Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
«Մեծարգո՛ պարոն նախագահ Մատարելլա,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հարգելի՛ գործընկերներ,
Մեկ անգամ եւս սրտանց ողջունում եմ ձեզ Երեւանում՝ Հայաստանի Հանրապետությունում։
Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ նախագահ Մատարելլայի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ մթնոլորտում։ Բովանդակալից քննարկում ունեցանք հայ—իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ։
Վերահաստատեցինք միջպետական հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը։
Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ—իտալական գործակցությանը նոր դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ՝ ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ նաեւ Հայաստան—Եվրամիություն գործընկերության շրջանակներում։ Արձանագրեցինք, որ Իտալիան, ընթացիկ տարում լինելով նաեւ ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձեւաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։
Անդրադարձանք Հայաստան—Եվրամիություն գործընկերությանը։ Սա եւս մի ուղղություն է, որտեղ հայ–իտալական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Այս առնչությամբ հույս հայտնեցի, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարեւորեցինք նաեւ երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է երեք տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ։
Արձանագրեցինք տնտեսական, գործարար, մշակութային եւ գիտակրթական կապերի ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ մարդկային շփումների կարեւորությունը։
Կարեւորելով մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ մեր համագործակցությունն էլ ավելի մեծ թափ կստանա վաղը Երեւանում բացվող հայ—իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի շնորհիվ։
Վստահ եմ, որ պարոն նախագահի պետական այցն ամուր հիմքեր կստեղծի հայ—իտալական քաղաքական երկխոսությունը եւ բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»,–ասել է Արմեն Սարգսյանը։
«Երախտապարտ եմ ինձ եւ ինձ ուղեկցող պատվիրակությանը շատ ջերմ ընդունելության արժանացնելու համար։ Ուրախ եմ, որ իրականացնում եմ այս այցը, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նշվում է Հայաստանի առաջին հանրապետության 100—ամյակը, Երեւանի 2800—ամյակը։ Մեր ժողովուդները հնագույն կապեր ունեն, միմյանց հետ կապված են վստահությամբ։ Իմ այս այցելությունը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու, բարեկամությունը խորացնելու համար»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասել է Սերջիո Մատարելլան։
Նա նշել է, որ ղարաբաղյան հարցում Իտալիան անպայման կաջակցի հակամարտության խաղաղ կարգավորմանը. «Կանենք ամեն ինչ, որ մեկնարկեն խաղաղ բանակցություններ եւ կփորձենք միայն քաղաքական, այլ ոչ թե ռազմական լուծման ճանապարհներ գտնել, որոնք կլինեն երկարատեւ, միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հիման վրա»։
Իտալիան շատ բարձր գնահատական է տվել Հայաստան—ԵՄ համաձայնագրին, որը մեծ հնարավորություն է ԵՄ—ի հետ հարաբերությունները զարգացնելու գործում. «Ես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ խոսել եմ այս համաձայնագրի վավերացման մասին, ինչը պետք է շատ արագ տեղի ունենա»։
Իտալիայի նախագահը նշել է, որ Հայաստանն ու Իտալիան հաջողությամբ համագործակցում են տարբեր ուղղություններով, մասնավորապես, Լիաբանանում Հայաստանի եւ Իտալիայի զինվորները միմյանց հետ են աշխատում։ Ակտիվ աշխատանք կա առեւտրի, տնտեսության, մշակութային, գիտական ոլորտներում, սակայն, ըստ Իտալիայի նախագահի, դրանք էլ ավելի զարգացնելու ներուժ կա։ Իտալիան պատրաստվում է Հայաստան բերել «նոու հաու»—ներ։ «Ուրախությամբ նշեմ, որ վաղը տեղի է ունենալու հայ—իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը։ Դա կնպաստի մշակութային հարաբերությունների ամրապնդմանը, կլինի Հայաստանին աջակցություն պատմական ժառանգությունը պահպանելու գործում»,–ասել է նա։
Սերջիո Մատարելան ընդգծել է, որ օրակարգում գիտության ոլորտում համագործակցության հարցն է։ Նա եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զրույցում առանձնացրել են աստղաֆիզիկայի ոլորտը։ Քննարկվել են տաբեր համալսարանների գիտահետազոտական աշխատողների փորձի փոխանակման հնարավորությունները։
«Հայաստանն ու Իտալիան ունեն հնարավորություն համագործակցությունը զարգացնելու այլ ոլորտներում, եւ Հայաստանը կարող է հույս դնել Իտալիայի աջակցության, բարեկամության վրա»,–ամփոփել է Սերջիո Մատարելլան։
|