ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 27 » Երեք կարեւոր փաստաթուղթ /Որոնք կապահովեն բարեփոխումներ տարբեր ուղղություններով/
13:36
Երեք կարեւոր փաստաթուղթ /Որոնք կապահովեն բարեփոխումներ տարբեր ուղղություններով/

Նախօրեին ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց քննարկված հարցերը։ Նա տեղեկացրեց, որ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի» նախագիծը։ «Անվտանգության խորհրդում ձեւավորվել է միջգերատեսչական խումբ այս հայեցակարգը մշակելու համար։ Այդ խումբն աշխատել է ավելի քան 2 տարի. մենք հրավիրել ենք բազմաթիվ փորձագետների։ Մեր 2 տարվա աշխատանքից հետո այն ԱԱԽ—ում հավանության արժանացավ»,–ասաց ԱԱԽ քարտուղարը։
Դրանով Հայաստանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր տեսլական, որը հնարավորություն կտա նվազ վտանգ պարունակող արարքների համար այլեւս ազատազրկման չդատապարտվելու։ Այդ համակարգը բազմաթիվ զարգացած երկրներում ապացուցել է իր կենսունակությունը։ «Դրա ներդրումը մեր երկրում, համոզված եմ՝ կունենա կարեւոր քաղաքական, իրավական, սոցիալական նշանակություն»,–ասաց նա պարզաբանելով, որ այն հնարավորություն կստեղծի, որպեսզի մարդիկ չկտրվեն իրենց ընտանիքներից, որովհետեւ շատ դեպքերում դատապարտված մարդն ուղղիչ աշխատանքային հաստատությունում ամենեւին չի վերադաստիարակվում. կրկնահանցագործությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատապարտված անձանց որոշ տոկոսը նորից կատարում է հանցագործություն եւ վերադառնում ուղղիչ աշխատանքային հաստատություն։ 
Այս համակարգի ներդրման արդյունքում Հայաստանի ուղղիչ հաստատություններում պատիժը կրող մոտ 3900 մարդուց շուրջ 1300—ը կարող է պատիժ կրել՝ գտնվելով վարչական հսկողության ներքո։ Այսինքն՝ սա ենթադրում է ծախսերի կրճատում։ «Համակարգը,–ասաց Ա. Բաղդասարյանը,–հնարավորություն կտա կրճատելու դատապարտյալի վրա կատարվող ծախսը մոտ 8 անգամ, եւ համակարգի ամբողջական ներդրման արդյունքում հնարավոր կլինի տնտեսել տարվա կտրվածքով 1 մլրդ 700 մլն դրամ»։ Այս բարեփոխումները ներառված են ՀՀ—ԵՄ գործողությունների ծրագրում. «ԵՄ—ն 800 հազար եվրոյի աջակցություն է ցուցաբերել ծրագրի իրագործման համար»։ Մարզերում արդեն պիլոտային ծրագրեր են իրականացվել։
Հավանության արժանացած մյուս հարցը ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման խնդիրներն էին։ «ՀԱՊԿ—ն ռազմական—քաղաքական դաշինք է, եւ Հայաստանն այդ կազմակերպության առանցքային անդամներից է։ Մենք շահագրգիռ ենք ՀԱՊԿ—ի քաղաքական եւ ռազմական բաղադրիչների զարգացման մեջ»,–նշեց ԱԱԽ քարտուղարը։ Արթուր Բաղդասարյանը, որպես Հայաստան—ՀԱՊԿ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, տեղեկացրեց, որ գործակցությունը ՀԱՊԿ—ի հետ բոլոր ուղղություններով դրական ընթացք ունի, բոլոր նախանշված միջոցառումները կատարվում են սահմանված ժամանակացույցի համաձայն, եւ հետեւաբար ունենք լավ արդյունքներ։ Իսկ ՀԱՊԿ—ի ռազմական բաղադրիչի ամրապնդումը մեր երկրում ունի կենսական նշանակություն։ Նա նշեց, որ ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումները վերազինվելու են ժամանակակից տեխնիկայով եւ հանդերձանքով։ Ակտիվ աշխատանք է տարվում հարավկովկասյան տարածաշրջանում միացյալ ավիացիոն ուժերի ստեղծման, հակաօդային պաշտպանության ձեւավորման ուղղությամբ։ «Քննարկվում է նաեւ ՀԱՊԿ զորքերի կառավարման միասնական համակարգի ստեղծման խնդիրը, եւ բոլոր այս քննարկումներին մենք ակտիվորեն մասնակցում ենք, մի քանի համաձայնագրեր արդեն վավերացված են, մի քանիսը գտնվում են ընթացքում»,–ասաց նա։
Երրորդը ՀՀ—ԵՄ համագործակցությունն է։ Հաստատվել է ՀՀ—ԵՄ 2014—2015թթ. գործողությունների ծրագիրը, որը ներառում է 160 գերակա խնդիր 6 հիմնական ուղղություններով. «Բոլոր ուղղությունները ենթադրում են բարեփոխումների ընդգրկուն փաթեթ»։
ԵՄ—ն հարեւանության երկրներին, որոնց թվում եւ Հայաստանին, 2014—2020 թվականներին 15 մլրդ եվրո կհատկացնի տարբեր ոլորտներում բարեփոխումների համար։ «Մենք շարունակելու ենք ինտենսիվ համագործակցությունը ԵՄ—ի հետ այնքանով, որքանով չի հակասի ՀՀ—ի՝ ՄՄ—ի առջեւ ստանձնած հանձնառություններին։ Սա մեր ընդհանուր մոտեցումն է։ Կարծում եմ, որ հավանության արժանացած խնդիրները շատ կարեւոր նշանակություն ունեն, եւ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ընդունված որոշումները իրականացվեն, որոնք ենթադրում են բազմաթիվ ուղղություններով դրական փոփոխություններ»,—ասաց ԱԱԽ քարտուղարը։

ՀԱՊԿ—ն սահմանային միջադեպերին չի արձագանքում

Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ մի շարք այլ հարցերի, մասնավորապես այն դեպքերին, երբ ՀԱՊԿ—ն, որպես ռազմաքաղաքական բլոկ, պարտավոր է օգնել նույն կազմակերպության անդամ պետությանը։ Նա ասաց, որ սահմանային միջադեպերի ժամանակ ՀԱՊԿ—ն պարտավոր չէ արձագանքել. «Յուրաքանչյուր սահմանային խախտման, ոտնձգությունների դեպքում մեզ թվում է՝ ՀԱՊԿ—ն պետք է միջոցներ ձեռնարկի եւ միջամտություն ցուցաբերի, սակայն այդպիսի ստորագրված փաստաթուղթ ՀԱՊԿ անդամ երկրների մեջ գոյություն չունի»։ ՀԱՊԿ—ն պետք է արձագանքի պետության դեմ զինված հարձակման դեպքերում։ Դրա համար համապատասխան իրավական ակտերում ներկայացված են մեխանիզմներ եւ ընթացակարգեր, թե երբ դա կարող է տեղի ունենալ։ Դրանք հստակ ստորագրված միջպետական պայմանագրեր են, որոնք վավերացվել են նաեւ ՀՀ—ի կողմից։
Այնուամենայնիվ, ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաճախ է անդրադառնում սահմանային միջադեպերին. «Ընդամենը հաշված օրեր առաջ Երեւանում էր Նիկոլայ Բորդյուժան, եւ եւս մեկ անգամ տարածեցինք պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ անընդունելի են համարվում ուժի, ուժի սպառնալիքի կիրառման դեպքերը»։

ՌԴ—ում ըմբռնումով են մոտենում

Ռուսաստանում հայերի կարգավիճակի բարելավման վերաբերյալ իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշեւին ուղղված նամակի արդյունքների մասին Ա. Բաղդասարյանն ասաց, որ ունեցել են քննարկումներ ռուսական կողմի հետ. «Խնդիրը բավականաչափ կարեւոր է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորելու բոլոր շահագրգիռ գերատեսչություններից կազմված համատեղ միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը այսօր արդեն Մոսկվայում կգումարի իր անդրանիկ նիստը։ Մենք տրամադրված ենք լավատեսորեն, ռուսաստանցի մեր գործընկերները հասկանում են խնդրի կարեւորությունը մեզ համար»։ Բաղդասարյանն ասաց, որ սխեմաները կան, թե մենք ինչպես ենք պատկերացնում փոփոխությունները, եւ ռուսաստանցի գործընկերներն ըմբռնումով են մոտենում հարցադրումներին։ Նա նշեց, որ այս հարցի լուծումը կարեւոր է ոչ թե այսօր այստեղից գնացողի, այլ Ռուսաստանում արդեն աշխատողի համար. «Խնդիրը պետք չէ դիտարկել, որ այստեղից գնան, եւ պայմանները լավ լինեն։ Մեկ խնդիր է այստեղ աշխատատեղերի ստեղծումը, մեկ այլ խնդիր՝ Ռուսաստանում գտնվող 2 մլն մարդկանց համար նորմալ պայմանների ապահովումը»։

Խնդիրները համարձակ լուծումներ են պահանջում

Ուկրաինայում կատարվող իրադարձություններին եւ ՀՀ—ում դրանց կրկնության հնարավորության մասին Արթուր Բաղդասարյանն ասաց՝ կլինեն ուժեր, որ կփորձեն նման համեմատություններ անել, կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան, որ Հայաստանում նման իրադարձություններ տեղի ունենան. «Պետք է հանգիստ վերաբերվել նման համեմատություններին։ Մենք պետք է հասկանանք, որ մեր երկրի համար ավելի լավ են էվոլյուցիոն զարգացումները, քան ռեւոլյուցիոն»։ Նա ընդգծեց, որ Հայաստանի համար կարեւոր է անվտանգության խնդիրը, քանի որ մենք ունենք ԼՂ հիմնախնդիր. «Կայունության ամրապնդումը մեր երկրի համար շատ կարեւոր է»։
Նա մեր հասարակության մեջ սոցիալական բունտի նախանշաններ չի տեսնում, սակայն տեսնում է լուրջ սոցիալական տնտեսական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. «Պետք է կառավարության մեր գործընկերները աշխատեն լինել ավելի նախաձեռնող, ավելի համարձակ եւ լուծեն խնդիրները, որպեսզի ժողովուրդը գոհ լինի։ Պրոբլեմները չի կարելի թաղել։ Դրանք պետք է լուծել։ Մենք շարունակելու ենք մեր ընթացքը հետեւողական բարեփոխումների, ժողովրդի մոտ կուտակված խնդիրների համարձակ լուծումների, նորարարական մոտեցումների ճանապարհով»։

Որոտանի գործարքը դիվերսիֆիկացնում է տնտեսությունը

Խոսելով Որոտան ՀԷԿ—ի գործարքի մասին՝ ԱԱԽ քարտուղարն ասաց. «Ես դա գնահատում եմ որպես շատ դրական գործարք, որովհետեւ 160 մլն դոլարի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ խոսում է նախ այն մասին, որ դիվերսիֆիկացվում է մեր տնտեսությունը։ Մենք ողջունում ենք, որ այսօր Հայաստանում կան հազարից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ։ Ինչ վատ է, որ նաեւ ամերիկյան, եվրոպական ձեռնարկությունները մտնեն Հայաստանի շուկա։ Սա նշանակում է ներդրումներ, աշխատատեղեր, լրացուցիչ գումարներ ՀՀ պետական բյուջե։ Անվտանգության որեւէ խնդիր գոյություն չունի։ Այսօր բոլոր երկրների առաջին դեմքերը խոսում են իրենց երկրներում օտարերկրյա ներդրումներ բերելու մասին, իսկ եթե երկիրը գրավիչ է, բերում է այդ ներդրումը, ապա մենք պետք է ողջունենք դա»։ Իսկ ինչ վերաբերում է սեփականաշնորհմանը եւ վաճառքի հետ կապված հարցերին, ապա դրանց պետք է տրվեն սպառիչ պատասխաններ. «Եթե կան հարցեր, ապա կառավարությունը հստակ կարող է պատասխանել»։

Ակնկալելով ավելի քաղաքակիրթ բանավեճեր

Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ ԱԺ—ում տեղի ունեցող գործընթացներին։ Վարչապետին անվստահություն հայտնելու 4 խորհրդարանական ուժերի ցանկության մասին ասաց, որ նրանք դեռեւս հստակ համաձայնության չեն եկել։ «Այս պահին այդ խմբակցությունների կողմից այդպիսի հայտարարություն չեմ կարդացել։ Իսկ ՀՀ վարչապետին նշանակելու իրավունքը ՀՀԿ—ին է պատկանում, ՀՀԿ—ն պաշտոնապես հայտարարել է, որ իրենք կառավարության եւ վարչապետի փոփոխության խնդիր չեն քննարկում, եւ մենք, որպես կոալիցիայի մաս, մնալու ենք համագործակցության հուշագրի շրջանակներում»,–ասաց նա՝ նշելով, որ այդ նախաձեռնությանը, ինչպես եւ մյուս նախաձեռնություններին ըմբռնումով է վերաբերվում. «Շատ տրամաբանական է, որ կարող են լինել տարբեր առաջարկություններ։ Դաշնակցությունը մեկ բան կարող է առաջարկել, ԲՀԿ—ն՝ մեկ այլ բան։ Քաղաքական ուժերի նախաձեռնությունները մենք չպետք է դատապարտենք։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ներկայացնի իր մոտեցումները, իր տեսակետները»։
Անդրադառնալով խորհրդարանական բառապաշարի թեմային՝ ասաց, թե որքան այդ բառապաշարը ավելի քաղաքակիրթ լինի, այնքան ավելի լավ. «Սակայն այլ երկրներում նույնիսկ խոսքից գործի են անցնում։ Օրինակ՝ Ուկրաինայում վերջին շրջանում շատ տեսանք ձեռնամարտեր, կռիվներ։ Իհարկե, ցանկալի է, որ առավելագույնս քաղաքակիրթ, փոխադարձ հարգանքի մթնոլորտ լինի մեր Ազգային ժողովում, բայց քանի որ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, ապա պետք է ըմբռնումով մոտենանք բանավեճերին՝ ակնկալելով ավելի քաղաքակիրթ մոտեցումներ»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 435 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024