Գլխավոր էջ » 2014»Փետրվար»26 » Գազի հարցով հանձնաժողով կստեղծվի /Ազգային ժողովի քառօրյա նիստում/
13:44
Գազի հարցով հանձնաժողով կստեղծվի /Ազգային ժողովի քառօրյա նիստում/
Երեկ խորհրդարանը շարունակեց աշխատանքը։ «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քվեարկությունից առաջ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշման նախագծին եւ մասնակցելու է ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք եւս կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, սակայն քվեարկելու են ձեռնպահ։ Քվեարկության արդյունքում ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց նաեւ ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական տեսանկյունից այս պահին հանձնաժողովի ստեղծումը չի ծառայի իր հիմնական նպատակին, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու։ Քվեարկության արդյունքում ԱԺ որոշման նախագիծը չընդունվեց։ Այնուհետեւ պատգամավորները ողջունեցին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում գտնվող եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Երեւանի թիվ 97 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին։ Ազգային ժողովը շարունակեց քննարկել ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «2008թ. մարտի 1—2—ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մարտի 1—ի դեպքերին եւ դրան հաջորդող իրադարձություններին, որոշման նախագծի դրույթներին, երկրորդ անգամ նման հանձնաժողով ստեղծելու նպատակահարմարությանը եւ նրա գործունեության ոլորտներին, նմանատիպ հանձնաժողովներ ստեղծելու միջազգային փորձի ուսումնասիրությանը եւ այլն։ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի առաջարկով պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին 2008 թ. մարտի 1—ի զոհերի հիշատակը։ Հարցի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին ԱԺ պատգամավորները։ Կարեւորելով հանձնաժողովի ստեղծումը՝ Ստեփան Դեմիրճյանը եւ Հրանտ Բագրատյանը ընդգծեցին, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն մարտիմեկյան իրադարձությունների մեղավորները։ Հովհաննես Մարգարյանը առաջարկեց խորհրդարանական լսումներ կազմակերպել եւ մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ։ Գուրգեն Արսենյանը նշեց, որ նախորդ հանձնաժողովը բազմաթիվ հարցերի պատասխաններ տվել է, սակայն դեռեւս կան հարցեր, որոնց պատասխանները ստանալու ակնկալիք հանրությունը դեռեւս ունի։ Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ այսօրվա նիստում։ ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով՝ չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։