ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 10:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 29 » Ժամանակաշրջանի հայելին / Հայաստանի առաջին Հանրապետության մամուլը 1918—1920թթ./
11:23
Ժամանակաշրջանի հայելին / Հայաստանի առաջին Հանրապետության մամուլը 1918—1920թթ./


Անկախ կամ անկուսակցական մամուլ

Անկախ մամուլի թվին կարելի է դասել գիտական մամուլը։ Իսկ որոշ պարբերականներ էլ եթե հիմնվում էին որպես անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, կամ փակվում էին, կամ էլ ընկնում իշխանությունների կամ որեւէ կուսակցության ու հովանավոր խմբի ազդեցության տակ։ Դրանց թվին էին դասվում «Ալեքսանդրապոլի լրաբեր» օրաթերթը (1919թ.), «Իդեալ» Երեւանի ամերիկյան որբանոցների աշակերտական միության երկշաբաթաթերթը (1919թ.), «Նոր ուղի» (Երեւան, 1920թ.), ռուսալեզու՝ «դշՁՇտ ՌՆ«նս» («Դպրոցի դրոշ») Երեւանի գիմնազիաների կոլեկտիվների շաբաթաթերթը (Երեւան, 1919թ.) եւ այլ պարբերականներ։
Շատ կարճատեւ լույս տեսան գերատեսչական եւ գիտաուսումնական բնույթի մի քանի ամսագրեր։ 1920թ. մեկ համարով թողարկվեց Գյուղատնտեսության եւ պետական գույքի մինիստրության գյուղատնտեսական բաժանմունքի «Գյուղատնտեսական հանդես» ամսագիրը։
Երեւանում լույս տեսավ «Առողջապահիկ» բժշկական միամսյա հանդեսը (1920թ.)։ Խմբագրության հասցեն էր՝ Աստաֆյան 21, բժիշկ Տեր—Ավետիքյանի հիվանդանոցը։ Խմբագիրն է եղել բժիշկ Վահան Արծրունին։ Բժշկական հանդեսը նախաձեռնել էր Երեւանի բժշկական ընկերությունը, որը ժողովրդի առողջական վիճակը բարելավելու նախապայման էր համարում անհատական եւ հասարակական առողջապահության հանդեպ ժողովրդի գիտակցական վերաբերմունքի ձեւավորումը։ Ընկերությունն իր մտահոգությունն ուներ, որ բավարար չեն կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները, հիվանդների բուժումը, քանի որ հասարակությունը չունի առողջապահության մասին տարրական գիտելիքներ, սկսած անձնական հիգիենայից մինչեւ խակ եւ անլվա միրգ—բանջարեղել օգտագործելը։ «Մարդու առողջությունը նրա դրամագլուխն է։ Հիվանդությունը պակասեցնում է դրամագլուխը, իսկ մահը ոչնչացնում է այն։ Ուրեմն առողջապահությունը, պաշտպանելով անհատների կյանքը եւ առողջությունը, միեւնույն ժամանակ երկրի տնտեսական բարօրության ամենազորեղ ազդակն է դառնում։ Մեր նպատակն է սովորեցնել ժողովրդին առողջ կյանքով ապրել, տարբերել վնասակարն օգտակարից, օգտվել բնության բարիքներից եւ խուսափել նրա չարիքներից»,— գրել է խմբագիր, բժիշկ Վահան Արծրունին առաջին համարում (1919թ., փետրվար)։ 1920թ. հուլիսին հրատարակվում է տրոպիկ հիվանդությունների հանձնաժողովի «Մալարիա» գիտական—հասարակական հանդեսը։ Խմբագիրներն էին բժիշկներ Լեւոն Հովհաննիսյանը եւ Աբգար Իսահակյանը։ Խմբագրության հասցեն Մալարիայի բուժարան, Ջանփոլադյան եղբայրների շենքում էր, Քաղաքային այգու դիմաց։ Մալարիան այդ տարիներին մեծ չարիք էր Հայաստանի համար, որը մեծաթիվ կյանքեր էր խլել՝ ինչ—որ տեղ դառնալով ազգային անվտանգության խնդիր։ Մալարիայի դեմ պայքարելու համար ստեղծվել էր կոմիտե, որը պետք է զբաղվեր տրոպիկ հիվանդությունների բարձրագույն ինստիտուտի ստեղծմամբ։
Ալեքսանդրապոլում 1920թ. հունվարի 31—ին մեկ համարով հրատարակվում է «Հայաստանի համալսարան» թերթը։ Եկամուտը հատկացվելու էր համալսարանի չքավոր ուսանողների փոխադարձ օգնության ֆոնդին։ Հիշեցնենք, որ այդ օրը Ալեքսանդրապոլի առեւտրային դպրոցի շենքում մեծ շուքով տեղի է ունեցել Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1—ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հիմնադիրներից էր նաեւ Սիրական Տիգրանյանը։ Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտորը Յուրի Ղամբարյանն էր։
1920թ. սկսում է լույս տեսնել Հայաստանի ընդհանուր աշակերտական կենտրոնական խորհրդի «Նոր սերունդ» շաբաթաթերթը։ Խորհրդի նախագահն էր Յ. Ղարիբյանը, իսկ գործադիր բյուրոյի նախագահը՝ Մ. Մուրադյանը։ Հայաստանում բոլոր աշակերտները միավորվել էին մեկ միության մեջ՝ ստեղծելով Հայաստանի ընդհանուր աշակերտական կենտրոնական խորհուրդ եւ գործադիր բյուրո։ Թեեւ որեւէ կուսակցության չէր պատկանում, սակայն թերթի համարներում կարելի է հանդիպել հոդվածներ, որտեղ հիացմունքով է խոսվում Ռուսաստանում տեղի ունեցած «մեծ հեղափոխության» մասին։ «Նոր սերունդը» բարձրաձայնել է դպրոցի եւ աշակերտության համար կարեւոր խնդիրները, մասնավորապես՝ երկսեռ դպրոցների անհրաժեշտություն, կրթության համապատասխանությունը ժամանակի նոր մարտահրավերներին, դպրոցական համակարգի բարեփոխումը եւ այլն։
Էջմիածնում լույս են տեսել «Արարատ», «Էջմիածին» հոգեւոր եւ գիտական ամսագրերը եւ այլն։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921 թվականի փետրվարի 18—ին ստեղծվում է Հայրենիքի փրկության կոմիտեն, որը ղեկավարել է փետրվարյան հակախորհրդային ապստամբությունը։ Կոմիտեն գլխավորել է ՀՀ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը։ Այն լույս է ընծայել «Ազատ Հայաստան» թերթը, որի խմբագիրներն էին Ա. Չիլինկարյանը եւ Ռ. Դարբինյանը։ Արդեն փետրվարի 19—ին լույս է տեսնում թերթի առաջին համարը։
Այսքանով կարող ենք փաստել, որ անկախության հռչակումից մինչեւ նրա անկումը Հայաստանի Հանրապետությունը հայության լայն շրջանակների կողմից դարձավ հասարակական—քաղաքական, մշակութային եւ հոգեւոր ներուժի կենտրոն։ Դրա շնորհիվ հայ մամուլի ավանդական կենտրոնները՝ Թիֆլիսը, Կ. Պոլիսը, Վենետիկը, Մոսկվան, Բաքուն եւ մյուսներն իրենց դիրքերը զիջեցին Երեւանին։ Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ գավառային թերթերն ու ամսագրերն ամբողջացրել են ոչ միայն Հայաստանի եւ տարածաշրջանի, այնպես էլ՝ աշխարհում տեղի ունեցող գործընթացների պատկերը եւ ներկայացրել այդ բացառիկ ժամանակաշրջանի բարդ իրականությունն ու բազմաշերտ հասարակական—քաղաքական կյանքի հայելին։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հայրենիք | Դիտումներ: 492 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024