Գիտությունը, կրթությունը եւ մշակույթը քաղաքակիրթ աշխարհի հիմնաքարերն են։ Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում միշտ հենվել է այդ հասկացությունների վրա։
Պատահական չէ՝ երբ Մեսրոպ Մաշտոցը, ստեղծելով Հայոց գրերը, առաջին հայատառ նախադասության համար ընտրում է Սուրբ գրոց հանրահայտ խոսքը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Հենվելով այս իմաստուն խոսքի վրա՝ դարեր շարունակ տարբեր ելեւէջներով զարգացել են Հայոց գիտությունը, կրթությունը եւ մշակույթը։
Չնայած այն հանգամանքին, որ մեր «բարեկամները» բարբարոսաբար ոչնչացնում են մեր պատմական հուշարձանները, կեղծում են մեր պատմությունը, ժխտում են մեր գիտական հաջողությունները եւ «անհայտ» ճանապարհներով տարբեր երկրներում գտնում են իրենց հովանավորողներին, դժբախտաբար որոշ դեպքերում նրանց ձայնակցում են նաեւ մեր «հայրենասեր» հայրենակիցները, որոնք դժգոհ են ամեն ինչից։
Առողջ մտածող հայ մտավորականները, արհամարհելով այդ բարբարոսներին, շարունակում են իրենց արգասավոր գործունեությունը ի փառս գիտության եւ քաղաքակիրթ մարդկության, ի շահ հայ ժողովրդի։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան աշխարհում ճանաչված գիտական կենտրոն է՝ իր առաջատար ինստիտուտներով եւ գիտական դպրոցներով։
Տարբեր երկրներում հրատարակվող գիտական ամսագրերում հիմնարար գիտությունների՝ մաթեմատիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, երկրաբանության եւ աստղագիտության ասպարեզներում հայ գիտնականների ստացած արդյունքների մասին գրում են, որ դրանք աշխարհում ունեն լայն ճանաչում եւ էական ներդրում են համաշխարհային գիտության մեջ։
Հատկանշական է, որ հայ գիտնականների մենագրությունները՝ նվիրված հիմնարար գիտությունների ժամանակակից հիմնախնդիրներին թարգմանվել եւ տպագրվել են աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, ՌԴ, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան, Սինգապուր եւ այլուր։
Հայագիտությունը՝ որպես հիմնարար գիտություն, ունի իր ուրույն ու պատվավոր տեղը աշխարհում։ Այսօր Հայաստանում զարգացող հայագիտությունը, մասնակի փոխելով իր երանգավորումը, գրավել է աշխարհի գիտնականների ուշադրությունը եւ, ըստ էության, ստանձնել է հայագիտության առաջատարի դերը աշխարհում։
Հանրահայտ իրողություն է, որ առանց ուղեցույց հիմնարար գիտությունների առաջընթացի չեն կարող զարգանալ կիրառական գիտությունները։ ՀՀ ԳԱԱ—ն, համագործակցելով տարբեր գիտական կենտրոնների եւ Հայաստանում գործող առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, օգտագործելով հիմնարար գիտությունների հիման վրա ստացած կիրառական նշանակություն ունեցող արդյունքները, ի զորու է փոխելու եւ կերպարանափոխել է հանրապետությունը՝ դարձնելով այն զարգացած քաղաքակիրթ երկիր։
Միշտ այդպիսին է եղել մեր առաջընթացը։ Հիշենք մեր քիմիական, լեռնամետաղագործական, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունները, ճշգրիտ գործիքաշինությունը, բազմաբովանդակ մեքենաշինությունը, կառավարման էլեկտրոնային համակարգերը, ատոմային էլեկտրակայանը, Տիեզերքի հետազոտման գործընթացին մասնակցությունը եւ այլն։
Այս երկար տարիների ընթացքում առաջ են եկել գիտական նոր ուղղություններ, համակարգված գիտական դպրոցներ՝ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի, քիմիայի եւ կիրառական ֆիզիկայի, իրավագիտության եւ սոցիոլոգիայի, մաթեմատիկական տնտեսագիտության եւ այլն։
Այս հաջողությունների մեջ քիչ չէ համագործակցության դերը, որը տարիներ շարունակ գոյություն ունի ակադեմիական ինստիտուտների, գիտնականների եւ արտերկրի համապատասխան ինստիտուտների եւ գիտնականների միջեւ։ Ի դեպ, ուշադրության արժանի է ակադեմիայի ղեկավարության նախաձեռնությունը՝ սփյուռքահայ բարձր գիտական մակարդակի առաջատար գիտնականների ընտրությունը որպես ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ, որը տվել է իր դրական արդյունքները։
Հայաստանի Հանրապետության վարկն աշխարհում, նրա ապագան եւ ազգային անվտանգությունը կապում եմ առաջատար գիտության, կրթյալ մարդկանց եւ բարձրորակ ազգային մշակույթի հետ։ Պատահական չէ, որ 2011թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ընդունվեց օրենք «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին», որտեղ գրված է. «Ակադեմիան Հայաստանի Հանրապետության հիմնադրած՝ հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է, որը կազմակերպում, իրականացնում եւ համակարգում է գիտելիքի վրա հիմնված տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման համար անհրաժեշտ հիմնարար եւ կիրառական հետազոտությունները» եւ «Ակադեմիան գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է, որի առաջարկները քննարկում են կառավարությունը եւ պետական կառավարման համապատասխան մարմինները»։ Այդ օրենքի համաձայն՝ գիտությունների ակադեմիան, համագործակցելով կառավարության տարբեր օղակների հետ, կարող է նշել գիտական այն բոլոր հիմնախնդիրները, որոնք կարող են լուծվել համակարգի ինստիտուտներում եւ տարբեր ենթակայության գիտահետազոտական կազմակերպություններում։ Հիմնախնդիրներ, որոնք հույժ կարեւոր են հանրապետության տնտեսական զարգացման, ազգային անվտանգության ամրապնդման, բնակչության կենսամակարդակի բարձրացման համար։
Այս առումով մենք մեծ հույսեր ենք կապում նոր Սահմանադրության հետ։ Ինչպես նշել է երկրի նախագահը, «այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել։ Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում։ Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն»։
Հուսով ենք, որ որակապես նոր պետությունը կլուծի հանրապետության առջեւ կանգնած հիմնախնդիրները՝ հիշելով նաեւ, որ գիտությունը, կրթությունը եւ մշակույթը մեր երկրի հիմնաքարերն են։
Անձամբ ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի. մեր երկիրը կղեկավարվի քաղաքակիրթ աշխարհում ընդունված, գիտականորեն հիմնավորված հասկացություններով։
ԳԱԱ—ն ունի բազմաբովանդակ ինտելեկտուալ ներուժ եւ պարտավոր է ավելի ակտիվ մասնակցել հանրապետության առջեւ դրված խնդիրների լուծման գործընթացին՝ հատկապես ուշադրություն դարձնելով հիմնարար գիտական, գլոբալ տեխնիկական, համընդհանուր քաղաքական, տարաբնույթ տնտեսական եւ բնակչության սոցիալական հարցերի վրա, որոնց համախմբումը կբերի ազգային անվտանգության եւ համընդհանուր բարեկեցության ապահովման։
Այսօր գիտությունը պետք է համալրել երիտասարդ մասնագետներով, որոնք սիրում են գիտությունը (ոչ թե գիտական կոչումներն ու աստիճանները), ամուր կանգնած են նախորդ սերունդների գիտական հիմնարար արդյունքների վրա, շարունակում են ճանաչված գիտական դպրոցների ավանդույթները՝ հարստացնելով գիտությունը նոր արդյունքներով։
Գիտությունը երիտասարդ կադրերով համալրելու համար խիստ անհրաժեշտ է գիտության եւ բարձրագույն կրթության համագործակցությունը։ Իհարկե, այս ասպարեզում կատարվել է բավական մեծ աշխատանք։ Այս գործի հետագա առաջընթացի համար պետք է ունենանք նոր տիպի համալսարաններ, որոնք ավելի սերտ են համագործակցում առաջատար գիտության, ազգային անվտանգության, ժողովրդի բարեկեցության, միջազգային քաղաքականության հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ։
Մի քանի խոսք ակադեմիայի ֆինանսավորման մասին։ Հիմնարար գիտությունները, ինչպես ամենուր, պետք է ֆինանսավորվեն պետության կողմից, առանձին դեպքերում՝ կառավարության ուղղորդմամբ, հիմնադրամների եւ ձեռներեցների կողմից։
Ժամանակակից բարձր տեխնոլոգիաների զարգացման հարցերը զգալիորեն կապված են մեծածավալ ֆինանսական ներդրումների հետ եւ պետք է ֆինանսավորվեն գիտականորեն հիմնավորված հատուկ պետական ծրագրերով։ Այս ուղղությամբ իրականացվող պայմանագրերը, որոնք կառավարությունը կնքում է տարբեր կարգի ձեռնարկությունների կամ էլ առանձին ձեռնարկատերերի հետ, պետք է պարունակեն հատուկ հոդվածներ, որոնք ներկայացնում են տվյալ տնտեսական գործունեությանն առնչվող կիրառական գիտության ֆինանսավորման հարցերը։
Այս կարգի պայմանագրերը պետք է լինեն գիտականորեն հիմնավորված, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել հանրապետության համար. ընդերքի բարբարոսական շահագործում, բնական հարստության վատնում, էկոլոգիական աղետներ, բնակչության արտահոսք եւ այլն։
Անկասկած, այսօր մեր ակադեմիան լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի՝ նոր լաբորատորիաներ, նորագույն սարքավորումներ, արտասահմանյան անհրաժեշտ գործուղումներ, քիչ թե շատ նորմալ աշխատավարձ եւ էլի ուրիշ շատ ֆինանսական հոգսեր։ Բնական է, որ այս հարցերում եւս ակադեմիան ակնկալում է կառավարության օժանդակությունը։
Համոզված ենք, որ Հայաստանի նոր կառավարությունը եւս ուշադրություն չի դարձնի ոմանց հայտարարությունների վրա, որոնցում ի չիք են արվում ակադեմիայի ակնառու հաջողությունները՝ առաջարկելով նաեւ փակել ակադեմիան՝ գիտակցաբար կամ չհասկանալով վնաս հասցնելով ոչ միայն գիտությանը, այլեւ երկրին եւ ժողովրդին։
Այստեղ անհրաժեշտ է հիշեցնել, որ մեր մեծերը՝ Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը, Ստեփանոս Նազարյանցը, Հովսեփ Օրբելին, Վիկտոր Համբարձումյանը եւ ուրիշներ, երազել են ունենալ Հայոց նոր համալսարան եւ Հայոց գիտության զարգացման օջախ, իսկ հայ գիտության զարգացմամբ մտահոգված Հովհաննես Թումանյանը անցյալ դարի սկզբներին գրել է. «Եթե կարողանայինք այն տեսակ մի գործ կատարել, այսինքն… գիտության մի ակադեմիա ունենալ եւ Մառն էլ այնտեղ… Նա ինքն էլ շատ է ուրախ եւ… կանի ամեն բան, ինչ հնարավոր է…։ Սրանից էլ լավ դեպք չի կարող լինել, որ մենք էլ ազգովին մի շարժվենք գիտության համար»։
Ավարտելով խոսքս, որպես դաս բոլորին, բերում եմ աշխարհահռչակ գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրեդերիկ Ժոլիո—Կյուրիի խոսքերը. «Գիտությունը պետք է ժողովրդին։ Երկիրը, որը գիտությունը չի զարգացնում, անհապաղ դառնում է գաղութ»։
Սերգեյ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
ՌԴ ԳԱ անդամ
|