ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 11 » Անհրաժեշտ են համարձակ քայլեր /Ոչ թե իշխանության իրավունք, այլ իրավունքի իշխանություն/
22:01
Անհրաժեշտ են համարձակ քայլեր /Ոչ թե իշխանության իրավունք, այլ իրավունքի իշխանություն/

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են մարզերում, հանդիպումներ են անցկացվել Աշտարակում, Արտաշատում, Արմավիրում, Գավառում։ ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները քննարկում են ունեցել նաեւ Մայր Աթոռում։ Նրանք պատրաստ են լսել խնդրով մտահոգված յուրաքանչյուրի կարծիքը եւ հաշվի առնել հայեցակարգի վերջնական տարբերակի մշակման ժամանակ։ 
Մարզային քննարկումներին զուգահեռ՝ երեկ Երեւանում անցկացվեց «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային համաժողովը։
ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ նման լսարաններում մտքերի փոխանակման ժամանակ կարելի է հասնել լուծումների, առաջարկների, որոնք հաշվի կառնվեն հայեցակարգի մշակման ժամանակ. «Մենք կկարողանանք շրջադարձային այս փուլում գտնել այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ մեր երկրի եւ հասարակության կայուն զարգացումը երաշխավորված լինի։ Առաջին անգամ է հայ իրականության մեջ, որ կարեւորագույն նշանակության խնդիրը մինչեւ լուծման եզրին հասնելը հանրային քննարկման առարկա է դառնում նախագծային մոտեցումների շրջանակում։ Հանձնաժողովը ձեռնարկեց այդ քննարկումները ոչ պատահական ձեւով, այլ նկատի ունենալով, որ լուծումները չպետք է պայմանավորված լինեն այս կամ այն անձի, քաղաքական ուժի կոնկրետ նկրտումներով»։ 
Նա ընդգծեց, որ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն ներկա, այլեւ ապագա սերունդներին։ 
Գործընթացը հավասարակշիռ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ հանրային կարծիք թե՛ մասնագետների, թե՛ ոչ մասնագետների կողմից, որոնք հուշում են շատ  խելամիտ լուծումներ։
Գագիկ Հարությունյանը կարեւորեց այն հանգամանքը, որ համաժողովին են մասնակցում միջազգային պրոֆեսորներ, ում առաջարկները կարող են օգտակար լինել. «Օգոստոսի 22—ին, երբ հանձնաժողովը կհավաքվի ամփոփելու հանրային քննարկման արդյունքները, հսկայական նոր նյութ կլինի, որը շատ օգտակար է»։ 
«Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը եւս ընդգծեց համաժողովի անցկացման անհրաժեշտությունը. «Սահմանադրությունն ընդունված ամենալայն հասարակական համաձայնությունն է, եւ այդ պատճառով հասարակությունը պետք է ոչ միայն գիտելիք, պատկերացում ունենա դրա բարեփոխումների մասին, այլեւ ուղղակիորեն եւ անմիջականորեն մասնակցի դրան։ Այս նախաձեռնությունը մի փորձ է եւ մի կաթիլ. հուսով ենք՝ կկարողանանք ինչ—որ ձեւով սկսել գործընթացն ու դարձնել այն ավելի ընդգրկուն ու ծավալուն»։ 
Լարիսա Մինասյանի հավաստմամբ՝ տարիների ընթացքում կատարված մշտադիտարկումները, որոնք ուղղված են եղել իրավունքների, ազատությունների կառավարման հարցերին ու արդարադատության վիճակին, ցույց են տվել, որ կան խորքային համակարգային խնդիրներ այդ իրավունքները պաշտպանելու հարցում. «Վերլուծելով եւ մշտադիտարկելով մի շարք լայնածավալ բարեփոխումային ծրագրեր, բազմիցս նաեւ ստիպված ենք եղել արձանագրել, որ դրանք կատարվում են օրենքի տառը հարգելով, ոչ թե իրավունքի ոգին պաշտպանելով եւ առաջ տանելով։ Եթե այսպիսի մոտեցում դրսեւորենք նաեւ սահմանադրական փոփոխությունների դեպքում, դա կլինի շատ վտանգավոր եւ կարող է դառնալ աղետի նշան, որ քաղաքականությունն առանց սկզբունքի է»։
Այնուհետեւ Գագիկ Հարությունյանն անդրադարձավ մարդու իրավունքների հիմնախնդիրներին սահմանադրական զարգացումների համատեքստում։ «Մենք այսօրվա իրավիճակը պետք է խորքային վերլուծության ենթարկենք, վերլուծենք ոչ թե շահերի էմոցիոնալ բախման հարթության վրա, այլ խորքային հանրային զարգացումների տրամաբանության հարթության վրա եւ տեսնենք ինչ իրավիճակում են գտնվում, որտեղ են արմատական խնդիրները, ինչպես կարելի է դրանք հաղթահարել։ Մենք այսօր ցավոք սրտի խարխափում ենք»,–ասաց նա՝ նշելով, որ քվազիսահմանադրականություն կա անցումային երկրներում, իսկ համակարգային մոտեցումը թույլ կտա համարձակ քայլ անել՝ փորձել կանոնները որոշակիացնել։
Սահմանադրության ցանկացած լուծում համակարգային ամբողջության մեջ է տրված, եւ ցանկացած փոփոխություն պետք է քննարկման առարկա դառնա համակարգային ամբողջականության մեջ. «Մենք այսօր ունենք իշխանակենտրոն սահմանադրական լուծումներով Սահմանադրություն, եւ այս լուծումներում նաեւ կան այնպիսի բացեր եւ թերացումներ, որոնք լիարժեք չեն դարձնում իրավունքի գերակայությունը»։
Իրավական պետության մեջ իշխանությունը պետք է սահմանափակված լինի իրավունքով, ոչ թե իրավունքն իշխանությամբ։ Այս սկզբունքը պետք է չափազանց հստակ  ու որոշակի լինի, սահմանադրությամբ ամրագրված ինստիտուցիոնալ երաշխիքներով ապահովված եւ իրագործելի լինի։ Իրավունքի գերակայության հետ կապված խնդիրը փորձ արվեց լուծել 2005 թվականի բարեփոխումների արդյունքում, երբ իրավունքները ճանաչվեցին բարձրագույն արժեք։ Գագիկ Հարությունյանը նշեց, որ անձի սոցիալական վարքագիծը եւ իշխանության քաղաքական եւ հանրային վարքագիծը պետք է սահմանադրականացվեն, եւ դրանց հիմքում պետք է լինի իրավունքի գերակայության սկզբունքը։ «Սա կերաշխավորենք, կլինի առաջընթաց, չենք երաշխավորի եւ անհրաժեշտ սահմանադրական կառուցակարգեր չենք երաշխավորի, ապա խնդիրները կլինեն, կկուտակվեն եւ կարող են հանգեցնել սոցիալական պայթյունների»,–ասաց նա՝ բերելով մոլախոտների օրինակը, որոնց արմատախիլ չանելով, այլ միայն ցողունները կտրելով ոչինչ չի ստացվի։ Այս տեսանկյունից էր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, երբ փորձ էր կատարում մեթոդաբանական մոտեցումները հստակեցնել, առանցքը դարձրեց հենց իրավունքի գերակայության երաշխավորման խնդիրը՝ մասնավորապես հաշվի առնելով միջազգային վերջին զարգացումների տրամաբանությունը։ 
Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովի շրջանակներում տարեկան երկու—երեք անգամ մասնակցում է լիագումար նիստերին, որտեղ քննարկվում են երկրների սահմանադրական զարգացումները։ Եվ միշտ որպես գերխնդիր մնում է իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը եւ դրանով պայմանավորված իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման խնդրի լուծումը. «Մեզ մոտ այս սկզբունքի վերաբերյալ կա թյուր պատկերացում՝ չպետք է շփոթել իրավունքի գերակայությունը օրենքի գերակայության հետ։ Խնդիրը ունի չափազանց կարեւոր նշանակություն եւ պետք է պատկերացնել իրավական բովանդակությունը»։
Ինչ վերաբերում է միջազգային փորձի օգտագործմանը մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու համար, ապա Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ ցանկացած երկրի Սահմանադրություն չի կարող դառնալ ներմուծվող ապրանք, որեւէ երկիր եթե փորձեց մեխանիկորեն ընդօրինակել այս կամ այն երկրի Սահմանադրությունը, դա կլինի բժշկական իմպլանտացիայի փորձ, որն ի սկզբանե ենթակա է ձախողման։ Դրսի փորձի ուսումնասիրությունը կարող է մեզ օգնել գտնել մեզ համար հարմար լուծումներ։
Ամփոփելով խոսքը՝ ՍԴ նախագահն ասաց, որ հանձնաժողովի նպատակը լինելու է հետեւյալը. նաեւ հանրային քննարկումների ժամանակ հնչեցված տեսակետները, ուղղությունները հաշվի առնելով կարողանալ գտնել այնպիսի լուծումներ, որոնք այդ Սահմանադրությունը կդարձնեն իրական գործող։
«Մեզանում սահմանադրական դինամիկ զարգացումը մտել է փակուղի։ Պետք է կարողանանք բացել օղակները եւ տեղ տալ դինամիկ զարգացումներին»,–եզրափակեց նա։
Վարշավայի համալսարանի մարդու իրավունքների ամբիոնի ղեկավար, Լեհաստանի սահմանադրական դատարանի նախկին դատավոր, պրոֆեսոր Միրոսլավ Վիրզիկովսկին էլ ասաց, որ սահմանադրության հետ կապված ճգնաժամային իրավիճակում ճիշտ ախտորոշումը նախապայմանն է ճիշտ բուժման։ Սխալ ախտորոշմամբ իրավիճակին ճիշտ լուծում չես տա։ Նրա խոսքով, «չբարեփոխված» սահմանադրությունը սառեցնում է հասարակության զարգացման որոշակի փուլը. «Սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկը նշանակում է սառնարանից հանել սահմանադրությունը, հալեցնել այն։ Մենք երազում ենք ներդաշնակություն եւ կարգուկանոն, բայց հակառակ պատկերն է, իսկ իրականությունը քաղաքական բանավեճն է»։ Վիրզիկովսկու խոսքով, միայն Սահմանադրության տեքստի հարցը չէ կարեւոր, այլեւ այն համատեքստի, որի ներքո սահմանադրական բարեփոխումները մշակվում են։ Նա նշեց, որ փոփոխություններից հետո սահմանադրության կայունությունը շատ կարեւոր է. «Պետք է փորձենք հաջողության չափանիշներ բացահայտել։ Առաջինն այն է, որ արդյունքում օգուտներն ավելի շատ լինեն, քան՝ վնասները։ Կլինեն բազում վնասներ՝ ոչ դիտավորյալ, բայց դրանք օրինաստեղծ գործընթացի անբաժան մասն են։ Բավարարվածությունը պետքն է գերակայի դժգոհության նկատմամբ։ Կան բազում այլ չափանիշներ, որոնք պետք է ստուգաթերթի տեսքով թղթին հանձնվեն, եւ մի քանի տարի հետո անդրադառնալ եւ տեսնել, թե արդյո՞ք չափանիշները բավարարված են։ Եթե կատարված լինեն ստուգաթերթիկի կետերը, բարեփոխումների հաջորդ փուլին երկար կսպասենք»։
Բուլղարիայի լիբերալ ռազմավարության կենտրոնի ծրագրերի տնօրեն, համեմատական սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Դանիել Սմիլովը համաժողովի ընթացքում անդրադարձավ կիսանախագահականից խորհրդարանական պետության անցման հարցին՝ նշելով, որ երկու դեպքում էլ կարեւոր է փոխզիջումը։
Համաժողովին հրավիրված են ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ոլորտի բարձրակարգ միջազգային փորձագետներ։
Համաժողովը նախաձեռնել է հանրային քաղաքականության, վերլուծության եւ երկխոսության «Ապելլա» ինստիտուտը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ—Հայաստան» կազմակերպության օժանդակությամբ։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Դիտումներ: 542 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024