ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 25.11.2017, 05:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 20 » Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն /Ապօրինի անտառահատումների կանխարգելման համար/
11:18
Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն /Ապօրինի անտառահատումների կանխարգելման համար/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել։
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականն անտառօգտագործման ծավալների եւ պատասխանատվության միջոցների կատարելագործման վերաբերյալ էր։ «Անտառների կառավարման եւ պահպանման արդյունավետության բարձրացման եւ առկա խնդիրների լուծման նպատակով տրվել էր համապատասխան հանձնարարական։ Մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված եւ լրամշակված հայեցակարգը կներկայացվի կառավարության աշխատակազմ։ Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը, մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները»,–նշել է Կարեն Կարապետյանը։
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները եւ դրանց լուծման հրատապությունը՝ վարչապետը հանձնարարել է բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին՝ միաժամանակ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը։ Հանձնարարվել է նաեւ 10–օրյա ժամկետում համատեղ քննարկել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված եւ օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի եւ սահմանափակումների վրա։ Վերոնշյալ գերատեսչությունների ղեկավարները 2–ամսյա ժամկետում համատեղ կմշակեն եւ կառավարության աշխատակազմ կներկայացնեն ապօրինի անտառհատումների վերաբերյալ վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման եւ խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր։
«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառ»–ում բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով լեգալիզացնել անտառահատումները, ֆինանսական միջոցներ ուղղենք «Հայանտառ», որպեսզի վերջինս պատրաստ լինի գույքով եւ անհրաժեշտ գործիքներով մաքսիմալ կոշտ հսկողություն իրականացնելու»,–ընդգծել է վարչապետը։


Առաջարկություններ՝ Երեւանում խցանումների նվազեցման վերաբերյալ
 

Կառավարության ղեկավարի երկրորդ հանձնարարականը ճանապարհային երթեւեկության ընթացքում առաջացող խցանումների եւ այլ խնդիրների վերաբերյալ էր։ «Վերջին ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնվել են օրենսդրական եւ գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման եւ նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ։ Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքներին հավելվող տույժերը վերացվել են։ Մշակված նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ։ Միաժամանակ, փաստ է, որ աշխատանքային օրերին Երեւան քաղաքում առկա են խցանումներ, երթեւեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են եւ պահանջում են լուծումներ։ Մասնավորապես, խնդիրներ են առաջանում նաեւ ուղեւորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով»,–ասել է Կարեն Կարապետյանը։
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին եւ առաջարկել Երեւանի քաղաքապետին 2–ամսյա ժամկետում ուսումնասիրել Երեւան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաեւ այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը եւ առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ։
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին եւ ոստիկանության պետին հանձնարարվել է 1–ամսյա ժամկետում ուսումնասիրել ուղեւորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։


ՀՀ–ի եւ ՌԴ–ի միջեւ բեռների փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների
 

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ նախատեսվում է ստորագրել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր։ Գործադիրը համաձայնություն է տվել այդ համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ըստ հիմնավորման՝ համաձայնագրին համապատասխան երկու երկրների միջեւ եւ իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաեւ՝ դեպի երրորդ երկիր եւ երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների։ Թույլտվություն կպահանջվի միայն ԵԱՏՄ ոչ անդամ–պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս։ Միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում, որը երկու երկրների լիազոր մարմինները կփոխանակեն յուրաքանչյուր տարի։ Այդ փոխադրումները իրականացնելու նպատակով լիազոր մարմինները կտրամադրեն հատուկ թույլտվություն։ Համաձայնագիրը ներառում է փոխադրումների անվտանգության, ապահովագրության եւ վերահսկողության մեխանիզմներ։ Միաժամանակ, բեռների եւ ուղեւորների փոխադրումներ իրականացնող փոխադրողները սույն համաձայնագրի շրջանակում երկու պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս փոխադարձաբար ազատվում են մյուս պետության տարածքում տրանսպորտային միջոցների սեփականության եւ դրանց օգտագործման հետ կապված տուրքերից, գանձումներից եւ մուծումներից՝ բացառությամբ, եթե տվյալ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։


Օրենսդրական  նախաձեռնություններ
 

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Օրինագծերով նախատեսվում է, մասնավորապես, ավելացնել վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3–ով, այսինքն՝ մեկ դատական կազմով։ ՀՀ դատարանների նախագահների խորհրդին վերապահվել է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն։ Ամրագրվել է, որ վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են հինգ հարյուր հազար դրամը։ Նախագծերի ընդունմամբ կնվազեցվի վարչական եւ վերաքննիչ դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը։
Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է դատական նոր օրենսգրքի, էլեկտրոնային հարթակի ներդրման ժամկետների վերաբերյալ։ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ դատական նոր օրենսգրքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, այդ թվում՝ տրամադրվել է նաեւ Փաստաբանական, Նոտարական պալատներին, դատավորներին։ «Ինչ վերաբերում է էլեկտրոնային հարթակներին, ապա պետք է նշեմ, որ դատական ոլորտում ներկայում գործում են էլեկտրոնային համակարգեր։ Խնդիրը դրանք նոր մակարդակի հասցնելն է, որը բավական շատ դրամական միջոցներ է պահանջում։ Այս պահին մենք մշակում ենք նոր տեխնիկական առաջադրանք, որից հետո ձեռնամուխ կլինենք միջոցներ հայթայթելուն»,–նշել է նախարարը։
Վարչապետն ավելացրել է, որ էլեկտրոնային հարթակների ստեղծումը համահունչ կլինի ներկայումս մշակվող թվային օրակարգի ռազմավարության տրամաբանությանը։
Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ օրենքը կնպաստի հանրաքվեի ինստիտուտի դերի եւ նշանակության բարձրացմանը։
Հավանության է արժանացել նաեւ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է հստակ եւ համապարփակ կարգավորել ՀՀ սահմանադրության փոփոխությունների արդյունքում բարեփոխված հանրաքվեի ինստիտուտի կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված հարաբերությունները։ Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ՝ օրենքը կստեղծի հուսալի երաշխիքներ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության եւ դերակատարության համար, ինչպես նաեւ կնպաստի հանրաքվեի ինստիտուտի դերի եւ նշանակության բարձրացմանը։ Նախագծով հստակ կարգավորում են ստացել հանրաքվե հասկացությունը եւ դրա անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող նախագծերը եւ այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, հարցը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման եւ այլ հարցերի մասին է։ Բացի այդ, նախագծով հստակ սահմանվել է հանրաքվեի դրվող հարցերի շրջանակը։ Նախագծով ամրագրվել է նաեւ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե անցկացնելու արգելքը՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից։
Կառավարությունը առաջարկություններ է ներկայացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։


Կստեղծվի քաղաքացիների բողոքներին եւ դիմումներին արագ արձագանքման  բաժին
 

ՀՀ առողջապահության նախարարության առջեւ դրված կանոնադրական գործառույթների առավել նպատակային, արդյունավետ իրականացման, աշխատանքների օպերատիվ կազմակերպման, կրկնվող գործառույթները բացառելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա ուսումնասիրվել է նախարարության աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների գործառույթների շրջանակը, դրանց համապատասխանությունը նախարարության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նպատակներին եւ խնդիրներին։ Ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է նախարարության աշխատակազմի առանձին հաստիքների կրճատման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նախարարության աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ (ներառյալ նոր ստորաբաժանումներ ստեղծելու միջոցով) կատարել գործող կառուցվածքում։ Մասնավորապես՝ նախատեսվում է նախարարության արտաքին կապերի բաժինը վերակազմավորել միջազգային հարաբերությունների վարչության։ Ելնելով «Թեժ գիծ» ծառայության աշխատանքի կարեւորությունից եւ հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ նախատեսվում է ՀՀ ԱՆ աշխատակազմի կառուցվածքում ստեղծել առանձին ստորաբաժանում։ Այն հնարավորություն կտա ծառայության գործառույթներն իրականացնել ավելի արդյունավետ։ Արդյունքում կկրճատվի 35 հաստիք, եւ կխնայվի ավելի քան 86 մլն դրամ։
Կառավարությունն ընդունել է «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» եւ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ–ները միացման ձեւով վերակազմակերպելու մասին» որոշում։ Արդյունքում ակնկալվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործում եւ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացում։ Արդյունքում կկրճատվի 11 հաստիք, եւ կխնայվի 9 մլն դրամ։
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով պայմանավորված՝ գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաեւ այլ անձ, սխալմամբ կենսաթոշակառուին ավելի վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել, եթե առկա է անձի գրավոր դիմումը, իսկ եթե բացակայում է անձի գրավոր համաձայնությունը, ապա այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով։ Լուծում է տրվել նաեւ իրավակիրառական պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների։


Պարզեցվում է վարչարարությունը
 

Գործող ընթացակարգը պարզեցնելու եւ քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։ Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը։ Մասնավորապես՝ նախատեսվում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից տրամադրվող՝ տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, ինչպես նաեւ առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի փոխարեն տրամադրել տասնօրյա ժամկետում։


Արտոնություն թեթեւ արդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրի
 

Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Նանման» ՍՊԸ–ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ «Նանման» ՍՊԸ–ն գործում է թեթեւ արդյունաբերության բնագավառում։ Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել շուրջ 59.6 մլն ՀՀ դրամի ներդրում եւ ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 78 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները կկազմեն՝ մոտ 91 մլն ՀՀ դրամ, որից՝ մոտ 47 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ–ում, մոտ 40 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, մոտ 4 մլն ՀՀ դրամը՝ ԵՄ երկրներում։


Կառավարությունը շարունակում է աջակցել 
 

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթական, սոցիալ–տնտեսական վիճակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը կհատկացվի 80 մլն դրամ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար։ Գումարը հատկացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրման եւ 2016թ. ապրիլի 2–6–ը ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով։
Կառավարությունը որոշել է Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցը միացման ձեւով վերակազմակերպել՝ միացնելով Վիդրոջենյա N 28 հիմնական դպրոցին։ Հիմնավորման համաձայն՝ Մարշալ Բաղրամյանի անվան դպրոցում սովորում է 30 աշակերտ, իսկ Վիդրոջենյա հիմնական դպրոցը գործում է տիպային շենքային համալիրներում, թերբեռնված է, սեյսմակայուն է (կառուցվել է երկրաշարժից հետո) եւ ունի բավարար նյութատեխնիկական բազա։ Արդյունքում կխնայվի 19 մլն դրամ։


Այլ որոշումներ
 

Գործադիրը որոշել է Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված ՀՀ սեփականություն հանդիսացող, Սյունիքի մարզի Տեղ համայնքի Ս. Բարխուդարյան փողոցում գտնվող անշարժ գույքերը նվիրաբերել Տեղ համայնքին՝ համայնքային զարգացման կենտրոն ստեղծելու եւ նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու պայմանով։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, ըստ որի նախատեսվել է Պռոշյանի համայնքում գտնվող հողամասերը վաճառել «Պ եւ Օ» ՓԲԸ–ին։ Ընկերությունը պարտավորվել էր ապահովել ոչ պակաս, քան 1000 քառ. մետրի շինարարության կատարումը, սանիտարական դիսպանսերների եւ ձեռքի մաքրող սանիտարական հեղուկների արտադրության գործընթացը՝ շինարարության եւ կոմունիկացիոն ցանցի համար՝ անհրաժեշտ թույլտվություններն ստանալուց հետո։ Փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել, որ ընկերությունը պետք է ոչ միայն ապահովի համապատասխան շինարարությունը, այլ նաեւ կառուցի գործարան։ Բացի այդ, ամրագրվում է, որ պայմանագրով սահմանված ժամկետում եւ չափով ներդրումը չկատարելու եւ/կամ գործարանը չկառուցելու դեպքում երեք ամսվա ընթացքում տուգանք կվճարի ՀՀ պետբյուջե։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 10 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017