Ուկրաինայի առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ փետրվարի 18—ից մինչեւ 20—ի երեկոյան Կիեւի կենտրոնում բախումների հետեւանքով բժշկական օգնություն ստանալու համար դիմել է 500—ից ավելի տուժած։ Նախարարությունը հայտարարում է ուկրաինական բախումների սկզբից մինչեւ այժմ մահացած յոթ տասնյակից ավելի մարդու մասին։ Մայդանի արյունալի դեպքերի հետագա ընթացքը կանխելու համար Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշել է «համաձայնություն» կնքել ընդդիմադիրների հետ։ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում հայտնված հաղորդագրության համաձայն Յանուկովիչը ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ երկրում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն եւ վերադարձ 2004 թվականի Սահմանադրությանը, որը ենթադրում է նախագահի լիազորությունների կրճատում։ Յանուկովիչը նաեւ կոչ Է արել «սկսել ազգային վստահության կառավարության ձեւավորումը»։ Բանակցություններին մասնակցել են ընդդիմության եւ Եվրամիության ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի, Լեհաստանի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, նրանց միացել էր նաեւ Ռուսաստանից ժամանած ՌԴ նախագահի ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը։ Ըստ տեղեկությունների, փաստաթղթի ստորագրումից հետո 48 ժամերի ընթացքում կընդունվի հատուկ օրենք, որով կվերագործարկի 2004թ. Սահմանադրությունը։ Սահմանադրական բարեփոխումը սկսում է անմիջապես գործել ու պետք է ավարտվի մինչեւ 2014—ի սեպտեմբեր։ 10 օրերի ընթացքում խորհրդարանում պետք է ստեղծվի նոր կոալիցիա, որը կձեւավորի ազգային միասնության կառավարություն։ Իսկ նախագահական ընտրություններն անցկացվելու են նոր Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո, սակայն 2014—ի դեկտեմբերից ոչ ուշ։ Իսկ Ուկրաինայի խորհրդարանը լիագումար ռեժիմով կաշխատի «մինչեւ երկրում քաղաքական ճգնաժամի լուծումը»։ Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը որոշում է ընդունել երկրի բոլոր ուժային կառույցների ստորաբաժանումները մշտական տեղաբաշխման վայրեր վերադարձնելու մասին։ Այդպիսով, պատգամավորները պարտավորեցրել են ՆԳ նախարարությանը երկրի ամբողջ տարածքում անհապաղ դադարեցնել տրանսպորտային ուղիների արգելափակումը, պաշտպանության նախարարությանը՝ անհապաղ հետ կանչել հակամարտությանը մասնակցող իր ուժերին եւ ապահովել նրանց վերադարձը մշտական տեղաբաշխման վայր։ Նախարարների կաբինետը պետք է անհրաժեշտ օգնություն ցուցաբերի բոլոր զոհվածների ընտանիքներին ու տուժածներին։ Ուկրաինական ընդդիմությունն առաջարկել է օրենք ընդունել քրեական պատասխանատվությունից բողոքի ակցիաների մասնակիցներին ազատ արձակելու մասին։ Ի դեպ, արդեն ուշ երեկոյան ՀՀ–ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի ֆեյսբուքյան էջում գրառում հայտնվեց առ այն, որ կալանքից ազատվում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն։
Հրապարակը «Մայդան» չի դառնա
Ուկրաինայի դեպքերին անտարբեր չեն նաեւ Հայաստանում։ «Ուկրաինայում իշխանություն—ընդդիմություն երկխոսությանը մասնակցում էին Կլիչկոն, Յացենյուկը։ Այսպիսով, ծայրահեղ ազգայնականները դուրս էին մնում իշխանության վերաբաշխումից։ Սրանով էր պայմանավորված այդ հատվածի ակտիվացումը»,–ասուլիսում նման դիտարկում արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Ըստ նրա՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար շրջադարձային եղավ Եվրամայդանի մասնակիցների համաներումը. «Իշխանությունը կարծեց, թե այս ճանապարհով կթուլացնի կրքերը, իսկ ընդդիմությունն էլ իշխանության այս քայլը դիտարկեց որպես թուլության նշան»։ Ստեղծված իրավիճակում, եթե Յանուկովիչը կամ նրա մերձավորներից որեւէ մեկը պահպանի իշխանությունը, Ուկրաինայի մասնատումը քիչ հավանական է, իսկ եթե ընդդիմությունը գա իշխանության, Ուկրաինայի բաժանումն անխուսափելի կլինի։ Նա նշեց, որ Ուկրաինայի հայ համայնքը ճիշտ դիրքորոշում է ընտրել՝ չեզոքություն։ Ի՞նչ դասեր կարելի է քաղել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից հարցին ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ չպետք է թույլ տալ, որ ներքին հարցերին արտաքին ուժերի միջամտություն լինի։ Այս դեպքում, ըստ նրա, պետությունն ընկնում է լուրջ կախման մեջ։ Արամ Մանուկյանը նաեւ մոտակա հեռանկարում բացառեց նմանատիպ դեպքերի կրկնությունը Հայաստանում, քանի որ՝ նախ նախադրյալներ չկան, բացի այդ. «Երբեք բռնությունների կիրառման ճանապարհը չի կարող արդյունավետ լինել երկրի զարգացման համար։ Մենք գտնվում ենք կիսապատերազմական վիճակում. ներքին ցնցումները վտանգավոր կլինեն»։ Ուկրաինայի դեպքերի կրկնությունը Հայաստանում բացառեց նաեւ ՀՀԿ—ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը. «Հայ ժողովրդի մեջ ծայրահեղականներ չկան։ Կարծում եմ, որ Հայաստանում նման բան լինել չի կարող։ Քաղաքացիական նախաձեռնություններն ու քաղաքական ուժերը բավականին խելամիտ են։ Բնական է՝ այսօր Հայաստանում նույն եվրոպական կառույցները մասնակցում են տարբեր շարժումների աշխատանքներին, սակայն նրանց երբեք չի հաջողվի մեր ժողովրդին դրդել նման քայլերի։ Մեր ժողովուրդը շատ լավ է հասկանում, որ այդ կերպ մենք կկորցնենք մեր անկախությունը»։ Պատգամավորն ընդգծեց, որ ցավում է Ուկրաինայում տիրող իրավիճակի համար։ «Փաստացի երկար ժամանակահատվածի ընթացքում մի խումբ մարդիկ խաղաղ ցույցեր էին անցկացնում, մյուս խումբը՝ զուգահեռաբար զինվում էր եւ, կարծում եմ, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է վաղուց նկատած լինեին ու կանխեին այդ երեւույթի տարածումը, որպեսզի բանը չհասներ նրան, որ չկարողանային հասկանալ, թե ով ում վրա է կրակում»,–ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ Ուկրաինան այնքան էլ շուտ ուշքի չի գա։ Ի դեպ, Երեւան—Կիեւ—Երեւան ավիաչվերթերը չեն դադարեցվել։ Օդանավերը սովորական ռեժիմով չվերթեր են իրականացնում՝ առանց ուշացումների։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|