Միաբեւեռ աշխարհակարգի մոդելը չկայացավ։ Երեկ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում, հայտարարել է ՌԴ—ի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Աշխարհն իրոք սրընթաց փոխվում է։ Մենք տեսնում ենք վիթխարի աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական, կառուցվածքային տեղաշարժեր։ Միաբեւեռ աշխարհակարգի մոդելը չկայացավ։ Այսօր դա ակներեւ է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր դեռեւս փորձում են գործել կոորդինատների սովորական համակարգում»,– ասել է նախագահը։
Նա ընդգծել է, որ դա հասկանում են նաեւ նրանք, ովքեր փորձում են պահպանել մենաշնորհը, խաղի իրենց կանոնները թելադրել քաղաքականության մեջ, առեւտրում, ֆինանսներում եւ պարտադրել մշակութային ու գործելակերպի ստանդարտներ, հաղորդել է «Ինտերֆաքսը»։
Վլադիմիր Պուտինը նաեւ հայտարարել է, որ մոտ ապագայում եզրափակակիչ փուլ կմտնի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացը։ «Ռուսաստանը գործընկերների հետ իրականացնում է մասշտաբային եվրասիական տնտեսական ծրագիր։ Դրա կենտրոնական իրադարձությունը տեղի կունենա Աստանայում մայիսի 29—ին, երբ կստորագրվի Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը։ Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1—ից՝ 170 միլիոն բնակչությամբ տարածքում լայն հնարավորություններ ստեղծելով բիզնեսի, համատեղ ներդրումային ծրագրերի, համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության համար՝ արտաքին շուկաներում կոորդինացիայի համար։ Բոլոր գործընկերների համաձայնությամբ մոտ ապագայում կեզրափակվեն նաեւ մեր ինտեգրացիոն միությանը Հայաստանի միանալու գործընթացները»,–ասել է նա։
Համապատասխան աշխատանքներ իրականացվում են նաեւ Ղրղըզստանի հետ։ Ռուսաստանը լուրջ հեռանկարներ է տեսնում Եվրասիական միության եւ Եվրամիության համագործակցության համար։ «Մենք պատրաստ ենք համագործակցել եւ ԵՄ առանձին երկրների, եւ ողջ Եվրամիության հետ։ Եվրոպան մեր կարեւորագույն տնտեսական գործընկերն է, եւ ցանկանում ենք, որ վերացվեն առեւտրի համար խոչընդոտ հանդիսացող արգելքները»,–ասել է ՌԴ նախագահը։
|