ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում երեկ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 96—րդ տարեդարձին։ Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։
Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ նախագահի ուղերձն ընթերցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը։ Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ դատախազներ, դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության դատախազությունը երկար ճանապարհ է անցել եւ այսօր էլ ընթանում է արդիականացման ճանապարհով։ Գոհունակությամբ պետք է նկատել, որ դուք ինքներդ եք բացահայտում համակարգում առկա թերություններն ու բացթողումները եւ հրապարակայնորեն խոսում դրանց վերացման անհրաժեշտության մասին։
Դատախազությունը համալրվում է նոր մտածողությամբ օժտված, բանիմաց ու գիտակ երիտասարդ իրավաբաններով, ովքեր, ավագ սերնդից փոխառելով փորձ ու հմտություն, ի զորու են կենսագործելու Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները եւ հաջողությամբ դիմագրավելու արդի մարտահրավերներին։
Անհրաժեշտ է այսուհետ եւս շարունակել եւ ավելի բարելավել հանցավորությանը դիմակայելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Համոզված եմ, որ սկզբունքայնությամբ ու մասնագիտական պատվախնդրությամբ, կուտակված փորձով եւ աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կկարողանաք արդյունավետ լուծել համակարգի առջեւ դրված բարդ ու դժվարին խնդիրները։ Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական դժվարին ծառայության մեջ, առողջություն եւ երջանկություն ձեզ եւ ձեր ընտանիքներին»։
Ինչպես տեղեկացրեցին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց.
«Դատախազության հարգելի աշխատակիցներ, համակարգի վետերաններ,
Թույլ տվեք միանալ շնորհավորանքներին եւ մաղթանքներին, որոնք, դրվատանքի ու գնահատանքի խոսքեր լինելով, միաժամանակ ենթադրում են ավելի մեծ պատասխանատվություն ձեր գործունեության մեջ։
Հայաստանի դատախազությունը կարեւոր դեր ունի երկրի հասարակական ու պետական կյանքում։ Անցած տարիների ընթացքում փոխվել է համակարգի աշխատողների մի քանի սերունդ, սակայն դատախազությունը մշտապես հավատարիմ է մնացել լավագույն ավանդույթներին։ Միաժամանակ, արդի պահանջներին համապատասխան, հստակեցվել են դատախազության լիազորությունները եւ գործառույթները։ Այսօր դատախազության համակարգը համաչափ զարգացում է ապրում՝ ականջալուր լինելով ժամանակի մարտահրավերներին։ Արագ զարգացող աշխարհը պարտադրում է օպերատիվ արձագանք, եւ դատախազությունն այդ առումով բացառություն չէ։ Համակարգի աշխատակիցները հաջողությամբ են համադրում գիտելիքներն ու փորձը, ժամանակակից մեթոդներն ու տեխնոլոգիաները, համակարգի երեկվա ու այսօրվա ավանդույթներն ու ձեռքբերումները՝ արժանապատվորեն լուծելով իրենց առջեւ դրված խնդիրները։
Ձեր սկզբունքային եւ հետեւողական աշխատանքով է պայմանավորված մեր երկրում օրինականության պահպանումը, հասարակության անվտանգության ապահովումը, քաղաքացիների եւ պետության օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը։
Հարգելի՛ բարեկամներ,
Այսօր դատախազությունն իր գործունեությամբ ակտիվ մասնակցություն է ունենում հասարակական հարաբերությունների ձեւավորման մեջ, որում մեծ դեր է վերապահված դատախազության իրավապաշտպան գործառույթին։ Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները իրավական պետության բարձրագույն արժեքներն են, եւ սահմանադրական այս սկզբունքի պահպանումը զգալիորեն պայմանավորված է նաեւ դատախազական համակարգի աշխատանքով։ Դատախազությունն ու քաղաքացին պետք է հանդես գան որպես դաշնակիցներ այն բոլոր արատավոր երեւույթների դեմ պայքարում, որոնք ոչ միայն անհարիր են մեր հասարակությանն ու մեր արժեհամակարգին, այլեւ խոչընդոտ են պետության առաջընթացի համար։
Ձեր արդյունավետ եւ արհեստավարժ գործունեությունը հնարավորություն է տալիս ավելի ամրապնդել իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության հիմքերը, հասնել նոր հաջողությունների՝ հանուն իրավունքի գերակայության եւ սոցիալական արդարության։
Ազգայի ժողովի եւ դատախազության համակարգի միջեւ համագործակցությունը եւս ձեւավորված ավանդույթներ ունի համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծման եւ կատարելագործման ուղղությամբ։
Ցանկանում եմ հավաստիացնել, որ խորհրդարանը հետայսու եւս պատրաստակամ է զորակցելու ոլորտի օրենսդրական կատարելագործմանը միտված նախաձեռնություններին ու քայլերին։
Մեկ անգամ եւս շնորհավորելով դատախազության 96—ամյակի եւ դատախազության աշխատողի օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, ընտանեկան երջանկություն եւ հաջողություններ ձեր պատասխանատու գործունեության մեջ»։
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր դատախազներին եւ դատախազական անձնակազմին ամբողջ ներուժով աշխատելու համար, վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի առիթ եւ հիմք կլինի արձանագրելու եւ ավելի ընդգծելու այն աշխատանքը, որը կատարվել եւ կատարվում է։ «Մենք բոլորս կոչված ենք ապահովելու օրինականությունն ու արդարությունը, եւ դա մեր գործունեության հիմնական անշեղ սկզբունքն է։ Ես համոզված եմ, որ այդ սկզբունքի հետեւողական իրականացումը ուղղակիորեն կհանգեցնի աշխատանքի արդյունավետությանը եւ երկրում օրինականության եւ արդարության երաշխավորմանն ու առավել ամրապնդմանը»,— իր խոսքում նշել է ՀՀ գլխավոր դատախազը։
ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ոստիկանության պետի, ԱԻ նախարարի, ՀՔԾ պետի կողմից, ՀՀ գլխավոր դատախազին եւ համակարգի մի խումբ աշխատակիցների շնորհվել են գերատեսչական մեդալներ, պարգեւներ եւ հուշանվերներ։ ՀՀ գլխավոր դատախազը պարգեւներ եւ շնորհակալագրեր է հանձնել դատախազության համակարգի մոտ հինգ տասնյակ աշխատակիցների։
|