Երեկ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել Մաքսային միության (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Նուրսուլթան Նազարբաեւի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը։ Բանակցություններին մասնակցել են նաեւ Եվրամիության ներկայացուցիչները՝ ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, առեւտրի եւ էներգետիկայի հանձնակատարներ Կարլ դե Գյուխտը եւ Գյունտեր Էտինգերը։
Օրակարգում են ուկրաինական ճգնաժամի կարգավորման, ԵՄ եւ Ուկրաինայի միջեւ Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո կողմերի ապագա տնտեսական հարաբերությունների, էներգետիկ համագործակցության հարցերը։
Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը։ Նա հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն անհնար է կարգավորել ռազմական ճանապարհով եւ առանց երկխոսելու Ուկրաինայի հարավ—արեւելյան շրջանների ներկայացուցիչների հետ։ ՌԴ նախագահը մանրամասն անդրադարձել է Ուկրաինայի հետ տնտեսական հարաբերություններին եւ ընդգծել, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը բացասական է ազդելու Մաքսային միության հետ Ուկրաինայի տնտեսական փոխգործակցության վրա։
«Ամենահամեստ հաշվարկներով՝ միայն Ռուսաստանի տնտեսության կորուստները կկազմեն 100 միլիարդ ռուբլի։ Հարվածի տակ կհայտնվեն մեր արդյունաբերության եւ գյուղատնտեսության ողջ ոլորտներ»,–նշել է Պուտինը։
Նա փաստել է, որ ԵՄ կողմից ուկրաինական ապրանքների համար մաքսային սահմանափակումների վերացումից հետո եվրոպական ապրանքների մեծ հոսք կլինի դեպի Ուկրաինա, իսկ այդ ապրանքների համեմատ անմրցունակ ուկրաինական արտադրանքը պարզապես կլցվի Մաքսային միության, հատկապես ռուսական շուկա՝ մեծ վնաս հասցնելով ռուսական արտադրողներին։ Ռուսաստանի ղեկավարը նախազգուշացրել է, որ նման դեպքում ռուսական կողմը պատասխան քայլեր կձեռնարկի եւ չեղյալ կհամարի Ուկրաինային տրված արտոնությունները։
Բացի այդ, Պուտինը խոսել է նաեւ Ուկրաինայի հնարավոր մեծ կորուստների մասին, երբ այդ երկիրը Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո ինքնաբերաբար կկորցնի սերտ տնտեսական կապերը Մաքսային միության հետ։
Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն, իր հերթին, շեշտել է, որ Մինսկի այդ հանդիպմանը որոշվում է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ողջ աշխարհի ու Եվրոպայի ճակատագիրը։ Նա հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում պետք է ընկալելի լինի, որ Ուկրաինան պահպանում է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որ պետք է հարգել իր ապագան ինքնուրույն որոշելու ուկրաինական ժողովրդի իրավունքը։ Նա ընդգծել է, որ պատրաստ է քննարկել ուկրաինական ճգնաժամի լուծման ցանկացած տարբերակ, որը թույլ կտա հասնել խաղաղության Ուկրաինայում եւ Եվրոպայում։ Պորոշենկոն կոչ է արել ընդունել Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման իր ծրագիրը։ Նա, միաժամանակ, պատրաստակամություն է հայտնել ապագայում եւս շարունակել ԵՄ—Ուկրաինա—Ռուսաստան ձեւաչափով բանակցությունները եւ բոլոր կողմերին հրավիրել է մասնակցել Ուկրաինայի հարցով միջազգային դոնորների համաժողովին։
Իսկ ԵՄ հանձնակատար Քեթրին Էշթոնը ընդգծել է ուկրաինական հակամարտության լուծման հարցում երկխոսության կարեւորությունը։
Ալեքսանդր Լուկաշենկոն էլ նշել է, որ անհրաժեշտ է ցանկացած ձեւով խնդիրը լուծել. «Բոլորն այդ ցանկությունն ունեն։ Դրա վերջը պետք է տալ։ Ոչ ոքի այդ եղբայրասպան պատերազմը պետք չէ»։
|