Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարին է ներկայացվել մինչեւ 2025 թվականը շուկայի պահանջներին բավարարող ՏՀՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման, բուհերի կարողությունների զարգացման, այդ թվում՝ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության ապահովման, ՏՀՏ ոլորտի ընկերությունների խթանման առարկայական նախագծերի փաթեթ։ Այն մշակվել է շահագրգիռ գերատեսչությունների եւ ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում։ Փաթեթը նախատեսում է մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներ եւ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող կոնկրետ նախագծեր՝ պետություն–մասնավոր համագործակցությամբ։ Փաթեթով նախատեսվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է մինչեւ 2025 թ. ՀՀ–ում ստեղծել 40 հազար ինժեներական աշխատատեղ, հայաստանյան ՏՀՏ ոլորտ ներգրավել ոչ միայն սփյուռքահայ, այլ նաեւ արտերկրի բարձրակարգ մասնագետների։
Վարչապետը ողջունել է ներկայացված ծրագրային փաթեթի մշակումը եւ կարեւորել պետական գերատեսչությունների, ՏՀՏ ոլորտի ընկերությունների եւ կրթական կենտրոնների միջեւ ակտիվ ու շարունակական համագործակցությունը։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ քայլեր իրականացնել՝ բարձրակարգ մասնագետների պատրաստման, ոլորտի խթանման նպատակով։ Գործադիրի ղեկավարը հորդորել է ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչներին ներկայացնել նաեւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկներ։ Վարչապետը պատրաստակամություն է հայտնել քննարկել բիզնեսի խթանմանն առնչվող բոլոր հարցերը եւ առաջարկել ձեւակերպել, թե որ օրենքի, կառավարության որ որոշման փոփոխությունը կարող է նպաստել ՏՀՏ ծրագրերի իրականացմանը։
|