ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում վերջնականապես հաստատվել է դեկտեմբերի 15—ին կայանալիք համագումարի օրակարգը։ Համագումարում քննարկվելու է միայն մեկ հարց՝ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման հարցը։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, որը վարում էր նախագահ Սերժ Սարգսյանը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Լրագրողների խնդրանքով Շարմազանովն անդրադարձել է վերջին շրջանում ԲՀԿ—ի հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես, այն մասին, թե անհրաժեշտ է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի։ «Մեզ համար կարեւորը խնդրի էությունն է, ոչ թե ձեւը։ Կառավարման համակարգը խնդրի էությունը չի լուծում»,–նշել է Շարմազանովը։ «Չնայած խորին հարգանք եմ տածում ՀՅԴ—ի հանդեպ, սակայն պետք է նշել, որ այսօր այդ կուսակցությունը կանգնել է շատ լուրջ խնդրի առջեւ։ Վերջին շրջանում առաջին անգամ ՀՅԴ—ն գիտակցում է, որ ինքն իր մեջ մրցունակ նախագահի թեկնածու չունի։ Կարծես թե հենց սա է պատճառը, որ այսօր ՀՅԴ—ական պատգամավորները հայտարարել են, որ իրենք միգուցե սատարեն այն քաղաքական ուժի թեկնածուին, ով կողմ կլինի կառավարման խորհրդարանական համակարգին»,–նկատել է ԱԺ փոխնախագահը։ Էդուարդ Շարմազանովը նաեւ ներկայացրել է իր գնահատականը ՀԱԿ—ի մասին. «Այն, ի տարբերություն ՀՅԴ—ի, «կարճատեւ նախագիծ է»։
|