ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 08.05.2024, 12:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 17 » ՀՀԿ—ն հանձնառու է գործընթացն առաջ տանելու /«Քառյակից» ՀՅԴ—ն եւ «Ժառանգությունը» կողմ են առաջարկվող բարեփոխումներին/
13:41
ՀՀԿ—ն հանձնառու է գործընթացն առաջ տանելու /«Քառյակից» ՀՅԴ—ն եւ «Ժառանգությունը» կողմ են առաջարկվող բարեփոխումներին/

Սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթը քննարկման փուլում կլինի մինչեւ հոկտեմբերի 15—ը։ Մինչ այդ ժամկետը քաղաքական ուժերը կհայտնեն իրենց դիրքորոշումների մասին։ Այս առումով արդեն այսօր պարզ է, որ «քառյակում» հակասություններ կան. ուժերից երկուսը կտրուկ դեմ են փոփոխություններին. նշում են, որ իշխանությունները դրանով ցանկանում են լուծել վերարտադրման խնդիր, բացի այդ, ասում են, թե բարեփոխումները ժամանակավրեպ են, քանի որ երկրում առկա են այլ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, չեն մոռանում նշել, թե հասարակությունը փոփոխությունների պահանջ չի դրել, մյուս երկուսն էլ հանդես են գալիս փոփոխությունների վերաբերյալ կառուցողական առաջարկներով։ 
Սահմանադրական բարեփոխումների գործընթացին նվիրված խորհրդաժողով էր հրավիրել երեկ «Ժառանգություն» կուսակցությունը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դեմ արտահայտվեց բարեփոխումներին։ Սահմանադրությունը մեկ այլով փոխարինելու փորձը, նրա խոսքով, վտանգ է պարունակում իր մեջ։ Նա ընդգծեց, որ ժողովրդավար պետությունները սահմանադրություն չեն փոխում։ Բացի այդ, ՀԱԿ—ի համար միանշանակ մերժելի է այն, ինչ իշխանությունն առաջարկում է։ 
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանի խոսքով, առաջ է քաշվել արհեստական մի օրակարգ՝ առանց բավարար հիմնավորումների. «Այսօր երկրում չկա սահմանադրական ճգնաժամ, չկա սահմանադրական բարեփոխումների հասարակական տրամադրություն, առավել եւս, որ խնդիրները եւ դրանց լուծումները բոլորովին էլ սահմանադրական չեն. պայմանավորված չեն Սահմանադրությամբ կամ դրա անկատարությամբ ու որեւէ նորմի բացակայությամբ»։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ «Ժառանգությունը» կողմ է սահմանադրական փոփոխություններին, առավել եւս՝ պետական կառավարման համակարգի փոփոխությանը. «Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժ կարող է դեմ լինել սահմանադրական փոփոխություններին, որովհետեւ պետությունը կենդանի օրգանիզմ է նաեւ, եւ պետք է ժամանակի մեջ փոխվեն սահմանադրական շեշտադրումները»։
Նա նաեւ նշեց այն պայմանները, որոնց ապահովման դեպքում միայն «Ժառանգությունը» պատրաստ է մասնակցել սահմանադրական փոփոխությունների ընթացքին. «Եթե քաղաքական մեծամասնությունը քննարկի ու ընդունի հետեւյալ առաջարկությունները՝ ընտրական օրենսգրքի փոփոխություն, ԱԺ—ի կողմից «Խորհրդարանական ընդդիմության մասին» օրենքի ընդունում, սահմանադրական հանրաքվեից հետո բարեփոխված սահմանադրությամբ անցկացնել համապետական ընտրություններ»։
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով իրենց դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, վերահաստատեց, որ ՀՅԴ—ն կողմ է սահմանադրական փոփոխություններին՝ դրա կենտրոնում տեսնելով կառավարման մոդելի փոփոխություն, եւ դա ոչ թե իրավիճակային մոտեցում է, այլ տարիների ընթացքում ձեւավորված՝ ՀՅԴ—ի համոզումը։ Այն բանախոսներին, ովքեր մատնանշում էին կառավարման խորհրդարանական համակարգի թերությունները, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ՀՀ անկախության 23 տարիների ընթացքում կառավարման կիսանախագահական մոդելի ժամանակ ձեւավորվեցին բոլոր բացասական երեւույթները։ «Որեւէ մեկը սին հույսեր չի փայփայում, որ, կառավարման մոդելը փոխելով, միանգամից բոլոր թերությունները կվերանան, բայց ակնհայտ է նաեւ, որ ներկա կառավարման ձեւն իր հիմքում դրել է երկրում առկա բոլոր բացասական երեւույթներն ամրապնդելու սկզբունքը»,–ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերը չպետք է թույլ տան, որ երկիրը հայտնվի ճգնաժամի մեջ եւ նոր անցնեն սահմանադրական փոփոխությունների։ 
Արծվիկ Մինասյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների կարեւոր հարցերից մեկն է անկախ եւ ինքնուրույն դատական համակարգի ձեւավորումը։ Ըստ պատգամավորի՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման պատճառներից մեկն էլ այն է, որ այդ դրույթների մեծ մասը կրում է հռչակագրային բնույթ, եւ չկան մեխանիզմներ։ Իրավունքի գերակայության մեխանիզմի մասին է խոսվում, բայց դրա մեխանիզմը չկա, չկա մասնակցային ժողովրդավարության մեխանիզմ։ ՀՅԴ—ում ցանկանում են, որ առաջին հերթին բարեփոխվի ընտրական համակարգը՝ լինեն երաշխիքներ ազատ, արդար ընտրությունների հարցում, երկրորդը՝ ընդդիմության դերակատարության մեծացումն է։ «Այո, անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, այո, անհրաժեշտ է, որ մենք ձեւավորենք, համախոհության հիման վրա, այն փոփոխությունների փաթեթը, որը պետք է այսօրվա իշխանության պայմաններում պարտադրենք ու ստանանք երաշխիքներ։ Սա է պայքարի միակ ձեւը, սա է երկիրն առաջ տանելու միակ հնարավորությունը, սա ասել ենք տարբեր ժամանակներում, սա ասում ենք հիմա, եւ պատմությունը ցույց է տվել, որ մենք ճիշտ ենք։ Գոնե մեկ անգամ լսեք 124—ամյա կուսակցությանը»,–ասաց Արծվիկ Մինասյանը։ 
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, վերահաստատեց ՀՅԴ խմբակցության՝ տարիներ շարունակ բարձրաձայնած այն դիրքորոշումը, որ ներկա կառավարման համակարգը չի նպաստում երկրի զարգացմանը։ Ըստ նրա՝ մենք անունով այսօր ունենք կիսանախագահական համակարգ, իրականում ունենք սուպերնախագահական համակարգ, որտեղ չափազանց կենտրոնացված է իշխանությունը, որտեղ քաղաքական մեծամասնությունը եւ նախագահը նույն կուսակցության ներկայացուցիչներ են։ Ինչ վերաբերում է մյուս տարբերակին, երբ նախագահը մեծամասնությունից չէ, ապա դրա սցենարներն ամբողջ աշխարհում հայտնի են, եւ դա ոչ մի լավ տեղ չի տանում։ «Պատկերացրեք այսօր հանրապետության նախագահը լիներ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկ շաբաթ հետո երկիրը գնալու էր բոլորովին այլ տեղ»,– ասաց Աղվան Վարդանյանը։ 
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունները մերժող ուժերի եւս մեկ փաստարկին, այն է՝ թող հասարակությունը որոշի, թող ժողովուրդը որոշի, Աղվան Վարդանյանը հակադարձեց. «Հարգելի՛ գործընկերներ, քաղաքական որոշումները կայացնում են քաղաքական ուժերը, քաղաքական կուսակցությունների ղեկավարները, եւ պետք չէ թաքնվել հասարակության կամ ժողովրդի անվան տակ։ Կամ պետք է հասարակությանը հստակ ասել մեր նպատակների մասին, կամ պետք է ասել, որ մենք հերթական անգամ մանիպուլյացիայի ենք ենթարկելու հասարակությանը։ Սահմանադրական բարեփոխումները հնարավոր է անել այնպես, որ երկիրը իսկապես շնչի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը հնարավորինս սերտ աշխատեն, ստեղծեն իրենց միասնական փաթեթը եւ դնեն իշխանությունների առաջ»։
ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումները մեր երկրի հասարակական—քաղաքական կյանքում ունենալու են վճռորոշ նշանակություն. «Մինչեւ հոկտեմբերի 15—ը հանձնաժողովը ժամանակ ունի աշխատելու այս փաստաթղթի վրա, եւ հույս ունեմ, որ մենք կունենանք մի փաստաթուղթ, որի հիման վրա կշարունակենք քննարկումները»։
«Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ որպես իշխող քաղաքական ուժ, հանձնառու եւ պատասխանատու է սահմանադրական բարեփոխումների գործընթացն առաջ տանելու հարցում,–ասաց նա։–Միեւնույն ժամանակ, շատ կցանկանայի, որ Հայաստանում գործող քաղաքական համակարգը գիտակցի իր ամբողջական պատասխանատվությունն այս շատ կարեւոր գործընթացում։ Սա միայն կառավարող կուսակցության խնդիրը չէ, այլ տարբեր քաղաքական ուժերի խնդիրն է՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական»։ Նահապետյանը համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե իշխանությունները, սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելով, վերարտադրության խնդիր են դրել։ Կորյուն Նահապետյանը նշեց, որ, ընդհանրապես, իշխանությունների վերարտադրում հասկացությունն իր համար անհասկանալի է, քանի որ ցանկացած իշխանություն կամ ընդդիմություն ցանկանում է վերընտրվել, կամ գալ իշխանության։
Կորյուն Նահապետյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց մտնել բովանդակային քննարկումների մեջ, ներկայացնել նոր առաջարկներ եւ գաղափարներ, որոնք բոլորը միասին քննարկելու հնարավորություն կունենան։ «Կցանկանայի առաջարկել, որ խորհրդարանը ներկայացնող քաղաքական ուժերն այս թեմայով նոր քննարկումներ կազմակերպեն տարբեր ձեւաչափերով, որոնք կունենան մեկ նպատակ՝ ամրապնդել Հայաստանի Սահմանադրությունը, ունենալ մարդու իրավունքների պաշտպանության առավել հուսալի համակարգ, անկախ եւ անկողմնակալ դատական իշխանության ձեւավորման վրա հիմնված նոր քայլերի ծրագիր եւ չկենտրոնանալ միայն կառավարման ձեւի հետ կապված խնդիրների վրա»,–ասաց ՀՀԿ—ական պատգամավորը՝ ընդգծելով, որ կառավարման համակարգի հարցը սահմանադրական բարեփոխումների առանցքային հարցերից մեկն է, սակայն ոչ ամենակարեւորը։
«Ոչ ոք չի ասում, այդ թվում եւ հանձնաժողովը, որ այն խնդիրները, որոնք կան մեր երկրում, պետք է դնենք մի կողմ ու միայն սահմանադրական բարեփոխումներով զբաղվենք։ Այդ բարեփոխումները չեն գալիս իրենցով փոխարինելու այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ ջանքերը»,– հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար—գլխավոր քարտուղար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը։
Վերջինս հիշեցրեց, որ դեռեւս 90—ականներին ու հատկապես 2000—ականների սկզբին առաջարկվել է անցում պառլամենտական կառավարման մոդելին։ Եվ այսօր, երբ ասում են, թե սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտ են, բայց դեռ դրանց ժամանակը չէ, նա հարց է տալիս. «Իսկ ո՞վ ասաց, որ ինչ—որ պահի այդ ժամանակը լինելու է, որտեղի՞ց վստահություն, որ այդ ժամանակը լինելու է մեկ կամ երեք տարի հետո»։
Ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ խնդիրների լուծման համար բավարար է քաղաքական կամքի առկայությունը։ Հրայր Թովմասյանը համաձայն չէ այդ մտքի հետ. «Ես հիմա խոսում եմ որպես իրավաբան ու ՀՀ քաղաքացի. ես չեմ ուզում, որ իմ երկրում ինչ—որ բան բացառապես կախված լինի քաղաքական կամքից։ Ես ուզում եմ, որ դա հենց այդպես էլ լինի։ Շատ են խոսում քաղաքական կամքից, բայց հնարավոր է այդ կամքը չլինի ու հանկարծ պարզվի, որ մեր կառավարությունը բաղկացած է երկու նախարարությունից, իսկ մնացած բոլորը իրականացնում են կառավարությանն առընթեր մարմինները, որոնք դուրս են պառլամենտական վերահսկողությունից։ Վատ կամքի դեպքում, այո, նաեւ նման դրսեւորում է հնարավոր։ Իսկ գուցե Սահմանադրությամբ հնարավո՞ր է այդ ամբողջը լուծել, այդ բոլորի պատասխանները տալ ու վերջացնել»։
Հ. Թովմասյանը, դիմելով ընդդիմախոսներին, հարցադրումներ հնչեցրեց. «Ինչի՞ն եք դեմ, ես ուզում եմ հասկանալ։ Ես կրկնում եմ՝ այն փաստարկը, թե դեռ ժամանակը չի, համոզիչ չի, քանի որ չկա երաշխիք, որ ժամանակի ընթացքում դրանք վերանալու են։ Կամ հայտարարում են՝ ժողովրդավար երկրներում սահմանադրությունը չի փոխվում։ Այսինքն՝ ինչ է, արձանագրում ենք, որ մենք արդեն ժողովրդավարական երկի՞ր ենք։ Հակասությունները տասնյակ են ու շատ»։
Վերջում Հ. Թովմասյանը հորդորեց քաղաքական ուժերին օգնել քննարկումներում, առավել եւս, որ հանձնաժողովը պատրաստ է դրանց։
Սահմանադրագետ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի համոզմամբ, բարեփոխումները անհրաժեշտ են, քանի որ ներկայիս Սահմանադրությունը իշխանակենտրոն է եւ ոչ թե մարդակենտրոն. «Բարեփոխումների գերնպատակն է իրավական պետության անկյունաքար հանդիսացող իրավունքի գերակայության հաստատումը»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 376 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024