Բուենոս Այրեսում կայացել է Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությունը
Երեկ՝ Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը, նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետայի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հիմնարկեքի հուշատախտակի օրհնությունից հետո Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետան եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բացել են այն։ Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի կապակցությամբ նախագահն արարողության մասնակիցների առջեւ հանդես է եկել ելույթով.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի հարգելի՛ նախագահ,
Սրբազան հայրե՛ր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Այսօր առանձնակի պատիվ է ինձ համար գտնվել այստեղ՝ Բուենոս Այրեսի սրտում, եւ ձեզ հետ միասին առաջին աղյուսը դնել Հայոց ցեղասպանության թանգարանի հիմքում։
Այս թանգարանը ստեղծվում է՝ լրացնելու Հայոց ցեղասպանությանը նվիրված այն բազմաթիվ հուշակոթողների շարքը, որ սփռված են արեւելքից արեւմուտք, հյուսիսից հարավ՝ որպես խոսուն վկա, որ որքան ժամանակ էլ անցնի, մենք հիշելու ենք ու պահանջելու։ Մարդկային հիշողությունը պատմության յուրահատուկ մաղն է, որն առանձնահատուկ երախտագիտությամբ պահում է այն անուններն ու տեղանունները, որոնք մշտապես արդարության սերմեր են ցանում՝ առաջ մղելով համամարդկային ամենավեհ արժեքները։
Այդ լուսավոր տեղանուններից մեկն էլ, իհարկե, Արգենտինան է, որն օգնության հասնելով մեր ժողովրդին արհավիրքի ամենածանր պահին, փրկեց ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլեւ վերականգնեց մեր ժողովրդի սասանված հավատն առ այն, որ մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ, որ մարդու մեջ չի կարող մեռնել մարդը եւ կենդանի մնալ ցեղասպան բարբարոսը։
Հարգելի՛ գործընկերներ,
Հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցը։ Սակայն բոլորին է հայտնի՝ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն։ Մեծ եղեռնի հարյուրամյակն ավարտի սահմանագիծ չէ, այլ յուրատեսակ հանգրվան։ Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի փուլ եւ ազդարարելու հանուն արդարության վերականգնման պայքարի մի նոր փուլ, որը համալրվելու է ժխտողականության քաղաքականությանը դիմակայելու նոր գործիքներով, որտեղ մենք լինելու ենք ավելի հզոր, հզոր միջազգային հանրության հետ միասին, քանզի միասնության մեջ է ուժի գաղտնիքը եւ արդարության հաղթանակը։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հայ—արգենտինական բարեկամության դարավոր պատմությունը ամբարում է էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել մեր երկկողմ համագործակցությունը։ Եվ այս օրը, անշուշտ, ոսկե տառերով է գրվելու ոչ միայն հայ—արգենտինական պատմության մատյանում, այլեւ իր անջնջելի հետքն է թողնելու մարդկության դեմ երբեւէ գործված ամենածանր ոճրի՝ ցեղասպանության դատապարտման եւ կանխարգելման գործում»։
***
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ, Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության 2014թ. մայիսի 6—ի որոշմամբ՝ մայրաքաղաքի Պալերմո թաղամասում անվճար տարածք է հատկացվել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար։ Հունիսի 10—ին Արգենտինայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ եւ Հայ կենտրոնի ու Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը։
***
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նախագահը ծաղիկներ է խոնարհել նաեւ նույն վայրում Արցախի հերոս ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշաքարին։
|