ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից 1989 թ. դեկտեմբերի 1-ին որոշում ընդունվեց Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Դրանով ամրագրվեց հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածի վերամիավորման օրինական ձգտումը՝ հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա։ Սակայն հետագա գործընթացներն ընթացան այլ ճանապարհով։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում սկսեց շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի եւ Հայաստանի հանրապետություններում հայտարարվեց ռազմական դրություն։ ՀՀ ԱԺ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից բարձրացվեց Արցախի անկախության ճանաչման հարցը։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության հիմնադիր, Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ գումարումների պատգամավոր Հրանտ Խաչատրյանը նշեց, որ Արցախի կարգավիճակի մասին նոր հայտարարությունը պետք է հիմնված լինի լավագույնս ուսումնասիրված, նախապատրաստված եւ կշռադատված ծրագրի վրա։«Ժողովրդական դիվանագիտության կողմից մեր գործը միշտ էլ անում ենք, բայց պետության կողմից քայլերը պետք է լինեն ոչ թե պահի ազդեցության տակ, իրավիճակից ելնելով կամ որպես սպառնալիք, այլ՝ նախեւառաջ որպես վերադարձ, վերահաստատում մեր սկզբնական մտադրությունների, որն, ի դեպ, աշխարհն այս կամ այն չափով ճանաչել էր», -ասաց զրուցակիցս։ Արցախի հարցի լուծումը քաղաքական գործիչը տեսնում է ազգային-պետական տարածքներում անկախ պետություն ստեղծելու մեջ, որը Հայաստանի Հանրապետությունն է, այլ ոչ թե Արցախի հանրապետությունը։
Ներկայումս Արցախի հարցով նորից սրացումներ են, ռազմական դրություն է հայտարարվել, ճակատում բավականին լարված մարտեր են ընթանում։ Հ. Խաչատրյանի դիտարկմամբ` նման պայմաններում Արցախի անկախության հարցի բարձրաձայնումը հնչում է որպես սպառնալիք, մինչդեռ դա միջազգային իրավունքով բազմիցս հաստատված մեր ճշմարիտ պահանջն է։ Հայաստանին Արցախի վերամիավորման մասին որոշումը մինչ օրս ուժը չի կորցրել, բայց չի հիշատակվում ինչպես հարկն է։ Այս համատեքստում նախկին պատգամավորը լուրջ նախապատրաստական եւ քարոզչական աշխատանքների անհրաժեշտություն է տեսնում տարբեր ուղղություններով եւ մակարդակներում, որոնք պետք է իրականացվեն միջազգային հանրության մասշտաբով` սկսած բարեկամ երկրներից եւ անհատ գործիչներից մինչեւ թշնամիներ։ «Եթե նախապատրաստված ծրագիր չկա, ապա իրավիճակից ելնելով հայտարարություններ մեզ պետք չեն։ Իհարկե, տեղին եմ համարում, որ այս պահին պետք է գործել «ամեն ինչ զինվորի համար», «ամեն ինչ զինվորի ոգին բարձրացնելու համար» սկզբունքից», -ասաց նա՝ չբացառելով, որ իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ ինչ-որ պահի պետք է հայտարարություն արվի Հայաստանի եւ Արցախի հարաբերությունների նոր կարգավիճակի մասին։
Ինչ վերաբերում է այսօրվա առաջնային անելիքներին, ապա մեր խնդիրն է բոլոր ռեսուրսները ներդնել այս ճակատամարտը հաղթելու համար, որը պետք է համոզիչ առավելությամբ հաղթենք։ Միայն դրանից հետո կարող ենք կշռադատված եւ լուրջ քայլերի հիման վրա դիվանագիտական կորպուսի ջանքերով, միջազգային փաստաթղթերի նախապատրաստման միջոցով առաջ տանել մեր թեզը, այսինքն՝ համարյա այնպես, ինչպես տեղի ունեցավ 1988 թ. փետրվարից 1989-ի օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում։ Հ. Խաչատրյանի համոզմամբ` կիսալուծումներ մեզ պետք չեն, դրանք միայն վնասում են եւ առիթ տալիս հզոր աշխարհաքաղաքական կենտրոններին օգտագործելու մեր գործոնը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
hhpress.am
|