Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին՝ գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին՝ մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ։ Նախագիծը պետք է ներկայացվի հուլիսի 3–ին կառավարության նիստում քննարկելու համար։
Այս ձեռնարկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում միաձայն որոշում կայացվեց Հայաստանում էլեկտրաէներգիայի նոր սակագնի մասին։ Հանձնաժողովը սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետեւյալ սակագները.
1) 35 կՎ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար՝
ա. ցերեկային սակագին՝ 32.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին՝ 28.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝
ա. ցերեկային սակագին՝ 38.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին՝ 28.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում՝ բնակչության) համար՝
ա. ցերեկային սակագին՝ 41.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին՝ 31.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
Բոլոր սակագները ներառում են ավելացված արժեքի հարկը։ Այսպիսով՝ էլեկտրաէներգիայի սակագինն ավելացավ 3,85 դրամ/կՎտժ—ով կամ 10 տոկոսով՝ ներառյալ ԱԱՀ—ն. սակագները կգործեն օգոստոսի 1—ից։
Բավականին բուռն քննարկմանը մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ներկայացուցիչներ ՀՀ հանրային խորհրդից, հասարակական կազմակերպություններից, Հայաստանի էլեկտրաէնեգետիկական համակարգում աշխատող ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը դեմ հանդես եկող ակտիվիստներ։
Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց, որ էլեկտրաէներգետիկական ոլորտում աշխատող ընկերությունների ներկայացրած ֆինանսական հիմնավորումներից պարզ է դառնում, որ առաջացած ֆինանսական ճեղքվածքը վտանգում է երկրում ողջ համակարգի արդյունավետ գործունեությունը։ Ընդ որում՝ յուրաքանչյուր ընկերություն ներկայացրել է ընթացիկ ծախսերի եւ համակարգի հետագա զարգացման ու կայուն աշխատանքի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության, ինչպես նաեւ կրած վնասների ամբողջական հիմնավորում։
«Հունիսի 4—ին հանձնաժողովը, ամփոփելով ներկայացված տեղեկատվությունը, սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման գործընթացը։ Հաշվի առնելով 2014—2015թթ. էլեկտրաէներգիայի կանխատեսվող սպառման եւ համապատասխան արտադրության հաշվեկշիռը, փոխարժեքի փոփոխությունը եւ մի շարք այլ գործոններ, սակագնային քաղաքականության վարչության կողմից վերահաշվարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի արտադրող եւ էլեկտրաէներգետիկական համակարգի ծառայություններ մատուցող ընկերությունների սակագները։ Համաձայն հաշվարկների եւ հաշվի առնելով բոլոր դրական եւ բացասական գործոնները, էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար անհրաժեշտ է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինն ավելացնել 3,85 դրամ/կՎտժ—ով՝ ներառյալ ԱԱՀ—ն»,–ասաց նա։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը քվեարկությունից առաջ նշեց, որ յուրաքանչյուրը պետք է լավագույնս կատարի իր գործը. սակագնի ցանկացած փոփոխություն պետք է լրջագույն հիմնավորում ունենա, հետեւաբար՝ բոլոր հիմնավորումները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել են, կազմակերպվել են քննարկումներ։
«Եթե կգտնեք ռեզերվային գեթ մեկ աղբյուր, որը կարող է սակագնի փոփոխության չբերել, ապա մենք ժամանակ ունենք մինչեւ օգոստոս եւ պատրաստ ենք դա քննարկել։ Իհարկե, երկրում կա աղքատություն, եւ սա սոցիալական բեռ է առաջացնում, սրանք լուրջ հետեւանքներ են, սակայն այդ հարցերը պետք է ուղղել պատկան մարմիններին։ Եթե մենք հիմա ճիշտ ազդակ չհաղորդենք համակարգին, ապա համակարգի կայունությունը կարող է խարխլվել, եւ մենք ավելի շատ կտուժենք, քան սոցիալական բեռն է իրենից ենթադրում։ Մեծ սիրով ես ընդհանրապես այս նիստը չէի հրավիրի, բայց տա Աստված յուրաքանչյուր օղակ կատարի իր գործը։ Ես ավելին չեմ կարող ասել, անել։ Ցույց տվեք այդ ռեզերվները։ Համենայնդեպս, մենք դրանք չենք տեսնում համակարգի ներսում»,–ասաց Ռ. Նազարյանը։
Նշենք, որ հանձնաժողովին ներկա պատգամավորներ, ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը եւ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հորդորում էին հանձնաժողովին՝ հետաձգել որոշումը, կրկին ուսումնասիրել ոլորտում աշխատող ընկերությունների հիմնավորումները կամ այլընտրանքային ֆինանսական միջոցներ գտնել՝ առկա ճեղքվածքը փակելու համար։ Ա. Մանուկյանը շեշտեց, որ որոշման առնչությամբ մտահոգություն են հայտնել նաեւ Ազգային ժողովի իշխանական ուժերի պատգամավորները։
Հանձնաժողովը նաեւ սահմանեց ոլորտում աշխատող ընկերությունների համար մատակարարվող էլեկտրաէներգիայի դրույքը։ Այսպես՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը սահմանվեց 5.726 դրամ/կՎտժ, հզորության ամսական վճարը՝ 4988,14 դրամ/կՎտ։ «Հրազդանի էներգետիկ կազմակերպության» կամ «ՀրազՋԷԿ»—ի համար՝ առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 36,925 դրամ/կՎտժ, հզորության ամսական վճարը՝ 1035,2 դրամ/կՎտ։ Էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 36,925 դրամ/կՎտժ։
«Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի համար երկդրույք սակագնային համակարգում առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը սահմանվեց 18,133 դրամ/կՎտժ, հզորության ամսական վճարը՝ 6478,94 դրամ/կՎտ։ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ համար առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 7,978 դրամ/կՎտժ, հզորության ամսական 300,37 դրամ/կՎտ։ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ համար առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը սահմանվեց 2,072 դրամ/կՎտժ, հզորության ամսական վճարը՝ 785,36 դրամ/կՎտ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան—5» կայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվեց 40,08 դրամ/կՎտժ։ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակի համար սահմանվեց 1,6373 դրամ/կՎտժ։ Էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը արտահանված յուրաքանչյուր կՎտժ—ի համար սահմանվեց 1,6373 դրամ։
«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ կողմից էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը՝ 126,1122 մլն դրամ։ Էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ—ի համար՝ 0,2329 դրամ։
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ կողմից էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը կկազմի 16,1161 մլն դրամ, իսկ էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ—ի համար 0,0298 դրամ։ Բոլոր վերոնշյալ սակագները ներառում են ավելացված արժեքի հարկը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սակագնային մարժային հաշվարկում ներառվող էլեկտրաէներգիայի թույլատրելի կորուստների նոր մեծությունները։ Այսպես՝ 2014թ. օգոստոսի 1—ից առավելագույն կորուստները ներկայիս 12.4 տոկոսի փոխարեն պետք է կազմեն 11.2 տոկոս։
Ներկայացնելով որոշման նախագիծը՝ հանձնաժողովի զարգացման եւ մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը նշեց, որ ցանկացած բաշխիչ ցանցում իրականացված ներդրում, որն ուղղված է բաշխիչ ցանցի ենթակառուցվածքների նորացմանը, անուղղակիորեն ազդում է կորուստների մակարդակի վրա՝ նվազեցնելով դրանք։
«Սակայն, միեւնույն ժամանակ, կորուստների մակարդակի վրա ազդում է սպառման կառուցվածքը, ինչը փոփոխվել է վերջին երկու տարիների ընթացքում, քանի որ աճել է բարձր լարման ցանցերում սպառման ծավալը։ Պետք է նկատի ունենալ, որ լարման տարբեր մակարդակներ կան, եւ բոլոր մակարդակներում տեղի են ունենում կորուստներ։ Սա այդ կորուստների հանրագումարն է»,— ասաց մասնագետը։
Քննարկման ընթացքում ՀԱԿ պատգամավոր Ա. Մանուկյանը հարց ուղղեց հանձնաժողովին՝ նշելով, թե մինչ օրս հանրությունը գիտի, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի առումով ինքնաբավ է, եւ միայն էլեկտրաէներգիա է արտահանում։ «Սակայն պարզվում է, որ մեր երկիրը Վրաստանից էլեկտրաէներգիա է ներմուծում»,–ասաց պատգամավորը։ Պատասխանելով հարցին՝ հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը պարզաբանեց, որ Վրաստանը Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիա է արտահանում Իրան։ «Դա սեզոնային ներկրում է, եւ Երեւանի ՋԷԿ—ն իր էլեկտրաէներգիայի հետ միասին այն արտահանում է Իրան եւ որոշակի հարաբերակցությամբ գազ է ներկրում»,— ասաց նա։
Երեւանի ՋԷԿ—ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նույնպես նշեց, որ Վրաստանից էլեկտրաէներգիա Հայաստան չի ներկրվում, այն ամբողջությամբ տրանզիտային պայմաններով ուղղվում է Իրան՝ փոխարենը ստանալով համապատասխան ծավալի գազ։ Դա նաեւ թույլ է տալիս վթարային պայմաններում Իրանից հետ ստանալ նույնքան էլեկտրաէներգիա, ինչը բավականին շահավետ համագործակցություն է։
«Վրաստանն ինքն էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունի։ Մեր վրացական գործընկերների հանդիպումների ժամանակ տեղեկանում ենք, որ իրենք ցանկանում են կառուցել մեր շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նման նոր էներգաբլոկ։ Դրանով արդեն 3 տարի է զբաղվում են, առաջխաղացումը բավականին դանդաղ է, սակայն իմ կարծիքով կիրականացվի»,— ասաց Հ. Հովհաննիսյանը։
Միաժամանակ նա նշեց, որ ներկայումս քննարկվում է Երեւանի ՋԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի կառուցման հարցը, ինչը բավականին մեծ արդյունավետություն կունենա։ Ճապոնական կողմը պատրաստ է «փափուկ վարկ» տրամադրելու, նախնական հայտարարություններն ու բանակցությունների արդյունքներն արդեն կան. «Հույս ունեմ, որ մենք երկրորդ էներգաբլոկը կունենանք։ 450 մլն ԱՄՆ դոլարի տրամադրման պայմաններում 400—ից 450 մեգավատ հզորության էներգաբլոկ կկարողանանք կառուցել»։
Լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Դմիտրի Բիբինը պարզաբանեց, որ ընկերության սնանկացման մասին շշուկները հիմնավորված չեն. «Ընկերությունը կառավարում է ինչպես իր վարկային պարտավորությունները, այնպես էլ բոլոր իր պարտականություններն է կատարում բանկային կառույցների եւ վարկատուների նկատմամբ»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
|