Օրերս Փարիզի «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվեցին տասներկու անձինք։ Հունվարի 7—ի առավոտյան երեք ահաբեկիչ՝ եղբայրներ Սաիդ եւ Շերիֆ Կուաշիները ու եւս մեկը, ով ավելի ուշ հանձնվել էր ոստիկանությանը, ներխուժել էին թերթի խմբագրություն եւ կրակ բացել։ Հունվարի 9—ին Ֆրանսիայի ոստիկանության հատուկ գործողության արդյունքում հայտնաբերվել եւ ոչնչացվել էին եղբայրները։
Նույն օրը այս գործողության հետ զուգահեռ ոստիկանությունը ոչնչացրել էր նաեւ հրեական սննդամթերքի «Hyper Casher» սուպերմարկետում հաճախորդներին գերի վերցրած 32—ամյա իսլամիստ Ամեդի Կուլիբալիին, ով սպանել էր 4 մարդու։
Եվրոպացիները մտադիր չեն հաշտվել ծայրահեղականության հետ։ Դրա վկայությունը Փարիզում երբեւէ անցկացված ամենամարդաշատ հավաքն էր։ Ի հիշատակ ահաբեկչության զոհերի եւ ի նշան համերաշխության՝ երթին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը, հունվարի 11—ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւս Փարիզում մասնակցել է ահաբեկչության եւ անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող միասնության երթին։
Երթից առաջ Ելիսեյան պալատում պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Ֆրանսիական Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Ֆրանսիայի ղեկավարին փոխանցելով ՀՀ նախագահի ցավակցությունները, հայ ժողովրդի զորակցությունը եւ համերաշխությունն է հայտնել բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին եւ իշխանություններին։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նախօրեին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն եւ իր ցավակցությունն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։
Սակայն Ֆրանսիայում ահաբեկչության վտանգը դեռ առկա է, ուստի երկրում իրականացվում են անվտանգության լայնածավալ միջոցառումներ։
«Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունների վտանգը պահպանվում է։ Ահաբեկչության դեմ պայքարի պլանը կշարունակի իրականացվել ամենաբարձր մակարդակով»,–հայտարարել է երկրի վարչապետ Մանյուել Վալսը։ Վարչապետը հավելել է, որ հակաահաբեկչական պլանի իրականացման համար գործի կդրվի 8470 զինվորական։
«Երկրի ղեկավարությունը պետք է անհրաժեշտ ամեն ինչ անի անվտանգությունն ապահովելու համար։ Մենք պետք է ամենամոտ ժամանակներս՝ առաջիկա ամիսներին, մշակենք ծայրահեղականության դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ»,–ասել է Վալսը։
«Իսլամական պետություն» արմատական խմբավորումը, հավանության արժանացնելով խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչությունը, հայտարարել է, որ ահաբեկիչները վրեժ են լուծել իրենց մարգարեի համար։ ԻՊ—ի անդամներից մեկը նշել է, որ այս ահաբեկչությունն իսլամիստների պայքարի առաջին քայլն է արեւմտաեվրոպական «խաչակիրների» դեմ։
Բայց եւ այնպես, «Իսլամական պետություն» խմբավորումը պատասխանատվություն չի ստանձնում իրականացված ահաբեկչության համար։ Որոշ տեղեկությունների համաձայն, հարձակվողները կապ ունեն «Ալ—Կաիդայի» հետ։
«Ֆրանսիայում իրականացված ահաբեկչության գլխավոր մեսիջն էր՝ այլեւս միայն Մերձավոր Արեւելքում չենք, այլ աշխարհի ցանկացած կետում»,–կարծում է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը։ Ըստ նրա, «Իսլամական պետություն» խմբավորումը այդ քայլով ցույց է տվել, որ մտել է Եվրոպա ու հանգիստ չի տալու եվրոպացիներին. «Քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչները, լինեն իսլամական, քրիստոնեական, բուդդայական երկրներից, Փարիզում կայացած երթին մասնակցելով՝ ապացուցեցին, որ դեմ են մարդասպանությանը, որի միջոցով խմբավորումը փորձում է հասնել իր խնդիրների լուծմանը, իր նպատակին։ Ֆրանսիան այն երկիրն է, որ եթե այստեղ պետության, անձի հետ խնդիրներ ես ունենում, կարող ես դիմել դատարան, պաշտպանել քո իրավունքները»։ Պատգամավորի կարծիքով, Ֆրանսիայում կատարված դեպքերից հետո Եվրոպայում շատ բաներ կփոխվեն։
Վերլուծաբան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը վստահ է, որ ֆրանսիական դեպքերից հետո քաղաքակիրթ աշխարհը հասկացել է, որ անհամաչափ պատժամիջոցներ է կիրառում միավորների, պետությունների, հասարակական, ռազմական ստրուկտուրաների հանդեպ, որոնք գործում են իրենց սահմաններում կամ սահմաններից դուրս։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է համաչափ պատժամիջոցներ կիրառել։
Նրա կարծիքով, ամբողջ Եվրոպայում այժմ կխստացվեն հակաահաբեկչական միջոցառումները. «Զորքային, դիրքային, հրթիռային պատերազմների ժամանակն անցել է։ Այժմ երկու տիպի պատերազմ է ընթանում՝ տեխնոլոգիական եւ մարդկային գլուխների վերահսկման։ Հիմա Եվրոպան կրկին կսկսի պայքարը մարդկային արժեքների համար»։
ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անթույլատրելի է համարել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանն ի պատասխան մուսուլմանների նկատմամբ ոտնձգություն կատարելը։
«Փարիզում այս շաբաթ տեղի ունեցած իրադարձություններից հետո գլխավոր քարտուղարը առանձնահատուկ զգուշացնում է, որ անթույլատրելի է մուսուլմանների դեմ ճնշումներ գործադրելը։ Նման անհիմն նախապաշարումները միայն հօգուտ ահաբեկիչների կլինեն, ինչպես նաեւ կնպաստեն բռնությունների աճին»,–ասվում է փաստաթղթում։
Նշենք, որ աշխարհի բարձրագույն հոգեւոր եւ աշխարհիկ պաշտոնյաները խստորեն դատապարտում են ահաբեկչական դրսեւորումները։ Տարատեսակ ակցիաների միջոցով դրա դեմ են արտահայտվում նաեւ հասարակ քաղաքացիները։
Իսկ Փարիզում՝ Հաշմանդամների տանը այսօր կկայանա վերջին օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հետ հրաժեշտի արարողություն՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ։
Ի դեպ, ահաբեկչական գործողության թիրախ դարձած «Charlie Hebdo» ֆրանսիական հանդեսն ահաբեկչությունից հետո չի փոխի գործելաոճը։ «Charlie Hebdo»—ի թարմ համարը կրկին կհրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ եւ քաղաքականության ու կրոնի թեմայով կատակներ։ Այդ մասին հայտարարել է հանդեսի փաստաբան Ռիշար Մալկան։
«Անշուշտ, մենք հետ չենք կանգնի, քանի որ այլապես այս ամենը ոչ մի իմաստ չի ունենա»,–ասել է Մալկան «Charlie Hebdo»—ի այն համարի բովանդակության վերաբերյալ հարցին, որը հունվարի 14—ին կհայտնվի թերթերի կրպակներում։ Հանդեսի հերթական թողարկումը լույս կտեսնի մեկ միլիոն տպաքանակով (հրատարակության սովորական տպաքանակը 60 հազար օրինակ է)։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|