Գլխավոր էջ » 2014»Փետրվար»27 » Ղրիմում իրավիճակը լարված է /Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել/
13:39
Ղրիմում իրավիճակը լարված է /Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել/
Կիեւում լարվածությունը հետզհետե նվազում է, եւ խորհրդարանի կողմից նշանակված նոր պաշտոնյաները փորձում են կարգի գցել կազմալուծված կառավարման համակարգը։ Սակայն լարված իրավիճակ է ստեղծվել Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Մասնավորապես երեկ Գերագույն խորհրդի շենքի մոտ զանգվածային երկու հանրահավաք էր ընթանում։ Ակցիաներից մեկի մասնակիցները վանկարկում էին «Ղրիմը Ռուսաստան չէ», «Ուկրաինա, Ուկրաինա», մյուսի մասնակիցները, որն անցկացվում էր Ղրիմի ու Ռուսաստանի դրոշների ներքո, վանկարկում էին՝ «Ռուսաստան, Ռուսաստան»։ Ղրիմի խորհրդարանի մոտ պայթյուն է որոտացել։ Խորհրդարանի շենքի մոտ նաեւ բախումներ են տեղի ունեցել ռուսամետ եւ ղրիմա—թաթարական հանրահավաքների մասնակիցների միջեւ։ Ցուցարարների մի խումբ ներխուժել է խորհրդարանի շենք, որտեղ օրենսդիրները պատրաստվել են ներքաղաքական իրավիճակի քննարկմանը։ Ղրիմա—թաթարական համայնքի ներկայացուցիչները պահանջել են տուրք չտալ բողոքավորների մյուս խմբի պահանջներին՝ չճանաչել երկրի նոր ղեկավարությունը, վերականգնել 1992 թվականի խմբագրությամբ Ղրիմի Սահմանադրությունը, համաձայն որի՝ հանրապետությունն ուներ իր նախագահն ու անկախ արտաքին քաղաքականություն։ Ավելի վաղ Ղրիմի Ինքնավար Հանրապետության (ՂԻՀ) Գերագույն խորհուրդը (ԳԽ) հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, թե Ղրիմի իշխանություններն սպասում են Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի շուտափույթ լուծման եւ անհանգստացած են առանձին ժողովրդական պատգամավորների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ գործադրվող ճնշումից ու ահաբեկումից։ «Վերջին օրերին հաջողվել է հասնել գլխավորին՝ կանգնեցնել արյունահեղությունը։ Այնուամենայնիվ, ճգնաժամը դեռեւս հեռու է լուծումից. պակաս կարեւոր չէ, որ խորհրդարանականները խստիվ գործեն գոյություն ունեցող իրավական դաշտի շրջանակներում՝ չանցնելով սահմանը, որից այն կողմ նրանց կողմից ընդունված որոշումների օրինականությունը կարող է կասկածի տակ դրվել։ Ստիպված ենք արձանագրել, որ առայժմ դա նրանց ոչ միշտ է հաջողվում»,–նշվում է հաղորդագրության մեջ։ ՂԻՀ ԳԽ նախագահությունում տագնապ են հայտնում «ճնշման, ահաբեկման ու շանտաժի դեպքերի» առնչությամբ, որոնց ենթարկվում են առանձին ժողովրդական պատգամավորներ ու նրանց ընտանիքները։ Խորհրդարանի ղեկավարությունը հավաստիացրել է, որ անհրաժեշտ ամեն ինչ կանի թերակղզում քաղաքական ու տնտեսական կայունությունը, ազգամիջյան համաձայնությունը պահպանելու, բռնության եւ ծայրահեղականության դրսեւորումներ թույլ չտալու համար։ Միաժամանակ Սեւաստոպոլում սկսվել է ժողովրդական դրուժինաների ձեւավորումը։ Մոտավորապես 3,5 հազար մարդ արդեն գրանցվել է արագ արձագանքման ջոկատների կազմում. ժողովրդական դրուժիննիկները փողոցները կպարեկեն միլիցիայի աշխատակիցների ուղեկցությամբ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավագովը հայտարարել է, որ Ղրիմում Վիկտոր Յանուկովիչի որոնման ու ձերբակալման կոշտ միջոցների բացակայության պատճառներից մեկը զինված հակամարտություններ թույլ չտալու՝ ուժային կառույցների ղեկավարության ձգտումն է։ «Մենք որոշեցինք, որ մեզ համար Ղրիմի ճակատագիրը եւ նրա հանգստությունն ավելի կարեւոր են, քան Յանուկովիչի հետ կապված իրադրությունը»,–ասել է Ավագովը։ Ի դեպ, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։
*** Ռուսաստանցի քաղաքագետ Լեոնիդ Սավինը հայտարարել է, թե Թուրքիան լավ է հասկանում, որ ԱՄՆ թիրախում գտնվող հերթական երկիրն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ—ները, նա ասել է, որ Թուրքիան աշխատում է դուրս գալ Եվրամիության եւ ԱՄՆ—ի քաղաքականությունից։ «Թուրքիան լավ է հասկանում, որ ինքն ԱՄՆ—ի թիրախում գտնվող հերթական երկիրն է։ Ուկրաինայի նման այդ երկիրն էլ է անկայունության մատնվելու։ Սիրիայի կառավարության դեմ կռվող մարտիկներին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի աջակցությունը, ինչպես նաեւ քրդական հարցը «Դամոկլյան սրի» պես կախված են նրա գլխին։ Իսկ արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի՝ Էրդողանի եւ նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ արած հայտարարություններն ամբողջովին խառնել են հարցերը։ Դրան զուգահեռ էլ Ռուսաստանից Թուրքիայի կախվածությունը մեծ է, եւ ԵՄ հետ հարաբերությունները լավ չեն։ Եթե ուշադրություն դարձնենք Թուրքիայի քաղաքական գործիչների՝ դեպի Արեւելք առաջ ընթանալու հետ կապված ելույթներին, ապա կտեսնենք, որ նրանք եւս ատում են Եվրոպական միության էքսպանսիան։ Այդ ատելությունը կարող են տեսնել Վաշինգտոնի հետ ԵՄ—ի կողմից կյանքի կոչվող ուկրաինական քաղաքականության մեջ»,–ասել է ռուս քաղաքագետը։ Որոշ ժամանակ առաջ արեւմտյան մամուլը եւս լուրեր էր տարածել Ուկրաինայից հետո թիրախում Թուրքիան որպես հիմնական երկիր լինելու մասին։ hhpress.am