Պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանը պարտավոր է փոխել տնտեսական մոդելը։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Անհրաժեշտ է շատ լուրջ ուշադրություն դարձնել ռազմարդյունաբերական համալիրին։ Եվ այն ոչ թե պետք է բեռ դառնա տնտեսության համար, այլ հակառակը՝ շոգեքարշի դեր կատարի։ Արդյունքում՝ կզարգանան գիտական ճյուղերը, էլեկտրոնիկայի ուղղությունը, դրանք էլ իրենց հերթին կհանգեցնեն տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը»,—ասաց Թաթուլ Մանասերյանը։
Նա նշեց, որ Հայաստանը տնտեսությունը զարգացնելու լավ հնարավորություններ ունի։ Խոսելով ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցության մասին՝ տնտեսագետն ընդգծեց, որ պետք է ոչ միայն ՌԴ—ի հետ մեծացնել առեւտրատնտեսական ծավալները, այլեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների։
«Ցանկալի է, որ Հայաստանը մտածի իր ազգային մրցակցային առավելություններն իրացնելու մասին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղմթերքների, գիտական արտադրանքի իրացում եւ այլն։ Կարեւորն այդ համատեքստում ազգային օրակարգի ձեւավորումն է»,—ասաց նա։
Թաթուլ Մանասերյանը ոչ պակաս կարեւոր համարեց ԵՄ—ի հետ հարաբերությունների զարգացումը։ Նա նկատեց, որ այս տարի ակնկալվում է ԵՄ—ի հետ նոր փաստաթղթի ստորագրում, ինչը նշանակում է, որ Հայաստանին կընձեռվեն նոր հնարավորություններ, նոր պայմաններ։
Կառավարությունում օպտիմալացման գործընթացը պետք է շարունակություն ունենա եւ հասնի իր տրամաբանական ավարտին։
«Եթե վերին օղակներում կան մարդիկ, ովքեր հանրության վրա դրական տպավորություն են գործում, ապա դրանից ներքեւ բավական լուրջ խնդիրներ կան կադրային քաղաքականությունում։ Քիչ չեն դեպքերը, երբ հռչակված նպատակները ժամանակին չեն իրականացվել, որովհետեւ միջին օղակներում կան մարդիկ, ովքեր կարող են չեզոքացնել այդ դրական միտումները»,–ասաց Թաթուլ Մանասերյանը՝ ընդգծելով, որ պետական ապարատում կան իրենց աշխատավարձը չվաստակող չինովնիկներ։ Այսինքն՝ նրանցից շատերն իրենց տեղերում չեն։
Ըստ տնտեսագետի՝ կան մեկ, երկու նախարարություններ, որոնց գործառույթները կրկնվում են։ Հետեւաբար, այս գործընթացը, ոչ ավելորդ շտապողականությամբ, պետք է ունենա իր հանգուցալուծումը՝ առանց վնասելու մարդկանց, ովքեր արհեստավարժ են, ունեն ՕԳ բարձր գործակից։ Դա կլուծի կառավարման արդյունավետության համակարգի խնդիրը։ «Ակնհայտ իրողություն է, որքան բարձր է կառավարման արդյունավետությունը, այնքան տնտեսությունը դրանից շահում է, հետեւաբար կարեւորգույն խնդիր եմ համարում կադրային քաղաքականության հարցը։ Մրցույթները ոչ թե ձեւական բնույթ պետք է կրեն, այլ առարկայական։ Կադրային հարցերը վերաբերում են նախարարություններին, գործակալություններին, վարչություններին։ Մի շարք նման կառույցների գործառույթներ կրկնվում են»,–ասաց տնտեսագետը։
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ իր կողմից այդ բարձրացրած հարցերի հետ կապված պատրաստվում է անձամբ առաջարկություններ ներկայացնել կառավարությանը։
|