«Նրանք Ադրբեջան են մեկնել որպես վարձկան, որպեսզի փող աշխատեն եւ «օգնեն իրենց ընտանիքներին»
Այն մասին հաղորդումները, որ թուրքական զինվորականները սիրիական Իդլիբում վարձկաններ են հավաքագրում ու Ադրբեջան ուղարկում, պարբերաբար լսվում են վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին գրել են բազմաթիվ լրատվամիջոցներ: Երկուշաբթի երեկոյան սիրիացիների հավաքագրման մասին տեղեկություններ հայտնեցին նաեւ հեղինակավոր «Reuters» գործակալությունը, ինչպես նաեւ բրիտանական «Guardian» եւ «Times» թերթերը:
Մասնավորապես՝ «Guardian»-ը, հենվելով սիրիացիներից ստացած տեղեկությունների վրա, նույնիսկ նշում է պայմանագրերի ժամկետը՝ 3-6 ամիս, իսկ պարգեւավճարները կազմում են 700-1000 դոլար:
Երեկ արդեն տեղեկություններ տարածվեցին, որ վարձկանները հիասթափված են իրադարձությունների ընթացքից, որ իրենց խաբել են՝ օրորելով հեշտ հաղթանակի հույսերով: Նրանք ադրբեջանական գյուղերում թալանում են խանութները, բռնաբարում կանանց, պարտադրում ապրել շարիաթի կանոններով: Հավանաբար, հենց դա է պատճառը, որ իշխանությունները պարետային ժամ են մտցրել՝ իրավիճակի վերահսկողությունն իրենց ձեռքում պահելու համար:
Եթե վարձկանների վերաբերյալ տեղեկությունը տարածվի աշխարհում, այն ուղղակի աղետալի հետեւանքներ կունենա Ադրբեջանի համար:
«Ինչպիսի մարտավարական առավելություն էլ ստանա Ադրբեջանը, այն ուղղակի կչեզոքացվի միջազգային ասպարեզում եւ երկրի ներսում բարոյական ու հեղինակային վնասի պատճառով»,-Ջոշուա Կուչերի՝ Հարավային Կովկասի գծով ամերիկյան փորձագետի խոսքերը մեջբերել է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Գեներալ Զիյադ Հաջի Ուբեյդը, ով ենթադրաբար Սիրիայի ազգային բանակ (ՍԱԲ) կոչված կազմակերպության հրամանատարներից է, հաստատել է սիրիացի գրոհայինների՝ Արցախում գտնվելու մասին տեղեկությունը: Այդ մասին, ինչպես հայտնում է «Lenta.ru»-ն, նա հայտնել է «Rudaw»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ ՍԱԲ-ի անդամները, իրոք, ուղարկվել են Ադրբեջան՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար: Նա շեշտել է, որ դրա պատճառը Թուրքիային ենթակա սիրիական շրջաններում վատացող տնտեսական իրավիճակն է. սիրիացի գրոհայիններն Ադրբեջան են մեկնել որպես վարձկան, որպեսզի փող աշխատեն եւ «օգնեն իրենց ընտանիքներին»:
Բացի այդ, Ուբեյդը շեշտել է, որ գրոհայինները պայքարում են ազգային գաղափարների համար: «Մենք պատրաստ ենք ցանկացած վայրում պայքարել հանուն Թուրքիայի անվտանգության: Պաշտպանում ենք մեր հետաքրքրությունները՝ սեփական նպատակներին հասնելու համար»,-ասել է նա: Գեներալի խոսքերով՝ մոբիլիզացման ի վիճակի է 70 հազար մարտիկ, որոնց Թուրքիան պատրաստ է տնտեսական աջակցություն ցուցաբերել:
«Politico Europe»-ում հրապարակած հոդվածում տարածաշրջանի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը նշել է, որ Արցախում մարտական գործողությունների վերսկսումը բնութագրում է աշխարհաքաղաքական երկու նոր գործոն: «Առաջին՝ Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ բացահայտ պաշտպանում է Ադրբեջանին, իսկ Թուրքիայի նոր՝ ակտիվ դիրքորոշումը փոխում է հակամարտության աշխարհաքաղաքական հաշվեկշիռը: Երկրորդ՝ ԱՄՆ-ի հեռացումը միջնորդական առաքելությունից»,-կարծում է դե Վաալը՝ հիշեցնելով, որ 2001 թ. հենց ամերիկացիների օգնությամբ Հայաստանն ու Ադրբեջանն զգալիորեն մոտեցան խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Սակայն կիրակի օրը մարտական գործողությունների վերսկսվելուց հետո հակամարտության խաղաղ կարգավորմանը մասնակից խոշոր պետություններից վերջինը հենց Վաշինգտոնը մեկնաբանեց իրադարձությունները:
Թուրքիայի միջամտությունն Ադրբեջանին հույսեր է ներշնչել, որ այս անգամ կարող է գրավել Արցախը: Այդ երկրի իշխանությունները չեն հրապարակում իրենց զոհերի տվյալները, ինչը նշանակում է, որ պատրաստվել են երկարատեւ պատերազմի:
Հայկական կողմը թշնամու զոհերի մասին իրեն հայտնի որոշ տվյալներ արդեն հրապարակել է: Դրանցից ադրբեջանցիները կարող են օգտվել, եթե համացանցից օգտվելու հնարավորություն ունենան, քանի որ մերոնք բացահայտում են նաեւ ադրբեջանական բանակի զոհված զինվորների անունները: Բայց դա կարող են անել արտասահմանում գտնվող նրանց բարեկամները՝ հետեւելով հայկական աղբյուրներին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով այդ երկրի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին, սկսել է լրջորեն զբաղվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ՝ բանակցություններ վարելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Գերմանական կառավարության ղեկավարը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, իսկ հարեւան երկրները պետք է օգնեն խաղաղ կարգավորմանը: Մերկելի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հարմար ֆորում է հակամարտող կողմերի միջեւ բանակցությունների համար:
Հայտնի խորհրդային կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը «Երեկոն՝ Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում ռուսաստանյան իշխանություններին Արցախում իրավիճակի սրման ֆոնին կոչ է արել կողմնորոշվել երկրի կարգավիճակի հարցում: Շահնազարովը հասկանում է Հայաստանին կամ Ադրբեջանին աջակցության հարցում իրավիճակի ողջ բարդությունը:
«Մի կողմից՝ Հայաստանը դաշնակից է, ՀԱՊԿ-ի անդամ: Բացի այդ, այնտեղ է մեր ռազմաբազան: Մյուս կողմից՝ Ադրբեջանը նախկին խորհրդային հանրապետություն է, տեղի ժողովուրդը երկար է ապրել Ռուսական կայսրության կազմում: Սկզբունքորեն նրանց հետ հարաբերությունները նույնպես կարեւոր են: Կան ընդհանուր տնտեսական շատ նախագծեր, շատ կապեր…»,- ասել է կինոռեժիսորը:
Շահնազարովը շեշտել է, որ, այդուհանդերձ, կարեւոր է հասկանալ, որ Ռուսաստանն անձամբ իր համար չի կարողանում պատասխանել գլխավոր հարցին:
«Այնպիսի զգացողություն ունեմ, որ դա մետաֆիզիկական հարց է: Եվ Ռուսաստանը մինչ օրս այն չի վճռել իր համար: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կայսրությո՞ւն է, թե՞ ինչ-որ առեւտրային ձեռնարկություն, որը գազամուղներ է անցկացնում, նավթ է վաճառում, պատրաստուկներ արտադրում ու վաճառում մեծ քանակով: Մի կողմից՝ կարող ես հետ քաշվել: Եվ Ռուսաստանի շատ քաղաքացիների համար տրամաբանությունը հասկանալի կլինի. իսկ ինչո՞ւ մեր երեխաները պետք է զոհվեն: Մյուս կողմից՝ եթե ինքդ ես որոշում հեռանալ, հաջորդ անգամ այդ երկրներից յուրաքանչյուրը կասի՝ իսկ ի՞նչն է մեզ կապում Ռուսաստանի հետ, ի՞նչ պետք է սպասենք, մեր ինչի՞ն է դա պետք: Բացի նրանից, որ Ռուսաստանը կարող է գազը էժան վաճառել: Մենք նույնիսկ կարող ենք հրաժարվել կայսրության կարգավիճակից, բայց դա պետք է վճռել: Որովհետեւ այսօր մենք եւ հավակնում ենք, եւ չենք հավակնում: Ռուսական կայսրությունը միշտ վերահսկել է եվրասիական տարածքը, ամենուր ներկա է եղել, ամենուր հարցեր է լուծել: Այսօրվա Ռուսաստանի Դաշնությունը, ցավոք, ոչ մի կերպ չի կողմնորոշվում իր ներքին նշանակության հարցում»,-ընդգծել է Շահնազարովը:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ
hhpress.am
|