
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց
պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թուրքական իշխանությունների
հետ նոր Սահմանադրության մշակման շուրջ քննարկումների ժամանակ պահանջել է
Թուրքիայի Սահմանադրությունից վերացնել այն կետը, ըստ որի՝ Թուրքիայում
ծնված յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք. «Հին
Սահմանադրության մեջ առկա այդ կետը սխալ է: Բնականաբար, մենք Թուրքիայի
քաղաքացիներ ենք, սակայն բոլորը չէ, որ ազգությամբ թուրք են: Այո՛, մենք
Թուրքիայի քաղաքացիներ ենք, սակայն մենք հայեր ենք: Այս հարցում
պետք է ուղղումներ մտցնել, այլապես ստացվում է, որ բոլորը հավասար են
օրենքի առաջ, մինչդեռ իրականում դա այդպես չէ: Ստացվում է, որ ես անգամ չեմ
կարող դառնալ ոստիկան, եթե ես ազգությամբ թուրք չեմ»: Նշվում է, որ նոր Սահմանադրության նախագծի քննարկումները պետք է տևեն մինչև ապրիլի 30-ը: Հիշեցնենք,
որ խոսքը Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածի մասին է, որը բխում է
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետևյալ
խոսքերից. «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում»: Ի դեպ, ներկայումս Թուրքիան նոր Սահմանադրության մշակման համար ուսումնասիրում է 60 երկրների Սահմանադրություն:
|