ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 13 » Հրադադարի խախտումներն անընդունելի են /Իսկ համաձայնությունների կատարումը անհրաժեշտություն է/
10:02
Հրադադարի խախտումներն անընդունելի են /Իսկ համաձայնությունների կատարումը անհրաժեշտություն է/

«Երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել»,–ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Ամանորի նախաշեմին հայ—ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարի 9—ին արած հայտարարության վերաբերյալ հարցին։
Դեսպաններ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդի (Միացյալ Նահանգներ) տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Բաքուն եւ Երեւանը շարունակում են միմյանց մեղադրել 2016թ. դեկտեմբերի 29—ին հայ—ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի համար, որը հանգեցրեց մարդկային զոհերի։ Հայաստանի զինված ուժերը դեռ իրենց մոտ են պահում մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը»։ Նրանք կոչ են անում վերադարձնել աճյունները՝ հիշեցնելով «խնդրի բացառապես հումանիտար բնույթը»։
«Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,–ասել են միջնորդները եւ ցավակցություններ հայտնել զոհված զինծառայողների հարազատներին եւ բոլոր այն հայերին ու ադրբեջանցիներին, ում համար «Նոր տարվա հետ կապված հույսերը մթագնվել են անիմաստ կորստի վշտից»։
Համանախագահներն անդրադարձել են նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը. «Հրադադարի խախտումներն անթույլատրելի են եւ հակասում են այն պարտավորություններին, որ ստանձնել են կողմերը, որոնք կրում են ամբողջ պատասխանատվությունը ուժ չկիրառելու համար։ Համանախագահները կոչ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ խստորեն պահպանել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ հնարավորինս կարճ ժամկետներում վերջնական տեսքի բերել ԵԱՀԿ—ի՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմը»։
«Համանախագահներն անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապես հետեւողականորեն բարձրաձայնում ենք»,–ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են։ Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը։ Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թե որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետեւաբար, հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի եւ զինադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը։ Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից»,–նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Նալբանդյանը հույս է հայտնել, որ եռանախագահները հետեւողական կլինեն՝ անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսեւորմանը՝ հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում։
«Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել։ Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են բազմիցս շեշտել՝ 1994– 1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարումը պարտադիր է, դրանց խախտումների հետեւանքով արձանագրված միջադեպերն անընդունելի են եւ լուրջ վնաս են հասցնում կարգավորման գործընթացին,–ասել է Նալբանդյանը՝ շարունակելով,–այն պայմաններում, երբ Ադրբեջանը խոչընդոտում է հետաքննության մեխանիզմի ներդրումը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, համանախագահներին մնում է այն եզակի ձեւաչափը, որն իր մանդատի համաձայն կարող է եւ պետք է շարունակի իր կանխարգելիչ գործունեությունը»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ հավասարության նշան դնող հայտարարությունների տարածումը չի կարող նպաստել, որ ադրբեջանական կողմը վերջ տա սադրանքներին եւ կյանքի կոչի խաղաղ կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունները. «Մենք մշտապես քննադատել ենք Մինսկի խմբի համանախագահների այն մոտեցումը, որ նրանք ամեն անգամ տարածում են կողմերի միջեւ հավասարության նշան դնող հայտարարություններ այն դեպքերում, երբ ակնհայտ է, թե իրականում կողմերից ով է սադրանքների հեղինակը։ Ես համոզված եմ, որ համանախագահող բոլոր երկրները շատ լավ գիտեն, թե որ կողմն է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, որ կողմն է պարբերաբար խախտում պայմանավորվածությունները եւ լարվածություն ստեղծում»։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ հայտարարությունը համարում է հերթական պարիտետային, որը Ադրբեջանի համար կրկին որեւէ նշանակություն չի ունենալու։ «Ես կարծում եմ, որ Մինսկի խումբը պետք է հենց դեկտեմբերի 29—ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ իրականացրած ագրեսիան դատապարտեր այն ընկալմամբ, որ խնդիրն ընդհանրապես դուրս է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից եւ ղարաբաղա—ադրբեջանական շփման գծի հետ որեւէ առնչություն չունի։ Կարծում եմ, որ նման պարիտետային հայտարարությունները գնալով թուլացնելու են Մինսկի խմբի դիրքերը եւ միջնորդական ջանքերը։ Անհրաժեշտ է, որ Մինսկի խումբը Ադրբեջանի վրա տեսանելի եւ հստակ քաղաքական գործիքներ բանեցնի, որպեսզի վերջինս կարողանա հնարավորություն ստեղծել բանակցային գործընթացն առաջ տանելու համար»,–ասել է նա։
«Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հերթական անատամ հայտարարությունն էր, որը թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել տարածաշրջանում իրավիճակը լարելու իր քաղաքականությունը»,–ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։ Նրա կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահները պետք է առաջին հերթին կենտրոնանային այն հանգամանքի վրա, որ հարձակումն այս անգամ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա, ոչ թե հայկական կողմից պահանջեին վերադարձնել Հայաստանի տարածքում մնացած ադրբեջանցի դիվերսանտի դիակը. «Ադրբեջանը պահանջում է իր դիվերսանտի դիակը, սակայն այդ երկիրը նախ պետք է բացատրություն տա, թե ինչպես է այդ դիակը հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում եւ միայն դրանից հետո իրավունք կունենա պահանջելու դիակը»։
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ նշել է, որ համանախագահների կազմի փոփոխությունից հետո նրանք փորձում են ինչ—որ կերպ հավասարակշռությունը պահպանել, ինչն այնքան էլ ճիշտ չէ. «Մենք միշտ ասել ենք՝ եթե ինչ—որ կողմ մեղավոր է, պետք է հասցեական հենց նրան էլ ուղղեն մեղադրանքներն ու ասեն՝ այստեղ, այս պահին եւ այսինչ տարածքում նման քայլեր են կատարվել, եւ դրա համար պետք է պատասխան տաք։ Եթե Ադրբեջանը դեկտեմբերի 29—ին ներխուժման փորձ է իրականացրել՝ ուղարկելով իր հատուկջոկատայիններին, որոնք եկել ու կատարել են իրենց գործողությունները, ինչն ապացուցված է, եւ որեւէ մեկը չի կարող ժխտել, պետք է դրա համար գոնե մեղադրվի։ Համանախագահները փաստացի չեզոք դիրք են գրավում, բայց իրականությունն այն է, որ խնդիրը պետք է ավելի խորությամբ դիտարկել, այնպես անել, որ էլ ավելի չբարդանա իրավիճակը»։
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Մինսկի խմբի հայտարարության մասին, եւ թե ինչու է դա ուշացումով եղել, ասել է, որ հայտարարությունում առկա է հակասություն. «Կարծում եմ՝ տոներն ազդել են նույնիսկ Մինսկի խմբի աշխատանքի եւ ոճի վրա։ Փորձ է արվել հավասարության նշան դնել հայկական եւ ադրբեջանական կողմերի գործողությունների միջեւ, թեեւ չեմ կարծում, որ համանախագահների համար գաղտնիք է, թե ով էր նախաձեռնել դիվերսիան։ Հայտարարության մեջ կարեւոր եմ համարում, որ հերթական անգամ նշվեց՝ կողմերը պիտի կատարեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Եթե կողքի դնենք այդ բոլոր ուղերձների դիվանագիտական ասպեկտը, ապա դրանք բացառապես ադրբեջանական կողմին են ուղղված»։
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից լարվածությունը մեծացնելու նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան կոնֆլիկտի վրա. «Մի պահ պատկերացրեք, որ Ադրբեջանը չի կրակում, ո՞վ կհիշի խնդրի մասին։ Միջազգային հանրությունը բազմաթիվ այլ խնդիրներ ունի՝ Սիրիա, Ուկրաինա եւ այլն։ Հետեւաբար, ակնհայտ է, որ Ադրբեջանին դա անհրաժեշտ է»։ 
Ադրբեջանի նախագահ Ալիեւը, ամփոփելով անցնող 2016 թվականը, հայտարարել էր, թե ապրիլին իր երկիրը հաղթանակ է տարել, ինչը ցույց է տալիս, որ իր երկիրը երբեք չի համակերպվի տարածքային կորուստների հետ։
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, նշել է, որ մարտական գործողությունների, տարատեսակ սադրանքների միջոցով Ադրբեջանի իշխանությունը ընդամենը փորձում է ցույց տալ, թե Արցախի անկախության հանգամանքն իրեն հանգիստ չի տալիս, ու ինքն այդ փաստի հետ չի համակերպվում. «Այսպիսի հայտարարությունները ինքնասփոփանք են հանրությանը հանգստացնելու համար, իսկ իրականում՝ ծուղակ ադրբեջանական հասարակության համար»։
Նույն հայտարարության մեջ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ է ռազմական ճանապարհով լուծելու Ղարաբաղի հարցը. «Ադրբեջանի նախագահի մատնանշած ապրիլյան մարտական գործողություններն ապացուցեցին հակառակը՝ Ադրբեջանը տապալվեց՝ չլուծելով իր գլխավոր խնդիրը, այն է՝ կայծակնային պատերազմի միջոցով հասնել իր համար ցանկալի լուծման։ Անհասկանալի է այն վստահությունը, որն իր բառապաշարում թույլ է տալիս այդ երկրի նախագահը»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 327 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024