Գլխավոր էջ » 2013»Օգոստոս»1 » Սեյրան Օհանյանը ընդունել է արտերկրում ուսանած հայ սպաներին
16:52
Սեյրան Օհանյանը ընդունել է արտերկրում ուսանած հայ սպաներին
Միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակներում ազգային բանակի տասնյակ սպաներ ուսանում եւ վերապատրաստվում են արտերկրյա բարձրագույն զինվորական հաստատություններում, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երեկ Ռուսաստանի Դաշնության ակադեմիաներում, ԱՄՆ—ի եւ Բալթյան քոլեջներում ուսանած շրջանավարտներին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ուսման ավարտի կապակցությամբ իր եւ պաշտպանության նախարարության ղեկավարության անունից սրտանց շնորհավորելով նրանց՝ նախարարը նշեց, որ ծառայողական առաջխաղացման համար պարտադիր նախապայման հանդիսացող լրացուցիչ կրթության եւ վերապատրաստման արդյունքում ազգային բանակը տարեցտարի համալրվում է ռազմավարական օպերատիվ—մարտավարական մակարդակի գիտելիքներ ստացած բանիմաց եւ իրենց վստահված գործին գիտակ տասնյակ սպաներով, որը էապես բարձրացնում է մեր ԶՈւ մարտական պատրաստության աստիճանը։ Ս. Օհանյանը ընդգծեց, որ ձեռք բերած գիտելիքները պետք է գործնականում ամրապնդվեն առօրյա մասնագիտական ծառայության ընթացքում։ Նախարարը շրջանավարտներին հորդորեց նաեւ ծառայողական առօրյայում առաջնորդվել լավատեսության սկզբունքով՝ մեր ԶՈւ—ի մարտունակությունը տարեցտարի միասնական ուժերով եւ եռանդով ամրապնդելու համար։