ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 03:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 30 » Մշտապես պատրաստ զրույցի, քննարկման, երկխոսելու
16:54
Մշտապես պատրաստ զրույցի, քննարկման, երկխոսելու

Այսօր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է
Հերթական ծննդյան օրը երկրի նախագահի համար հերթական աշխատանքային օրն է, ինչպես, ասենք, կառավարության համար՝ հերթական նիստի օր, ընդդիմությունն էլ այդ օրն իր աշխատանքն ունի՝ հանրահավաք է անում։ Այսինքն, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, ինչպես ժողովրդավարական կամ ժողովրդավարության ուղին բռնած երկրներում՝ իշխանությունը զբաղված է իր գործով, ընդդիմությունը՝ իր, բոլորն էլ այն համոզմունքով, որ իրենց գործունեության մեկնակետն ու նպատակակետը ժողովուրդն է։ 
Մեր հասարակության համար ընդհանուր առմամբ թեմաներ կան, որոնք թեեւ կոնկրետ այդ՝ երկրի նախագահի ծննդյան օրվան չեն վերաբերում, բայց շարունակական են՝ վաղուց սկսված եւ դեռ, ըստ ամենայնի, երկար շարունակվող։ Անկախ դրանց բնույթից, բոլորի միջով այսօր անցնում է երկխոսության՝ որպես հասարակությունը հանուն երկրի ապագայի համախմբող երաշխիքի, գաղափարը, որ տեւական ժամանակ փայփայվում ու չարչրկվում է, իմաստավորվում ու իմաստազրկվում, ձեւ ստանում ու ձեւախեղվում։ Այսօր աշխարհում երկխոսություն ասվածի կարիքը կարծես թե կա ամենուրեք՝ երկխոսություն պետությունների միջեւ, արժեհամակարգերի միջեւ, կրոնների ու գաղափարների միջեւ, երկխոսություն հասարակությունների միջեւ եւ միեւնույն հասարակության մեջ, ժողովուրդների միջեւ եւ նույն ժողովրդի մեջ … Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով են կողմերը (որոնք կարող են լինել երկուսից ավելի) տրամադրված եւ պատրաստ գաղափարը կյանքի կոչելուն։ Այսինքն, որքանով են երկխոսողների (անձի, երկրի, կազմակերպության եւ այլն) մեջ առկա լսելու, հանդուրժելու, քննարկելու գծեր։ Վոլտերն ասում է. «Ես համաձայն չեմ նրա հետ, ինչ դուք ասում եք, բայց ես մինչեւ վերջ կպաշտպանեմ դա ասելու ձեր իրավունքը», այսինքն՝ պատրաստ եմ ապահովել խոսելու, արտահայտվելու, առաջարկելու, դժգոհելու եւ բողոքելու ձեր իրավունքը, լսել ձեզ։ Սա պահանջում է քաղաքական ամուր կամք, զգացմունքներից վեր կանգնելու սթափություն եւ համամարդկային արժեքներին հավատարմություն, երկրի նախագահի պարագայում՝ առավել մեծ ջանքեր ու պատասխանատվություն, որովհետեւ նա բոլորի՝ ամբողջ երկրի ու ժողովրդի նախագահն է։
Սերժ Սարգսյանը Հայաստանի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց ի վեր (եւ մինչ այդ) մշտապես արտահայտվել է հասարակությունը հատվածների չբաժանելու, քաղաքական բոլոր ուժերի հետ քննարկումներ անցկացնելու, երկխոսելու մասին։ Դրա վերաբերյալ Սերժ Սարգսյանը նշեց նաեւ օրերս արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսությանն առնչվող հարցերին անդրադառնալով. «2008 թվականի նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել։ Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույնը»։
ՀԱԿ—ի քարոզչամեքենայի գործողությունների արդյունքում, սակայն, երկխոսությունը կարող է վերածվել միֆի, որովհետեւ ՀԱԿ—ի հեղափոխականները երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ (ընդ որում, պարզ չէ, թե որ երկրի արտադրության է այդ կոշիկը) ու մեդալի վրա տեսնում են միայն այն պատկերը, որն իրենց ցանկալի է։ Բարեբախտաբար, Լեւոն Տեր–Պետրոսյանը առավելապես միանձնյա է վերջնական որոշում կայացնում ՀԱԿ—ում, եւ անիմաստ հեղափոխականությունը նրա ավելի երիտասարդ, իսկ քաղաքական հասունության ու փորձառության առումով նույնիսկ մանկահասակ, գործընկերների համար մնում է ճարտասանության քննություն եւ Թումանյանի «Անհաղթ աքլորը» ստեղծագործության հայտնի թռչուն— հերոսի գործելակերպ։ ՀԱԿ—ի առաջնորդի ծանր կշիռն, անշուշտ, իր դերը խաղաց, որ այդ քաղաքական ուժը, մշտապես խուսափելով երկխոսությունից, ի վերջո, ստիպված հանգեց այն մտքին, որ երկխոսությունն անհրաժեշտություն է։ Բայց, ցավոք, դա համարում են անհրաժեշտություն ոչ թե հասարակության, այլ իրենց՝ որպես քաղաքական ուժի համար, որովհետեւ այլեւս սպառվում են մարտավարական զինանոցը, միֆերի չափաքանակները, եւ նրանք պարտադրված են հանգել երկխոսության գաղափարին՝ չզլանալով հանդերձ այն մեկնաբանել այնպես, ինչպես իրենց հարմար է։ Դրա ապացույցն էր այն, որ եթե նախագահ Սարգսյանը համարում է, որ «երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար։ Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով եւ անխուսափելի կորուստներով», ապա ՀԱԿ—ում չգիտես ինչու չկարողացան հստակ պատասխանել նախագահի առաջարկին՝ հղում անելով կառույցներում քննարկումներ անելու արհեստական անհրաժեշտությանը։ Կարելի է մտածել, թե մյուս բոլոր որոշումները կայացվում են այդ ընթացակարգով, ինչպես, օրինակ, հապշտապ, իրենց իսկ սիրած բառով ասած՝ ինքնաբուխ պատվիրակության եւ «օրակարգի» ձեւավորումն ու այդ մասին ի լուր հայտարարելը, իշխանության ու նախագահի քայլերն իրենց հաղթանակ եւ իշխանության պարտություն ձեւակերպելը։ Մինչդեռ երկրի նախագահը պարզ ասում է. «Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է։ Մենք ենք սկսել այդ գործընթացը, եւ դա եղել է ոչ թե որեւէ կողմից ճնշման հետեւանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի»։ Հավատարիմ մնալով իրեն՝ Սերժ Սարգսյանը չի ձգտում այս ամենից շոու սարքել, որովհետեւ շատ լավ գիտակցում է, որ ժողովրդին ու երկրին անհրաժեշտ են իրական եւ օգուտ բերող քայլեր, այլ ոչ թե միֆեր ու ամբոխահաճություն։ Մեծ հաշվով՝ երկիրը մի ընտանիք է, որը նույնպես ունի իր խնդիրները, որոնց պետք իրական լուծում տալ, որպեսզի նրա վիճակը բարելավվի։ Իսկ դրա ամենամեծ պատասխանատուն ընտանիքի գլխավորն է, երկիր—ընտանիքի դեպքում՝ նրա նախագահը, որը երբեք չի կարող իրեն թույլ տալ հապշտապ ու հանպատրաստից քայլեր։ Բնական երեւույթ է նաեւ, որ ընտանիքի գլխավորն առկա հարցը քննարկում է նրա անդամների հետ եւ հաշվի առնում ողջամիտ առաջարկները։ Նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր Սերժ Սարգսյանը իր գործողություններով ցույց է տվել, որ նա մարդու այն տեսակն է, ով մշտապես պատրաստ է զրույցի, քննարկման, երկխոսելու։ Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ անցկացված մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե «Նախագահ ընտրվելուց հետո Ձեր մեջ ինչ—որ փոփոխություններ տեղի ունեցե՞լ են, թե՞ ոչ», Սերժ Սարգսյանն ասել էր. «Կարծում եմ՝ տեղի են ունեցել, որովհետեւ ես ամեն օր աշխատանքի եմ գալիս մի այլ հիմնարկ։ Պատասխանատվությունն, իհարկե, մեծացել է, եւ ես բացառիկ հնարավորություն ունեմ իմ ջանքերը, համայն հայության մեծ ներուժն ի շահ մեր պետության եւ մեր ժողովրդի ուղղելու»։
Հիշյալ մամուլի ասուլիսում հնչել էր նաեւ մի այսպիսի հարց. «Դուք բազմիցս ասել եք, որ լինելու եք բոլորի նախագահը։ Արդյո՞ք նաեւ Լեւոն Տեր—Պետրոսյանի նախագահն եք։ Եթե այո, չե՞ք կարծում, որ նրա հետ երկխոսությունն ուշանում է»։ Ի պատասխան՝ նախագահ Սարգսյանն ասել էր. «Ես հիմա էլ եմ ասում, որ ես բոլորի նախագահն եմ, նաեւ՝ այն մարդկանց, ովքեր ինձ իրենց նախագահը չեն համարում։ Ես ուղղակի պարտավոր եմ լինել այդպիսին եւ շարունակելու եմ մնալ այդպիսին։ Ինչ վերաբերում է երկխոսությանը, կարծում եմ՝ հասարակության մեջ ընկալումը մի քիչ ճիշտ չէ։ Երբ ես ասում եմ երկխոսություն, նկատի ունեմ երկխոսություն ժողովրդի հետ, հասարակության ներսում, պետություն—հասարակություն ձեւաչափով, ոչ թե երկխոսություն հանրապետության նախագահի եւ որեւէ անհատի միջեւ։
Ընդհանրապես՝ համարում եմ, որ այդպիսի գործընթացները շարունակական պետք է լինեն, եւ մենք երբեք չպետք է համարենք, որ երկխոսության որեւէ ձեւաչափ ուշացած է»։
Բնականաբար, պաշտոնավարելով որպես երկրի նախագահ՝ Սերժ Սարգսյանն անհրաժեշտաբար կայացնում է նաեւ որոշումներ, որոնք ուղղված են տվյալ պահը, իրավիճակը կարգավորելուն։ «Երկրի ղեկավարի պաշտոնում ծառայելու ողջ բարդությունը կայանում է նրանում, որ թեեւ ունես առաջնահերթությունների քո սանդղակը, հաճախ պարտադրված ես լուծել ի հայտ եկող բազմաթիվ խնդիրներ, որոնք ծագել են անկախ քո կամքից»,— հարցազրույցներից մեկում ասել է երկրի ղեկավարը։ Բայց ցանկացած որոշում կայացնելիս նա չի դավաճանում իր սկզբունքներին եւ նախկինում ունեցած դիրքորոշմանը։ Ահա եւ արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսությանն անդրադառնալով եւ դրական գնահատելով ՀԱԿ—ի հետ վերջին ամիսների աշխատանքը՝ նախագահ Սարգսյանը, կարծես իբրեւ շարունակություն 2008 թվականի իր խոսքերի, ասում է. «Կարծում եմ՝ եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց եւ գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ եւ շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին։ Այս տեսանկյունից ամենակարեւոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը՝ ոչ մի տեղ տանող գործելաոճ։ Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են»։
Գերմանացի հայտնի սոցիոլոգ, Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Թիլման Ալերթը հայաստանյան ԶԼՄ—ներից մեկին տված հարցազրույցում համեմատելով Հայաստանի նախագահներին՝ մասնավորապես Լեւոն Տեր Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի մասին ասել էր. «Հեշտությամբ հնարավոր է տարանջատել նրանց կերպարները որպես քաղաքական գործիչներ. Լեւոն Տեր—Պետրոսյանի տիպը՝ պոետ, ռոմանտիկ քաղաքական գործիչ, կրթված շրջապատի ծնունդ, որի դրական կողմերից մեկը, թերեւս, իր համար, հռետորական կարողությունն է, որը բավականին հաջող նա կարողանում է իրականացնել նույնիսկ քարոզչական նպատակներով։
Սերժ Սարգսյանն ունի համեստության եւ պրագմատիզմի դրսեւորումներ։ Այսօր ինչպես համաշխարհային քաղաքականության մեջ, այնպես էլ Հայաստանում հերոս—կերպարի ժամանակն անցել է։ Պրագմատիկ կերպարի անհրաժեշտություն է առաջ եկել։ Սա մի կողմից շատ դրական է, բայց ինքնին գործող անձի համար կարող է ձանձրալի լինել, քանի որ քաղաքականությունը դառնում է զուտ ամենօրյա մելամաղձոտ աշխատանք»։ Իհարկե, ռոմանտիզմը նաեւ ոգեւորություն է, որ անհատին մղում է ավելի աշխույժ քայլեր ձեռնարկել։ Բայց ոգեւորությունը հաճախ է մարդուն զրկում իրականությունը ճիշտ գնահատելուց եւ սթափությունից։ Նույն Թիլման Ալերթը Սերժ Սարգսյանի ելույթները գնահատելով՝ ասում է. «Նա բավականին համեստ է իր ելույթներում, չունի ուռճացված, չափազանցված հռետորություն»։ Նախագահ Սարգսյանը իրատեսությունը գերադասում է կեղծ իդեալիզմից՝ հասկանալով, որ երկրի նախագահն իրավունք չունի առաջնայնությունը տալ զգացմունքներին, անշուշտ, չմոռանալով դրանք։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, արտաքին քաղաքականությանը. հանրապետության նախագահը դիվանագիտությունը չի դարձնում ցուցամոլության ասպարեզ, ինչպես դա հաճախ են անում այդ հարցերից երբեմն անգամ տարրական տեղեկատվություն ու գիտելիքներ չունեցող մարդիկ։ Նախագահն իր քայլերը կատարում է քաղաքական փորձառության ծանրակշիռ պաշարով, պատասխանատվության զգացումով եւ իրեն երբեք չլքող վստահությամբ ու զգուշավորությամբ, որոնք բացակայում են բարձր խոսելը, դեմքի խելացի արտահայտությունը խելացիության նշան համարող կամ իբրեւ այդպիսին ընկալող տարբեր քաղաքական տրամաչափի գործիչների մեջ։ Նախաձեռնելով հայ— թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Սերժ Սարգսյանը այստեղ էլ հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Սփյուռքի մամուլին տված հարցազրույցներից մեկում նա եւս մեկ անգամ փաստում է հավատարմությունը համաժողովրդական հարցերը բոլորի հետ քննարկելու իր պատրաստակամությունը. «Մենք՝ Հայաստանն ու սփյուռքը, մեկ ընտանիք ենք։ Ես ուղղակի ուզում եմ խոսել սփյուռքահայ մեր եղբայրների եւ քույրերի հետ, լսել նրանց կարծիքը եւ, ինչու չէ, խորհրդակցել նրանց հետ»։
Երկխոսության պատրաստակամությունը, ինչպես ասում են, կարմիր գծի նման անցնում է նախագահ Սերժ Սարգսյանի ողջ գործելակերպի միջով։ Խոսքը վերաբերում է եւ ներքին, եւ արտաքին քաղաքականությանը։ Այդ պատրաստակամությամբ նա դրսեւորում է նուրբ դիվանագիտական հոտառություն, որի արդյունքը պիտի լինի երկրի ու ժողովրդի շահը, որոնց մի մասնիկն է նաեւ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի եւ ՀՀ նախագահ։ Այդ պատրաստակամությունը Սերժ Սարգսյանը ցուցաբերեց նաեւ Ստրասբուրգում ԵԽ ԽՎ նստաշրջանում իր ելույթի տարբեր հատվածներում։ Հասարակական համերաշխությանը, քաղաքացիների եւ պետության ջանքերի համատեղմանն ուղղված նրա քայլերի վկայությունն են նախագահի հետեւյալ խոսքերը. «Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը։
Սովորում եւ մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, եւ պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին։
Մենք հանդուժողականություն ենք սովորում եւ երկխոսության մշակույթ ձեւավորում։
Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարեւորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել»։
Այս ամենը վկայում է հեռատես ու շրջահայաց քաղաքական գործչի, քաղաքական կամք ունեցող պետության ղեկավարի անձնական որակների մասին՝ նախորդների մասին խոսել առանց չարակամության, եւս մեկ անգամ հաստատելով իր այն միտքը, որ ինքը բոլորի նախագահն է։ «Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը եւ չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով՝ փոխել մեր իսկ կայացրած որոշումները,–շարունակում է նախագահ Սարգսյանը։–Ո՜ղջ հասարակությամբ ենք սովորում»։ Նախագահն ինքն էլ հասկանում է, որ սա հեշտ գործընթաց չէ եւ միանշանակ չի ընդունվի հասարակության մեջ, բայց, միաժամանակ, գիտակցում է, որ դա անհրաժեշտ է երկրի առաջընթացի, նույն այդ հասարակության առաջընթացի համար. «… Սա իրականում շատ եւ շատ կարեւոր գործընթաց է, որի միջով մենք պարտավոր ենք անցնել եւ որը մեծ ջանք ու հետեւողականություն է պահանջում։ Եվ մենք պատրաստ ենք դրան»։ Այդ պատրաստակամությունից են բխում նաեւ Ստրասբուրգում հնչեցրած հետեւյալ խոսքերը. «2008 թվականին մեր երկիրը բախվեց ծանր խնդիրների եւ մարտահրավերների։ Մարտյան ողբերգական իրադարձությունների հետ—անքները հաղթահարելու ուղղությամբ իշխանությունների քայլերը մենք հանգամանորեն քննարկել ենք մեր բոլոր, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ։ Երբեմն լուրջ տարաձայնություններ ենք ունեցել եւ չենք համաձայնել միմյանց գնահատականների հետ, բայց գերազանցապես մենք օգուտ ենք քաղել այդ շփումներից, խոհեմ խորհուրդներից ու բանավեճերից։ Առանց դրանց անհնար կլիներ առաջ գնալ մարտյան ողբերգությունից հետո՝ խուսափելով նոր առճակատումներից ու աղետներից»։
«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցի պարագայում ոչ թե լրջանալու պահ է պետք, այլ հարցին պետք է լուրջ մոտենալ նրա ողջ ընթացքում՝ թե ռազմի դաշտում, թե դիվանագիտական ճակատում։ Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը ռազմի դաշտում ավելի լավ են գնահատում նրա մարտական ընկերները՝ թե իշխանության, թե ընդիմադիր թեւից՝ անկեղծորեն չուրանալով նրա ծառայություններն ու գնահատելով նրա վաստակն այդ դաշտում։ «Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն է եղել, ես ոչ մի բան չեմ թաքցնում, մարտական ընկերս էլ կմնա։ Մարտական ընկերն ուրիշ կարգի բան է։ Մենք ուս ուսի տված պայքարել ենք ընդդեմ ընդհանուր թշանումու, ինչպե՞ս կարող է այժմ քաղաքական հակասությունը կանգնել մեր միջեւ»,— օրերս հայտարարեց ընդդիմությունը ներկայացնող Սասուն Միքայելյանը։ Ինչ վերաբերում է դիվանագիտական ճակատին, ստրասբուրգյան ելույթում խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ Հայաստանի նախագահը այս դեպքում եւս փաստեց դիմացինի հետ խոսելու պատրաստակամության մասին. «Մենք խոսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին»։ Բայց. «Մեր դեպքում ստացվում է, որ զիջում պետք է կատարենք նրան, ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի»։ Հետեւաբար. «Նման իրավիճակում շատ բարդ կլինի որեւէ մեկի համար Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի հանրությանը՝ դարեր շարունակ այնտեղ բնակվող բնիկ հայ ժողովրդին, համոզել, որ անհրաժեշտություն է ինչ—ինչ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ կա նման անհանդուրժողականություն եւ կան ծայրահեղ ռասիստական տրամադրություններ»։ Բայցեւայնպես, անգամ այս պայմաններում Հայաստանը կարեւորելով տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը, Հայաստանում, ցուցաբերելով բարի կամք եւ կառուցողականություն, առաջընթացի ակնկալիքով շարունակում է բանակցությունները։ «Բայց իհարկե բոլորս պիտի հասկանանք, որ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումն ու դրանց լիարժեք իրականացումը հնարավոր է միայն, երբ վերանան հայատյացության ու ռասիզմի դրսեւորումները Ադրբեջանում, եւ ձեւավորվի վստահության մթնոլորտ։ Բնականաբար, չի կարող հարցականի տակ դրվել Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ եւ անվտանգ ապրելու, իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու՝ ի վերուստ տրված իրավունքը»,— ասում է Սերժ Սարգսյանը, որովհետեւ, նրա խոսքերով՝«Անկախ նրանից, թե ով ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, մի բան հստակ է. Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս։ Թեկուզ դեռ չճանաչված, բայց, միեւնույն է, մաս»։ Հավատարիմ մնալով երկխոսելու, հարցերը քննարկումների միջոցով լուծելու իր սկզբունքին եւ դիրքորոշմանը՝ ՀՀ նախագահը տրամաբանական հարց է ուղղում.
«Ժամանակը չէ՞, արդյոք, որ Եվրոպայի խորհուրդը ուղղակիորեն աշխատի Ղարաբաղի հետ՝ իր իսկ գործառույթների կարեւորագույն դաշտով՝ մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական հասարակության ձեւավորում, ժողովրդավարություն, հանդուրժողականություն եւ այլն։ Եվ չի՞ լինի արդյոք շատ ավելի տրամաբանական, եթե Ղարաբաղի հետ աշխատանք սկսելուց հետո միայն կառույցը ցանկություն հայտնի քննարկելու Ղարաբաղին առնչվող որեւէ հարց, ի դեպ՝ նույն ղարաբաղցիների մասնակցությամբ»։
Արտաքին քաղաքական կարեւորագույն մեկ հարցում եւս Սերժ Սարգսյանն անդավաճան է իր սկզբունքներին. խոսքը հայ— թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով երկխոսություն նախաձեռնելու մասին է։ Սակայն հայկական կողմի եւ ՀՀ նախագահի պատրաստակամությունը կարծես թե ոմանց, տվյալ դեպքում՝ թուրքական կողմի սրտովը չէ, ինչի մասին մեր հարեւանը հայտարարում է մինչեւ այսօր։ «Երկու տարի առաջ մենք նախաձեռնեցինք Հայաստան—Թուրքիա կարգավորման գործընթացը, որը թույլ կտար դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանները բացելու միջոցով հետզհետե վերացնել մոտ հարյուր տարի գոյություն ունեցող անջրպետը,— Ստրասբուրգում հայտարարեց ՀՀ նախագահը։— Պետք է նշեմ, որ այդ գործընթացում մեզ համար չափազանց կարեւոր էր ոչ միայն միջնորդ երկրների, այլեւ ընդհանրապես միջազգային հանրության, այդ թվում՝ նաեւ Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ոգեւորիչ եւ մշտական աջակցությունը։ Ցավոք սրտի, անգամ նման սատարման պայմաններում, Հայաստան—Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ փակուղի»։ Պատճառը մեկն էր. Թուրքիան վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչը անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը։ «Չեմ կարող կանխատեսել, թե հիասթափության եւ անվստահության պատին դեմ առնելուց հետո, այլեւս երբ կբացվի հնարավորության պատուհանը»,— ասաց Հայաստանի ղեկավարը։ Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը նախաձեռնեց գործընթացը բարի նպատակներով՝ անսալով ազգերի եւ պետությունների խաղաղ գոյակցության 21—րդ դարի հրամայականին, «եւ դա այն պայմաններում, երբ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը Թուրքիան առ այսօր ոչ միայն չի ճանաչել, այլեւ իրականացնում է բացահայտ ժխտման քաղաքականություն»։ Այդուհանդերձ, չնայած դրան. «Մենք պատրաստ ենք խնդիրները հաջորդ սերունդներին չթողնել։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ոչ միայն հայերի եւ թուրքերի համար, այլեւ տարածաշրջանում, կարծում եմ նաեւ ողջ Եվրոպայում խաղաղության, կայունության եւ համագործակցության մթնոլորտի հաստատման առումով։ Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի»։
Ըստ էության, եւ արտաքին, եւ ներքին քաղաքական դաշտում ՍԵրժ Սարգսյանը գործում է՝ դրսեւորելով պարզ, հասկանալի մարդկային որակներ՝ հանդուրժողականություն, մեծահոգություն, լսելու ընդունակություն, համագործակցելու պատրաստակամություն։ Եւ ներքին, եւ արտաքին քաղաքական դաշտում նա նախաձեռնում է երկխոսություն՝ ընդդիմության հետ՝ ներհայաստանյան հարցերը, հարեւանների հետ՝ միմյանց միջեւ առկա խնդիրները լուծելու շուրջ։ Երբ նախագահության 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանին հարցրել էին հոգնելու մասին, նա պատասխանել էր. «Շնորհակալ եմ հոգատարության համար։ Իհարկե, լինում են օրեր, որ հոգնում եմ, բայց ես, ընդհանրապես, հոգնած չեմ։ Ամենավտանգավոր մարդը հոգնած պաշտոնյան է, եւ կան բազմաթիվ խնդիրներ, որ պետք է լուծվեն նախագահի կողմից, բայց նախագահն էլ պետք է գիտակցի, որ նույնիսկ՝ երկաթն է հոգնում, եւ պետք է այնպես անի, որ կարողանա երկար տարածք անցնել։ Հանգիստ եղեք՝ ամեն ինչ նորմալ է»։ Այս պատասխանն ուժի մեջ է նաեւ այսօր, ամռան առաջին ամսվա վերջին օրը, սովորական մի աշխատանքային օր, որի ավարտին, ուշ երեկոյան, հանրապետության նախագահը ընտանեկան միջավայրում կնշի ծննդյան օրը։ hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 557 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024