ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի ներկայացուցիչներ, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Արցախում տեղի ունեցած ընտրություններից հետո սա նման ներկայացուցչական պատվիրակության առաջին այցն է Հայաստան: Ուրախ եմ այս ավանդույթի համար, որովհետեւ մենք նաեւ խորհրդարանների միջեւ գործակցության շատ մեծ օրակարգ ունենք: Ընդ որում՝ նկատի ունեմ ոչ միայն օրենսդրությունների սինխրոնացումը, այլեւ՝ մենք ունենք անվտանգային ընդհանուր մարտահրավերներ եւ ռազմավարական ընդհանուր տեսլական, եւ այդ ռազմավարական տեսլականը պետք է անընդհատ համակցվի, քննարկվի, եւ ձեւավորվի ընդհանուր ռազմավարական բովանդակություն: Ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ գործակցությանը նոր լիցք է հաղորդվել, եւ փոխվստահության շատ բարձր մակարդակ կա, ինչը, իհարկե, շատ է հեշտացնում բոլորիս աշխատանքը եւ նախադրյալներ ստեղծում դրա արդյունավետության համար:
Գիտեք, որ տարածաշրջանում, ցավոք, բավական լարված իրավիճակ է հաստատված: Ըստ էության՝ մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն: Այս վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ՝ այն տրամաբանությամբ, որ մենք արել ենք եւ անում ենք հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում բանակցությունները:
Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումը խիստ կառուցողական է: էլի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ես արել եմ աննախադեպ հայտարարություն մեր իրականության եւ ընդհանրապես հակամարտության պատմության ողջ ընթացքի համար՝ ասելով, որ Արցախի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Արցախի ժողովրդի համար՝ ակնկալելով, որ այս հայտարարությունը համարժեք արձագանք կգտնի Ադրբեջանի ղեկավարության շրջանում, ինչը բանակցություններում ճեղքում արձանագրելու մեծ հնարավորություն կտար:
Բայց ո՞րն էր Ադրբեջանի արձագանքը՝ այն էր, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ըստ էության՝ այս հայտարարությունը նշանակում է հետեւյալը՝ Ադրբեջանը, որպես նախապայման, առաջադրում է Ղարաբաղի հարցի կարգավորման մի բանաձեւ, որի էությունը 1988 թվականի ստատուս քվոյին վերադառնալն է: Հետեւաբար, հարց՝ ինչպե՞ս կարելի է կարգավորել որեւէ հակամարտություն՝ վերադառնալով նրա ակունքներին: Այսինքն՝ սա դուրս է տրամաբանությունից, որ որեւէ հակամարտություն հնարավոր է կարգավորել՝ վերադառնալով նրա ծագման իրավիճակին: Այսինքն՝ ոչ թե հակամարտությունը լուծել, բերել զրոյական կետի, այլ սկսել նոր հակամարտություն:
Ի՞նչ իմաստ ունի որպես հակամարտության կարգավորման նպատակ ձեւակերպել նոր հակամարտության մեկնարկը: Սա, իհարկե, անտրամաբանական եւ ապակառուցողական մոտեցում է, եւ ուզում եմ ընդգծել, որ մեր բոլոր այն հայտարարությունները, որոնք, այսպես ասած, ականջահաճո չեն Ադրբեջանի ղեկավարությանը, մեր համարժեք արձագանքն են նրանց արած ապակառուցողական հայտարարություններին: Ընդ որում՝ ուզում եմ էլի հստակ ասել, որ Ադրբեջանը փորձում էր բանակցային գործընթացի հիմքում դնել հետեւյալ տրամաբանությունը՝ միակողմանի զիջումներ արեք, թե չէ Ադրբեջանն ուժային մեթոդներով կլուծի հարցը:
Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի եւ սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետեւ մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Մենք շատ երկար՝ եւ անձամբ, եւ հեռակա, եւ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետեւ նույն տրամաբանությունը բերելու է նույն հետեւանքի:
Նաեւ հրապարակային եմ ասել՝ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում: Եթե Ղարաբաղի հարցն ունի ուժային լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կասի՝ ես վաղուց դա լուծել, ավարտել եմ: Վերջ: էլ ինչ ենք քննարկում: Բայց մենք ասում ենք՝ ոչ: Մենք համաձայն ենք, որ պետք է երկարատեւ, կայուն խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, եւ դրա համար առաջարկում ենք բանաձեւ, որեւէ լուծում: Սա Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի ղեկավարների անձնական պատասխանատվությունն է, եւ մենք պետք է չարչարվենք, աշխատենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Ընդ որում՝ թվարկումների հերթականությունն այստեղ բացարձակապես էական չէ: Մենք կարող ենք հակառակն ասել: Նկատի ունեմ՝ այստեղ թվարկումը ոչ թե ըստ կարեւորության է, այլ բոլորը նույն հարթության վրա են:
Բայց, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ են մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետեւ եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, կարձագանքի՝ ասելով, որ, այո՜, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի ե՛ւ Ադրբեջանի ժողովրդի համար, ե՛ւ Հայաստանի ժողովրդի համար, ե՛ւ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, եւ Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական:
Ընդ որում՝ ուզում եմ շատ կարեւոր մեկ բան արձանագրել, որ մեր գործերը, ասելիքը, ասածները, մեր հաղորդած բովանդակությունը բաց եւ փակ սենյակներում որեւէ կերպ իրարից չեն տարբերվում՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում: Կարծում եմ, որ որեւէ մեկը սրանում պետք է չկասկածի: Ինչքան էլ մենք տուժում ենք, մենք մեր ժողովրդի հետ խոսում ենք միայն ճշմարտության լեզվով: Կարող եմ ձեզ բերել օրինակ՝ կորոնավիրուսի վիճակագրությունը: Կորոնավիրուսի հետ կապված չկա մի տեղեկատվություն, որին ես անձամբ տիրապետում եմ, Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի չի տիրապետում՝ այն տարբերությամբ, որ ես միգուցե մի քանի ժամ առաջ եմ իմանում, մյուսները՝ մի քանի ժամ հետո: Մենք նաեւ դրա արդյունքում տուժում ենք, բայց, միեւնույն է, չենք կարող գնալ այլ ճանապարհով եւ մեր ժողովրդի հետ խոսել հանելուկների, գլուխկոտրուկների լեզվով:
Կրկին ուրախ եմ տեսնել ձեզ: Իհարկե, մենք այս ընթացքում նաեւ այլ ֆորմատներով հանդիպելու առիթ ենք ունեցել: Ուրախ կլինեմ լսել նաեւ ձեզ՝ եթե կան հարցեր, որոնց կարող եմ պատասխանել հաճույքով կպատասխանեմ»:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ ընդունելության համար եւ եւս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի անկախության 29-ամյակի առիթով: Նա բարձր է գնահատել Հայաստանի եւ Արցախի միջեւ փոխգործակցության մակարդակը, այդ թվում՝ միջխորհրդարանական ձեւաչափով, ինչը վկայում է հայրենիքը հզորացնելու մեր միասնական կամքի մասին, եւ ընդգծել, որ Արցախի ԱԺ-ն ջանք չի խնայելու՝ Հայաստան-Արցախ-սփյուռք կապերն ամրապնդելու եւ խորացնելու համար: Ա. Թովմասյանը նշել է, որ Արցախի նորընտիր խորհրդարանի ներկայացուցիչների այցը Հայաստան եւ հանդիպումները բարձրագույն ղեկավարության հետ լավ հնարավորություն են համագործակցությունը զարգացնելու համար:
Հանդիպմանը վարչապետը պատասխանել է Արցախի ԱԺ պատգամավորների հարցերին, անդրադարձել Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացին, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, համազգային նպատակներին ու խնդիրներին:
|