ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 13:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 24 » Նոր համակարգի ներդրումը ճիշտ քայլ է /Միջազգային կառույցները սատարում են Հայաստանին՝ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում/
14:42
Նոր համակարգի ներդրումը ճիշտ քայլ է /Միջազգային կառույցները սատարում են Հայաստանին՝ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում/

Երեկ Երեւանում տեղի ունեցավ կենսաթոշակային երրորդ միջազգային տարեկան համաժողովը, որին հրավիրված էին միջազգային տարբեր կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ։ 
Կենսաթոշակային ապահովման նոր համակարգի ներդրման անհրաժեշտության, խնդիրների մասին խոսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր ելույթում նա շեշտեց այն գաղափարը, որ այս բարեփոխումը ցավոտ է, քանի որ ստիպում է մեր քաղաքացիներին փոխել իրենց վարքագծային կանոնները։ «Եթե ամեն օր արթնանանք ու անենք այն, ինչ որ անում ենք, մենք կունենանք այն, ինչ որ ունենք, եթե ցանկանում ենք ունենալ այն, ինչ չունենք, ուրեմն պետք է անենք այն, ինչ չենք անում։ 
...Վարքագծային կանոնները փոխելով՝ գնալու ենք առաջ։ Բացի երիտասարդներից՝ մենք փոխում ենք նաեւ պետության վարքագծային կանոնները, ինչո՞ւ, որովհետեւ 270 հազար քաղաքացի յուրաքանչյուր օր հետեւելու է՝ պետությունն իր պարտավորությունն իր նկատմամբ կատարել է, թե՝ ոչ։ 275 հազար երիտասարդ վերահսկելու են կառավարությանը, որ ժամանակին եւ ճիշտ գումարով իր խնայողության կրկնապատկումը կատարվի»,– նշեց Տ. Սարգսյանը (ելույթը տե՛ս էջ 4)։
«Սա լավ մտածված, պարտադիր կենսաթոշակային ապահովման բարեփոխում է, եւ այն կլինի նախանձելի օրինակ բազում երկրների համար՝ ունենալ այսպիսի կենսաթոշակային համակարգ»,–հայտարարեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը՝ հավելելով, որ ՎԶԵԲ—ը միանգամայն սատարում է Հայաստանին կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում։
Անդրադառնալով կապիտալ շուկաների եւ բարեփոխումների միջեւ կապին, Մարկ Դեւիսը նշեց, որ կապիտալի շուկան Հայաստանում ակտիվ իրացվելի չէ, եւ կենսաթոշակային ապահովման համակարգը հնարավորություն կընձեռի երկար փողեր ներգրավել՝ մի բան, որն այս պահի դրությամբ Հայաստանը հնարավորություն չունի։ Սրանք, ըստ նրա, կներդրվեն տեղական ֆինանսական գործիքների, այդ թվում՝ պարտատոմսերի մեջ։
Նրա խոսքերով, որպեսզի կենսաթոշակային ապահովման համակարգը հաջողություն ունենա, եւ եկամտաբերություն ապահովվի, ապա հարկավոր է խթանել տեղական բանկերին, խորհրդատվական ընկերություններին, որպեսզի առաջարկն աշխուժացնեն, եւ կենսաթոշակային ֆոնդերը կարողանան եկամտաբեր ներդրումներ կատարել։
Անդրադառնալով կենսաթոշակային ֆոնդերին փոխանցվող գումարներին, Մարկ Դեւիսը նշեց, որ այդ փոխանցումները ոչ թե հարկատեսակ են, այլ խնայողություն։ «Լավ մտածված մոտեցում է ցուցաբերվել, եւ ակտիվների փորձառու կառավարիչներ են ընտրվել, որպեսզի այդ գումարները չփոշիանան»,–ասաց նա։
Արժույթի միջազգային հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսի խոսքերով՝ իրենք բարեփոխումների իրականացման հարցում աջակցելու են Հայաստանին։ «Այս բարեփոխումները կարեւոր են Հայաստանի համար, քանի որ այդ բարեփոխումները բերելու են խորը ինստիտուցիոնալ ֆինանսական ֆիսկալ փոփոխությունների, որոնք օգնելու են լուծել Հայաստանում առկա այլ մարտահրավերները»,– ասաց Տերեսա Դաբան Սանչեսը։
Նա միաժամանակ նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումները շատ հստակ ուղղվածություն ունեն, քանի որ հետապնդում են հստակ նպատակ, նպաստելու են բյուջետավորման մասով հետագա բեռի նվազեցմանը, ինչպես նաեւ օգնելու են կրճատել ստվերային տնտեսությունը։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանում կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը ճիշտ քայլ է, ճիշտ ուղղությամբ, կարծում է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին։
Նրա խոսքերով՝ ՀԲ—ի ներգրավվածությունը Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումներում սկսվել է գրեթե 10 տարի առաջ, եւ նույնիսկ այդ ժամանակահատվածում հստակ նախանշվել են այն մարտահրավերները, որոնք ծառացած էին համակարգի առաջ, մասնավորապես՝ ժողովրդագրական անկում, աղքատության բարձր մակարդակ եւ սահմանափակ ֆիսկալ ֆինանսական ռեսուրսներ։
Ժան Միշել Հապպին ասաց, որ այսօր Հայաստանում 25 տոկոսից ավելին գտնվում է աղքատության շեմից ցածր, եւ այս բարեփոխումները կբերեն թոշակների բարձրացմանը, երկարատեւ եկամուտների ապահովմանը, ինչպես նաեւ կնպաստեն աղքատության նվազեցմանը։
«Սկզբունքորեն ամրագրելով բազմաշերտ կենսաթոշակային համակարգ՝ իր սկզբունքային դերը կխաղա մասնավոր եւ անհատական հաշիվներում, ինչպես նաեւ լրացուցիչ եկամուտներ կապահովվի Հայաստանում»,–ընդգծեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը։
Նա նշեց նաեւ, որ կենսաթոշակային համակարգի նախագծումը սկզբունքորեն համապատասխանում է միջազգային չափանիշներին։
«Կենսաթոշակային համակարգի ադեկվատ կամ ողջամիտ լինելը ժամանակի ընթացքում կզգացվի, հետեւաբար, կարծում եմ, որ տեխնիկական որոշ ճշգրտումների կարիքն էլ կլինի ժամանակի ընթացքում»,–ասաց նա՝ հավելելով, որ Համաշխարհային բանկը ի սկզբանե սերտորեն համագործակցել է ՀՀ կառավարության հետ կենսաթոշակային բարեփոխումների մասով եւ հիմա էլ հայտնում է իր պատրաստակամությունը՝ նպաստելու այս գործընթացին, մասնավորապես՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման տեսանկյունից։
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը վստահ է, որ նոր կենսաթոշակային համակարգը կապահովի երաշխավորված եւ համարժեք կենսաթոշակ թոշակառուներին, ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը, կբարելավի հարկային վարչարարությունը եւ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով կենսաթոշակային վճարները։
«Հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը շրջահայաց ձեւով մշակված է՝ պաշտպանելու համար ապագա կենսաթոշակառուների շահերը։ Այն Հայաստանի աշխատողներին հնարավորություն կտա բարելավել իրենց ֆինանսական ապահովվածությունը կենսաթոշակային տարիքում՝ եկամուտների աղբյուրները դիվերսիֆիկացնելու, այդ թվում՝ մասնավոր, կրկնում եմ, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամում խնայողություններ կատարելու միջոցով»,–ասաց դիվանագետը՝ ընդգծելով, որ առաջ շարժվելու համար կարեւորվում են մի շարք խնդիրներ, որոնցից է հանրային լայն իրազեկումը։
Ըստ նրա՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ բարեփոխումների հետ կապված նույնիսկ ամենահիմնական բաները հասկանալի չեն մարդկանց։ Այդ առումով կառավարությունը, աշխատելով քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ—ների հետ, պետք է իրազեկի ու պարզաբանի բարեփոխումները, դա պետք է արվի ոչ մեկ կամ երկու անգամ։ «Հասարակության վստահությունն ավելի մեծ կլինի, եթե խնդրի բոլոր կողմերում գտնվող քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալ կառավարության կողմից կատարվող իրազեկման աշխատանքներում»,– նկատեց դեսպանը։


Վճարումները պետք է հարկվեն առաջին փուլում

«Մենք օր օրի ավելի շատ ենք ստանում հարցադրումներ այն մասնակիցներից, ովքեր ցանկանում են՝ իրենց համար կատարած վճարումները գնան ակտիվները կառավարող ընկերություններին, որպեսզի դրանք աշխատեն եւ իրենց եկամուտներ բերեն»,–այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Հարցին, թե արդյոք կենսաթոշակային բարեփոխումներից հետո չի՞ ավելանա ստվերայնությունը, նախարարը նշեց, որ հակառակը՝ այն բերելու է ստվերի կրճատման։
«Իհարկե, ցանկացած բարեփոխում, որն իրականացվում է, միշտ որոշակի խնդիրներ է առաջացնում։ Այս դեպքում ես համարում եմ, որ այդ խնդիրները ընթացիկ լուծման ենթական են»,–ընդգծեց Ա. Ասատրյանը։
Անդրադառնալով այն մտահոգություններին, թե իրականում աշխատավարձերից ոչ 5, այլ 6.1% է պահվելու, նախարարը նշեց, որ օրենքի դրույթները պետք է մեկնաբանել տառացի եւ բառացի եւ չի կարելի մանիպուլյացիաների ենթարկել։ Ըստ Ա. Ասատրյանի՝ օրենքում հստակ ամրագրված է բազային եկամուտ հասկացությունը, որի համաձայն՝ բազային եկամտի 5%—ի չափով է պահում կատարվում։
«Բազային եկամուտը չհարկված եկամուտն է եւ բերում է մեկնաբանություններ, որ եթե հարկված եկամտից հաշվարկենք, ապա կլինի ավելի բարձր, ինչը տրամաբանական է։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ ցանկացած գումար որեւէ փուլում հարկման ենթակա է, եւ տվյալ դեպքում մենք ընտրել ենք այն ճանապարհը, որ պարտադիր կուտակային համակարգին կատարվող վճարումները պետք է հարկվեն առաջին փուլում, որպեսզի հետագայում կենսաթոշակները հարկումից ազատվեն։ Երկրներ կան, որտեղ հարկվում են կենսաթոշակները»,–ասաց Ա. Ասատրյանը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 353 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024