ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 19 » Ինչպես սկսվեց /ԼՂԻՄ արտահերթ նստաշրջանը փոխեց պայքարի բովանդակությունը/
10:27
Ինչպես սկսվեց /ԼՂԻՄ արտահերթ նստաշրջանը փոխեց պայքարի բովանդակությունը/

1988—ի փետրվարի 20—ին, արտահայտելով արցախահայության կամքը, ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը 111 պատգամավորների մասնակցությամբ ընդունեց պատմական որոշում՝ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավոր Մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին»։
Փաստաթուղթ, որը ճակատագրական, բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում ու ազդարարեց ազգային—ազատագրական պայքարի սկիզբը։ Պատմական նիստը նախագահել է ԼՂԻՄ գործկոմի անդամ, ժողկրթության մարզային վարչության պետ, հանրապետության վաստակավոր մանկավարժ Վիգեն Հայրապետյանը։ 
Ավաղ, նրա հանկարծահաս մահը շփոթեցրեց եւ խոր ցավ պատճառեց բոլորիս։ Խոնարհվելով նրա պայծառ հիշատակի առաջ, ընթերցողներին եմ ներկայացնում որոշ մանրամասներ Վիգեն Հայրապետյանի հետ վերջերս կայացած զրույցից։
«Այդ օրը, նստաշրջան հրավիրելու պահանջով, հանրահավաքի էր դուրս եկել ավելի քան 70 հազար մարդ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ փետրվարի 20—ից սկսած ժողովուրդը չլքեց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը՝ տեր կանգնելով իր իրավունքներին։ Նա արդար վճիռ էր ակնկալում Մոսկվայից»,— մեր հանդիպման ժամանակ այսպես սկսեց իր խոսքը Վ. Հայրապետյանը։
Ցավոք, երկրում ժողովրդավարություն հռչակած գորբաչովյան հավաստիացումները շուտով հիասթափեցրին մարդկանց։ Ստեփանակերտն այլեւս չէր հավատում Կրեմլին, ուր քար լռություն էր պահպանվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ համաժողովրդական շարժումը միջազգային հանրությանը ներկայացնելով «մի խումբ ծայրահեղականների ու ազգայնամոլների ոտնձգություն»։ Նստաշրջանի նախօրյակին Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի բաժնի վարիչ Ա. Ասադովը մարզկոմում ցինիկաբար հայտարարել էր. «Եթե ձեր հայերը չենթարկվեն, 100 հազարանոց ադրբեջանական բանակը պատրաստ է կարգի հրավիրելու համար Ղարաբաղ մտնել։ Հակառակ դեպքում, եթե չհպատակվեք, ապա Ղարաբաղը մի քանի օրում իսկական գերեզմանոցի կվերածվի»,–հոխորտացել էր ազերի մուսավաթականը։ «Բաքվի հայատյաց իշխանավորի եւ մյուս պաշտոնյաների սպառնալիքներն ավելի էին զայրացրել մարզի բնակչությանը։ Ու մարզկենտրոն Ստեփանակերտում, ինչպես նաեւ շրջկենտրոններում հանրահավաքներն ու ցույցերը զանգվածային բնույթ էին կրում՝ օրեցօր ընդլայնելով մասնակիցների շրջանակը»,—զրույցի ընթացքում հիշեց Վիգեն Հայրապետյանը։ Հատկանշական է, որ բացի Շուշիի շրջանից, փետրվարի 19—ին մարզի բոլոր շրջաններում շրջխորհուրդների արտահերթ նստաշրջաններ էին հրավիրվել, ու միաձայն որոշումներ էին կայացվել մարզխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին… Չնայած նստաշրջանի անցկացման աշխատանքները խափանելու նպատակով Բաքվից բերված հազարից ավելի ադրբեջանցի ոստիկանների ահաբեկչական ձեռնարկումներին, նախաձեռնող խումբը ընդհատակյա պայմաններում շարունակում էր իր առաքելությունը։
«Փետրվարի 19—ին հանրահավաքի մասնակիցների պահանջով պատգամավորներ Վարդան Հակոբյանը եւ Արմո Ծատուրյանը բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանի հետ այցելում են ԼՂԻՄ գործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանին ու նրա սեղանին դնելով արտահերթ նստաշրջան հրավիրելու վերաբերյալ 67 պատգամավորների ստորագրությամբ առաջարկը, պահանջում նույն օրը սկսել նստաշրջանի աշխատանքները։ Բայց, քանի որ, կանոնակարգի համաձայն, նստաշրջան պետք է հրավիրել խորհրդի գործկոմի որոշմամբ, հետեւապես պիտի գործկոմի նիստ կայանար ու նոր միայն խոսք բացվեր նստաշրջանի մասին,–անդրադառնալով օրվա խորհրդին, պատմեց Վ. Հայրապետյանը։–Որպես գործկոմի անդամ, բնականաբար, ես տվել էի իմ համաձայնությունը։ Շուտով հայտնի դարձավ, որ գործկոմի ոչ բոլոր անդամներն էին իրենց ստորագրությունները դրել արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկի տակ, այդ թվում մարզխորհրդի նախագահ Վ. Օսիպովը, որն այդ օրերին անբաժան էր Բ. Կեւորկովից ու գրեթե դուրս չէր գալիս մարզկոմի շենքից։ Նա, մերժելով մեր առաջարկը, պատճառաբանեց, թե, իբր, փետրվարի 20—ին Բաղիրովի գլխավորությամբ, Ադրբեջանի ղեկավարները ժամանելու են Ստեփանակերտ, ու այն ժամանակ էլ հարցը տեղում քննության կառնվի ու համապատասխան վճիռ կկայացվի…»։ Այդ օրը, իրոք, վաղ առավոտյան Ք. Բաղիրովն իր շքախմբով արդեն Ստեփանակերտում էր եւ, ինչպես ասում են, նա սեփական աչքով տեսավ, թե հրապարակն ինչպես էր թնդում ժողովրդի ներկայությունից…
«Մոսկվայից նոր վերադարձած մտավորականների պատվիրակության հետ հաղորդակցվելուց հետո արցախցիներն ավելի հետեւողական էին դարձել իրենց վճիռներում,–իր կարծիքը հայտնեց Վ. Հայրապետյանը։–Նստաշրջանի անցկացման նախաձեռնող խմբի անդամներն ակտիվության բարձրակետում էին… Կազմակերպիչների ուսերին էր ծանրացած նստաշրջանի հրավիրման եւ պատմական փաստաթղթերի ապահովման պատասխանատվությունը, ու նրանցից յուրաքանչյուրն ուներ իր դերակատարությունը։ Բաղիրովը հրահանգել էր իր իրավապահ մարմինների ղեկավարին՝ ցրել հանրահավաքը, սակայն զուր էին նրա ճիգերը. ժողովուրդն անդրդվելի էր…»։
Ու չնայած ազերի ոստիկաններն ու պետանվտանգության աշխատակիցները փակել էին շրջաններից Ստեփանակերտ տանող ճանապարհները, պատգամավորները, շրջանցելով գլխավոր մայրուղիները, անտառների ու լեռների միջով մայրաքաղաք մտան եւ հայտնվեցին մարզգործկոմի նիստերի դահլիճում…
«Աշան մեկնած մեր քաջ տղաներից մեկը ձիով Ստեփանակերտ էր հասցրել մի պատգամավոր կնոջ, որը չնայած հիվանդ էր եւ գամված անկողնուն, բայց գերադասել էր անպայման ներկայանալ նիստին՝ հաշվի առնելով իր վճորոշ ձայնի անհրաժեշտությունը,–այն հիշողություններից դրվագներ է «ժողովում» Վիգեն Հայրապետյանը։–Մեծ դժվարությամբ հաջողվեց նաեւ մայրաքաղաք հասցնել Քարինտակ գյուղից ընտրված պատգամավորին, որի մուտքն ամեն կերպ փորձում էին խոչընդոտել ազերիները։ Ուշագրավ է եւ այն հանգամանքը, որ հենց նրանց ներկայությամբ ապահովվեց քվորումը, եւ նստաշրջանի աշխատանքը կարող էինք սկսել։ Նստաշրջան, որը նախագահելու պատիվն ու պատասխանատվության մեծ զգացումը ես ունեցա… Իսկ թե 1988թ. փետրվարի 20—ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը պատմական ինչպիսի որոշում կայացրեց, բոլորին է հայտնի»։
Վիգեն Հայրապետյանն այն համոզմունքն ուներ, որ փետրվարյան նստաշրջանը փոխեց շարժման բովանդակությունը. «Եթե մինչ այդ ժողովրդական լայն զանգվածներն էին ներառվել պայքարի մեջ, ու Մոսկվայից պահանջվում էր վերականգնել պատմական արդարությունը, ապա նստաշրջանի հրավիրմամբ եւ հայտնի որոշման կայացմամբ, փաստորեն, «խաղի մեջ» մտան նաեւ իշխանությունները…»։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 496 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024