Կուսակցական մամուլ
Անկախության տարիներին մեծ թափով սկսեցին լույս տեսնել նաեւ գործող կուսակցությունների գաղափարախոսությունը ներկայացնող օրգաններ։
ՀՀ—ում Հայ ժողովրդական կուսակցությունը (ազատական ուղղվածության) լույս է ընծայել երկու անուն թերթ։ 1918թ. օգոստոսի 14—ից Երեւանում սկսեց լույս տեսնել Հայ ժողովրդական կուսակցության պաշտոնաթերթ «Ժողովուրդ» լրագիրը։ Այն լույս էր տեսնում շաբաթական երկու անգամ, գինը՝ 50 կոպեկ։ «Ժողովուրդը» իր առաքելությունն էր համարում «խաղաղ, օրենսդրական ճանապարհով նպաստելու պետության մեջ այն հասարակարգի կայացմանը, որը գծագրված էր կուսակցության ծրագրում՝ քաղաքական, քաղաքացիական, օրենսդրական, ֆինանսական, բանվորական, կրոնական, լուսավորության եւ այլ հարցերի վերաբերյալ»։ Իր առաքելություններից է համարել ինչպես այլ երկրներում բնակվող հայ ժողովրդի, իբրեւ փոքրամասնության, անձնական ազգային—կուլտուրական ինքնավարությանը հասնելը, այնպես էլ Հայաստանի սահմաններում բնակվող փոքրամասնությունների նույնպիսի ինքնավարությանն աջակցելը։
Քաղաքական դաշտում աջակողմյան թեւը ներկայացնող մյուս ազդեցիկ պարբերականները Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության պաշտոնաթերթ «Վան—Տոսպն» էր եւ նրա իրավահաջորդ «Հայաստանի ձայնը»։ Եթե ՀԺԿ—ն եւ նրա «Ժողովուրդ» պաշտոնաթերթը ներկայացնում էր արեւելյան եւ ռուսահայ ազգային աջ—ազատական հատվածը, ապա ՀՍՌԿ—ն եւ նրա «Հայաստանի ձայն» պաշտոնաթերթը՝ արեւմտյան հատվածը ու մասնավորապես Անդրկովկասում ապաստանած գաղթականությունը։ Ութամսյա դադարից հետո 1919թ. մարտի 24—ին լույս է տեսնում «Վան—Տոսպ» շաբաթաթերթի առաջին համարը (թերթը ստեղծվել է 1913 թվականին)։ Անդրադառնալով վերջին չորս տարիներին տեղի ունեցած իրադարձություններին՝ երիտթուրքերի իրականացրած հայերի բնաջնջմանը, գաղթականության խնդրին եւ այլն, թերթն իր առջեւ խնդիր էր դրել նպաստելու հայության երկու հատվածների՝ «թրքահայության» եւ «ռուսահայության» միջեւ եղած անջրպետի վերացմանը, գաղթականության, ներգաղթի եւ երկրի վերաշինության հետ կապված խնդիրներին, ինչպես նաեւ Հայ ռամկավար կուսակցության գործունեությանը։
Նույն թվականի սեպտեմբերի 22—ից սկսում է հրատարակվել Հայ ռամկավար կուսակցության «Հայրենիքի ձայն» պաշտոնաթերթը, որը «Վան—Տոսպի» իրավահաջորդն էր եւ իրականացնելու էր նույն առաքելությունը։ Խմբագիրն էր Արտակ Դարբինյանը։
«Ձախ» կենտրոնամետ դիրք էր գրավում Հայ յեղափոխական դաշնակցության մամուլը։ Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում լույս են տեսել կենտրոնական եւ տեղական նշանակության ՀՅԴ 13 անուն պարբերականներ։ Դրանցից առավել կարեւորներն էին՝ «Զանգը» (Երեւան, 1917—1919թթ.), որը սկսել է լույս տեսնել 1917թ. նոյեմբերի 9—ից՝ կենտրոնանալով աշխատավոր ժողովրդի շահերի պաշտպանության եւ լուսավորության խնդիրների վրա։ Այդ ժամանակ դեռեւս հռչակված չէր Հայաստանի առաջին Հանրապետությունը եւ անհրաժեշտություն էին համարում հայերեն լեզվով թերթի հրատարակումը Երեւանի նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը հայերն էին։
ՀՅԴ թերթերից էր «Հայաստանի աշխատավորը», խմբագիրը Վահան Խորենին էր մինչեւ 1919թ. հունիսի 29—ը (Երեւան, 1919թ.), «Հառաջը» (Երեւան, 1919—1920թթ.), որի առաջին համարը լույս է տեսել 1919թ. սեպտեմբերի 20—ին։ Թերթն իր առջեւ խնդիր էր դրել լինելու այն գաղափարների ջահակիրը, որոնց համար մարտնչել են առաջին «Հառաջը», «Ալիքը», «Երկիրը» եւ Դաշնակցության կենտրոնական օրգանները՝ ընդհուպ «Հորիզոնը»։ Այն ձգտում էր իր շուրջը համախմբել դաշնակցական մտավորականության բոլոր ձեռնահաս զանգվածները։ «Հառաջ»—ի էջերում հաճախ կարելի է հանդիպել Հայաստանի հեռագրական գործակալության, ներկայումս՝ «Արմենպրեսի» հեռագրերը։ Թերթը բավականին մեծ հաճախությամբ է լույս տեսել։ Վերջին համարը լույս է տեսնում 1920թ. դեկտեմբերի 1—ին։
ՀՅԴ պաշտոնաթերթ «Աշխատանք» գրական, հասարակական—քաղաքական թերթի (Երեւան, 1916թ. մայիսի 4, 1919թ. սեպտեմբեր) խմբագիրներն են եղել Մ. Ավետիսյանը, Ա. Մանուկյանը եւ Հ. Մանուկյանը։ Թերթը համարվել է 1909—1915թթ. Վանում լույս տեսած նույնանուն թերթի շարունակությունը։ Հիմնականում անդրադարձել է արեւմտահայ գաղթականների առօրյա հոգսերին ու նրանց վիճակի բարելավման համար տարվող աշխատանքներին։ Արտահայտել է դաշնակցականների տեսակետները Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող հրատապ հարցերում։ Որոշակի տեղ է հատկացրել Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական ու տնտեսական անցուդարձին։ Մեծ արժեք են ներկայացնում 1915թ. Վանի ինքնապաշտպանության եւ Վասպուրականի դեպքերի մասին նյութերը։ «Աշխատանքը» դադարել է լույս տեսնել 1919թ. սեպտեմբերից, ՀՅԴ 9—րդ համագումարից հետո։
Թերթի խմբագրությունը 1919թ. փետրվարի 12—ի 52 էջից բաղկացած հատուկ համար է նվիրել Արամ Մանուկյանի հիշատակին։ Ի դեպ, «Աշխատանքի» այդ բացառիկ համարը վաճառվել է 5 ռուբլով։ Համարը հրատարակվել է ՀՅԴ Արեւմտյան Հայաստանի կենտրոնական կոմիտեի կողմից, խմբագիրն է եղել Օնիկ Մխիթարյանը։
Լույս են տեսել նաեւ գավառային՝ տեղական նշանակության եւ ՀՅԴ աշակերտական միության օրգաններ, ինչպես օրինակ՝ «Շիրակի աշխատավոր» (1919—1920թթ., Ալեքսանդրապոլ), ՀՅԴ աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը։
«Ձախակողմյան» մամուլը ներկայացնում էին սոցիալիստ—հեղափոխականները (էսէռներ), սոցիալ—դեմոկրատները՝ մենշեւիկները եւ բոլշեւիկները։ Էսէռները ունեցել են մամուլի 3 օրգան, մենշեւիկները եւս՝ 3, իսկ բոլշեւիկների եւ նրանց համակիրների պարբերականների թիվը հասնում էր 13—ի։ Սակայն այդ թերթերի կեսից ավելին քաղաքական հետապնդումների եւ այլ պատճառներով լույս են տեսել ընդամենը մեկ կամ մի քանի համարով։ Հայաստանի անկախության հռչակումից հետո ձախակողմյան ուղղության համառուսաստանյան կուսակցությունների էսէռական, սոցիալ—դեմոկրատ կամ մենշեւիկյան եւ բոլշեւիկյան հայկական հատվածները իրենց գործունեության ծանրության կենտրոնը Թիֆլիսից ու Բաքվից տեղափոխեցին Հայաստան, հիմնականում Երեւան։
Ալեքսանդրապոլում 1918թ. լույս է տեսել էսէռների «Լույս» թերթը, որի խմբագրական կազմում էին Մ. Ամատունին, Ս. Նազարյանը, Վ. Տիրոսյանը։ Իսկ 1919թ. փետրվարին Երեւանում հիմնվեց էսէռների օրգանը՝ «Սոցիալիստ հեղափոխական» եռօրյան։ Թերթը լույս է տեսել 1919թ. մայիսից մինչեւ 1920թ. ապրիլը։ Պաշտոնաթերթի բնաբանն էր «Կռվով կխլես քո իրավունքը»։ Ալեքսանդրապոլում նույն բնաբանով էր հրատարակվում էսէռների մեկ այլ՝ «Աշխատանքի դրոշակ» թերթը։ Արժեքն էր՝ 10 ռուբլի։
Ձախակողմյան հաջորդ կուսակցական մամուլը ՌՍԴԲԿ (մենշեւիկների) հայաստանյան կազմակերպության օրգան «Կայծ» (Երեւան, 1918թ. նոյեմբերի 2—ից մինչեւ 1919թ. օգոստոսի 7—ը) եռօրյան էր։ 1918—1919թթ. Ալեքսանդրապոլում լույս է տեսնում մենշեւիկյան ուղղության անկախ սոցիալիստների կուսակցության օրգան «Մարդկություն» եռօրյան, որն ընդգծված ընդդիմադիր թերթ էր։ 1919թ. հունվարի 30—ին Շուշիում լույս տեսավ տեղի սոցիալ—դեմոկրատ մենշեւիկյան կազմակերպության օրգան «Նոր կյանք» շաբաթաթերթը, որը միայն կարողացավ լույս ընծայել հինգ համար։
Ձախակողմյան մամուլի ամենաընդդիմադիր թեւը ներկայացնում էին բոլշեւիկյան պարբերականները, որոնց մեջ առաջնային տեղ էր գրավում «Խոսքը» (1918, սեպտեմբերից 1919թ. մարտ)։ Լույս է տեսել ընդամենը 22 համար։ Խմբագրության հասցեն էր Աստաֆյան փողոց, տուն 31։
1920թ. հունվարին Ալեքսանդրապոլում բոլշեւիկները հիմնեցին «Ալիք» շաբաթաթերթը, սակայն մեկ համար լույս ընծայելուց հետո այն փակվեց, այս ճակատագրին արժանացան «Բանվորը» (Ալեքսանդրապոլ), «Լոռվա գյուղացու ձայն» (Հաղպատ, 1920թ.) երկշաբաթաթերթը։ Վերջինս հրատարակել է ընդամենը հինգ համար։ Խմբագիր—հրատարակիչն էր Սուրեն Երզնկյանը։
Սակայն բոլշեւիկյան պարբերականներից ամենամեծ աղմուկ հանած թերթը Երեւանի սոցիալիստ—ինտերնացիոնալիստների «Սպարտակ» միության օրգան համանուն «Սպարտակ» թերթն էր։ Լույս է տեսել թերթի ընդամենը մեկ համար՝ 1919թ. մայիսի 1—ին։ Թերթը կոչ էր անում անդամագրվել «Սպարտակին» եւ տարբեր վայրերում կազմել նման միություններ։ Թերթում է տպվել բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի «Բանվորները» բանաստեղծությունը։ «Սպարտակն» անդրադարձել է 8—ժամյա աշխատանքային օրվան, բանվորների կենսական պայմաններին, ռուսական հեղափոխությանը։ Միության մեջ այդ ժամանակ ընդգրկված են եղել ընդամենը մեկ—երկու տասնյակ մարդ, սակայն ինչպես գրել է թերթը, «սակավաթիվ լինելը չի կարող իհարկե վհատեցուցիչ հանգամանք լինել։ Ժամանակի հետ 10—ը կդառնա հարյուր, հազար եւ այլն»։
Ձախակողմյան ուղղվածություն ունեին «Գյուղացիական միություն» (Ալեքսանդրապոլ, 1919թ.) եւ «Գյուղացու ձայն» (Երեւան, 1920թ.) շաբաթաթերթերը։ Բոլշեւիկյան հայտնի թերթերից էր «Կոմունիստը», որը կառավարության կողմից համարվեց հակակառավարական եւ փակվեց։ Այսպիսով, չնայած սոցիալական ոչ լայն հենարանին, քաղաքական դաշտում ձախակողմյան մամուլն ընդհանրապես եւ բոլշեւիկյանը մասնավորապես իրենց հետքն են թողել՝ վերհանելով այդ տարիներին պետության եւ հասարակական—քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական հարթություններում առկա խնդիրներն ու բացթողումները։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Շարունակելի
|