«Երեւանյան հեռանկարներ» 14—րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցան աշխարհահռչակ ալտահար, դիրիժոր, մանկավարժ եւ հասարակական գործիչ, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետը եւ նրա ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը։ Համերգը նվիված էր Բաշմետի ծննդյան 60—ամյակին։ «Շատ ուրախ եմ կրկին գտնվել այս գեղեցիկ քաղաքում։ Մեկ անգամ չէ, որ եղել եմ Հայաստանում, եւ ամեն անգամ վառ եւ ջերմ հիշողություններով եմ վերադարձել իմ երկիր։ Երբեմն Հայաստանից գնալու ցանկություն էլ չեմ ունեցել՝ այնքան եմ հավանում ձեր երկիրը։ Այսօր ծանոթացա ձեր նախագահի հետ եւ շատ ուրախացա, որ դուք շատ լավ ընտրություն եք արել՝ընտրելով շատ լավ, կիրթ եւ հայրենասեր անձնավորության։ Ես էլ իմ երկիրն եմ շատ սիրում, եւ մենք այդ առումով շատ ընդհանրություն ունենք։ Մեր նախագահն էլ է սիրում իր երկիրը, իսկ հիմա մեր երկու երկրների նախագահներն էլ ավելի են մտերմացել։ Դուք երջանիկ մարդիկ եք, որ ճիշտ ընտրություն եք կատարել։ Կարծում եմ, որ ցանկացած ազգի եւ ժողովրդի հիմքը եւ ապագան մշակույթն է»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նշեց Յուրի Բաշմետը։ «Չեմ թաքցնի, որ շատ մրցանակներ ունեմ։ Ես եկել էի հանդիսատեսից հաճույք ստանալու նպատակով եւ ստացվեց այնպես, որ օրս սկսվեց ուրախ անակնկալով։ Ես չգիտեի, որ մրցանակ կստանամ։ Այդ պահին հիշեցի, որ միշտ սիրել եմ, երբ ինձ գովում են»,–նշեց մեծանուն ալտահարը։ Նշենք, որ Բաշմետը նշանակվել է Բյուրականի նորաստեղծ միջազգային ակադեմիայի նախագահ։
|