ՀՀ պետական բյուջեի եկամուտները այս տարվա առաջին եռամսյակում կազմել են շուրջ 231.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 206.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 103 տոկոսով եւ 88.8 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի կատարման ծրագիրը։ Այս մասին ապրիլի 29—ին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2013թ. առաջին եռամսյակի ՀՀ պետական բյուջեի կատարողականը։ «Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար—մարտ ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ ասաց նա։ Պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառնվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները։ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ մասնավորապես՝ արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 5.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 84.7 տոկոսը, իսկ ծախսերը՝ 2.9 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 39.3 տոկոսը։ Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով 22.3 տոկոսով, ծախսերի գծով՝ 20.1 տոկոսով։ Խոսելով ՀՀ պետական բյուջեի եկամուտների մասին՝ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2012թ առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.8 տոկոսով կամ շուրջ 44.5 միլիարդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին։ «Պետական բյուջեի եկամուտների 95.1 տոկոսը ձեւավորվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի, 4.7 տոկոսը՝ այլ եկամուտների, 0.2 տոկոսը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին»,–ասաց նա։ 2013թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 220 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 103.8 տոկոսը։ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց,որ 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն ավելացել են 42.7 մլրդ դրամով կամ 24.1 տոկոսով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի եւ մաքստաուրքի գծով մուտքերի աճով։ Բացի դրանից, 2013թ. հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական՝ եկամտային հարկ, որի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 43.6 մլրդ դրամ։ «2013թ առաջին եռամսյակում նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 10.4 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ եւ 6.8 մլրդ դրամ եկամտահարկ։ Եկամտային հարկից ստացված մուտքերը՝ հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին 21.4 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը»,–ասաց Ջանջուղազյանը։ Նոր հարկատեսակի՝ շրջանառության հարկի գծով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.8 մլրդ դրամ։ Այս տարվա հունվար—մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 7.5 միլիարդ պակասուրդի դիմաց։ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ ներքին ֆինանսավորումը կազմել է —0.3 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը՝ —22.1 մլրդ դրամ։
|