ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 24.11.2017, 19:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 10 » Բանակ եւ համազգային միասնություն /Այս բացառիկ արժեքների վրա է կառուցվելու ապագա տանող հաղթանակների կամուրջը/
10:11
Բանակ եւ համազգային միասնություն /Այս բացառիկ արժեքների վրա է կառուցվելու ապագա տանող հաղթանակների կամուրջը/

Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի ու երիտասարդության պալատում կայացավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72—րդ, Շուշի ազատագրման 25—րդ տարեդարձերին եւ ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների, գերատեսչությունների ղեկավարներ, պետական ու քաղաքական գործիչներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ ու զինվորականներ, հյուրեր՝ Հայաստանից եւ արտերկրից։
Հանդիսության սկզբում Արցախի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ներս բերվեցին երկրի ու պաշտպանության բանակի դրոշները։
Մայիսյան եռատոնի առթիվ զեկուցումով հանդես եկավ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։
«Ուղիղ 72 տարի առաջ մեր պապերն ու հայրերը, խորհրդային բազմազգ ժողովրդի շարքերում մարտնչելով Մեծ հայրենականի ամենատարբեր ռազմաճակատներում, բարձր պահեցին հայի պատիվը եւ իրավամբ վաստակեցին հաղթողի համբավ։ Ավարայրով ու Սարդարապատով ինքնահաստատված մեր ժողովրդի փառավոր զավակներն իրենց կատարածով մեկ անգամ եւս ապացուցեցին, որ հերոսությունն ու արժանապատվությունը հային առանձնահատուկ հատկանիշներ են։ Եվ ահա Մեծ հաղթանակից ուղիղ 47 տարի անց հայը տակավին դարձավ հերոսության ջահակիր, բայց այս անգամ արդեն ոչ թե օտար ափերում, այլ հարազատ ու բազմաչարչար նախնյաց հողում։ Ուղիղ 25 տարի առաջ՝ 1992թ. մայիսի 9—ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը, չորս հարվածային ուղղություններում ճեղքելով հակառակորդի կողմից ռազմական հզոր հենակետի վերածված Շուշիի պաշտպանությունը, մտան Հայոց հինավուրց բերդաքաղաք, իսկ այնուհետեւ զարգացնելով հարձակումը, 10—օրյա ժամանակահատվածում դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահման։ Շուշիի ազատագրման ռազմագործողության պատմական նշանակությունն անգնահատելի է արցախահայության կյանքում։ Քանզի այն, բացի մարտական հաջողություն լինելուց, կարեւոր հաղթանակ էր նաեւ դասական ռազմարվեստի տեսանկյունից», — շեշտեց Լ. Մնացականյանը։
Անդրադառնալով պաշտպանության բանակի ստեղծման նախապայմաններին՝ գեներալը նշեց, որ մտահղացման իրագործումը հատկապես հրատապ ու անխուսափելի դարձավ 1992թ. ամառային մարտաշրջանում, երբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Մոսկվայի հանցավոր թողտվությամբ, գործողության մեջ դրեց Ադրբեջանում տեղակայված նախկին խորհրդային բանակի մարդկային ու տեխնիկական ներուժը եւ, անցնելով լայնածավալ հարձակման, գրավեց ողջ Հյուսիսային Արցախը, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների մեծ մասն ու հարվածի սպառնալիք ստեղծեց Ստեփանակերտի ուղղությամբ։
Արցախի համար ստեղծված ռազմաքաղաքական ծայրահեղ դժվարին պայմաններում հայկական կողմին վիճակված էր պաշտպանական գործողություններին զուգահեռ անցնել բանակաշինության անասելի ծանր ու պատասխանատու գործընթացի իրականացմանը։ Կարճ ժամանակաընթացքում կատարվեց առկա ուժերի եւ միջոցների վերակենտրոնացում մեկ միասնական հրամանատարության ներքո, ձեւավորվեց բանակի շտաբ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով։ Ողջ հանրապետության տարածքը բաժանվեց պաշտպանական գոտիների, որոնց հիմքի վրա ձեւավորվեցին նախ 6, իսկ այնուհետեւ՝ 8 պաշտպանական շրջաններ։ 1992թ. ամառվա վերջերին եւ աշնան սկզբներին Արցախն արդեն ուներ համապատասխան հաստիքակառուցվածքային ստորաբաժանումներով համալրված եւ կենտրոնացված ղեկավարման համակարգով կառավարելի բանակ, ինչը շատ արագ իրեն զգացնել տվեց հետագա մարտական գործողությունների ընթացքում։
Աշնան վերջերին ռազմաճակատի բոլոր հատվածներում կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը, 1993թ. սկզբներին Արցախի բանակը պաշտպանությունից անցավ հակահարձակման եւ հաշվված ամիսների ընթացքում ոչ միայն ազատագրեց թշնամու կողմից նախկինում գրավված տարածքները, այլեւ մեկը մյուսի հետեւից իր վերահսկողության տակ առավ հզոր ռազմահենակետերի վերածված Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Ղուբաթլիի եւ Զանգելանի շրջանները։ Ստեղծված ռազմաքաղաքական բարդ պայմաններում էր, որ Ադրբեջանը ստիպված եղավ հայցել Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը եւ 1994—ի մայիսին գնալ պարտադրված զինադադարի…
«Հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո երկրում բանակաշինությունը թեւակոխեց նոր փուլ»,–խոսելով Արցախի պաշտպանական ուժերի հետագա կատարելագործմանը միտված քայլերի մասին, ասաց պաշտպանության նախարարը։ Նա միաժամանակ հավելեց, որ միամտություն կլիներ կարծել, թե հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական կողմը երբեւէ օրակարգից հանել է հակամարտությունը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու տարբերակը։ «Ուժային հավասարակշռության ադրբեջանական ընկալումն աստիճանաբար սկսեց տեղի տալ այն ժամանակ, երբ հարեւան երկրում, ի հաշիվ օր օրի աճող նավթային հսկայական եկամուտների, արձանագրվեց ռազմական ծախսերի աննախադեպ ընդլայնման գործընթաց։ Համաձայն միջազգային մի շարք փորձագիտական կենտրոնների կողմից 2013թ. արված եզրակացությունների՝ Ադրբեջանը դարձավ աշխարհի ամենառազմականացված տասը պետություններից մեկը, իսկ հարավկովկասյան տարածաշրջանում՝ ամենառազմականացվածը։ Այս իրողությամբ ոգեւորված՝ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդեն 2014 թվականից սկսած, որդեգրեց բացահայտ ռազմաշունչ հռետորաբանություն եւ, դրան զուգահեռ, առաջնային գծում իրադրությունն արհեստականորեն սրելու մարտավարություն»,–նշեց նախարարը։ Նրա խոսքով, եթե սկզբնական շրջանում դա հիմնականում արտահայտվում էր դիպուկահարային պատերազմով կամ դիվերսիոն—հետախուզական ներթափանցման փորձերով, ապա 2015 թվականից շփման գծի ողջ երկայնքով սկսեցին կիրառվել տարբեր տրամաչափի ականանետային եւ հրթիռահրետանային զինատեսակներ։
Դեպքերի զարգացումն ակնհայտ ցույց էր տալիս, որ հակառակորդը կանխամտածված պատրաստվում էր լայնածավալ առճակատման, ինչը հաստատվեց 2016թ. ապրիլի 1—ի լույս 2—ի գիշերը։ «Հրադադարի հաստատումից 22 տարի անց շփման գծի հյուսիսային եւ հարավային ուղղություններով նախաձեռնելով լայնածավալ հարձակում՝ Ադրբեջանը գործողության մեջ դրեց իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման որոշ զինատեսակներ ու ռազմաօդային ուժեր,–զեկուցման մեջ ընդգծեց Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը։–Սակայն նման ուժերի եւ միջոցների կիրառման դեպքում անգամ հակառակորդը ոչ միայն չկարողացավ հասնել իր առջեւ դրված նվազագույն խնդրի կատարմանը, այլեւ հսկայական մարդկային ու նյութական կորուստներ կրելուց հետո ստիպված եղավ կրկին դիմել Մոսկվայի միջնորդությանը եւ աղերսել կրակի դադարեցում»։ 
Ըստ Լ. Մնացականյանի՝ չնայած պաշտպանական Բաքուն մինչեւ վերջ գաղտնի պահեց ապրիլյան գործողությունների արդյունքում իր ունեցած կորուստների իրական թիվը, բայցեւայնպես, դատելով ռադիոկլանման, տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ համացանցի եւ միջազգային փորձագիտական աղբյուրների տվյալներից, ակնհայտ է դառնում, որ նրա զոհերի թիվը հասնում է շուրջ 1000–ի, իսկ վիրավորներինը՝ մոտ 2000—ի։ Բացի մեծաքանակ կենդանի ուժից, ադրբեջանական բանակը կորցրեց տասնյակ զրահատանկային, հրթիռահրետանային, օդային միջոցներ եւ այլ ռազմական տեխնիկա։
Նախարարի համոզմամբ՝ ստանալով ջախջախիչ հակահարված, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն կորցրեց բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի վրա որեւէ ճնշում գործադրելու հնարավորությունը, այլեւ ստիպված էր կրած անհաջողությունը պարտակելու համար դիմել իրողությունների կեղծման սեփական մեթոդին։ Բաքուն փորձեց տեղի ունեցած առճակատումը ներկայացնել ոչ այլ կերպ, քան հայերի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետեւանք։ Այնինչ փաստերը լրիվությամբ հակառակն են ապացուցում, եւ դրանում համոզված է եթե ոչ ադրբեջանական, ապա գոնե միջազգային հանրության եւ, հատկապես, փորձագիտական շրջանակների մեծամասնությունը։
Լ. Մնացականյանի խոսքով՝ ապրիլյան քառօրյա առճակատումը եւ դրան հաջորդած զարգացումները, իրենց թողած ծանր հետեւանքներով հանդերձ, միաժամանակ ուղղորդիչ նշանակություն ունեցան ինչպես հայ ժողովրդի հետագա կենսագործունեության կազմակերպման, այնպես էլ նրա զինված ուժերի աստիճանական առաջընթացի ապահովման տեսանկյունից։ «Կատարվածը հերթական անգամ ապացուցեց, որ Արցախի լինելիության թիվ մեկ գրավականը նրա բանակն է, իսկ վերջինիս հզորության աղբյուրը՝ հայոց համազգային միասնությունը։ Սրանք այն երկու բացառիկ արժեքներն են, որոնց հիմքի վրա կառուցվել ու պիտի կառուցվի հայության համար կենսական կարեւորություն ունեցող եւ դեպի ապագա տանող հաղթանակների կամուրջը»,–շեշտեց գեներալը։
Անդրադառնալով մայիսյան եռատոնի խորհրդին՝ Լ. Մնացականյանը նշեց, թե «այն առաջին հերթին ապրողներիս սովորեցնում է անընդհատ հիշել ու մեծարել բոլոր նրանց, ովքեր սեփական կյանքով կերտել են իրենց անմահության կոթողը՝ լինի Մեծ հայրենականի մարտադաշտերում, թե Արցախի պաշտպանության դիրքերում»... Հիշելով ու մեծարելով Մեծ հայրենականում եւ արցախյան դիմակայության ողջ ընթացքում մարտիրոսված հերոսներին, միաժամանակ, պահանջված է փառավորել բոլոր այն ապրողներին, ովքեր հայրենիքի պաշտպանության առաջնագծում իրենց կատարած սխրագործություններով կարողացան ձախողել վայրագ հակառակորդի հեռահար պլանները եւ վերջինիս պարտադրել կրակի դադարեցում։ Նրանց ծանրակշիռ մասը, հատկապես ապրիլյան քառօրյայի ընթացքում, հիմնականում 18—20 տարեկան նվիրյալներ էին, ովքեր անտեսելով թշնամական ուժերի թիվն ու քանակը, հարձակման հանկարծակիությունն ու վայրենաբարո արարքների ծավալները, իրենց հրամանատարների գլխավորությամբ կատարեցին անհնարինը եւ, բացառությամբ մի քանի հենակետի, անառիկ պահեցին մոտ 200 կմ երկարությամբ ձգվող Հայոց արեւելյան սահմանը։ «Մարտական գործողությունների առաջին իսկ օրից հայության տարբեր հատվածները ներկայացնող հարյուրավոր կամավորականներ, անտեսելով իրենց տարիքը, առանց որեւէ կանչի կամ հայտարարության, շտապեցին կանգնել առաջնագիծը պաշտպանող իրենց զավակների ու եղբայրների կողքին,–նշեց նա։–Այդ օրերին առանձնահատուկ ակտիվություն դրսեւորեցին հատկապես արցախյան առաջին պատերազմի մասնակիցները, ովքեր համախմբված լինելով տարբեր հասարակական կազմակերպությունների շուրջ, մեկնեցին ռազմաճակատ եւ մոտ երկու ամիս շարունակ մարտական ծառայություն իրականացրին առաջնագծի ամենադժվարին հատվածներում»։ Անուրանալի է նաեւ աշխարհասփյուռ հայության եւ նրանց կողքին կանգնած բոլոր այն օտարերկրյա քաղաքական ու հասարակական գործիչների կատարածը, որոնց նյութական ու բարոյական աջակցության շնորհիվ ոչ միայն ամրապնդվեց եւ առավել անխոցելի դարձավ Արցախի պաշտպանությունը,այլեւ աշխարհն իրազեկվեց, թե ով էր ապրիլյան գործողությունների իրական սադրիչը»։
Ամփոփելով խոսքը, նախարարը փաստեց, որ Արցախի զինված ուժերի մարտունակության եւ նշված գործոնների հանրագումարի արդյունքում ադրբեջանական լայնածավալ ագրեսիան ավարտվեց հակառակորդի կողմից նախապես ծրագրված գործողությունների կատարյալ ձախողմամբ։ «Արցախի Հանրապետությունը հերթական անգամ վերահաստատեց իր վճռականությունը՝ ցանկացած գնով ազատ ու անկախ գոյակցելու սեփական իրավունքը պաշտպանելու համար։ Ապրիլյան քառօրյայի ընթացքում հակառակորդի իրականացրած վայրագությունները միջազգային հանրության առավել լայն շրջանակներում ամրապնդեցին այն համոզմունքը, որ Ադրբեջանի կազմում Արցախի խաղաղ գոյակցությունը ոչ միայն անհեռանկար, այլեւ անհնար է»։ Լ. Մնացականյանը հավաստիացրեց, որ 25—ամյա պաշտպանության բանակը՝ հայ հասարակության բոլոր շերտերի անմնացորդ աջակցության շնորհիվ, եղել է, կա եւ միշտ լինելու է իր բարձրության վրա։
Երեկոյան՝ ՊԲ գեղարվեստական կոլեկտիվի եւ պետական համույթների մասնակցությամբ տրվեց տոնական համերգ։ hhpress.am

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 15 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017