Գարունը զարթոնք է, վերածնունդ, նոր կյանքի սկիզբ։ Հողից նոր գլուխը հանող եւ աշխարհին զարմանքով նայող ծաղիկ է։ Արեւի ջերմ շողերը կլանող կանաչ է ու թռչունների զլացող ծլվլոց։ Գարունը սեր է, սիրո սպասում։ Գարունը կին է, քույր ու մայր։ Գարնան բոլոր գույներն ու հրապույրներն են կնոջ մեջ։ Եվ դրանով են նաեւ նրանք ավելի սիրելի։
Գեղեցիկ ավանդույթ է դարձել մեկ ամիս շարունակ կանանց մեծարելը, քնքուշ ու հաճելի խոսքեր ասելը, նրանց հոգատարությամբ շրջապատելը։ Եվ իհարկե, նրանք արժանի են ամենագեղեցիկ խոսքերին ու ծաղիկներին։ Սակայն նաեւ լավ գիտակցում ենք, որ այս հոգատարությունը բնավ չպետք է սահմանափակվի միայն մեկ ամսով։ Կանայք ինչպես դարեր շարունակ, հիմա էլ տղամարդկանց կողքին են, նրանց նեցուկն ու հավատարիմ ուղեկիցը բոլոր դժվար պահերին։ Չկան ոլորտներ, որտեղ հնարավոր է հաջողություններ գրանցել առանց կանանց գործուն մասնակցության։ Հետայսու եւս նրանք լինելու են բոլոր լավ գործերի ու մտահղացումների կենտրոնում։ Ուստի մաղթենք մեր մայրերին ու դուստրերին, բոլոր կանանց անսահման սեր ու երջանիկ կյանք։
|