Կանոնների խախտման դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ
Պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով մինչեւ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն։ Այս մասին առցանց ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սկսվել են ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում կանոնների պահպանման մասով՝ սկսած ֆիզիկական անձանցից եւ ավարտած իրավաբանական անձանցով, տնտեսավարողներով։ Խստացված ստուգումներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, ընդհուպ մինչեւ անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի՝ արդյոք սահմանված կանոնի համաձայն ավտոմեքենաներում գտնվող բոլոր քաղաքացիները կրո՞ւմ են դիմակ, թե՞ ոչ։ Կանոնների խախտման դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ»,–ընդգծել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ կապված՝ Հայաստանում հաստատվել է բավական ծանր իրավիճակ։
«Ըստ էության՝ կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է եւ քննելը։ Մի քանի օր շարունակ քննարկում ենք հետեւյալ հարցը, թե ինչքանով են պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին, ինչքանով դրանք կարող են լինել ունիվերսալ։ Մեր բազմակողմանի այդ մասնագիտական քննարկումների եզրակացությունը միանշանակ է՝ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին եւ իրենք բովանդակային առումով էֆեկտիվ են, խնդիրն այստեղ այդ կանոնների պահպանումն է»,–ընդգծել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը խնդիր է տեսնում պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման որակի հետ։
«Գիտեք, որ պարետատունը կանոններ է սահմանել տնտեսական գործունեության ամենատարբեր ոլորտների եւ, ընդհանրապես, հանրային կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ, բայց այդ բոլոր կանոններից կա մի համընդհանուր կանոն՝ ձեռքերի պարբերաբար ախտահանումը, դիմակի կրումը ամենուր, որտեղ հնարավոր է, սոցիալական հեռավորության պահպանումը»,–ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վստահ է, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ կձգտի զրոյին։
|