Անկախ այն բանից, թե որքան կտեւի լայնածավալ պատերազմը, ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական հարձակումը տապալվել է։ Մեր բանակի պրոֆեսիոնալիզմի եւ պատրաստվածության շնորհիվ ռազմական գործողություններն սկսելու առաջին իսկ օրից ոչ միայն կասեցվել է թուրք-ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, այլեւ նրանք չեն կարողանում անցնել շփման գիծը։ Քաղաքագետ, պատմաբան Սարո Սարոյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միայն այդ հանգամանքը հիմք ընդունելով` մեր հանրությունը պետք է վստահ լինի մեր հաղթանակին։ «Ռազմագիտական ու քաղաքական իրավիճակի գնահատման առումով աշխահում չկա այնպիսի օրինակ, երբ տասնապատիկ ավելի շատ զենք, սպառազինություն, զորք ունեցող եւ հարձակվող կողմը, ինչը բոլոր չափանիշներով պետք է որ հաղթանակ ապահովեր, առաջին օրերին չի կարողանում անցնել անգամ շփման գիծը։ Եթե առաջին օրերին բանակն իր առջեւ դրված մարտական խնդիրը չի կարողանում լուծել, ապա դրանից հետո ինչ էլ անի, ոչինչ չի փոխի»,-մեկնաբանեց նա։
Սարոյանի դիտարկմամբ` ներկայումս պատերազմն ընթանում է բոլորովին այլ տրամաբանությամբ` այն, ինչ որ կա եւ ինչ կլինի առաջիկա օրերին շփման գիծը ճեղքելու նպատակով, նման է լինելու «վիրավոր գազանի ուժի սպառմանը միտված քայլերի»։ Չմոռանանք, որ պատերազմի ժամանակ կարեւորագույն դերակատարություն է ունենում հոգեբանական գործոնը։«Օրերի ընթացքում արագացված ձեւով պետք է այդ ուժը մաշեցնել, հոգեբանորեն վերջնականապես այնպես կոտրել, որ այդ բանակն այլեւս անզոր լինի լուծելու որեւէ քաղաքական, ռազմական կամ պաշտպանական խնդիր։ Այսօրվա դրությամբ` գնում է մաշեցումը, ցավոք, մեր զինվորների կյանքերի հաշվին»,- ասաց զրուցակիցս՝ շեշտելով, որ, ի վերջո, այդ ամենը կբերի բոլորովին այլ իրավիճակի, երբ այլեւս էական չի լինի շփման գծում մի քանի կմ-ի փոփոխությունը, քանի որ հոգեբանական պարտության հետեւանքով այդ բանակը կտապալվի որպես միավոր։
Պատերազմի ավարտի մասին խոսելը դեռ շատ վաղ է։ Սարոյանի խոսքերով` քանի դեռ չի սպառվել գոյություն ունեցող սպառազինության, զենքի, մարդուժի պաշարը, պատերազմական գործողությունները չեն դադարեցվի.«Այս պահին խոսքը պատերազմի հոգեբանական բաղադրիչի մասին է։ Մեկ շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե որն է հաղթող բանակը»։Պատմաբանը հիշեցրեց, որ արցախյան ազատամարտի տարիներին հոգեբանական առումով շրջադարձային եղավ Քարվաճառի (Քելբաջար) գրավումը, որով ջարդվեց թշնամու ողնաշարը, թեեւ դրանից հետո էլ դեռ մեկ տարի պատերազմը շարունակվեց։
«Մեր հանրությունը պետք է վստահ լինի, որ այս պատերազմը հայերիս համար հաղթանակով է ավարտվելու։ Դա միանշանակ է, որովհետեւ բոլոր նախանշանները կան, որ հոգեբանական առավելությունն այսօր արդեն իսկ մեր կողմն է»,-ընդգծեց զրուցակիցս։ Միեւնույն ժամանակ մենք խնդիր ունենք լուծելու տեղեկատվական դաշտում, քանի որ այն, ինչ կատարվում է սահմանում, ադրբեջանական բռնապետական ռեժիմը կարողանում է մանիպուլացված ներկայացնել իր հանրությանը։ Հետեւաբար, երբ ճեղքվի տեղեկատվական պատը, եւ ադրբեջանական հանրությունն առերեսվի իրականության հետ, ապա բարոյահոգեբանական անկումը հնարավոր չի լինի կասեցնել։
Այսօր Ադրբեջանում փակ են սոցիալական ցանցերը, որն ընդամենը մի քանի օրվա լռության պաշար կարող է ապահովել Ալիեւի համար` իրականությունը թաքցնելու նպատակով։ Սակայն միանշանակ է, որ իրականությունը վաղ թե ուշ պայթյուն կառաջացնի ադրբեջանական հանրության շրջանում։ Միեւնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ վարձկանների ներկայությունը ռումբ է՝ դրված Ադրբեջանի ներսում։ «Երբ Արցախի հետ շփման գծում տեղի ունեցողը դառնա ադրբեջանական հանրության սեփականությունը, չի բացառվում, որ հոգեբանական պարտությունը կոծկելու համար Ալիեւն ու Էրդողանը գնան շատ ավելի մեծ արկածախնդրության եւ էսկալացիայի»,-ասաց քաղաքագետը` արձագանքելով մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հարձակում գործի Նախիջեւանի ուղղությամբ։ «Դա շատ լուրջ հարց է։ Երբ գնահատում ես, թե ինչպիսի քաղաքական կերպարների եւ քաղաքական իրավիճակի հետ գործ ունենք, ապա սպասելի է նման հարձակումը։ Նման արկածախնդրությունը աշխարհաքաղաքական առումով չի ներվելու ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին»,-հավելեց նա։
Ի վերջո, պատերազմի հաղթական ավարտը ձեւակերպելու համար մեր առջեւ դրված առաջնային խնդիրներից պետք է լինի ադրբեջանական հանրությանը խուճապի մատնելը՝ սեփական ղեկավարության արկածախնդրությունը եւ շփման գծում բանակի պարտությունը ներկայացնելու միջոցով։ «Այդ արդյունքները պետք է մատուցվեն ադրբեջանական հանրությանը, ինչը կապահովի մեր հոգեբանական առավելությունը, եւ դրանից հետո տեխնիկական խնդիր է մեր հաղթանակը թղթերի վրա ձեւակերպելը»,-ամփոփեց Սարոյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
hhpress.am
|