ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ—ում ունեցած ելույթի վերաբերյալ շարունակվում են արձագանքները։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը կարեւորել է հետեւյալ հանգամանքը. «Ընդհանուր առմամբ ելույթի գլխավոր շեշտադրումն այն էր, որ ապրիլից Հայաստանը ներգրավելու է բարեփոխումների մի ցիկլ, որը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով եւ հիմնված է լինելու եվրոպական համաձայնագրի վրա, եւ Հայաստանը փորձելու է ավելի մոտ գնալ ԵՄ—ին»։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ներքին բարեփոխումները լինելու են ապագա կառավարության ծրագրի հիմքում։
«Գլխավոր հարցն այն է, որ բաց տեքստով եվրոպացիներին ասվեց, որ մենք եվրոպացի ենք, այդ բարեփոխումները կարեւոր են, կփորձենք երկու ինտեգրացիոն գործընթացները համատեղել. իմ պատկերացմամբ «ե՛ւ, ե՛ւ»—ը մեր պատկերացումներում է»,–ասել է նա՝ նշելով, որ, ամեն դեպքում, որքան էլ գեղեցիկ է խոսքը, այնուամենայնիվ, վերջում գնահատվում է որակական փոփոխությունների արդյունքը։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Սլովակիայի պատվիրակության ղեկավար Լյուբոշ Բլահան Հայաստանն օրինակելի պետություն է համարում, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից՝ խաղաղ եւ ողջամիտ։
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի սոցիալ—դեմոկրատ պատգամավորը գրել է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Խոսքի իրավունք էի խնդրել, որպեսզի անձամբ Սլովակիայի խորհրդարանի անունից արտահայտեի մեր հարգանքը, բարեկամությունը եւ աջակցությունը Հայաստանին։ 2004 թ. Սլովակիայի Ազգային խորհուրդն իր բանաձեւով դատապարտեց թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Հայերին աջակցել եմ նաեւ Ադրբեջանի հետ վեճում, երկու տարի առաջ, Եվրոպայի խորհրդում, երբ այդ հարցով գնացել էի Ստրասբուրգ։
Ցավոք, ժամանակի սղության պատճառով այս անգամ ինձ խոսք չտվեցին եւ ահա, այս ճանապարհով ցանկանում եմ գնահատել Հայաստանի նախագահի ելույթը, որը թուրքերի եւ ազերիների թիրախը դարձավ։ Նա արձագանքեց խաղաղ եւ ողջամտորեն։ Հայերը համարձակ ժողովուրդ են, շատ են տառապել։ Հայաստանը մի օրինակելի երկիր է, որ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, քանի որ Եվրասիական միության մաս է կազմում, բայց նաեւ սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, որի հետ երկու ամիս առաջ ստորագրեց Համապարփակ համագործակցության պայմանագիրը՝ CEPA—ն… Աղոթում եմ Հայաստանի համար»։ hhpress.am
Լ. Ա
|