ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 01:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 10 » ԱՄՆ—ի արտաքին քաղաքականությունը չի փոխվի /Ըստ վերլուծաբանների՝ ՀՀ—ի եւ ԱՄՆ—ի միջեւ բնականոն հարաբերությունները կշարունակվեն/
10:41
ԱՄՆ—ի արտաքին քաղաքականությունը չի փոխվի /Ըստ վերլուծաբանների՝ ՀՀ—ի եւ ԱՄՆ—ի միջեւ բնականոն հարաբերությունները կշարունակվեն/

Նախօրեին ԱՄՆ նախագահի ընտրություններում 70—ամյա հանրապետական, գործարար Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ֆավորիտ համարվող դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ։ Միացյալ Նահանգների 45—րդ նախագահը, երեկ ելույթ ունենալով համակիրների առջեւ, խոստացել է ծառայել ամերիկյան ժողովրդին։ «Մեզ համար եկել է միավորվելու ժամանակը,–հայտարարել է նա Նյու Յորքում։–Ես խոստանում եմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, որ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը, եւ դա ինձ համար շատ կարեւոր է»։
«Մենք լավ հարաբերություններ կպահպանենք բոլոր այն երկրների հետ, որոնք ձգտում են դրան,–հավելել է Թրամփը։–Մենք արդարացի կլինենք բոլոր երկրների նկատմամբ»։
Թրամփը խոստացել է նորացնել ԱՄՆ—ի ենթակառուցվածքը եւ լուծել գործազրկության խնդիրը։ Նա հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը իր հետ հեռախոսազրույցում ընդունել է պարտությունը ու շնորհավորել է իրեն։ Համանման զանգ նա ստացել է նաեւ իր նախագահական ժամկետն ավարտող Բարաք Օբամայից։
Նշենք, որ նախօրեին Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ապահովեց Կոնգրեսի զույգ պալատներում՝ Սենատում եւ ներկայացուցիչների տանը՝ այդպիսով օրենսդրական ամուր հիմք ստեղծելով նույն օրը նախագահական ընտրությունում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի համար։
ԱՄՆ նախագահի ընտրություններում իր հաղթանակով բազմաթիվ փորձառու վերլուծաբանների եւ հեղինակավոր ԶԼՄ—ների անակնկալի բերած Դոնալդ Թրամփը երեկ արդեն առաջին շնորհավորանքներն է ստացել տարբեր երկրների առաջնորդներից եւ հեղինակավոր գործիչներից։
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Դոնալդ Թրամփին ԱՄՆ—ի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաջողություններ մաղթելով պետության ղեկավարի պատասխանատու գործունեության մեջ՝ հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքով կհաջողվի երկու երկրների հարաբերությունները դուրս բերել ճգնաժամից, ինչպես նաեւ լուծել միջազգային օրակարգի հրատապ հարցերը եւ արդյունավետ պատասխաններ գտնել գլոբալ անվտանգության մարտահրավերներին։ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայում պատրաստ են ԱՄՆ—ի հետ լիաֆորմատ հարաբերությունների վերականգնմանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւս շնորհավորել է եւ հայտարարել, որ պատրաստ է համագործակցել նրա հետ։ «Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ—ը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են ազատության, ժողովրդավարության եւ ձեռներեցության արժեքների վրա։ Մենք ուժեղ, մտերիմ գործընկերներ կմնանք առեւտրի, անվտանգության եւ պաշտպանության բնագավառում»,—ընդգծել է վարչապետը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է նրա հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա։ «Ես շնորհավորում եմ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին»,–ասել է ԳԴՀ—ի նախարարների կաբինետի ղեկավարը։ Նա նշել է, որ Վաշինգտոնի հետ համագործակցությունը միշտ էլ կարեւոր է եղել Բեռլինի համար. «ԵՄ—ի սահմաներից դուրս մենք ոչ մի երկրի հետ չունենք այնպիսի խոր հարաբերություններ, որքան ԱՄՆ—ի հետ»։
«ԱՄՆ—ի առաջատար դերը ՆԱՏՕ—ի համար կարեւոր է ավելի, քան երբեւէ»,–նշել է ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւ Թրամփին հրավիրել մասնակցելու 2017 թվականին Բրյուսելում նախանշված ՆԱՏՕ—ի գագաթնաժողովին։
«ԱՄՆ—ի նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփն արժանի է ԵՄ բոլոր կառույցների լիարժեք հարգանքին»,—ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը։
«Եվրամիությունն ու ԱՄՆ–ն կշարունակեն միասին աշխատել, քանի որ Միացյալ Նահանգների հետ Եվրոպայի կապերն ավելի խորն են, քան քաղաքականության մեջ փոփոխությունները։ Մենք կշարունակենք միասին աշխատել՝ կրկին բացելով Եվրոպայի ուժը»,–«Twitter»—ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
Շնորհավորանքներ են հնչել նաեւ Ֆիլիպիններից, Չինաստանից։
«Ամերիկյան ժողովուրդը քվեարկեց Դոնալդ Թրամփի օգտին։ Շնորհավորում եմ նրան, քանի որ դա բնական է երկու ժողովրդավարական պետությունների նախագահների հարաբերություններում։ Այս ընտրություններն անորոշության շրջանի սկիզբ են դնում, պետք է հստակ եւ պարզ հայտարարել այդ մասին»,– հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ—Վալտեր Շթայնմայերը եւս խոսել է անորոշությունների մասին։ «Կարծում եմ՝ պետք է պատրաստ լինենք նրան, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունն ապագայում մեզ համար ավելի պակաս կանխատեսելի կլինի։ Եվ նրան, որ Ամերիկան ավելի հաճախ հակված կլինի միայնակ որոշումներ կայացնել»,– ասել է նա։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին էլ հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից ակնկալում է հարգել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը։
ՀՀ—ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Ամերիկայի ներկայիս կառավարությունը կդառնա Լեհաստանի եւ Եվրոպայի կայուն գործընկերը. «Հուսով եմ՝ ԱՄՆ նոր վարչական համակարգը կշարունակի նախկինի գործելաոճը եւ առավել ծայրահեղ քայլերի չի դիմի՝ փոփոխություններ մտցնելու ընթացքում»։


Մեծ փոփոխություններ չեն սպասվում
 

Թեեւ ԱՄՆ—ում ղեկավար անձինք փոփոխությունների  հարցում փոքր դերակատարություն ունեն, եւ քաղաքականությունը որոշում են այն քաղաքական ուժերը, որի ներկայացուցիչներն են տվյալ անձինք, այնուամենայնիվ Թրամփի օգտին քվեարկողները այն հույսով են քվեարկել, որ նրա կառավարումն աշխարհը պատերազմներից զերծ կդարձնի, քանի որ նա ներկայացնում է կայունության կողմնակից համարվող Հանրապետական կուսակցությունը։
«Ինչքան էլ որ բուռն ու հագեցած էր այս տարվա ընտրարշավը, այնուամենայնիվ, ամերիկացիները գիտեն, որ երեկվա քվեարկության արդյունքների հիման վրա 2017թ. հունվարի 20—ին տեղի կունենա իշխանության խաղաղ հանձնում ԱՄՆ Սահմանադրությանն ու օրենքներին համաձայն»,–Հայաստանում ԱՄՆ—ի դեսպանատանը հայտարարել է ԱՄՆ—ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։ Նա նշել է. «Ես հավատացած եմ, որ բարեկամական հարաբերություններն ԱՄՆ—ի եւ Հայաստանի միջեւ կշարունակվեն եւ էլ ավելի կզարգանան։ Մեր համընդհանուր արժեքները, ինչպես նաեւ ԱՄՆ կառավարության եւ ժողովրդի ցանկությունը՝ օգնել բոլորին ողջ աշխարհով, երաշխիք կդառնան մեր ընկերության համար»,–հայտարարել է նա։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ասել է, որ մեծ տատանումներ չի սպասում, առավել եւս ԱՄՆ դեսպանի հայտարարությունը վկայում է այդ մասին։ «Տակտիկական առումով կարելի է կանխատեսել դիցուք ռուս—ամերիկյան լարվածության թուլացում, ինչը դրական կարող է ազդել Հայաստանի վրա մի քանի տեսանկյուններից՝ առաջնային տնտեսական։ Ռուսական տնտեսության հնարավոր աշխուժացման պարագայում նաեւ Հայաստանը կշահի որպես ՌԴ—ի հիմնական առեւտրային գործընկերներից մեկը, եւ կթուլանա աշխարհաքաղաքական լարվածությունը տարածաշրջանում»,–ասել է նա եւ մատնանշել, որ այդ ամենը տեսական դատողություններ են։
«Մնում է հուսալ, որ ԱՄՆ—ում հաղթած թեկնածուն կհարգի Հայաստանի եւ Ղարաբաղի շահերը»,–ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
«ԱՄՆ—ի արտաքին քաղաքականության զարգացմամբ եւ ներքին քաղաքականության մարտահրավերներով կուսակցականացված ինստիտուտներ չեն զբաղվում եւ այդ պատճառով էլ նոր նախագահի ընտրությամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցում էական զարգացումներ չեն սպասվում»,–«news.am»—ին ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը եւս կարծում է, որ ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո այդ երկիրը Հարավային Կովկասում իր արտաքին քաղաքականության մեջ շատ փոփոխություններ չի մտցնի։ Այնուամենայնիվ, քաղաքագետն այն կարծիքին է, որ Սպիտակ տան նոր վարչակազմը ստիպված է լինելու վերանայելու իր մոտեցումները բոլոր տարածաշրջաններում, ինչպես նաեւ սեփական երկրում։ «Եթե ուշադիր հետեւեինք նախընտրական քարոզարշավին, կտեսնեինք, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն ավելի կողմնակից է սկզբում Միացյալ Նահանգների ներքին հարցերը լուծելուն եւ, ի տարբերություն դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի, պակաս ագրեսիվ արտաքին քաղաքականության կողմնակիցն է հատկապես Միացյալ Նահանգներից հեռու գտնվող տարածաշրջաններում»,–«Արմենպրեսին» ասել է քաղաքագետը։
Քաղաքագետը ԱՄՆ—ում նախագահական ընտրություններից հետո փոփոխություններ է ակնկալում Մերձավոր Արեւելքում այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արեւելքում հնարավոր են հետաքրքիր լուծումներ, որոնք միտված կլինեն սիրիական հակամարտության արագ կարգավորմանը։
«Tert.am»—ի հետ զրույցում տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան, 1992—95 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը եւս նշել է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակով հայ—ամերիկյան քաղաքականության փոփոխություն տեղի չի ունենա
«ԱՄՆ—ն զարգացած համակարգ է, որտեղ շատ արդյունավետ գործում են զսպման ներքին ու արտաքին հակակշիռները, ուստի մեկ անձը չի կարող թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը շրջել, անգամ եթե նա նախագահն է։ Կարծում եմ, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվի։ Միացյալ Նահանգները Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր, հնարավորինս օգնում է, իսկ տարածաշրջանային զարգացումների համատեքստում բավական մոտ են ՀՀ—ի, Լեռնային Ղարաբաղի եւ ԱՄՆ—ի ներկայիս շահերը»,–նշել է Դավիթ Շահնազարյանը։ Վերլուծաբանի խոսքով՝ ենթադրվում է, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ ուշադրությունը կարող է անգամ ակտիվանալ, որովհետեւ ԱՄՆ–ն կարեւորում է տարածաշրջանում Հայաստանի դերը։
Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ճիշտ չի համարում, որ ԱՄՆ—ում կայացած ընտրություններում հայ համայնքը նեցուկ չկանգնեց ոչ մի թեկնածուի՝ հավելելով, որ նեղացկոտությունը քաղաքական կատեգորիա չէ։ Դիվանագետը կարծում է, որ ճիշտ չէ երկնային մանանա սպասել այս կամ այն թեկնածուի կողմից։ Նրա խոսքով, հայ համայնքը պետք է ճիշտ հաշվարկ աներ եւ որեւէ մեկի կողմից լիներ, քանի որ եթե հիմա հայ համայնքը որոշի այնտեղ որեւէ բան անել, կարող է որոշակի դժվարություններ ունենալ։
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Panorama.am»—ին ասել է, որ ԱՄՆ—ում ապրող հայերն անտարբեր էին երկու թեկնածուների նկատմամբ էլ։ «Բայց զգալի շրջանակներում կար դժգոհություն Քլինթոնից այնքանով, որ մարդիկ ուզում էին ընտրվի Թրամփը եւ դա ոչ միայն Հայկական հարցի հետ կապված»,–նշել է Կիրո Մանոյանը։ Նրա խոսքով, առաջիկա չորս տարին գոնե տեղի հայերը պետք է փորձեն աշխատել նոր վարչակազմի հետ, հարաբերություններ հաստատել։
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Դոնալդ Թրամփը ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցում որոշ փոփոխություններ կիրականացնի՝ մասնավորապես Մերձավոր Արեւելքի երկրների, ՆԱՏՕ—ի ֆինանսավորման, Չինաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 346 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024