ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 03.05.2024, 00:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 4 » ՏՏ ոլորտի հայ մասնագետների նկատմամբ մեծ վստահություն կա
10:39
ՏՏ ոլորտի հայ մասնագետների նկատմամբ մեծ վստահություն կա

Ինչի՞ն է միտված հարկային արտոնությունների սահմանումը

Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր այն մասին, որ մինչեւ 2022 թվականը Հայաստանում նախատեսվում է ստեղծել շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինը 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ աշխատավարձով։ Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։ Մինչ օրս արտոնություն է ստացել 89 ընկերություն, որոնց շուրջ 20%—ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու եւ աշխատելու ԱՄՆ—ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Վրաստանից եւ Մալթայից։ Վարչապետը նաեւ նշել է, որ վերջին 7 տարում ՏՏ ոլորտը 5 անգամ աճել է՝ դառնալով տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը՝ հետագա զարգացման համար հսկայական ներուժ կուտակելով։
Նշենք, որ հարկային արտոնությունները տրվում են այն նորաստեղծ ՏՏ ընկերություններին, որոնք ունեն մինչեւ 30 աշխատատեղ։ Արտոնությունից կառավարության ակնկալած արդյունքները մեծ են, քանի որ Հայաստանում ՏՏ ձեռնարկությունները դինամիկ աճ են ապրում, մեծանում է ոլորտում ստարտափ ընկերությունների թիվը, ինտելեկտուալ սեփականության ապրանքների ստեղծումը, ՏՏ ոլորտում ներգրավվելու գրավչությունը։ 
Ի դեպ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, նորաստեղծ ընկերությունների համար սահմանված հարկային արտոնությունները բավական արդյունավետ են գործում մի շարք երկրներում եւ նույնիսկ լավագույն խթան են ՏՏ ոլորտի զարգացման համար։ Մեր երկրում նույնպես, մասնագետների գնահատմամբ, զգալի փոփոխություններ են արձանագրվել ոլորտում՝ կապված ծառայությունների գների նվազեցման, նոր ընկերությունների ստեղծման, նոր պրոդուկտների մշակման, արտահանման եւ այլ ուղղությունների հետ։
2018թ. տվյալներով՝ Հայաստանում գործող ՏՀՏ ընկերությունների թիվը 800 է։ Մի քանի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների տեղեկացմամբ, ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը եւ պետական աջակցության պակասը խոչընդոտում են ընկերությունների ընդլայնումն ու զարգացումը։ Ուստի նորաստեղծ ընկերություններին հատկացվող հարկային արտոնությունները էապես կարող են թեթեւացնել սկսնակների բեռը՝ խթանելով ոլորտի մրցունակությունը։
«Կարծում եմ՝ ՀՀ 800 բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման ցուցանիշը շատ ավելին կլինի, քան նախանշված թիվը, քանի որ խոսքը վերաբերում է այլ հավելյալ արժեք ստեղծող լուծումների մշակմանը։ Կազմակերպություններ կան, որոնք շատ արագ գերազանցում են 30 աշխատատեղը եւ սկսում են ընդլայնվել»,–«ՀՀ»–ի հետ զրույցում ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Հարկային արտոնություններ տրվում են նորաստեղծ կազմակերպություններին, քանի որ, նրա դիտարկմամբ, վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ մեծ քանակով կազմակերպություններ, օգտվելով հարկային արտոնություններից, մտնում են նախ հարկային դաշտ եւ սկսում են պատվերներ կատարել ոչ միայն արտերկրի շուկայի, այլեւ ներքին շուկայի համար՝ սեփական արդյունք ստեղծելով։ Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ կարեւոր է ոչ այնքան ընդլայնվող կազմակերպությունների թիվը, որքան նրանց կողմից արժեքավոր պրոդուկտի ստեղծումը, դրանով պայմանավորված՝ ներդրումների ներգրավումը եւ վաճառքի իրականացումը։ Սկզբնական շրջանում այդ կազմակերպությունները հավելյալ արժեք ստեղծելով չեն կարողանում եկամուտներ ապահովել։ Ուստի պրոդուկտները մշակելու փուլում այդ կազմակերպություններին պետք է օժանդակություն ցուցաբերել։
Հայաստանը ՏՏ ոլորտում նոր ասելիք ունի հայկական արտադրանք թողարկելու առումով, ինչը տասնյակ անգամ ավելի մեծ արժեք է ստեղծում երկրի համար, քան ներմուծված պրոդուկտները վաճառելը։ Նրանք ձեւավորվում ու վաճառվում են այնտեղ, որտեղ կա բարենպաստ միջավայր, իսկ դրա համար պետք է որոշակի խնդիրներ լուծել, ունենալ ֆինանսավորելու մեխանիզմներ։ Սահմանելով նման արտոնություններ, հնարավորություն է ստեղծվում, որ նորաստեղծ կազմակերպությունները իրականացնեն իրենց գաղափարները։ Ամիսներ առաջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, նշել էր, որ ամենառաջավոր տեխնոլոգիաներով աշխատող 5 եւ 9 նանոմետրով առաջատար ընկերությունների համար չիպերը արվում են հենց ՀՀ—ում, հավելելով, որ ՀՀ—ի նկատմամբ մեծ վստահություն կա։ Եվրոպական առաջատար ուղղությունները, ինչպես օրինակ՝ առանց վարորդի մեքենաների, չիպթեսթի, 5G նախագծումը, նույնպես արվում են ՀՀ—ում, ասել է նա։
Առհասարակ, տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար Բ. Ենգիբարյանը ռազմավարական է համարում հարկային արտոնություններ տրամադրելը եւ առաջարկում նույն հաջողված մոդելը գործարկել արդեն մարզերում կամ լրացուցիչ արտոնություններ սահմանել արտերկրից Հայաստան եկած աշխատուժի նկատմամբ։
«Այստեղ ունենք եկամտահարկի գործոն։ Հարկային արտոնություններ սահմանելով չենք առնչվում եկամտահարկի հետ։ Օրինակ՝ դրսից մեծ քանակությամբ հայեր եւ օտարերկրացիներ մի քանի տարով գուցե Հայաստան գան, բայց պետք է որոշակի խթան ստեղծել հարկային արտոնությունների մեջ ներառելով նաեւ եկամտահարկի նվազեցումը։ Տվյալ ընկերությունը պետք է կարողանա գոյատեւել, որպեսզի կարողանա արտադրանք թողարկել, պրոդուկտ մշակել։ Խոսքը վերաբերում է եկամտահարկը 10 տոկոս դարձնելուն, որը եւս մեկ խթան կլինի ՏՏ գործունեության զարգացման համար։ Նախագիծ կա, բայց դեռ քննարկման փուլում է»,–նշեց ՁԻՀ—ի տնօրենը՝ ոլորտի զարգացման համար դիտարկելով եւս մի կարեւոր հանգամանք։ Ըստ նրա՝ պետք է ապակենտրոնացում լինի մայրաքաղաքից դեպի մարզեր, քանի որ կառավարության կողմից հարկային արտոնություն ստացած կազմակերությունների հիմնական մասը տեղակայված են հենց Երեւանում։ Իսկ արտոնություն ստացած ընկերությունների մի մասը փորձելու է ծրագրային պատվերներ իրականացնել եւ ճարտարագիտական նոր լուծումներ մշակել։
Բագրատ Ենգիբարյանն ասում է, եթե նախկինում արտոնություններ սահմանելուց կանխատեսում էին, որ տարեկան մինչեւ 30 կազմակերպություն կարող է գրանցման հայտ ներկայացնել, ապա վերջին տարիներին ակնկալիքները սպասվածից ավելին են եղել։ Տարեկան 50—60 ՏՏ կազմակերպություն է գրանցվում։ Բագրատ Ենգիբարյանի համոզմամբ, մինչեւ տարեվերջ հնարավոր է մոտ 150 կազմակերպություն հիմնվի։
«Եթե օրենքը հաջողված չլիներ, կառավարությունը դրա գործողության ժամկետը չէր երկարաձգի։ Ուսումնական կենտրոնների եւ դրամաշնորհների միջոցով այս տարիներին կարողացել ենք նպաստել նոր ՏՏ ընկերությունների ստեղծմանը, որոնք հետագայում կարողացել են գործը տեղափոխել Երեւան՝ ընդլայնելով գործունեությունը»,–ասաց Բ. Ենգիբարյանը։
Հարկային արտոնությունները, ըստ զրուցակցիս, մեկ այլ կարեւոր խնդիր էլ են լուծում։ Ստանալով խրախուսում պետությունից՝ ընկերությունները ընդլայնվելիս հետագայում չեն թաքցնում հարկերը։ Ակամա, ՏՏ ոլորտում տեսանելի է դառնում նաեւ ստվերային տնտեսության էական կրճատում։ Այժմ ներկայացնենք վիճակագրությունը թվերով։
Միայն 2017—18 թվականներին հիմնադրվել է 150 նոր ընկերություն (գործող ընկերությունների 18.8%—ը)։ Նույն ժամանակահատվածում ՏՀՏ ոլորտի աշխատատեղերի թիվն աճել է մոտ 4200—ով։ 2018թ. ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19552—ի, ինչի արդյունքում մոտ 27% աճ է արձանագրվել 2017թ. համեմատ։
Տեխնիկական մասնագետների թիվը գերազանցում է 15000—ը, որոնց շարքում են ծրագրային ապահովման ճարտարագետները, վերլուծաբանները, ծրագրավորողները, ՏՏ ծրագրերի ղեկավարները եւ այլն։ Տեխնիկական աշխատուժի արտադրողականությունը վերջին տարում 25% համակցված աճի տեմպ է գրանցել՝ հասնելով մեկ աշխատողի հաշվով 50 070 ԱՄՆ դոլարի։ ՏՀՏ ոլորտում աշխատող 15239 տեխնիկական մասնագետների 62.9%—ն աշխատում է ծրագրային ապահովման եւ ծառայությունների ոլորտում, մինչդեռ մնացած տեխնիկական աշխատուժն աշխատում է հեռահաղորդակցության ոլորտում։

 


Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 398 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024