափ լավ հասկանում էր նաեւ հայկական սփյուռքի անհանգստության զգացումի իմաստն ու էությունը, որը ոչ մի կասկած չուներ նրանում, թե բավական է, որ հիտլերականները անցնեն Կովկասյան լեռնաշղթան, որպեսզի թուրքերն անմիջապես հատեն Արաքս գետը։ Այսինքն՝ հայտնվեն Խորհրդային Հայաստանում, որտեղ այն ժամանակ հիմնականում գտնվում էին կանայք, ծերունիներն ու երեխաները։ Ստալինը կասկած չուներ, որ թուրքերը կավերեն նաեւ իր հայրենիքը՝ Վրաստանը։ Եվ այդ իրավիճակում ահռելի աշխատանք էր կատարվում առաջին հերթին ռուս եւ հայ արտագաղթյալների հետ, այդ թվում՝ նաեւ հայկական դաշնակցական կուսակցության։ Մեջբերում կատարեմ իմ «Երկու կրակի միջեւ» գրքից, գրված ռազմաճակատային Բեյրութում, 1978 թվականին. «Ողջ աշխարհը գիտի եւ, առաջին հերթին, գիտեն մեր թշնամիները, որ հայկական գաղութները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հնարավորինս օգնություն են ցուցաբերել կարմիր բանակին։ Արտասահմանցի հայերի հավաքած միջոցներով ստեղծվել են «Սասունցի Դավիթ» եւ «Գեներալ Բաղրամյան» տանկային դիվիզիաները։ Հայկական համայնքները, ինչպեսեւ ողջ առաջադեմ աշխարհը, հասկանում էին, որ հիտլերյան Գերմանիայի հետ պատերազմը դա պատերազմ է ընդդեմ պատերազմի։ Պատերազմ հանուն խաղաղության»։
Խորապես համոզված եմ, որ հայը, ինչպես ոչ այլ ոք, լավ գիտի Ստալինգրադի ճակատամարտում ձեռք բերված հաղթանակի չափն ու արժեքը։ Եվ այստեղ թեմայի սահմաններում ցանկանում եմ մի փոքրիկ, բայց կարեւոր շեղում կատարել։
1977 թվականի ամռանը մեկ ամիս անցկացրեցի Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ամառանոցում։ Տպագրության էր պատրաստվում նրա «Այսպես սկսվեց պատերազմը» գիրքը։ Կարդալով ձեռագիրը, հետաքրքրվեցի, թե ինչու է նա բավական հանգամանորեն գրում հայ գեներալ Անդրանիկ Օզանյանի մասին, իսկ, այ, Գարեգին Նժդեհի մասին՝ ոչ մի խոսք։ Մարշալն ասաց, որ նա լավ տեղեկացված է Նժդեհի տխուր պատմությանը, եւ որ այդ հարցով իրեն հաճախ են դիմել հայրենակիցները, առանձնապես Ստալինի մահից հետո։ Խոսակցությունից հետո Բաղրամյանը հետաքրքրվեց եւ իմացավ, որ Նժդեհի խնդիրը, հիմնականում դաշնակցական կուսակցության խնդիրը լինելով, ծագել է դեռեւս այն ժամանակ, երբ բոլշեւիկները կռվում էին Հայաստանի առաջին Հանրապետության հետ, որը պատմության մեջ մտավ նաեւ որպես Դաշնակցական հանրապետություն։ Մարշալը տիրապետում էր նյութին։ Նա լավ գիտեր, որ դաշնակցությունը, ըստ էության, սոցիալիստական կուսակցություն է։ Սակայն չցանկացավ խորանալ հարցի մեջ, գիտենալով այն մասին, որ բուն Խորհրդային Հայաստանը անթաքույց իր թշնամին էր համարում այդ կուսակցությանը։ Եվ նա անցավ Ստալինգրադի ճակատամարտի փրկիչ կարեւորության թեմային։ Պատմեց, որ այդ նույն օրերին սեփական գրքի վրա աշխատում էր Խորհրդային Միության մարշալ Ալեքսանդր Միխայլովիչ Վասիլեւսկին։ Նա գրքում բարձրացնում էր Թուրքիայի եւ Ճապոնիայի հարցը, որոնք պատրաստ էին ներխուժել Խորհրդային Միության սահմաններ՝ Ստալինգրադի անկումից անմիջապես հետո։ Իսկ չէ՞ որ նման բան կատարվելու դեպքում Հիտլերը կձեռնարկեր իր «Օստ» հրեշավոր ծրագրի իրականացումը։
«Օստ» ծրագրի մասին այստեղ չի կարելի չհիշել։ Եվ դա շատ կարեւոր է Գարեգին Նժդեհի մասին թեմայի առիթով։ Բանն այն է, որ հոդվածի հեղինակ Միխայիլ Զաբելինը գրում է, թե իբր Գարեգին Նժդեհը «ոչնչացրել է տասնյակ հազարավոր մարդկանց, այդ թվում հրեաների եւ գնչուների»։ Միաժամանակ, զգալով, որ անհեթեթություն է դուրս տալիս (իրոք, ինչո՞ւ միայն հրեաները եւ գնչուները, իսկ որտե՞ղ են, ասենք, թուրքերը), իսկույն արդարանում է, թե «հավանաբար այստեղ ոմանք կցանկանան ձեռք թափ տալ, իբր՝ հեղինակը չափից ավելի չի՞ խտացնում գույները»։ Իրականում ովքե՞ր են այդ տասնյակ հազարավոր մարդիկ։ Ըստ տրամաբանության, դրանք հակահիտլերականներ էին, եւ հետեւաբար՝ խորհրդայնամետներ։ Բայց չէ՞ որ Ստալինին կարելի է ինչպես ասես անվանել, միայն ոչ հիմար։ Եվ ուրեմն՝ ինչպե՞ս, կրկնում եմ, նա կարող էր կենդանի թողնել մեկին, որը ոչնչացրել էր տասնյակ հազարավոր խորհրդայնամետ մարդկանց։ Ստալինը նաեւ չէր կարող չիմանալ, որ արտասահմանում շատերն էին տեղյակ Հիտլերի ծրագրերին. ե՛ւ «Բարբարոսային», ե՛ւ «Գործողություն ԱԲ»—ին, ե՛ւ «Գործողություն Կոտբուս»—ին, ե՛ւ «Գրյուն» ծրագրին, ե՛ւ, իհարկե, «Օստ»—ին, որը Հիտլերի առաջարկով կազմվել էր Հիմլերի ղեկավարած կայսերական անվտանգության գլխավոր վարչության կողմից։ Որքան էլ թաքցնեին, շատերը գիտեին այդ հրեշավոր փաստաթղթի մասին։
Ես ինքս առաջին անգամ իմացա 50—ական թվականների վերջերին «Կոմսոմոլսկայա պրավդա—ից (դժվար չէ գտնել այդ արխիվային համարները)։ «Օստ» ծրագրի համաձայն, աստիճանաբար ոչնչացվում են շատ ժողովուրդներ։ Օրինակ, ութսուն տոկոսը ենթակա է դանդաղ ոչնչացման, իսկ մնացած քսանը պետք է գերմանացվի եւ օգտագործվի որպես բանող ուժ։ Բելառուս ժողովրդի երեք քառորդը պետք է գործնականում ոչնչացվեր, իսկ մնացած քսանհինգ տոկոսը ենթակա էր գերմանացման։ Այդ ամենի մասին գիտեր Գարեգին Նժդեհը, ինչպեսեւ այն մասին, որ համաձայն ծրագրի, ցածրագույն աստիճանի է հասցվելու Կովկասի արտակարգ բեղուն ժողովուրդների ծնելիության մակարդակը։
Լինելով թե՛ զորավար, թե՛ փիլիսոփա, Գարեգին Նժդեհը հիանալի հասկանում էր, որ խոսքը ոչ միայն պաթոլոգիկ զառանցանքի մասին է, այլ նաեւ փաստի։ Չէ՞ որ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվեց մոտ վաթսուն միլիոն մարդ, կային տասնյակ միլիոնավոր հաշմանդամներ եւ վիրավորվածներ, որոնք ավելի քիչ ապրեցին, քան նախատեսել էր Աստված։ Այնպես որ, «Օստ»—ը նույնիսկ միանգամայն իրագործելի զառանցանք էր։ Եվ այդ մասին էլ շատ լավ գիտեր Գարեգին Նժդեհը, որը հիանում էր Խորհրդային Միության հայ հերոսներով, մարշալներով, գեներալներով։ Եվ իրոք, չէ՞ որ հպարտանալու բան կար։ 104 հայ արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման։ Լեգենդար գրոհող օդաչու, «Բալթյան արծիվ» Նելսոն Ստեփանյանը եւ մարշալ Բաղրամյանը արժանացել են կրկնակի։ 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի լիակատար ասպետներ։ Խորհրդային Միության մարշալ եւ Խորհրդային Միության նավատորմի ադմիրալ Հովհաննես (Իվան) Իսակով, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան։ 83 հայերի պատերազմի տարիներին շնորհվեց գեներալի կոչում, 5—ին՝ փոխծովակալի, 4—ին՝ կոնտրադմիրալի։ Միայն Լեռնային Ղարաբաղը տվեց Խորհրդային Միության 27 հերոսներ, եւ 7 հոգի դարձան Փառքի շքանշանի լիակատար ասպետներ։ Եվ այդ ամենի մասին լավ գիտեր Գարեգին Նժդեհը։ Բարեբախտաբար, բոլոր բանտերում առանց բացառության ստանում էին կուսակցական թերթեր։ Իհարկե, նա հիանալի գիտեր եւ իր բազմաթիվ այն հայրենակիցների մասին, ովքեր Գերմանիայի դեմ պայքարում էին ԱՄՆ—ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Մորավիայի բանակներում։ Նրանցից շատերը ստացան պետական բարձր պարգեւներ։
Թվում է, համաձայն հոդվածի վերնագրի բովանդակության, հեղինակը պետք է միայն Երեւանում տեղադրված հուշարձանի թեման արծարծեր։ Եվ հանկարծ ողջ նյութի մեծ մասը նվիրվում է այն թեմային, որ հայերն, իբր, չեն խոսում ռուսերեն, չեն գրում ռուսերեն։ Այո, ի դեպ, այսօր մեզանում իրոք շատ հայեր չեն խոսում ռուսերեն, չեն գրում, չեն կարդում։ Նրանք արդեն նոր հայ փախստականներն են, արդեն Մերձավոր Արեւելքից, գործնականում բոլոր երկրներից։ Նրանք արդեն սերունդներն են այն հայերի, ովքեր ցեղասպանություն էին վերապրել։ Կարող եմ ասել, որ բազմաթիվ փախստականների երեխաներ դպրոց են գնում եւ սովորում են նաեւ ռուսաց լեզու։ Իմ թոռներից հինգը դպրոց են գնում, վեցերորդը՝ մանկապարտեզ։ Նրանք բոլորը (այդ թվում եւ ամենափոքրիկը) հիանալի խոսում են ռուսերեն, գրում են, կարդում են ռուս պոետների բանաստեղծություններ։ Եվ այդ ամենը շնորհիվ մանկապարտեզի եւ դպրոցի։
Տանը մենք բոլորս խոսում ենք հայերեն։
Համաձայն Զաբելինի հոդվածի, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում ընդհանրապես չկան ռուսալեզու եւ ռուսական դպրոցներ, ռուսական դասարաններ։ Այստեղ, իհարկե, համառ անհրաժեշտություն կա խոսակցության մեջ ներգրավել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, որն ահռելի հեղինակություն է վայելում լուսավորության ոլորտում։ Նա, իհարկե, կարդացել է «Կոմսոմոլսկայա պրավդա»—ի հոդվածը։ Եվ արդեն հասցրել է հանդես գալ մամուլում։ Այսօր կրթական համակարգում գործուն կերպով ներդրված է ռուսերենի խորացված ուսուցման համակարգ։ Մեզ մոտ, Հայաստանում, այդպիսի դպրոցների թիվն արդեն անցնում է վաթսունից։ Իսկ չէ՞ որ ամենագլխավորն այն է, որ նման դպրոցներում սովորողների համար հաստատվել եւ արդեն հրատարակվել է դասագրքերի եւ ուսումնա—մեթոդական գրականության հատուկ փաթեթ։
Եվ գիտի՞, արդյոք, հոդվածի հեղինակը, որ Հայաստանի հանրակրթական դպրոցների շրջանավարտները շարունակում են ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցումը հանրապետության հատուկ հաստատություններում եւ բուհերում՝ նույնպես հատուկ մշակված եւ հաստատված դասագրքերով, ձեռնարկներով ու մեթոդական նյութերով։ Եվ այս ամենը, կրկնում եմ, ռուսերեն։ Իսկ գիտե՞ն արդյոք, որ հանրապետությունում միայն Պուշկինի անունը կրող չորս դպրոց կա, որ Հայաստանում դպրոցներ կան Գրիբոյեդովի, Չեխովի, Տոլստոյի, Գորկու, Սախարովի, Սոլժենիցինի անուններով, որ դեռեւս նախորդ դարից լեգենդար դարձած հայ—ռուսական համալսարանը պաշտոնապես կոչվում է Սլավոնական։ Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական հայտնի համալսարանը ինչպես շատ վաղուց աշխատում էր, այնպես էլ շարունակում է աշխատել։ Կրկնում եմ, ցուցակը կարելի է շարունակել։ Հայաստանում գործում են 43 հանրակրթական դպրոցներ՝ առաջինից տասերորդ դասարանների ռուսերեն ուսուցմամբ։ Այդ դպրոցներում սովորում են Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ այնտեղից Հայաստան վերադարձածների երեխաները։
Եվ ես կարող եմ «Կոմսոմոլսկայա պրավդա»—ի համար գրած իմ հոդվածին կցել տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի դասավանդման վիճակի եւ կրթության ոլորտում համագործակցության մասին՝ ստորագրված գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի կողմից։
…Հոդվածի հեղինակն այն ավարտում է դարձյալ հարձակումով Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի վրա, որը գտնվելով գեներալ Դրաստամատ Կանայանի (Դրո) ենթակայության տակ՝ որպես պրոֆեսիոնալ զինվորական, տասնյակ հազարավոր հայերի հետ միասին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Գերմանիայի եւ Թուրքիայի դեմ։ Չէ՞ որ նրանք իրենց հայկական զորքերով տեղյակ չէին, որ Ռուսական կայսրությունը, ներկվելով սպիտակ գույնով, վարում է իր վերջին պատերազմը։
Մ. Զաբելինն իր հոդվածը, այնուամենայնիվ, դարձյալ ավարտում է հարձակումով Հայաստանի ազգային հերոսի վրա՝ ընդգծելով Երեւանի կենտրոնում նրա հուշարձանի տեղադրման փաստը։ Ինչպե՞ս այստեղ չհիշել, գոնե երկու բառով, Դրաստամատ Կանայանի եւ Գարեգին Նժդեհի կենսագրության էջերը։ Առաջին համաշխարհային պատերազմը, ինչպես հայտնի է, սկսվեց 1914 թվականի հուլիսի 28—ին։ Իսկ օգոստոսի 1—ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Ռուսական զորքերում արդեն կային մեծ քանակով հայեր։ Բայց երբ 1914 թվականի հոկտեմբերի 29—ին գերմանական բլոկի կողմից պատերազմի մեջ մտավ Թուրքիան, այդ օրից գործնականում յուրաքանչյուր հայ, բնականաբար, հայտնվեց զորքերում, որոնց ղեկավարում էին Դրոն, Գարեգին Նժդեհը եւ այլ հրամանատարներ։ Եվ, բնականաբար, նրանք բոլորը ենթարկվում էին ռուս լեգենդար զորահրամանատարներ Դենիկինին եւ Յուդենիչին, Կոլչակին ու Կոռնիլովին, Վրանգելին եւ Կրասնովին, նաեւ մյուսներին, որոնք շուտով նույնպես հայտնվելու էին ժողովրդի թշնամիների շարքերում։
Ինչպե՞ս կարող էր հայ ժողովուրդը Նիկոլայ Նիկոլաեւիչ Յուդենիչին համարել Ռուսաստանի թշնամի, իսկ մոտ ապագայում նաեւ, ելնելով տրամաբանությունից, Խորհրդային Հայաստանի թշնամի։ Չէ՞ որ մեր ժողովուրդը երբեք չի մոռանա, թե ինչպես հայ ժողովրդի համար արյունալի 1915—1916 թվականներին Կովկասյան բանակի հետեւազորի հրամանատար գեներալ Յուդենիչը հենց այդ թվականներին ջարդուփշուր արեց Երրորդ թուրքական բանակը՝ ազատագրելով հայկական Էրզրում քաղաքը։ Ի դեպ, «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչությունում տպագրված իմ երկերի ժողովածուի ութհատորյակում կա հայերիս համար անմոռանալի այդ պատմության մանրամասն նկարագրությունը։ Սակայն ո՞վ կարող էր այն ժամանակ իմանալ, որ ընդամեը մեկ տարի անց հեղափոխության առաջնորդ Լենինը, Հոկտեմբերյան հեղափոխությունից երկու շաբաթ առաջ «Պրավդա»—ում գրելու էր այն մասին, որ երբ բոլշեւիկները գան իշխանության, ապա անմիջապես դուրս կբերեն օկուպացիոն զորքերը «Թուրքահայաստանից»։ Այդպես էլ արվեց 1917 թվականի հունվարի 30—ին։ Եվ Էրզրում բերդաքաղաքն իսկույն անցավ Թուրքիային։ Այնպես որ, Գարեգին Նժդեհը երբեք չի շփոթել խորհրդային եւ ռուսական հասկացությունները։ Չէր կասկածում, որ Ռուսաստանը կվերադարձնի իր իսկական հերոսների անունները։ Եվ չսխալվեց։ Լենինգրադի մարզում (գյուղ Օպոլյե), որպես տուրք Յուդենիչի բանակի զոհված ծառայողների հիշատակին, տեղադրված է հուշարձան Հյոււսիս—արեւմտյան բանակի մարտիկների պատվին։ Կերչում տեղադրված է Ռուսաստանի հարավի կառավարիչ եւ ռուսական բանակի գլխավոր հրամանատար Պյոտր Նիկոլաեւիչ Վրանգելի հուշարձանը։ Եվ ի՛նչ հուզմունքով տեղեկացանք, որ Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինը առաջարկել է ազգականներին տեղափոխել Վրանգելի աճյունը՝ հողին հանձնելով Մոսկվայի Սուրբ Դանիիլ վանքի գերեզմանոցում՝ Ա. Ի. Դենիկինի, Վ. Օ. Կապպելի, Ի. Ա. Իլյինի շիրիմների կողքին։ Այնպես որ, Նժդեհն իրոք չէր սխալվում։
Հանուն արդարության հարկ է նշել, որ ինքը՝ Գարեգին Նժդեհը, տարիներ անց գտնվելով վտարանդության մեջ, լինելով իրատես, հիշելով, որ Հայաստանը ցրված է աշխարհի բոլոր հինգ մայրցամաքներով մեկ, գրելու էր. «Բնական է, որ հայոց պետության կորիզը պիտի կազմի Խորհրդային Հայաստանը»։ Ճիշտ է, կանխատեսման սուր զգացումը պարտավորեցնում էր միտքն ավարտել հետեւյալ բառերով. «Սակայն մի ակնարկ քարտեզի վրա կբավի հասկանալու այն, թե ինչ է սպասում մեզ»։ Նա, իհարկե, նկատի ուներ եւ այդ պահը շատ էր շեշտում, որ խոսքը Թուրքիայի մասին է, որը թվում է, դադարել էր գոյություն ունենալ դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց Խորհրդային Միությունը նրան ոտքի կանգնեցրեց, նաեւ ի դժբախտություն իրեն։ Ի դեպ, հենց այդ միտքն էլ նրան պարտավորեցրեց դիմել հայ մտավորականությանը իր լեգենդար խոսքով, որն այդպես էլ վերնագրեց՝ «Բաց նամակներ հայ մտավորականությանը»։ Այդ խորհուրդները ծանրակշիռ գրքույկով հրատարակվեցին հայկական սփյուռքում՝ բոլոր հինգ մայրցամաքներում։ Կարծում եմ, Գարեգին Նժդեհի խորհուրդները պետք են ոչ միայն հայ մտավորականությանը.
–Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ բողոքում են իրենց հայրենիքից։
–Աղետալի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանորեն այնքան անարժեք է դարձրել, որ անգամ մեր դժբախտության մեջ մեղքի որոշ բաժինն էլ մեզ տալը զլանում ենք։
–Առաջընթացի հրամայականն է ինքնապաշտպանությունը։
–Փտած են մեր հին զենքերը, եղծանված է հին մագաղաթը։ Նոր ավետարանի խոսքը պիտ լսենք հիմա — Ավետարանը Արիության։
–Քրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր. նա սիրում էր, որովհետեւ սիրելու եւ ներելու չափ հզոր էր։ Նրա անձնական կյանքը պիտ դառնա Եկեղեցուն ուղեցույց։ Նրա մահվան խորհուրդը — հերոսական զոհաբերություն, Նա զոհաբերեց, որովհետեւ գաղափարի հերոս էր։
–Մամուլը. նրա պարտականությունն է — խտացած ճշմարտություններ տալ ժողովրդին։ Նպատակը — այս ճշմարտություններով լուսավորել ժողովրդին դեպի ապագան։ Մամուլը, վերջապես, պետք է ազատվի օտարահակ մտայնությունից եւ արիություն քարոզի, որ խլեակների փոխարեն հերոսական ժողովրդի մասին խոսի։
–Անվերջ բարի խոսել իր կուսակցության եւ չար այլոց մասին — ե՛ւ ծիծաղելի է, ե՛ւ անարդար։
–Վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան։ Անհատ, թե ժողովուրդ — սրանք միշտ էլ ավելի ուժեղ են, քան կարիքը, քան վտանգը, քան թշնամին,— սրանք միշտ էլ կարող են գերազանցել իրենց, բարձրանալ իրենցից, եթե սրանց չի պակասում սեփական ուժերով ոտքի կանգնելու կամքը։
Ի դեպ
1918 թվականի մայիսին Նժդեհը պաշտպանում էր զորքերի նահանջը Կարսի նահանգից, թուրքերի դեմ մարտեր վարելով Ալաջայի մոտ։ Եվ այստեղ ծանր պայմաններում նրան հաջողվեց Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անիից դուրս բերել ականավոր գիտնական, արեւելագետ, հնագետ, լեզվաբան եւ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ապագա անդամ Նիկոլայ Յակովլեւիչ Մառի պեղումների անգին գիտական նյութերը։
Զորի ԲԱԼԱՅԱՆ
|