ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 19 » Բացառությունների չլինելը բացառվում է /Լավատես են եւ սպասում են բանակցությունների ավարտին/
10:46
Բացառությունների չլինելը բացառվում է /Լավատես են եւ սպասում են բանակցությունների ավարտին/

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության նպատակով ձեռնարկվող քայլերին երեկ կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսում անդրադարձան էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Գարեգին Մելքոնյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Գ. Մելքոնյանը «Սակագնային կանոնակարգման» եւ «Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ երրորդ երկրների միջեւ առեւտրային քաղաքականության հարցերով» աշխատանքային խմբերի ղեկավարն է, իսկ Տ. Հարությունյանը՝ «Արդյունաբերական հարցերով» եւ «Ոչ սակագնային հարցերի կարգավորման» աշխատանքային խմբերի ղեկավարը։

ՀՀ—ի ՄՄ մտնելու  քայլերը՝ ցայսօր

Գ. Մելքոնյանը խոսելով ՄՄ—ին ՀՀ—ի անդամակցության շրջանակում մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությունից՝ ասաց, թե այդ անդամակցությունը, ի թիվս մի շարք այլ փոփոխությունների, ենթադրում է նաեւ, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ Հայաստանը պետք է կիրառի մաքսային միությունում երրորդ երկրների նկատմամբ գործող մաքսատուրքերի միասնական դրույքաչափերը։ Միասնական մաքսային տարածք երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը սահմանված են Մաքսային միության միասնական մաքսային օրենսգրքով, որը հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը (որպես այս օրենսգրքի հիմք ընդունված է ՌԴ մաքսային օրենսգիրքը)։ ՄՄ—ում ներկա պահին գործող մաքսատուրքերի դրույքաչափերի զգալի մասը գերազանցում է Հայաստանում ներկայումս գործող մաքսատուրքերի դրույքաչափերը։ Կան նաեւ մի շարք ապրանքատեսակներ, որոնք ունեն մաքսատուրքերի հավասար կամ ցածր դրույքաչափեր՝ ի տարբերություն Հայաստանի։ 
ՄՄ—ում որոշ ապրանքների համար գործում են նաեւ սակագնային քվոտաներ։ «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առաջնային քննարկումներում դրույքաչափերի հարցը բազմիցս քննարկվել է, եւ պայմանավորվածություն է ձեռքբերվել, ըստ որի՝ Հայաստանը անդամակցությունից հետո նույնպես որոշ ապրանքների մասով երրորդ երկրներից Հայաստան ներմուծման ժամանակ, այնուամենայնիվ, կշարունակի կիրառել իր գործող մաքսատուրքերի դրույքաչափերը (բացառություններ կամ մասհանումներ)»,—վստահեցրեց Գ. Մելքոնյանը։ Այս պայմանավորվածությունը համապատասխանորեն ներառվել է նաեւ Ճանապարհային քարտեզի մեջ։ Բացառությունների ենթակա ապրանքների ցանկը, բացառությունների կիրառման տեւողության եւ այլ հարցերին առնչվող մանրամասները ենթակա են բանակցելու եւ համաձայնեցնելու ՄՄ համապատասխան կառույցների հետ։
Ի դեպ, մեր էկոնոմիկայի նախարարությունը այս ապրանքացանկի մշակման առաջնային աշխատանքներից հետո այն ներկայացրել է ՀՀ մասնավոր հատվածի քննարկմանը՝ ինչպես գործարարության աջակցությամբ զբաղվող պետական եւ ոչ պետական կառույցների, այնպես էլ մասնավոր բիզնեսի մակարդակով։ Ներքին քննարկումների ամփոփումից հետո ցանկը կներկայացվի ՄՄ համապատասխան մարմիններին՝ հարցն ուսումնասիրելու եւ բանակցությունը սկսելու նպատակով։
Տ. Հարությունյանը տեղեկացրեց, որ Ճանապարհային քարտեզի ոչ սակագնային քաղաքականությանն առնչվող կետերը կատարելու նպատակով աշխատանքային խումբն ուսումնասիրել, նախապատրաստել եւ ԵՏՀ—ին է փոխանցել այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցում կպահանջվի կատարել փոփոխություններ՝ ոչ սակագնային կարգավորման ոլորտում Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով։ Նախապատրաստվել են ոչ սակագնային կարգավորմանն առնչվող իրավական ակտերի կոնկրետ կետերում եւ դրույթներում փոփոխություններ կատարելու ուղղությամբ առաջարկներ։ Այժմ կատարվում են ԱՀԿ—ի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ երրորդ երկրների մասով ոչ սակագնային կարգավորման միասնական համաձայնագրի համեմատական վերլուծություններ։ Ուսումնասիրվել են մի շարք պայմանագրերին ՀՀ—ի միանալու հնարավորություններն ու պայմանները։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել այս տարվա մարտի 10—ին Երեւանում աշխատանքային հանդիպում կազմակերպել ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ, որտեղ կքննարկվեն աշխատանքային խմբի գործունեության արդյունքում առաջացած խնդիրները եւ Ճանապարհային քարտեզով նախանշված հետագա գործողությունները։
Ճանապարհային քարտեզի արդյունաբերության ոլորտին առնչվող կետերը կատարելու նպատակով աշխատանքային խումբը պատրաստել է Հայաստանի արդյունաբերական ոլորտներին առնչվող իրավական ակտերի ցանկ (այդ թվում՝ նաեւ ԱԺ—ում քննարկման փուլում գտնվող «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը), որտեղ կարող է անհրաժեշտություն առաջանալ կատարելու փոփոխություններ՝ այդ ակտերը «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» 2010թ. դեկտեմբերի 9—ի համաձայնագրի դրույթների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։ Այժմ այս փաստաթղթերը թարգմանվում են եւ մինչեւ փետրվարի 20—ը կներկայացվեն ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտին՝ ուսումնասիրելու եւ հերթական հանդիպման ընթացքում (փետրվարի 25—26—ին Մոսկվայում) դրանք քննարկելու։ Վեր են հանվել արտահանմանն ուղղված ոլորտային ռազմավարությունները եւ գործողությունների ծրագրերը, որոնք անհրաժեշտ է քննարկել ԵՏՀ մասնագետների հետ՝ ՄՄ անդամ երկրների համապատասխան համաձայնագրի հետ հակասությունների առկայության տեսանկյունից։ Փաստաթղթերը ներկայացվել են, իսկ քննարկումը նախատեսվում է իրականացնել փետրվարի վերջին Մոսկվայում տեղի ունենալիք աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում։
ՄՄ ու Միասնական տնտեսական տարածքի եւ ՀՀ—ի միջեւ արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությունն ընդլայնելու նպատակով մշակվել են նյութեր հանրապետության արդյունաբերական ճյուղերի վերաբերյալ։ Դրանք կփոխանցվեն ԵՏՀ մինչեւ փետրվարի 20—ը, իսկ փետրվարի վերջին Մոսկվայում նախատեսվում է համատեղ քննարկել արդեն որոշակի առաջարկներ արդյունաբերական ոլորտների եւ ընկերությունների միջեւ համատեղ ծրագրերի ուղղությամբ։ Այս ընթացքում նախատեսվում է քննարկել նաեւ ՄՄ առկա ինովացիոն տեխնոլոգիաների պլատֆորմներին հանրապետության ձեռնարկությունների մասնակցության հարցը։ Արդյունաբերության ոլորտներում ՀՀ եւ ՄՄ միջեւ առկա համագործակցական կապերի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներն ի հայտ բերելու եւ վերացնելու նպատակով պատրաստվել է համապատասխան ձեւաչափի հարցաշար եւ ներկայացվել մասնավոր հատվածին հեռանկարային ուղղություններով համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով։ Միեւնույն ժամանակ պատրաստվում են ցանկեր հանրապետության արդյունաբերական արտադրանքի վերաբերյալ ըստ ԵՏՀ կողմից ներկայացված ձեւաչափի։
Ի միջի այլոց, նախնական ուսումնասիրություններ են արվել սուբսիդիաների եւ փոխհատուցման միջոցառումների մասով ԱՀԿ համաձայնագրի կիրառման, ԱՀԿ շրջանակներում ՀՀ—ի ստանձնած առանձին պարտավորությունների ունեցած ազդեցության մասով։

Ցուցակում՝ զգայուն ապրանքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց մասով ուզում է բացառություններ ստանալ ՄՄ—ին անդամակցությունից հետո։ Ցանկում շուրջ 900 անուն ապրանքներ են, զգայուն ապրանքատեսակներ, Գ. Մելքոնյանի խոսքերով, որոնք մեր երկրում «կամ չեն արտադրվում, կամ ռեսուրս էլ չունեն արտադրվելու»։ Այդպիսիներից է, օրինակ, դեղորայքը (որոշ տեսակներ), ավտոմեքենան, բրինձը… Ցանկի հետ կապված, սակայն, դեռ ճշգրտումներ են արվում։
Այդ ապրանքատեսակների մասով կատարած ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ նպատակահարմար չէ բարձրացնել դրույքաչափերը։ Բանն այն է, որ ՄՄ—ում ներկայումս գործող մաքսատուրքերի դրույքաչափերի զգալի մասը գերազանցում է ՀՀ—ում գործող մաքսատուրքերի դրույքաչափերին։ Կան նաեւ մի շարք ապրանքատեսակներ, որոնք ունեն մաքսատուրքերի հավասար կամ ցածր դրույքաչափեր՝ ի տարբերություն Հայաստանի։ ՄՄ—ում որոշ ապրանքների համար գործում են սակագնային քվոտաներ։
Ցանկն արդեն ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, եւ նախատեսվում է, որ մարտի սկզբներին կսկսվեն ցուցակի շուրջ բանակցությունները։ «Բոլոր հնարավոր զգայուն ապրանքները այդ ցուցակում ներառվել են։ Դիմում եմ մասնավոր ընկերություններին, բոլոր շահագրգիռ կառույցներին, որպեսզի ներգրավվեն քննարկումներում»,—ասաց Գ. Մելքոնյանը՝ հավելելով, թե նախարարության պաշտոնական կայքում հրապարակել են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Մաքսային միության մաքսատուրքերը։
Ինչքա՞ն կկազմի գնաճը ՄՄ—ին անդամակցությունից հետո։ Գ. Մելքոնյանը անիմաստ համարեց ներկա փուլում խոսել այն մասին, թե որքան կկազմի գնաճը ՄՄ—ին անդամակցությունից հետո։ «Մենք ունենք որոշում, որ լինելու են բացառություններ, բացառվում է, որ բացառություններ չլինեն, որովհետեւ դրույքաչափերի կտրուկ փոփոխությունը մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա»,— ասաց նա։
Լրագրողները նկատեցին, որ, այնուամենայնիվ, նախարար Վահրամ Ավանեսյանը վերջերս լրագրողների հետ հանդիպմանը ընդգծել էր, որ ամեն պարագայում ՄՄ—ին անդամակցելուց հետո Հայաստանում գնաճը 1.5%—ով միայն կարող է ավելանալ։ Գարեգին Մելքոնյանը բացատրեց այն տրամաբանությունը, թե ինչու է նախարարը դա ասել։ «Նախարարի նշած թիվը հետեւյալ տրամաբանությունն ունի. հաշվարկված է, թե այսօրվա դրույքաչափերով ինչքան գումար է մտնում բյուջե, եւ երրորդ երկրներից ներկրված ապրանքների նկատմամբ ՄՄ—ի դրույքաչափերով հաշվարկելու դեպքում տեսականորեն ինչքան գումար կգանձվեր։ Այդ երկու թվերի տարբերությունը կազմում է 140 մլն դոլար, սակայն այն դեպքում, եթե ոչ մի բացառություն չլինի»,—պարզաբանեց փոխնախարարը։ Բացի այդ՝ գնաճին ճիշտ կլինի անդրադառնալ բանակցությունների ավարտի փաթեթի հիման վրա։
Այնուամենայնիվ, ինչքա՞ն կկազմի գնաճը, եթե բացառություններ չլինեն, եթե ՄՄ անդամ երկրները չցանկանան ՀՀ—ին տալ այդ բացառությունները։ Փոխնախարար Գ. Մելքոնյանը լրագրողների հարցադրումներին ի պատասխան խորհուրդ տվեց եթե—ներով չխոսել։
«ՀՀ»—ն դիտարկեց, որ «եթե—ներով հարցերն ինքնանպատակ չեն, որովհետեւ ՌԴ—ն, օրինակ, պետական բյուջեից զատ ունենում է այլընտրանքային բյուջեի մեկ կամ երկու տարբերակ՝ հնարավոր, սպասվող կամ ենթադրվող անսպասելի զարգացումների գործոնը հաշվի առած։ Ճիշտ չի՞ լինի, որ ՀՀ—ն էլ մի քանի տարբերակներ քննարկի»։ Ի պատասխան պրն Մելքոնյանը վստահեցրեց, որ «համապատասխան կետն արդեն մտցված է, եւ պետք է համաձայնության գանք որոշակի ապրանքների շուրջ։ Դրա համար էլ եթե—ները բացառված են, եւ բացառություններ անխոս լինելու են»։

Ռուսական եւ ղազախական արգելքը՝ միայն իրենց համար

ՄՄ անդամ երկրներ Ռուսաստանն ու Ղազախստանը արգելել են ժանեկավոր ներքնազգեստի ներկրումը։ Հնարավո՞ր է այս արգելքը հետագայում տարածվի նաեւ ՄՄ անդամ այլ երկրների վրա։ Գ. Մելքոնյանը պատասխանեց, որ եթե Մաքսային միության մի երկիր արգելում է որոշակի ապրանքի ներմուծումը իր տարածք, ապա դա կիրառելի է միայն իր երկրի դեպքում։
Հետո լրագրողներս թեման փոքր—ինչ կատակի վերածեցինք, բայց իրականում այստեղ մտահոգության առիթ կա։ «ՀՀ»—ի այն դիտարկմանը, թե «բավականին լուրջ բիզնես շահեր են հետապնդում, եւ պիտի հասկանալ, թե դրանք ինչքանով կառնչվեն Հայաստանին», Գ. Մելքոնյանը պատասխանեց, թե՝ ընդհանուր արգելք ամբողջ ՄՄ տարածքի համար պետք է դրվի ոչ թե մի երկրի կողմից, այլ՝ ՄՄ համապատասխան կառույցի։ Եթե Ռուսաստանը արգելում է որոշակի ապրանքի ներմուծում, դա կարող է անել միայն Ռուսաստանի համար (տեղեկացնենք, որ այս թեման ծավալումներ է ստացել. ղազախ կանայք բողոքի ցույց են կազմակերպել, իսկ Բելառուսը չի միացել արգելքին, քանզի համապատասխան արտադրություն ունի)։
Բանն այն է, որ ժանեկավոր ներքնազգեստի համար ՄՄ—ն չի տալիս համապատասխան կոդը։ Էկոնոմիկայի մյուս փոխնախարար Տիգրան Հարությունյանը նկատեց, որ մի բան ակնհայտ է. Մոսկվան գլամուրային ապրանքների ամենամեծ սպառողներից մեկն է, եւ այստեղ մեծ տեղ ունեն բրենդները։ «Օրինակ՝ «Վիկտորիաս սիքրիթը» եւ նման այլ բրենդներ շատ լավ շարունակում են աշխատել եւ իրենց գործունեությունը չեն դադարեցրել։ Փաստը նա է, որ ոչ մի բրենդ իր գործունեությունը չի դադարեցրել, նշանակում է լուծումը գտնվել է»,–ասաց նա։

Ռուսական ավտոգործարաններին՝ հայկական ուժակուտակիչներ

Տ. Հարությունյանը երեկ տեղեկացրեց, որ ռուսական ավտոգործարանները հետաքրքրվում են հայկական արտադրության ուժակուտակիչներով։ Փետրվարի 4—5—ին Միասնական տնտեսական հանձնաժողովի տնտեսական բաժնի ղեկավարներն աշխատանքային հանդիպման նպատակով այցելել էին Երեւան։ «Մենք մեր արտադրողների հետ նրանց հանդիպումը կազմակերպեցինք, այդ թվում՝«Էլբատ» ուժակուտակիչների գործարանում։ Արդեն պայմանավորվածություններ կան ռուսական գործարաններում ուժակուտակիչների օգտագործման մասին։ Կան նաեւ այլ ապրանքներ, որոնց համար հեռանկարային շուկա կարող են դառնալ Բելառուսն ու Ղազախստանը»,–նշեց Տ. Հարությունյանը։

ԵՄ ծրագրերով գործակցությունը՝ շարունակելի

ՀՀ—ն դեպի ՄՄ է գնում, բայց Վրաստանի եւ Իրանի հետ այլ ռեժիմներ ունի։ Մյուս կողմից էլ Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է։ Ո՞րն է լինելու լուծումը։
Գ. Մելքոնյանը խնդիր չի տեսնում։ Իրանի հետ մենք երկկողմ դաշտում ենք, ՄՄ—ին անդամակցությունից հետո Իրանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացում չի լինի։ Վրաստանի հետ էլ ազատ առեւտրի ռեժիմ ունենք եւ այն չենք դադարեցնի ՄՄ—ին անդամակցությունից հետո էլ։ ՄՄ երկրներն էլ Վրաստանի հետ ազատ առեւտրի համաձայնագրեր ունեն։ Ինչ վերաբերում է ԱՀԿ—ին, ապա այս կառույցի անդամ ենք արդեն տասը տարի եւ երբ ՄՄ—ի հետ բանակցությունների վերջնական փաթեթը արդեն կունենանք, ապա այդ մասին կծանուցենք ԱՀԿ—ին եւ շահագրգիռ երկրների հետ էլ բանակցություններ կսկսենք։
Իսկ եթե ԱՀԿ—ն չհամաձայնի ՀՀ—ի փոփոխություններին, ապա կասեցնելու՞ ենք մեր անդամակցությունը ԱՀԿ—ին։ Այս հարցի պատասխանը, ըստ Գ. Մելքոնյանի, միանշանակ ոչ է. «Մենք շարունակելու ենք բանակցություններն այնքան ժամանակ, քանի դեռ լուծում չենք գտել»։
Ավելին՝ նա շեշտադրեց, թե Հայաստանը չի դադարում ԵՄ ծրագրերով համագործակցությունը։ Մասնավորապես, ԵՄ հետ բանակցություններ են տարվում Հայաստանի գյուղատնտեսությանը հնարավոր բյուջետային աջակցություն ցուցաբերելու հարցի շուրջ։ Շարունակվում են նաեւ տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագրերը։ «Եթե հիշում եք, ԵՄ հետ Հայաստանի համակարգող ազգային մարմինը հենց մեր նախարարությունն է։ Աշխատանքներն ամբողջ ակտիվությամբ շարունակվում են։ Մարտին մենք ծրագրում ենք հանդիպել մեր եվրոպացի գործընկերների հետ՝ Twinning—ի շրջանակներում»,—ասաց պրն Մելքոնյանը։

ՄՄ—ի միջոցով՝ ռեժիմ Թուրքիայի հետ

ՄՄ—ին անդամակցության հետ կապված մի հարց էլ կա. փաստ է, մենք այսօր Թուրքիայի հետ երկկողմ առեւտուր ունենք, բայց համապատասխան փաստաթղթեր չունենք։ Ի՞նչ է լինելու ՄՄ—ին անդամակցելուց հետո։ Գ. Մելքոնյանը պարզաբանեց, որ Թուրքիայի հետ ՄՄ—ն որոշակի ռեժիմ ունի, եւ լինելով ՄՄ անդամ, մենք էլ կունենանք այդ ռեժիմը։ Խոսքը GSP համակարգի մասին է (սա եվրոպական GSP+ համակարգը չէ)։ Թուրքիայի հետ կապված քաղաքական հարթության խնդիրը (գաղտնիք չէ, որ Անկարան բոլոր միջազգային ամբիոններն օգտագործում է՝ ամենափոքր տնտեսական հարցն անգամ ի վնաս Հայաստանի քաղաքականապես ծառայեցնելով) բանախոսը չքննարկեց՝ դա թողնելով քաղաքական հարթության «ուսերին»։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 606 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024