Հանրահայտ փաստ է՝ հայությունն իր պետականությունը կերտում է, հիրավի, բարդագույն պայմաններում։ Այդուհանդերձ, աշխարհում կա եւս մեկ պետություն, որ նույնպես գտնվում է մշտական արտաքին վտանգի պայմաններում, բայց հաջողությամբ զարգանում է. խոսքն Իսրայելի մասին է։ Ստորեւ մենք կանդրադառնանք Իսրայելում ստեղծված պատերազմի, ահաբեկչությունների արդյունքում տուժածներին առաջին հոգեբանական օգնության ցուցաբերման մեթոդիկային, որն արդեն երկար տարիներ հաջողությամբ կիրառվում է այդ երկրում, եւ որի փորձը կարող է օգտակար լինել նաեւ մեզ համար։ Անվտանգության խնդիրն Իսրայելի հասարակության համար երբեք չի կորցնում իր արդիականությունը. Իսրայելն ապրում է ամենօրյա վտանգի պայմաններում։ Ընդ որում, այդ վտանգն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տեղորոշում։ Այն առնչվում է այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացուն։ Նման պայմաններում Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացի իր պաշտպանությունը տեսնում է հզոր բանակի եւ ուժային կառույցների մեջ։ Ավելին. Իսրայել պետության եւ նրա բանակի հզորության գրավականներից մեկը, թերեւս, այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է երկրի պաշտպանության գործում իր անձնական պատասխանատվության չափը։ Հենց դրանով, ինչպես նաեւ երկրի մարդկային ռեսուրսները օպտիմալ օգտագործելու նպատակահարմարությամբ է պայմանավորված, օրինակ, աղջիկներին բանակ զորակոչելը։ ՈՒ թեեւ աղջիկների զինծառայությունը նախատեսված է ԶՈՒ օժանդակ ստորաբաժանումներում, այդուհանդերձ, կամավորության սկզբունքով նրանք կարող են ընդգրկվել եւ մարտական ստորաբաժանումներում։ Հարկ է նշել, որ նման կամավորները քիչ չեն։ Իսրայելի հասարակությունը սիրում է իր բանակը, վստահում նրան եւ հպարտանում է նրանով։ Վերը նշվածն Իսրայելի քաղաքացիների մոտ ստեղծում է զինծառայություն անցնելու ուժգին անձնական մոտիվացվածություն։ Միեւնույն ժամանակ այն բարդ աշխարհաքաղաքական պայմանները՝ մշտական արտաքին սպառնալիքները, որում ստեղծվել եւ զարգանում է Իսրայել պետությունը, հարկադրում են հրեական պետությանն առավելագույն արդյունավետությամբ օգտագործել սեփական մարդկային ռեսուրսները երկրի պաշտպանության նպատակով։ Դրանով պայմանավորված՝ Իսրայելում բուռն կերպով զարգացել է կլինիկական հոգեբանությունը եւ հոգեթերապիան։ Հատկանշական փաստ. Իսրայելում մարտում կամ ահաբեկչության հետեւանքով ստացած հոգեկան ցնցումը իրավաբանորեն հավասարեցված է ֆիզիկական վնասվածքին։ Այսպես, օրինակ՝ ահաբեկչության կամ մարտական գործողությունների արդյունքում կրած կորուստների մասին պաշտոնական հաղորդագրություններում հստակորեն առանձնացվում են ե՛ւ ֆիզիկական վնասվածք, ե՛ւ հոգեկան ցնցում ստացածների թիվը։ Թերապեւտիկ աշխատանքի զարգացման բարձր մակարդակի մասին է վկայում այն, որ Իսրայելում ձեւավորվել են հոգեթերապեւտների նեղ մասնագիտացված խմբեր, որոնք պետք է աշխատեն այլ՝ հոգեկան ցնցում ստացած բազմաթիվ անձանց հետ տեւականորեն աշխատած հոգեթերապեւտների հետ։ Հատկապես ուշագրավ է իսրայելցի մասնագետների կողմից ստեղծված առաջին հոգեբանական օգնության մեթոդիկան, որ ներդրված է այդ երկրի հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Իսկ ի՞նչ ասել է առաջին հոգեբանական օգնություն։ Բանն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը՝ չլինելով մասնագիտությամբ հոգեբան կամ հոգեթերապեւտ, այդուհանդերձ, կարող է որոշ դեպքերում հոգեբանորեն գրագետ կերպով օգնել հոգեկան ճգնաժամի մեջ հայտնված իր մերձավորին։ Դա հնարավոր է անել բոլոր այն դեպքերում, երբ մարդ այս կամ այն արտակարգ պատահարի կամ աղետի հետեւանքով հոգեկան ցնցում է ստացել, կամ երբ համակված է հուսահատությամբ եւ անելանելիության զգացողությամբ, տագնապներով, առհասարակ՝ երբ նրա մոտ նկատվում են նեւրոտիկ ախտանիշներ։ Այդ օգնությունը ձեռք է բերում վճռորոշ նշանակություն հատկապես այն դեպքերում, երբ տվյալ պահին մասնագիտական հոգեթերապեւտիկ օգնության տրամադրումն այս կամ այն պատճառով անհնարին է։ Տվյալ դեպքում խոսքը պարզունակ հոգեբանական հնարքների մասին է, որոնց կիրառմամբ հնարավոր է փրկել մարդու հոգեկան առողջությունը հոգեկան ճգնաժամում հայտնվելու դեպքում, եւ այդ կերպ կանխել նրա հոգեկանի ախտաբանական փոփոխությունները մինչեւ մասնագիտական հոգեթերապեւտիկ օգնության տրամադրումը։ Հատկանշականն այն է, որ այդ պարզունակ հնարքները կիրառելու համար պարտադիր չէ ունենալ մասնագիտական հոգեբանական կրթություն, ճիշտ այնպես, ինչպես պարտադիր չէ լինել մասնագիտությամբ բժիշկ՝ տիրապետելու համար առաջին բուժօգնության ձեւերին, կարողանալու համար կատարել սրսկում, արյան ճնշման կամ ջերմության չափում, արհեստական շնչառություն եւ սրտի մերսում։ Նշենք, որ իսրայելական «The Community Stress Prevention Center» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը Իսրայելի պետական, հասարակական կառույցների աշխատակիցների, բանակի անձնակազմի համար կազմակերպել է հատուկ ուսուցողական ծրագրեր, որպեսզի նրանք՝ չլինելով մասնագիտությամբ հոգեբաններ, ունակ լինեն հոգեբանորեն գրագետ օգնել իրենց շրջապատում հոգեկան ցնցում ստացած մարդկանց բոլոր այն դեպքերում, երբ մասնագիտական հոգեթերապեւտիկ օնությունը հասանելի չէ։ Առաջին հոգեբանական օգնության համակարգը հատկապես արդյունավետ է գործում Իսրայելի պաշտպանության բանակում, քանզի մարտի դաշտում կամ ահաբեկչական ակտի արդյունքում հոգեկան ցնցում ստացած զինծառայողների հոգեկան առողջությունը պահպանելու եւ նրանց արագ շարք վերադարձնելու խնդրին այստեղ մեծ ուշադրություն է դարձվում։ Այս դեպքում գերխնդիրն է թույլ չտալ, որ հոգեկան ցնցումը խեղի անձի հոգեկանը։ Հոգեկանի խեղման պատճառը հոգեկան ցնցում է՝ ուժգին հուզականությամբ հագեցած անսովոր տպավորությունը, որը նա ստացել է մարտի դաշտում։ Մարտական հոգեկան խեղում ստանալու դեպքում մարտիկն արդեն ի վիճակի չի լինում գործել հավասարակշռված, անկարող է լինում արդյունավետորեն մասնակցել մարտին եւ ժամանակավորապես դառնում է անմարտունակ։ Այդ ժամանակավոր անմարտունակության վիճակում հայտնված զինծառայողներին մասնագիտական գրականության մեջ ընդունված է որակել որպես «հոգեբանական կորուստներ»։ Առաջին հոգեբանական օգնության հնարքները բանեցնելով օգնել զինծառայողին հաղթահարել հոգեկան ցնցումը, նշանակում է վերականգնել նրա հավասարակշռված կենսագործունեությունն ու կանխել նրա հոգեկանի խեղումը։ Իսրայելի ռազմական հոգեբանները գտնում են, որ մարտական հոգեծին կորուստները նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցը առաջին հոգեբանական օգնությունն է։
Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական
|