ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանն ընդգրկել է երկրների ցանկում, որտեղ ամերիկացի զբոսաշրջիկները կարող են այցելել՝ պահպանելով սովորական նախազգուշական միջոցներ։
Հունվարի 10—ին գերատեսչությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների տեղեկացման նոր համակարգ, որի շրջանակներում բոլոր երկրները բաշխվել են չորս կատեգորիայի։
Հայաստանն ընդգրկվել է առաջին խմբի մեջ, որտեղ հայտնված երկրների առնչությամբ խորհուրդ է տրվում «սովորական նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։ Այստեղ են հայտնվել աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում՝ Վրաստանը, Ավստրիան, Ղազախստանը, Լիբերիան եւ Չիլին։
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան ահաբեկչական վտանգի պատճառով պետքարտուղարության կողմից ընդգրկվել են երկրորդ կատեգորիայում՝ «ուժեղացված նախազգուշացումներ»։ Այս երկրներում պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս տեղեկացված լինել անվտանգությանը սպառնացող վտանգների մասին։ Երկրորդ խմբի երկրների թվում է նաեւ Ադրբեջանը։
Ռուսաստանն ընդգրկվել է երկրների երրորդ խմբի մեջ, որտեղ այցելությունները «խորհուրդ է տրվում վերանայել»։ Խորհուրդ է տրվում «խուսափել այդ երկրներ այցելություններից՝ անվտանգության լուրջ սպառնալիքների առնչությամբ», իսկ այցելության դեպքում էլ հատուկ զգուշություն դրսեւորել։ Այդ խմբի մեջ են ընդգրկվել նաեւ Թուրքիան, Լիբանանը, Նիգերիան, Վենեսուելան, Կուբան, Հոնդուրասը եւ մի քանի այլ երկիր։
|