ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 04.05.2024, 08:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 2 » Ազգային անվտանգության հիմնասյուները /Պատերազմող երկրների սահմանները միայն բնական պետք է լինեն/
14:53
Ազգային անվտանգության հիմնասյուները /Պատերազմող երկրների սահմանները միայն բնական պետք է լինեն/

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունն այն կարեւորագույն փաստաթուղթն է, որն արձանագրում է պետության առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերները եւ մշակում այն քաղաքականությունը, որն ուղղված կլինի երկրի զարգացման տեսլականին։ Ազգային անվտանգությունը ներառում է քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական բաղադրիչները, քանի որ դրանք գտնվում են սերտ փոխազդեցության մեջ։
Գործող ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվել է դեռեւս 2007 թվականին։ Փաստաթղթի շուրջ հանրային քննարկումների ժամանակ նշվում էր, որ այն պետք է հինգ տարին մեկ անգամ վերանայվի։ Արդեն 12 տարի է անցել, սակայն հայեցակարգը որեւէ կերպ չի թարմացվել։ Մինչդեռ այդ ժամանակվանից ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ եւ էական փոփոխություններ են տեղի ունեցել, նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, որոնցից էլ բխում է այս փաստաթղթի վերանայման ու փոփոխության անհրաժեշտությունը։ Ազգի եւ պետության զարգացման տեսլականին վերաբերող խնդիրներ կան, որոնք տարիներով չեն չափվում եւ ավելի երկարաժամկետ լուծումներ են պահանջում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդեն ստեղծվել է ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբը, հաստատվել են հանձնախմբի անհատական կազմը եւ գործունեության կարգը։ Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է մեկ տարվա ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը, այնուհետեւ՝ ՀՀ կառավարության հաստատմանը։
Թեմայի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է պատմաբան, քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։ Նրա խոսքով, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը կարեւոր փաստաթուղթ է այն առումով, որ ամրագրում է պետության գլխավոր ուղենիշերը՝ կապված երկրի պաշտպանունակության եւ անվտանգության հետ։ Ցանկացած մարդու համար առաջնային է անվտանգության խնդիրը։ Այն առավել քան արդիական է հայ ժողովրդի համար, որն ունի պատմական որոշակի ժառանգություն եւ մեր տարածաշրջանում գոյատեւման խնդիր է լուծում։ «Անվտանգության խնդիրն արդիական է լինելու առաջիկա տասնամյակների համար եւս, հետեւաբար մեզ համար այս փաստաթուղթն էական նշանակություն ունի։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի երկիր եւ անվտանգային համակարգ ենք ուզում ունենալ, ինչպիսի ծրագրեր ենք ուզում իրականացնել առաջիկա տարիներին՝ պաշտպանելու մեր պետությունը, հանրությունը եւ այն միջավայրը, որտեղ ապրում ենք»,–ասաց Սարոյանը։
2007—ին փաստաթուղթը մշակվեց եւ շրջանառության մեջ դրվեց շատ նեղ շրջանակների կողմից։ Քաղաքագետը նշեց, որ անգամ պետական հիմնարկներ ուղարկելիս գործընթացին ձեւական մոտեցում էր ցուցաբերվում, որեւէ նախաձեռնողականություն չէր խրախուսվում։ «Հիմա մոտեցումն այլ է. հայտարարվել է, որ փաստաթուղթը պետք է ընդունվի նաեւ մասնագիտական շրջանակների կողմից լայն քննարկման արդյունքում, որպեսզի մի կողմից՝ մասնագիտական առումով բավարարի մեր առջեւ դրված խնդիրներն ու պահանջները, մյուս կողմից՝ լուծի հանրային համերաշխության խնդիրը։ Դա թույլ կտա հետագայում չքննադատել փաստաթուղթը, ինչպես եղավ 2007—ին, երբ հարցով զբաղվում էին միայն նեղ շրջանակներ, իսկ հանրային քաղաքական դաշտի մնացած դերակատարներին հաշվի չէին առնում»,–ընդգծեց նա։
Թե՛ մարտահրավերները, թե՛ շահերը, թե հնարավորությունները կարելի է դասակարգել եւ անգամ գտնել ինչ—որ բանաձեւեր, բայց քաղաքագետը հակված է այն մոտեցմանը, որ նոր հայեցակարգը պետք է ստեղծի անբեկանելի այն հիմքերը, որոնք զերծ կպահեն մեր անվտանգային միջավայրն ու պաշտպանունակությունը ինչ—որ անձանց կամ քաղաքական շրջանակների առանձին միջամտությունից՝ կլինեն դրանք արտաքին, թե ներքին սուբյեկտներ։ Այսինքն՝ անհրաժեշտ է ունենալ այնպիսի փաստաթուղթ, որին հղում կատարելով հնարավոր կլինի չեզոքացնել բոլոր այն շահերը, որոնք չեն բխում պետության եւ ազգի շահերից։


Անվտանգության կրթական բաղադրիչը
 

Անվտանգային միջավայրը չափազանց լայն հասկացություն է, այն ընդգրկում է մեր կեցության ամենատարբեր բնագավառները՝ սկսած պարենային, սննդի, կենսաբանական, քիմիականից մինչեւ ռազմական, տնտեսական, կրթական անվտանգություն։ Կրթության բնագավառում որդեգրած քաղաքականությունն ու արժեբանությունն են ձեւավորելու այն անհատին, հասարակությանը, ազգին, որը ստանձնելու է ապագայի կերտման պատասխանատվությունը։
Հասարակության մտածելակերպում շոշափելի արդյունքների հասնելու համար, քաղաքագետի կարծիքով, անհրաժեշտ է արմատական փոփոխություններ իրականացնել կրթական համակարգում։ Դոգմատիկ կրթական համակարգից պետք է հրաժարվել՝ հիմք դնելով քննադատական, վերլուծական, պատճառահետեւանքային կապը տեսնելուն ուղղված կրթական համակարգին։ Այդ գործընթացը, բնականաբար, միայն սովորողներով չի պայմանավորված, այլեւ ուսուցչադասախոսական կազմի կրթությամբ։ «Կրթության որակով եւ դրա հիմքում դրված արժեքներով է որոշվում, թե որքանով պատրաստ կլինեն հասարակությունն ու պետությունը դիմակայելու մարտահրավերներին։ Հենց դա էլ կորոշի տվյալ երկրի ապագան։ Պատմությունը ցույց է տալիս, որ փակ համակարգերը դատապարտված են։ Զարմանալի է, սակայն պատմական դառը փորձը հաշվի չառնելով, այսօր էլ կան երկրներ, որոնք կրկին փորձում են գնալ այդ ճանապարհով»,–նկատեց վերլուծաբանը։ Նման որոշումների հիմքում ընկած կարող է լինել նաեւ նման երկրներում ձեւավորված կառավարման քաղաքական մշակույթը։ Զրուցակցիս համոզմամբ, մեր երկիրը քաղաքական մտքի, քաղաքական մտածողության, կառավարման քաղաքական մշակույթի առումով շատ առաջադեմ է, եւ դա պայմանավորված չէ միայն այս մեկուկես տարվա իրադարձություններով։ «Այս մեկուկես տարվա իրականությանը մենք հասել են խորքային գործընթացների շնորհիվ, որոնք տեղի էին ունենում տարիներ շարունակ»,–հավելեց Սարոյանը։
1994 թ. զինադադարից հետո մեր երկիրը մշտապես գտնվում է պատերազմի վերսկսման վտանգի մեջ, սակայն մեր հասարակությունը տարրական գիտելիքներ չունի, թե ինչպես է պետք վարվել պատերազմական իրավիճակներում։ «Կրթական համակարգը պետք է այնպիսի գիտելիքներ հաղորդի, որ մեր քաղաքացիները հստակ պատկերացում կազմեն անվտանգային այն միջավայրի մասին, որտեղ ապրում են, եւ իմանան ինչպես վարվել ցանկացած իրավիճակում, երբ կփոխվեն արտաքին ազդակները, օրինակ՝ ինչպես պատրաստվել դիմադրության կամ ինչպես վարվել ռմբակոծությունների ժամանակ»,–ասաց զրուցակիցս՝ նշելով, որ նախորդ տասնամյակներում ինչպես պետության մնացած բոլոր բնագավառներում, այնպես էլ կրթության ոլորտում բարձիթողի վիճակ էր։
Զինվորական պատրաստության մասով որեւէ լուրջ պետական մոտեցում չի նկատվում չհաշված մի շարք անհատների, խմբերի կամ հասարակական կազմակերպությունների իրականացրած գործունեությունը։ «Ռազմագիտություն առարկայի կարեւորությունը չեն գիտակցում ոչ միայն երեխաները, այլեւ ծնողները, իսկ դպրոցներում զինղեկ հաճախ ընդունվում են այնպիսի մարդիկ, որոնք զինվորական կոչում ունենալուց բացի, այլ մասնագիտական չափանիշների չեն բավարարում։ Վերջին անգամ զենքի հետ շփվել են թերեւս տասնամյակներ առաջ կամ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է կատարվել աշխարհում վերջին տասնամյակներում, կամ էլ մակերեսային մոտեցում ունեն երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին։ Մեծ հաշվով ֆիզկուլտուրայի դասաժամերն էլ նույն վիճակում են։ Այս առարկան էլ հաճախ դասավանդվում է մատների արանքով, մինչդեռ երեխայի ֆիզիկական կրթությունը պետք է օժանդակի զինծառայությանը, առողջությանը, ինչպես նաեւ կարգապահություն եւ պատասխանատվության զգացում ձեւավորի երեխայի մեջ։ Տղաներին չեն նախապատրաստում հետագա զինվորական ծառայության համար, իսկ աղջիկներին էլ չեն տրվում գոնե տարրական գիտելիքներ բուժօգնության մասով»,–մանրամասնեց Սարոյանը։ Նա նկատեց, որ, օրինակ, Իսրայելում կանանց զինծառության խնդիրը լուծված է, այնտեղ բոլորովին այլ է դրվածքը, եւ մենք էլ պետք է հասկանանք՝ որքանով կարող ենք օգտակար լուծումներ վերցնել այնտեղից։ Խոսքը կանանց պարտադիր զինծառայության անցնելու մասին չէ, այլ թեկուզ կամավոր հիմունքներով որոշակի աշխատանքների իրականացման, որոնք պայմանավորված չեն լինի ֆիզիկական ուժով։


Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

Շարունակելի

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 276 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024