Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ—բրիտանական ռազմական համագործակցության եւ դրա ծավալների ընդլայնման հարցերը։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրներին, ՀՀ անվտանգային քաղաքականությանը, մասնավորապես՝ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ—ի հետ հարաբերությունների, ՀՀ—ում ՌԴ ռազմական ներկայության, ինչպես նաեւ հարեւանների հետ փոխհարաբերությունների համատեքստում։ Հյուրերի խնդրանքով ներկայացվեց սահմանային միջադեպերի, ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն գործողությունների, նշանառու կրակի վարման դինամիկան եւ պատճառները։ Արծարծվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
|